Համախմբման կոչով և Արցախի  դրոշով երթ` Երևանում

  • 28.04.2022
  • 0
  • 332 Views

    Համախմբման գաղափարը կարևորելով` ապրիլի 27-ին Արցախի 40 մետրանոց դրոշով երթ իրականացվեց մարզահամերգային համալիրի տարածքից դեպի Ազատության հրապարակ։ Գործող իշխանության հեռացումը պահանջելով՝  մասնակիցներն անցան Երևանի փողոցներով, իսկ նրանց կոչերին միացան անցնող մեքենաներն ազդանշաններով։

«Այսօրվա խորհուրդը համախմբումն է հանուն պայքարի, որ հայն  իր հայրենիքի տերը մնա, որ հասկանա՝ այս երկիրը մի քանի հոգու մենաշնորհը չէ, ամեն մարդ պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Եթե մենք նստում ենք մեր տներում և հետո բողոքում, որ իշխանությունները հերթով գալիս իրար ձեռքից խլում են մեր հայրենիքը, ապա մենք ենք մեղավոր, մենք ենք թույլ տվել:  Արցախի դրոշը մենք մեր պայքարի խորհրդանիշն ենք դարձրել, որովհետև մենք 30 տարի, հետո մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար, որ այն Ադրբեջանի ճիրաններից ազատվի,  միանա Հայաստանին: Արցախը խորհրդանիշն է մեր համահավաք հայկական երազանքի, որը մեր սերունդները պետք է կերտեն: Ոչ մի իշխանության տրված չէ հաջորդ սերունդների ձեռքից խլելու պայքարի իրավունքը: Պահելով Արցախը՝ մենք իրավունք ենք տալիս մեր սերունդներին հզորանալ ու տեր կանգնել իրենց պատմական հայրենիքին: Մեր երազանքները պետք է մեծ լինեն, որ նվաճումներն էլ մեծ լինեն»,– ասաց Կարին Տոնոյանը:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այս երթը ցույց տվեց, որ  Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում առկա է հանրային մեծ աջակցություն և համաձայնություն:

«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, Արցախը լինելու է անկախ, իսկ դա կախված է հիմա յուրաքանչյուրիցս: Ոտքի՛ կանգնեք հայ երիտասարդներ: Հայաստանի բոլոր շրջաններում պետք է ոտքի ելնել, պայքարել և հեռացնել այս իշխանություններին»,-ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ միայն Նիկոլի հեռացմամբ կարող են ապահովել Արցախի անկախությունը:

Ավետիք Չալաբյանը եւս մեկ անգամ նշեց, որ  նման երթերի ու ակցիաների նպատակը նույնն է՝ բնակչությանն իրազեկել ու ակտիվացնել.

«Մեր հասարակության մի զգալի մաս դեռ մնացել է որոշակիորեն պասիվ վիճակում,քանի որ ունի մտահոգություններ, թե հետոն ինչպիսին է լինելու: Մեծամասնությունը հրաժարվել է գործող իշխանություններից, համարում է, որ նրանք իրենց սպառել են, ինչը մենք տեսնում ենք, բայց բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն պետք է լինի նոր կառավարությունը, ինչպե՞ս է նա խուսափելու հնարավոր նոր պատերազմից, ինչպե՞ս է փոխելու պետության կազմաքանդման ընթացքը և այլն: Մենք այդ ամենի մասին հետևողական ու համբերատար պետք է հասցնենք մարդկանց՝ նրանց հետ լինելով երկխոսության մեջ»,-ասաց Չալաբյանը:

Չալաբյանի խոսքով՝  դրոշի մոտ կանգնած մարդիկ շարունակելու են պայքարը, թույլ չեն տալու, որ հայ ազգի պատմության վերջին էջը շրջվի, որ թշնամին վհատեցնի հային:

Երթի մասնակիցները անցան նաև Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով, որտեղ  ապրիլի 27-ի ցավալի դեպքն էր տեղի ունեցել՝  Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր  ենթարկել 29-ամյա հղի կնոջ, որը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:

Արցախի դրոշով հաջորդ երթը կանցկացվի ապրիլի 30-ին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում