Կարևոր է, որ Արցախում ապրող մարդիկ զգան, որ իրենք ունեն ապագա, որ իրենք մենակ չեն. Ռուբեն Վարդանյան

  • 25.04.2022
  • 0
  • 62 Views

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ձեռներեց  Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային Հեռուստատեսության «ՕՐ կիրակի» ծրագրին:

Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագությունը՝ որոշ կրճատումներով.

Արցախի Հանրային Հեռուստատեսության -Պարոն Վարդանյան, «Ավրորան» արդեն յոթ տարվա ճանապարհ է անցել։ Արյդոք արդարացան համահիմնադիրների ակնկալինքները։ Հաջողվե՞ց կայնքի կոչել այն, ինչ մտածել էիք։

Ռուբեն Վարդանյան -Շատ կարևոր հարց եք տալիս։ Երբ 2015 թվականին Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի հետ սկսում էինք,  հիմքում այն գաղափարն էր,  որ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո շատ դժվար է լինելու պահպանել  աշխարհի հետաքրքրությունը հայկական ցեղասպանության հարցի նկատմամբ տարբեր պատճառներով։ Ե՛վ որովհետև չեն մնացել այն մարդիկ, որոնք վկա են եղել, թե ինչ է կատարվել այն ժամանակ Թուրքիայում, և՛ որովհետև, ցավոք,  ուրիշ ցեղասպանություններ են կատարվել աշխարհում։

Գաղափարը, որ մենք ուզում ենք աշխարհին պատմել ցեղասպանության մասին, բայց ոչ թե որովհետև մեզ ջարդել են, ոչնչացրել են, սպանել են, այլ երախտագիտության, շնորհակալության խոսք ասել այն մարդկանց, որոնք օգնել, փրկել են մեր պապերին ու տատերին,  շատ կարևոր էր։

Այդ առումով նաև դժվար էր, որովհետև միանգամից պարզ չէր մարդականց, թե այն ինչի մասին է։ Այդ առումով մենք առաջին օրվանից շատ հստակ հասկանում էինք, որ մեզանից պահանջվելու է շատ լուրջ, խորքային  և մասշտաբային աշխատանք։ Ես կարող եմ հիմա վստահորեն ասել, որ այս յոթ տարվա ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել և՛ աշխարհում, և՛ Հայաստանում, հույս ունեմ նաև՝ Արցախում, որովհետև «Ավրորա»-ի արած գործերը, «Ավրորա»-ի աշխատանքը ամեն տարի ավելի շատ է երևում։

Դրա համար մի կողմից՝ այո, մենք բավարարված ենք, որ այն, ինչ սկսել էինք  2015 թվականին, ճիշտ և կարևոր աշխատանք էր: Մենք հասկանում ենք նաև, որ այդ աշխատանքը պահանջելու է ավելի երկար տարիներ՝ մինչև դառնա ընդհանուր, համաշխարհային մեծ շարժում։ Ես կարող եմ ասել, որ մենք արդեն երրորդ համաշխարհային հումանիտար մրցանակներից մեկն ենք, և դա հրաշալի է։

Մենք ստացել ենք ճանաչում, որովհետև իսկապես ավելի քան երկու միլիոն մարդ ստացել է աջակցություն «Ավրորա» -ի շնորհիվ, և «Ավրորա»-ի դափնեկիրներն այդ գումարներն ուղղել են տարբեր երկներում մարդասիրական ծրագրերի: Մարդիկ 23 երկրներում ստացել են աջակցություն և իմացել են, որ Հայաստանից հայերը, որոնք ամենահարուստը չեն, ամենամեծ ազգն ու երկիրը չեն, օգնում  են իրենց։ Դա շատ ուժեղ ուղերձ էր. մենք ասում ենք, որ մենք զոհ չենք, և դա շատ կարևոր է։

Արցախի Հանրային ՀեռուստատեսությունՁեր շատ գաղափարների պես «Ավրորան» էլ, այսպես ասենք, ոչ սովորական լուծումներ էր առաջարկում։ Երբ նայում ենք տարբերանշանին, ելման կետը գոյատևումն էր, եթե չեմ սխալվում՝ հետո վերապրում, հետո՝ բարգավաճում, հետո՝ օգնել ուրիշին։ Առանցքում այն տպավորությունն էր, որ ցեղասպանությունից հետո ոչ միայն ցեղասպանությունից տուժածներին օգնելու հարցն է օրակարգում, այլ հենց ցեղասպանությունից տուժածը պետք է փրկի ցեղասպանություն իրականացնողին։ Փրկի ներելով, չգիտեմ, հաշտության եզրեր գտնելով ընդհանուր, այդ գաղափարների հիմքում կարծես թե հաշտությունն էր դրված։

Ռուբեն Վարդանյան -Այնքան էլ այդպես չէ։ Մենք ուրիշ բան էինք ասում։ Ցավոք, իրավիճակն այնպես է, որ ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը խոսում է զոհերի  ու ոճրագործների մասին  ավելի շատ, քան այն մարդկանց մասին, որոնք փրկվել են և նրանց մասին, ովքեր նրանց փրկել են։ Դրա համար մենք խոսում ենք ոչ թե հաշտվելու կամ մարդասպաններին ներելու մասին,  այլ շնորհակալություն ասելու նրանց, ովքեր փրկել են, ձեռք են մեկնել:

Կարծում եմ, որ եթե դու, կամ քո ծնողները, կամ քո պապերը փրկվել են ու դու հասել ես հաջողության, դու պետք է  քո հերթին ամեն ինչ անես, որ ինչ-որ ձևով օգնես այն մարդկանց, որոնք այսօր  դժվար ժամանկներում են ապրում կամ նույն իրավիճակում են, որում ժամանակին դու ես եղել, որովհետև դու գիտես այդ ցավը,  գիտես ինչքան ահավոր է այդ վիճակը։

Այդ առումով քո երախտագիտությունը շատ կարևոր է։ Նույն Լիբանանում սով է եղել, բայց  այնտեղ մարդիկ շատ հայերի ընդունել են և փրկել են։ Ու իրենք կիսվել են վերջին հացի կտորով։ Մենք դրա՛ մասին ենք ասում, այդ մասին շատ քիչ է խոսվում։ Ավելի քիչ, քան՝ ով է սպանել և ինչպես։

Այդ առումով, մենք մի քիչ ուրիշ անկյան տակ ենք դիտարկում հարցը. մենք փորձել ենք,  փորձում ենք այնպես անել, որ մենք, որպես ամենացավալի ճանապարհն անցած ազգ,  դա {մեր ցավալի փորձը} դարձնենք մեր ուժը, ոչ թե այն մնա միայն  որպես վերք։ Ոչ թե պետք է մոռանանք, թե ինչ է մեզ հետ եղել, այլ ասենք, որ մենք այնքան ուժեղ ենք, որ մենք էլ կարող ենք օգնել ․․․ Ի վերջո թուրքի գաղափարն ի՞նչ էր։ Ես ձեզ ջարդել եմ, ես ձեզ ոչնչացրել եմ։ Մենք պիտի ասենք՝ ոչ, չի ստացվել, ու հենց  ապրիլի 24-ին ենք ուզում ասել, որ ոչ մի բան, ինչ որ դու արել ես, չի ստացվել, չեք կարողացել մեզ ջարդել։

Մենք այնքան ուժեղ ենք, որ մենք ենք ուրիշներին օգնում, մենք այնքան ուժեղ ենք, որ մենք ենք կարողանում աշխարհին ինչ-որ բան ասել, ոչ թե լաց ենք լինում ու ասում ենք՝ մեզ ջարդել են, մեզ ոչնչացրել են, մենք թույլ ազգ ենք: Կարծում եմ,  մարդիկ դա  արդեն հասկանում են։ Դա շատ կարևոր գաղափար է։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն- Ցեղասպանությունից 107 տարի անց տարածաշրջանում ունենք Թուրքիա, ունենք հայկական երկու պետություններ, այսօր էլ օրակարգում Երևան-Անկարա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցն է։ Պարբերաբար այդ հարցը գալիս է օրակարգ, նորից հաջորդ հորիզոնականն է անցնում։ 107 տարի անց, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Արդյո՞ք այն օրակարգը, որ այսօր կա, ասում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում Երևան-Անկարա, դա նույնն է ինչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Ռուբեն Վարդանյան –Ես մի բան գիտեմ, եթե դու ուժեղ չես, քեզ ոչ մի բան չի օգնելու: Իհարկե, դա խնդիր է, եթե դու փոքր ազգ ես,  փոքր երկիր ես, երբ  հարևան երկրում ապրում է 80 միլիոն մարդ: Բայց Իսրայելը ցույց տվեց, որ լինելով քանակով շատ քիչ, իրենք կարողացան պայքարել ընդհանուր տարածաշրջանի բոլոր երկրների հետ, որովհետև նրանց մեջ երեք բան կար՝ հավատը և սերը դեպի իրենց երկիրը, պատրաստակամությունը զոհելու կյանքը երկրի պաշտպանության համար, և ուժեղ տնտեսական զարգացում՝ և ռազմական, և՛ ընդհանուր։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն– Ներողություն, դրան ավելացնենք նաև աշխարհի ուժային կենտրոններից մեկի անվերապահ աջակցությունը։

Ռուբեն Վարդանյան– Կարևոր բան եք ասում, բայց երկու տարբերակ կա՝ մեկը, որ դու ուղղակի  հովանավոր  ունես, որը քեզ աջակցում է, դու էլ պահանջում ես: Մենք պահանջում ենք, որ մեզ օգնեն, մենք պահանջում ենք, որ մեզ պաշտպանեն։ Իսկ մենք ի՞նչ ենք արել մեր կողմից,  մենք մեր քայլերն արե՞լ ենք մինչև վերջ, մենք ասել ենք գիտեք՝ մենք այսքան կարող ենք անել, այսքանը արել ենք, եկեք մեր կողքին կանգնեք։ Մենք կարողացե՞լ ենք համոզել, որ դա ոչ թե ձեր պարտականությունն է, այլ ձեզ օգուտ է, որ մենք այստեղ մնանք, որ հայ ազգը ապրի Արցախում, հայ ազգը ապրի Հայաստանում, որ դա  ոչ միայն  մեզ համար է կարևոր, ձեզ համար էլ է կարևոր, որովհետև մենք պահպանում ենք քրիստոնեական արժեքները, մենք պահպանում ենք ինչ-որ կարևոր ռազմավարական հարցեր։ Երբ դու ուժեղ ես՝ դու կարևոր ես, եթե դու թույլ ես, եթե դու միայն պահանջում ես, ոչ մեկ քեզ ոչինչ պարտական չէ։  Ամեն մեկն իր հետաքրքրություններն ունի։ Մենք պետք է հասկանանք, որ ամեն մեկն անելու է այն, ինչ իր շահերից է բխում։ Բայց դու ինչպե՞ս անես, որ նրա շահերի հետ համընկնելու ժամանակ օգտվես նրա ռեսուրսներից, դա շատ կարևոր հարց է։ Բայց դրա համար պետք են համախմբման, գաղափարների շուրջ միացման, հայրենասիրության և պետական մտածելակերպի կարևոր էլեմենտներ, որ մենք չունենք։

Թուրքիայի հետ սահման բացելու կամ չբացելու հարցը նրա մեջ չէ՝ դա վատ է, թե՝ լավ։ Եթե մենք թույլ լինենք, եթե մենք պատրաստված չլինենք՝ վատ է լինելու, եթե մենք պատրաստված լինենք, մենք կարող ենք մեր օգտին դա դարձնել։ Դժվար է, բայց հնարավոր է։

Խնդիրներից մեկն այն է, որ չկան քննարկումներ  ո՛չ պետական, ո՛չ ընդհանուր հասարակության մեջ։ Լավ,  եթե սահմանը բացվում է առանց պայմանների, դա ի՞նչ է նշանակում մեզ համար։ Տնտեսության  ո՞ր ուղղություններն ենք զարգացնելու։ Ո՞ր ներդրումները պետք է անենք հիմա, որ  եթե, օրինակ, 2-5-10 տարի հետո սահմանները բացվեցին, մենք պատրաստ լինենք մրցակցության, մենք պատրաստ լինենք ենթակառուցվածքով, մենք պատրաստ լինենք պաշտպանությամբ։

Արդեն հիմա ո՞վ է հիմա աշխատում այն օրենքների  վրա, որոնք փոփոխությունների հիմքերը պիտի ապահովեն,  եթե սահմանը բացվում է, ինչպե՞ս ենք մենք ինչ-որ հարցերում պաշտպանում, ինչ-որ հարցերում աջակցում, ինչ-որ հարցերում փոխում մեր տնտեսությունը․․․ Չկա։ Քանի՞ աշխատանքային խումբ կա, որ նայում է, թե որտեղ մենք կարող ենք մրցակից լինել, որ հարցերում մենք կարող ենք հիմա իսկապես ներդրումներ անել, և իսկապես կարողանանք դա դարձնել մեզ համար առավելություն, ոչ թե թուլություն։

Մենք կամ ասում ենք՝ իրենք ավելի ուժեղ են, իրենք միանգամից ամեն ինչ կառնեն ու մենք կկորցնենք ամեն ինչ, կամ ասում ենք՝ չէ, իրենք լավ հնարավորություն են տալիս։ Ի՞նչ հնարավորություն են տալիս։ Մեկը նայե՞լ է, որ ուղղությամբ են հնարավորությունները։ Այդ ուղղությունները ինչքա՞ն ներդրում են պահանջում։  Այդ ուղղությունների մեջ մասնագետներ ունե՞նք։

Շատ կարևոր հարցերի շուրջ չկա քննարկում, չկա դիրքորոշում, և չկա ծրագիր, որ ամեն օր իրականացվի՝ այսօրվանից սկսած, մինչև սահման բացելը։ Ոչ թե սահմանը բացելուց հետո ասենք՝ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք տակից դուրս գալու։ Դրա համար ես վստահ եմ մեկ բանում՝ և տարբեր մոտեցումները, և ի վերջո սահմանը բացելուց հետո մեր գործերը պետք է լինեն բարձր, պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է լինի համախմբում ժողովրդի, ազգի մեջ…. Բայց այս ձևով, որ մենք անում ենք, ոչ պրոֆեսիոնալ, էլի էմոցիոնալ, էլի կենաց ասելով, չի լինելու ոչ մի բան։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն- «Ավրորայի» հիմնադրումից հետո, եթե չեմ սխալվում, առաջին անգամն է, որ ապրիլի 24-ին Արցախում եք։ Ինչու՞ որոշեցիք։

Ռուբեն Վարդանյան –Այո։ Գիտեք, շատ կարևոր է ինձ համար այս տարի ապրիլի 24-ին լինել Արցախում։ Մի քանի պատճառ կա։ Առաջինը՝ մենք միշտ ասել ենք, որ «Ավրորան», լինելով համաշխարհային շարժում, արմատներով հայկական է։

2020 թվականի պատերազմը Արցախում շատ լուրջ ճգնաժամ ստեղծեց։ Եվ նոյեմբերի 9-ից հետո առաջին մեր քայլերից մեկն էր այնպես անել, որ «Ավրորան» մասնակցի Արցախում իրավիճակը փոխելու ծրագրերին։ Եվ դրա կարևորությունը մեզ համար շատ մեծ էր։ Ոչ թե միայն իմ, Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի, բայց և այն մարդկանց համար, որոնք  լինելով ոչ հայեր,   մեզ հետ միասին այդ ծրագիրը իրականացնում են։ ․․․ Եվ այն կապը, որ «Ավրորան» համաշխարհային է, բայց մենք նաև իրականացնում ենք ծրագիր Արցախում, շատ կարևոր է։

Դուք գիտեք, որ «Ավրորա»-ի  մի քանի դափնեկիրներ եկել են այստեղ՝ Արցախ․․․ Մենք  բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Արցախում: Եվ այն, որ «Ավրորան»  լինելով համաշխարհային, նաև ծրագրեր է իրականացնում Արցախում, շատ կարևոր կապ է։ Երկրորդը՝  անցյալ տարվա  դափնեկիրը ՝ Ջուլիեն Լուսենգեն, որոշեց իր 1մլն դոլար մրցանակից 250․000 հազար դոլարը  փոխանցել Արցախի ծրագրերին։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն-Դա հետո կրկնապատկվեց։

Ռուբեն Վարդանյան– Մենք էլ մեր կողմից կրկնապատկեցինք։ Որպես հիմնադիրներ, ասեցինք, որ ճիշտ կլինի, որ մեր կողմից  կրկնապատկվի։ Կարևոր է, որ այդ կապը՝ աշխարհի և Արցախի, ավելի շատ երևա։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն- Իմ հաջորդ հարցը հենց ծրագրերի մասին էր լինելու։

Ռուբեն Վարդանյան- Գիտեք, մեզ շատ են քննադատում, ասում են, մենք որպես աղքատ երկիր, այդքան խնդիրներ ունենք,  մինչդեռ  տարբեր երկրների մարդկանց ենք օգնում.

