«Վերստեղծելով ուշ անտիկ Հայաստանը (մ.թ. 2-8-րդ դարեր)» գիտաժողովը չեխական Բռնոյում

  • 23.02.2022
  • 0
  • 107 Views

Փետրվարի 20-22-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի ներքո գործող Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Վերստեղծելով ուշ անտիկ Հայաստանը (մ.թ. 2-8-րդ դարեր). պատմագրություն, նյութական մշակույթ, ոչ-նյութական ժառանգություն» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի մեկնարկը տրվեց Մարսելից ժամանած գլխավոր բանախոս, ականավոր հայագետ, պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանի «Հայկական ճարտարապետության ոսկե դարաշրջանը 7-րդ դարում. ուշ անտիկի ժառանգության գագաթնակե՞տ» զեկույցով: 

Ինչպես տեղեկանում ենք Չեխիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Իվան Ֆոլետտին, համալսարանի Արվեստների ֆակուլտետի դեկան Միլան Պոլը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:Իվան Ֆոլետտին ներկաներին դիմեց առցանց՝ ներկայացնելով նախաձեռնությունն ու արդյունավետ աշխատանք մաղթելով համաժողովին: 

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, հատկապես կարևորելով միջոցառման անցկացումըտարածաշրջանային վերջին զարգացումների արդյունքում հայկական պատմամշակութային կոթողներին սպառնացող վտանգների համատեքստում: Արվեստների ֆակուլտետի դեկանը նույնպես կարևորեց միջոցառման անցկացումը՝ ողջունելով, որ Կենտրոնը ո՛չ միայն ուսումնասիրում, այլև ներկայացնում է հայկական մշակույթը և գոհունակություն հայտնելով միջազգային գործընկերների լայն շրջանակի հետ Կենտրոնի արդյունավետ համագործակցության համար: 

Համաժողովին արժեքավոր ելույթներով հանդես եկան հայ արվեստաբաններ Լիլիթ Միքաելյանը և Զարուհի Հակոբյանը` Երևանի պետական համալսարանից, Նազենի Ղարիբյանը՝ Մատենադարանից, Գևորգ Ղազարյանը՝ Աթենքի Կապոդիսթրիայի համալսարանից (առցանց), ինչպես նաև զեկուցողներ Բոնոյի Մասարիկի համալսարանից, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից: 

Համաժողովն անցկացվում էր «Միջնադարում անդրկովկասյան տարածաշրջանում մշակութային փոխազդեցությունները. պատմագրական և արվեստի պատմության հեռանկարներ» ծրագրի շրջանակներում (Չեխիայի գիտական հիմնադրամ – Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամ)՝ Ֆրիբուրգի համալսարանի Արվեստի պատմության բաժնի և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների պատմության բաժնի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի միջև համագործակցությամբ։Միջոցառումն անցկացվեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո: 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում