Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի այցը Դոբրիչ, Վառնա և Բուրգաս
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը ապրիլի 13-ից ապրիլի 18-ը հովվական այցով գտնվում էր Բուլղարիայի Հանրապետությունում, ի մասնավորի Ավագ Շաբաթվա և Սուրբ Հարության սրբազան արարողությունները հանդիսապետելու համար: Սրբազանին ուղեկցում էր Բոտոշանի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը:
Ապրիլի 14-ին Սրբազանն այցելեց Դոբրիչ քաղաք, ուր Վերջին Ընթրեաց պատարագ մատուցեց տեղի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, հավարտ որի հանդիպեց եկեղեցական վարչության ատենապետ Պողոս Մանուկյանի և վարչության անդամների հետ:
Նույն օրը կեսօրին Սրբազան Հայրը Ոտնլվայի կարգ կատարեց արդեն Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ երեկոյան Խավարման կարգ:
Ապրիլի 15-ին, ուրբաթ օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու կատարվեցին Խաչելության և Թաղման կարգերը:
Ապրիլի 16-ին Սրբազանը մեկնեց Բուրգաս քաղաք, ուր մատուցեց Ճրագալույցի Ս. Պատարագ, հավարտ որի տրվեց Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը: Բուրգասի եկեղեցական վարչության անդամները և վարչության ատենապետ Սարգիս Կարաջյանը ներկայացրին եկեղեցում կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:
Ապրիլի 17-ին Տաթև Սրբազանը Զատկական պատարագ մատուցեց արդեն Վառնայի հայոց եկեղեցում և իր պատգամը բերեց ներկա հավատավոր ժողովրդին: Պատարագին ներկա էին թեմական խորհրդի ատենապետ Անդրանիկ Շաքարյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներն ու բազում հավատացյալներ։ Իր խոսքում Սրբազանը մասնավորապես նշեց․ ,,Քրիստոսի հարությամբ խորտակվել են այլևս մահվան շղթաները, նահանջել է հուսահատությունը, փարատվել է մռայլը և աշխարհի վրա սփռվել են աստվածային բյուր օրհնություններն ու հավիտենական պարգևները։ Մարդկությունն առավել քան երբևէ քաջալերված է այդ ավետիսով, քանզի որտեղ հարուցյալ Տերն է, այնտեղ պարտվում է մահը, և հորդում է կյանքը, որտեղ հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի և երանությունը հավիտենության: Քրիստոս ասում է․ ,,Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի,, (Հովհ. ԺԱ 25)։ Իբրև հայորդիներ, հայ ժողովրդի զավակներ, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպես է մեր ժողովուրդը Քրիստոսի հարության հաղթական զորությամբ բազմիցս տառապել, նույնիսկ ցեղասպանվել, բայց այդ զորությամբ դարձյալ հառնել Ցեղասպանության Գողգոթայից․․․ Սակայն մեր հաջողություններն արժեք չեն ունենա, եթե ամեն բանի հիմքում չլինի Աստված, եթե չառաջնորդվենք արդարությամբ ու ճշմարտությամբ, եթե մեր կյանքում չառաջնորդվենք միմյանց հանդեպ փոխադարձ սիրով ու հոգածությամբ՝ մերժելով մեղքն ու չարիքը, ատելությունն ու թշնամանքը։ Աստծուց հեռացման և բարձրագույն արժեքների ոտնահարման ֆոնին այսօր էլ տակավին տեսնում ենք պատերազմներ, անտեսված իրավունք, թշնամանք, տնտեսական ճգնաժամ։ Բայց մենք հավատում ենք, որ ի վերջո պիտի հաղթանակեն արդարությունն ու խաղաղությունը։ Սիրելի հավատացյալներ, Քրիստոսի հարության հրաշափառ տոնն այսօր հրավեր է ամենքիս հարուցյալ հոգով ապրելու և գործելու, որ հաստատվի “երկրի վրա խաղաղություն և հաճություն` մարդկանց մեջ”(Ղուկ. Բ 14)։ Հաստատուն մնանք հարուցյալ Տիրոջ պարգևած շնորհների մեջ, անտրտունջ ծառայենք մեր ազգին, Մայր Հայրենիքին ու մեր Սուրբ Եկեղեցուն, Ռումանիոյ թեմին և հայ համայնքին, ծառայենք հավատքով ու նվիրվածությամբ, որպեսզի զորանան հայ ընտանիքները, աճեն ու բազմանան` լրացնելով մեր ժողովրդի կորուստները։ Սիրելիներ, զատկական այս նվիրական օրը հայցենք միասնաբար, որ հարուցյալ Տերը անխռով պահպանի աշխարհը Իր անբավ ողորմության մեջ և պարգևի մարդկանց կամքն ու իմաստութիւնը` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները, գտնելու հիմնախնդիրների կարգավորման ուղիները։ Աղոթենք և հայցենք նաև, որ երկնավոր մեր Տերը Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահի մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին` այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամէն,,։
Նույն օրը Սրբազանը հանդիպեց թեմական խորհրդի ատենապետ Անդրանիկ Շաքարյանին և թեմականի անդամներին, եկեղեցական վարչության անդամներին և վարչության ատենապետ Մասիս Բագդատյանին: Վերջիններս ներկայացրին եկեղեցում, հատկապես ավանդատներում կատարված նորոգության աշխատանքները:
Միևնույն օրը Տաթև Սրբազանը հանդիպում ունեցավ նաև ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայից Բուլղարիա ժամանած և ժամանակավորապես Վառնայում հաստատված 170 հայ ընտանիքների հետ և իր քաջալերական խոսքը հղեց նրանց։
Ապրիլի 18-ին, մեռելոցի օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահի, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգիների հանգստության և փրկության համար:
Ապրիլի 18-ին Սրբազանը վերադարձավ Բուխարեստ, Ռումինիա:
Ռումանիոյ հայոց թեմ