ՄԱԿ Հայաստանի մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել

  • 19.03.2022
  • 0
  • 281 Views

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30- ամյակին նվիրված արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ:  Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի հետևանքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում