Սփյուռքի ակտիվ երիտասարդները կհանդիպեն Բուդապեշտում

  • 24.04.2022
  • 0
  • 409 Views

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի (WostAYN) նախաձեռնությամբ «Rights for inclusion» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 4-ը Բուդապեշտում կհանդիպեն 30 հայազգի երիտասարդ։

Առաջին անգամ Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում կիրականացվի միջազգային ծրագիր հայերեն և անգլերեն լեզուներով, որի նպատակն է միավորել կազմակերպված սփյուռքահայ երիտասարդությանը մեկ վայրում, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ քննարկել սոցիալական իրավունքներին և ինտեգրմանն առնչվող հարցերը, վերհանել սփյուռքահայ երիտասարդության շրջանում առկա մարտահրավերները, հավաքագրել սփյուռքի տարբեր համայնքներում առկա փորձը, զարգացնել երիտասարդների կարողությունները քաղաքականություն մշակողների հետ հաղորդակցվելու, սոցիալական իրավունքների և երիտասարդության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվելու համար։  

Ապրիլի 20-ից 22-ը ԵԽ Բուդապեշտի կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի նախապատրաստական թիմի հանդիպումը, որին մասնակցեցին ՈՍՏԱՅՆի նախագահ Ատոմ Մխիթարյանը /Հայաստան/, վարչության անդամներ Ստանիսլավ Մեժդոյանը /Վրաստան/, Ռուզաննա Իվանյանը /Ռուսաստան/, Մարատ Հովհաննիսյանը /Գերմանիա/ և ԵԽ երիտասարդության հարցերի տնօրինության ներկայացուցիչ Իդա Կրեուցմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրախորհրդի աջակցությամբ։

«Շատ ուրախ ենք, որ երկար ընդմիջումից հետո կրկին հնարավորություն ունենք միավորելու աշխարհասփյուռ հայ երիտասարդներին մեկ վայրում։ Միասին քննարկելու աշխարհաքաղաքական նոր իրավիճակում առկա մարտահրավերները, վերլուծելու խնդիրներն ու գտնելու հաղթահարման արդիական ճանապարհներ։ Անցած երկու օրերի ընթացքում մանրամասն քննարկեցինք ծրագրի բովանդակությունը, հաստատեցինք օրակարգը, ծրագրի ընթացքում օգտագործվող մեթոդաբանությունը և այլն։ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի առաքելությունն է միավորել աշխարհի հայերին և աջակցել համահայկական խնդիրների լուծմանը։ Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ նախաձեռնել ենք այս ծրագիրը, որպեսզի զարգացնենք տարբեր եվրապական երկրներում բնակվող հայ երիտասարդների կարողությունները առավել ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու քաղաքականության մշակման գործընթացում, խթանելու Սփյուռք-Հայրենիք գործակցությունը», – ծրագրի նախապատրաստական հանդիպումն ամփոփելով նշեց կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

www.wostayn.net

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում