Ապրիլքսանչորսյան երթ Երուսաղեմում

  • 21.04.2022
  • 0
  • 229 Views

Ապրիլի 20-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդությամբ եւ հայ համայնքի տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Սրբոց Հակոբյանց վանքի մոտից հայ սկաուտները թմբուկների զարկերով, հայրենասիրական երգերով ու Ցեղասպանության ճանաչման կոչերի վանկարկումներով անցան քաղաքի փողոցներով մինչեւ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թաղամաս, ապա վերադարձան կրկին պատրիարքարան։ Երթի մասնակիցների թիվը հասնում էր 150-ի, մասնակցում էին նաեւ տարբեր քաղաքներից ժամանած հայեր։

Ճանապարհին ԱՄՆ հյուպատոսության առջեւ մի պահ կանգ առան եւ շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ նախագահ Բայդենից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Երթը առաջնորդեցին պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը եւ թարգման Հայր Վազգեն աբեղա Ալեքյանը։ Սկաուտների խմբին ղեկավարեց եւ ժամանակ առ ժամանակ կոչերով հանդես եկավ ու պահանջատիրական ելույթներ ունեցավ ՀԵՄ վարչական Հակոբ Ջերնազյանը։

Պատանի սկաուտները տանում էին ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Դաշնակցության, ՀԵՄ-ի եւ Հոմենթմենի դրոշները։ Երիտասարդները կրում էին նաեւ Հայոց ցեղասպանության 107-ամյակի տարբերանշանով շապիկներ։ Երթի ողջ ընթացքում թեեւ ծայրահեղական իսրայելցի երիտասարդները փորձեցին պրովակացիաներ հրահրել, սակայն ուղեկցող ոստիկաններն անմիջապես կանխարգելեցին։

Երթը ծրագրված էր Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կողմից՝ Ամենապատիվ պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանի օրհնությամբ։

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի, ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում