Այս համերգին վաղուց էինք սպասում․ Արամ MP3
Ապրիլի 15-ի Բրյուսելյան երեկոն լեցուն էր հայկական ելևէջներով։ Բելգիայի մայրաքաղաքի հայտնի համերգասրահներից մեկում ելույթ էր ունենում երգիչ Արամ MP3-ն։ Համավարակից հետո սա երգչի առաջին համերգն էր Եվրոպայում: Եվ համերգի առաջին հնչյուներից հետո հասկանալի էր,որ համերգին անհամբեր սպասում էին երկուստեք թե՛ հանդիսատեսը, և թե՛ երգիչը։
Ինչպես և սպասվում էր համերգն անցավ ջերմ մթնոլորտում։ Համերգի բացումն ազդարարեց երիտասարդ երգչուհի Հասմիկ Շիրինյանը, որը 2021 թվականին մասնակցել էր Բելգիայի ձայնը նախագծին։ Իսկ երբ արդեն բեմ բարձրացավ Արամ MP3-ն դահլիճը պարզապես պայթեց: Երկրորդ երգից հետո հանդիսատեսը ոտքի վրա էր և այդպես էլ մնաց մինչև վերջ ։ Պարզ էր արդեն, որ Արամ MP3-ն նույնքան սիրված և սպասված է Բրյուսելում, որքան Երևանում և հայկական սփյուռքի բոլոր համայնքներում։
Համերգը բարեգործական էր և կազմակերեպվել էր «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» (SOAR) Բրյուսելյան գրասենյակի կողմից՝ Բելգիայի Հայերի կոմիտեի աջակցությամբ։
Ինչպես նշեց միության Բրյուսեյան գրասենյակի նախագահ Լիլիթ Ղուկասյանը, համերգից գոյացած հասույթն ուղղվելու է Երևանում գործող օրիորդաց անցումային կենտրոնին։ Օրիորդաց անցումային կենտրոնում ապրում են դեռահաս աղջիկներ, ովքեր արդեն դուրս են եկել մանկատներից՝ 18ը բոլորելուն պես, սակայն դեռ պատրաստ չեն, հնարավորություն չունեն միայնակ ապրել:
Կենտրոնն նրանց հնարավորություն է տալիս կրթվել, դառնալ անկախ https://www.soar-us.org/transitional-center-yerevan/ Լիլիթը տարեկան մի քանի նմանատիպ միջոցառուներ է կազմակերպում և գոյացած միջոցներն ուղղում SOAR-ի տարբեր բարոգործական ծրագրերին։
Իսկ Բելգիական համայնքը շատ լրջորեն էր պատրաստվել երգչի ընդունելուն։ Ապրիլի 13-ին Արամին և նրա ընկերներին ընդունեց Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզը։ Հանդիպմանը ներկա էր նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար տիկին Աննա Աղաջանյանը։
Զրուցեցին տարբեր թեմաներից, ընդ որում նաև քաղաքականությունից։ Այս հանդիպումը կայացավ շնորհիվ գործարար Յանիկ Քալանթարյանի, որը Բելգիայի հայկական համայնքի կարևորագույն անդամներից մեկն է, ինչպես նաև Բելգիայի թագավորությունում Վրաստանի պատվավոր հյուպատոսն է։
Իսկ նույն օրվա երեկոյան տրվեց բարոգործական ընթրիք Արամի և ընկերների մասնակցությամբ, որից առաջացած հասույթը ևս փոխանցվեց SOAR-ի ծրագրերին։
Բրյուսելի համերգից հետո Արամ MP3-ն մեկնեց Փարիզ, որտեղ ապրիլի 17-կայացավ նրա համերգը La Cigalle համերգասրահում։
Արմինե Հարեյան
Բելգիայի հայերի կոմիտեի
մամլո պատասխանատու