Եվ, ցավոք, այդ քննադատության մեջ նորից մոլորություն կա: Արցախում, ինչպես նշեցի,  94 ծրագիր ենք իրականացրել, այս երկու տարվա մեջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ գումար ենք արդեն ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ 130․000 մարդ ստացել է աջակցություն այդ ծրագրերից։ Մենք թե՛  առողջապահության, թե՛ կրթության, թե՛ մշակութային, և թե՛ հումանիտար ուղղությաններում   65 գործընկեր ունենք, որոնց հետ աշխատել ենք։

Եվ այս ծրագրերը իրականացրել ենք մեր թիմի և Արցախի ղեկավարության  հետ համագործակցությամբ, ու կարևոր է, որ դրանք իսկապես հասել են գրեթե ամեն արցախցու՝  այս կամ այն ձևերով։ Եվ մենք ուրախ ենք, որ այդ ծրագրերը ոչ միայն սոցիալական աջակցության, այլև՝  զարգացման ծրագրեր են։ Օրինակ, այս օրերին, ութ զինվորներ, որոնք վնասվածք ենք ստացել և վիրավորումից հետո վերականգնվել են, իրենց բիզնես ծրագրերը ներկայացնելու և բիզնես աջակցություն ստանալու հնարավորություն են ունեցել։ Այդ առումով ես վստահ եմ, որ այն, ինչ մենք արել ենք, անում ենք և կշարունակենք անել, դա ճիշտ բալանս է, դա թույլ է տալիս  և՛ օգնության, և՛ զարգացման բաղադրիչներ  իրականացնել, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն՝ վստահ լինելով, որ իրենք ապագա ունեն այստեղ, որ իրենց կողքին մարդիկ կանգնած են և իրենք վստահ լինեն, որ իրենց հետ ամեն ինչ այստեղ լավ է լինելու։

Արցախի Հանրային ՀեռուստատեսությունՊատերազմից հետո Արցախում և Արցախի շուրջ մի տեսակ անորոշություն է։ Ռուբեն Վարդանյան գործիչը ինչպե՞ս է գնահատում իրավիճակը։ Որտե՞ղ ենք հիմա մենք՝ նոր կորուստների՞ նախաշեմին, թե՞ նոր հնարավորությունների նախաշեմին։ Ի՞նչ պետք է անենք այս փուլում մենք, և ի վերջո, ովքե՞ր ենք այդ «մենք»-ը։

Ռուբեն Վարդանյան –Շատ կարևոր է Ձեր հարցը, որովհետև իսկապես անորոշությունը, անհանգստությունը, վախն ընդհանուր աշխարհում է տիրում, ոչ միայն Արցախում։ Շատ մեծ փոփոխություններ են կատարվում աշխարհում։ Ես վստահ եմ, որ մեր անկախությունը, ազատ և երջանիկ ապրելու մեր հնարավորություններն առաջին հերթին մեզանից են կախված։ Եվ արցախցիները պիտի զգան և հասկանան մի քանի բան։ Առաջինը՝ դա հզոր ուժն է: Ուզում եմ ասել, որ դուք չեք պատկերացնում՝ ինչպիսի ուժ ունեք, որ դուք ապրում եք հարյուրավոր տարիներ մեր հողի վրա, ձեր հայկական այդ ոգին, այդ արմատները մեծ ուժ են, որը չի զգացվում մինչև դու չես գնում ուրիշ տեղ ու չես զգում քո թուլությունը՝ այդ արմատներից կտրվելով։ Եվ դա պահպանելը շատ կարևոր է ոչ միայն ձեզ,  այլև՝ մեզ բոլորիս համար։

Երկրորդ կարևոր բանն ան է, որ դուք մենակ չեք: Ինձ համար այստեղ լինելն ամեն անգամ մեծ ուժ է։ Ինձ համար այստեղ գալը և զգալը, որ Արցախը հայկական է, շատ կարևոր է։ Անորոշությունների հարցը իհարկե կա, վտանգը շատ լուրջ է։ Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ ինչպես են վերականգնում բանակը, ինչպես ենք վերականգնում տնտեսությունը։

Բայց բոլոր այդ խնդիրների լուծման ճանապարհն ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք այդ ճանապարհն անցնել միասին։ Դա կարևոր է. Արցախը պետք է զգա, և արցախցիները պետք է զգան, որ իրենք մենակ չեն, որ իրենց ոչ թե թողել ու ասել են, այս գումարը ձեզ տալիս ենք, ինչ-որ մի բան արեք։ Ոչ, գումարը քիչ է, նրանք պիտի զգան, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի, մենք բոլորս գալու ենք ձեր կողքին այստեղ ապրենք, կանգնենք, որովհետև դա կարևոր հարցերից մեկն է, որ դու մենակ չես քո խնդիրների առջև կանգնած։Ինձ համար այստեղ գալը միշտ եղել է շատ կարևոր, որ մարդիկ զգան, որ ոչ թե կտրված են, ինչ-որ փակ տարածքում են ապրում, այլ ընդհանուր հայկական աշխարհն է իրենց կողքին կանգնած։ Դա դժվար է, բայց դա շատ կարևոր է։ Մեր մոտեցումը, որ մենք ձեր կողքին ենք ոչ թե Երևանում, ոչ թե Մոսկվայում, այլ հենց այստեղ,  շատ կարևոր է, որպեսզի այդ անորոշությունում մարդիկ զգան, որ իրենք մենակ չեն։

Մյուս  կարևոր բանն այն է, որ Արցախի ապագայի հարցի մասին շատ լուրջ քննարկումներ են ընթանում։ Եվ դա այն որոշումներից մեկն է, որը ոչ մեկն ընդունել չի կարող, բացի Արցախի ժողովրդից։ Իհարկե, Արցախի ժողովուրդը և Արցախի ղեկավարությունը պիտի նայեն իրավիճակը և հասկանան ինչ հնարավորություններ կան, ինչպես պահպանել հայկական ոգին և հայկական ապրելակերպը այստեղ՝ հայկական հողերի վրա՝ համագործակցությամբ Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի հետ։ Բայց, ի վերջո, որոշումը պետք է լինի այստե՛ղ։ Եվ երկրորդը՝ այդ որոշումը չի՛ կարող կայացնել միայն ղեկավար մարմինը, դա պետք է ազգի որոշումը լինի, որովհետև մենք խոսում ենք ազգային արժեքների մասին, մենք խոսում ենք ազգային արմատների մասին, մենք խոսում ենք ազգային ապագայի մասին։ Արցախի հարցը ինձ համար կարմիր գիծ է։ ․․․ Սեպտեմբերի 27-ն է դարձել իմ կարմիր գիծը. ես ասել եմ՝ դա այն բանն է, որ մենք իրավունք չունենք կորցնելու, մենք իրավունք չունենք դուրս գալու Արցախից և թողնենք ինչ-որ ուրիշ մարդիկ այդտեղ ապրեն։

Դրա համար պետք է մտածել,  ինչպե՞ս անենք, որ Արցախում ապրող մարդիկ զգան, որ իրենք ունեն ապագա, որ Արցախում ապրող մարդիկ զգան, որ իրենք մենակ չեն, և ոչ թե մենակ չեն նրա համար, որ աջակցություն են ստանում, այլ Արցախը զգա, որ մարդիկ պատրաստ են գալ, իրենց կողքին այստեղ ապրել։ Այդ առումով ես ուզում էի ապրիլի 24-ին այստեղ գալով դա ասել՝ ես ձեզ հետ եմ ոչ թե Մոսկվայում, ոչ թե Լոնդոնում, ոչ թե Փարիզում, ոչ թե Երևանում, այլ այստեղ եմ, Ստեփանակերտում եմ։

Արցախի Հանրային Հեռուստատեսություն-Հաճախ ակտիվանում են խոսակցությունները, որ Ռուբեն Վարդանյանը մտնում է քաղաքականություն, Ռուբեն Վարդանյանն աջակցում է ինչ-որ ուժի։ Ի վերջո, ունե՞ք ծրագիր քաղաքականություն մտնել։ Եվ այն, ինչ ասում եք որպես գաղափար, ներկայացնել որպես քաղաքական թիմի կողմից հայտ։

Ռուբեն Վարդանյան – Առաջին հերթին ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ ես վերջին 20 տարիներին արդեն քաղաքական ակտիվ կյանքի մեջ եմ։ Բայց ոչ թե կուսակցական, ոչ թե պաշտոն գրավելու, այլ  այն առումով, թե գաղափարապես ինչ երկիր եմ տեսնում, ինչ խնդիրներ եմ ես տեսնում։ Անցած տարի դեկտեմբերին ես հրապարակել եմ իմ 15 սկզբունքները, թե ինչպես եմ տեսնում ապագա Հայաստանը, Արցախը, և ընդհանուր մեր հայկական աշխարհի ապագան: Շատ հարցեր կան,  որոնք կախված են ոչ միայն ապագայից, այլև՝ այսօրվանից։ Պետք է ասեմ պարզ, որ եթե մենք առաջ Նուբարի, բոլոր ընկերների հետ ավելի շատ խոսում էինք 20 տարվա ժամանակաշրջանի մասին և ավելի շատ ուր պետք է գանք հասնենք, մենք այսօր ավելի խոսում ենք, թե ինչ պետք է անել այսօր։

Գիտեք, Նուբարը շատ լավ առաջարկ է արել, ասել է՝ եկեք ապագայի հետ կապված նախարարություն ստեղծենք, որովհետև դա կարևոր է, բայց եթե դու չունես այս օրը, ապագա չես ունենա։ Դրա համար եթե այսօրվա խնդիրները չես լուծելու, ապագա չես ունենալու։ Այդ առումով, այո, մենք ակտիվ փորձում ենք որպես առաջնորդներ, որպես մարդ, որն իր վրա պարտականություն է վերցրել, ամեն ինչ անել, որ այս ճգնաժամից դուրս գանք։

Այդ առումով, այո, ես ավելի շատ այսօրվա հետ կապված խնդիրների մասին  եմ խոսում, փորձում եմ աջակցել, փորձում եմ ինչ-որ ձև փոխել։ Եվ այդ գաղափարի շուրջ տարբեր մարդիկ ինձ միանում են, այդ մարդիկ գալիս, ասում են՝ մենք կիսում ենք գաղափարը:  Միավորումը գաղափարների շուրջ  է, մարդիկ կան, և՛ կուսակցական, և՛ ոչ կուսակցական, որոնք ասել ենք՝ մենք պատրաստ ենք։ Օրինակ բերեմ: մենք Ռուբեն Հայրապետյանի հետ սկսել ենք «Մատենա» կրթական ծրագիրը, որը տարբեր ուղղությամբ առաջնորդների պատրաստման կենտրոն է։ Այն  քաղաքական նախագիծ չէ, բայց, իհարկե, շատ լուրջ ազդեցություն է թողնելու ամբողջ հայ աշխարհի զարգացման, Հայաստանի, Արցախի զարգացման վրա։ Մենք ունենք տարբեր ուրիշ ուղղություններ, օրինակ, մենք հիմա տարբեր ծրագրեր ենք սկսում Գյումրիում։ Գիտեք մեր ծրագրերը Դիլիջանում, Տաթևում, կամ ուրիշ մարզերում: Դրանք միայն խոշոր ու երկարաժամկետ ծրագրեր չեն Դիլիջանի դպրոցի կամ «Ավրորայի» պես, ի վերջո  700-ից ավելի  ծրագրեր են իրականացվել մեր կողմից կամ մեր մասնակցությամբ,  700 միլիոն դոլարից ավելի ներդրում է Հայաստանում, Արցախում, և հայկական աշխարհում։ Այդ փոքր ծրագրերի մասին մարդիկ չգիտեն նույնիսկ: Օրինակ, չգիտեն 2005-2008 թթ Սասունցի Դավիթի  արձանի  վերականգնման նախագծի և նման բազմաթիվ այլ նախագծերի մասին:

Կարող եմ ասել, որ  ես պատրաստ եմ կրել  այն  մեծ պարտասխանատվությունը, պատրաստ եմ,  վերցնելով պարտականություններ, անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք ուժեղ, երջանիկ, առողջ և՛  ժողովուրդ, և՛ պետություններ՝ Արցախը և Հայաստանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում