Սարգիս Շահինյան.«Սփյուռքը պետք է ներկայացված լինի Հայաստանի քաղաքական համակարգում»

  • 31.01.2022
  • 0
  • 193 Views

Հասարակական գործիչ, թարգմանիչ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանի հարցազրույցը ՕՐԵՐ-ին

-Հարգելի Սարգիս մեր զրույցը սկսենք ընտանիքից։ Ու՞ր են տանում արմատները։

Ծնվել եմ 1964 թ. Շվեյցարիայի Լուգանո քաղաքում՝ Թուրքիայից ներգաղթած հայկական ընտանիքում։ Հայրս՝ Վարդգես Շահինյանը եւ ես 50 տարվա տարբերություն ունեինք, ինքը ցեղասպանության վերապրող էր։ Հայրս՝ Աֆյոն Գարահիսարում բնակվող 44 հոգանոց ընտանիքի յոթ վերապրողներից մեկն էր։  Ծնվել էր 1915 թվականի օգոստոսի 15-ին,  եւ յոթ օրական է եղել, երբ ամբողջ ընտանիքը տեղահանվել է դեպի Ուրֆա, Մոսուլ, Բաղդատ եւ վերջում  վերադարձել են Իզմիր՝ մինչեւ 1922 թվականի սեպտեմբերի 9-ը՝ Աթաթուրքի մուտքը, երբ ստիպված երկրորդ անգամ են գաղթել, այս անգամ՝ գնալով Աթենք։ Մայրս Պոլսեցի էր։ 

Ես Լոզանում եւ Ցյուրիխում եմ ուսանել՝ ստանալով    բարձրագույն ճարտարապետական կրթություն։ 

Հետագայում  ուղղությունս փոխեցի եւ ընտրեցի գիտական թարգմանչի մասնագիտությունը եւ աշխատանքի անցա  Շվեյցարիայի  ներքին գործերի դեպարտամենտում եւ առողջապահության նախարարությունում։ Թարգմանում եմ գերմաներենից եւ ֆրանսերենից իտալերեն։ Հայերեն սովորել եմ տանը եւ դրսում։ Իմ դպրոցը եղել է քաղաքականությունը, ուսուցիչս՝ վերապատվելի Ջեյմս Գառնուզյանը,  իհարկե,  օգնել են  նաեւ Հայաստանի գիտական եւ քաղաքական մասնագետների հետ շփումները։

-Ե՞րբ սկսեցիր հետաքրքրվել հայկական հարցերով։

Իտալիայի հայ համայնքի երբեմնի առաջնորդ Սրբազան Զգոն Տեր-Հակոբյանը ոչ միայն մկրտել է ինձ, այլեւ դարձել է իմ կյանքի ուղեկիցը եւ մեծ ազդեցություն է ունեցել ճակատագրիս վրա։ Իսկ քաղաքական առումով նման ազդեցություն է ունեցել վերապատվելի Ջեյմս Գառնուզյանը՝ 1981 թվականից սկսած։

– Ե՞րբ է հիմնվել առաջին հայկական միությունը Լուգանոյում։

Առաջին միությունը հիմնել է դեռեւս հայրս՝ Թեսինի հայկական համայնքը։ Բայց համայնքային կյանքը շատ նեղ էր ինձ համար, եւ ես պետք է քաղաքականության մեջ մտնեի, դրա համար անդամակցեցի Ջեյմս Գառնուզյանի «Հայկական համաշխարհային  համագումարին»։ Այդ գաղափարի հիմնադիրը նա էր։ Այս կազմակերպությունը հայերի համար ուղեցույց դարձավ համաշխարհային մակարդակով։ 1979թ սեպտեմբեր 1-3-ը տեղի ունեցավ առաջին համագումարը Փարիզի «NIKKO» հյուրանոցում։ Երկրորդ համագումարը 1983 թվականին հուլիսի 22-24-ին էր՝ Լոզանի «Beau-Rivage»հյուրանոցում, որին նաեւ ես մասնակցեցի։ Տեղը եւ թիվը ընդգծում էին Լոզանի դաշնագրի 60-ամյակը։ Այդ պահից սկսած ես մասնակցեցի մինչեւ 1985 թվականի օգոստոս 8-10ը՝ Երրորդ Հայկական համաշխարհային համագումարի աշխատանքներին, որը Սեւրում գումարվեց։ Եւս երեք տարի աշխատեցի, այնուհետեւ սկսեցի այլ ուղղությամբ գործել։ Երրորդ համաշխարհային համագումարից հետո ըստ էության կազմակերպության աշխատանքները դադարեցին։

1992 թ. Ցյուրիխում ես եւ Մասիս Ինճիճյանը հիմնեցինք «Հայաստան աշխատանքային շրջանակ» կազմակերպությունը։ Այն մեծ համբավ ուներ երիտասարդների եւ գիտնականների շրջանում։ Կարեւոր էին այս միության կողմից տարված գաղափարական աշխատանքները։ Դա նպաստեց նաեւ Շվեյցարիայում 2003թ. Հայոց ցեղասպանության ճանաչմանը (Տես այս համարի 7-րդ էջում)։

Իսկ 2004-ին ստեղծվեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբը, որն անցած տարիներին մեծ աշխատանք կատարեց(Տես ՕՐԵՐ-ի 1-4 /89/ 2021 համարի 8-րդ էջում)։ 

– Արդյո՞ք Հայաստանում իշխանության փոփոխությունը ազդեցություն ունեցել է բարեկամական խմբի գործունեության վրա։

Այդ արյունն ու շունչը, որ մենք ամեն այցին ներարակել ենք Հայաստան-Շվեյցարիա խմբերի հայ պատգամավորներին, որոնք մեծամասնությամբ հանրապետական կուսակցության պատգամավորներն էին, իզուր չանցան։

DEPOP կառավարման ինստիտուտի ծրագրով 2016թ. դեկտեմբերի սկզբինվեց ամսով գնացի Հայաստանի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների քվեարկությունների հետ կապված եւ իմ կապերն ու բարեկամական խմբի փորձառությունն օգտագործելով, կարողացանք շունչ տալ նոր քաղհասարակության ընդլայնմանը, եւ սա ունեցավ իր համեստ ազդեցությունը նաեւ 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ։ Սակայն, ցավոք, պետք է ասեմ, որ մեր համագործակցությունը շատ արդյունավետ էր մինչեւ թավշյա հեղափոխությունը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարման օրոք, քանի որ ինքն էր հայկական կողմից բարեկամական խմբի ղեկավարը։ Վերջին այցի ժամանակ, 2018 թվականի փետրվարի 6-ին Շվեյցարաիայի ԱԺ նախագահը Հայաստանի Ազգային Ժողովում 15 րոպե ելույթ ունեցավ, Ղարաբաղի ինքնորոշման հետ կապված եւ Հայաստանում ժողովրդավար համակարգի ստեղծման մասին կարեւոր հայտարարություն արեց։ Նույնիսկ դրանից հետո Շվեյցարիա-Ադրբեջան խնդիրներ առաջացան։

-Քո գնահատմամբ, ո՞րն է հայ համայնքի ապագան, քանի որ մեծ թվով հայաստանցիներ արդեն մտել են համայնքային կյանքի մեջ։

Գաղութը բաժանված է, բայց հնարավորություն չի տրվում միասին մտածելու։ Այդ դաշտը պետք է ստեղծվի։Մեր խնդիրը մշակույթի եւ լեզվի հետ է կապված։

Այս հարցման պատասխանի հիմքում այն է, որ մենք միանման չենք խորհում։ Մի կողմից դա յուրաքանչյուրի ազատության ու անկախության մասին է խոսում, դա մեր հարստությունն է։ Ինչպես ամեն ընտանիքի ներսում պետք է մի բերդ լինի՝ մեր ողբերգությունը պետք է լինի եւ միաժամանակ՝ մեր ազատությունը։ Քանի որ մենք շարունակ պետք է կարծենք, որ մենք ենք ամենալավը, ամենահզորն ու բանիմացը ուրիշների հանդեպ։ Մեր բերդը միշտ պետք է կարողանա վերապրի։ Դա ժամանակի խնդիր է եւ դատապարտված է հարության։ Ես չեմ մոռանում մեր ճակատագիրը տասնմեկերորդ դարում Անիի անկումից հետո։ Հայերը չկարողացան իրենք իրենց ինքնությունն ապահովել, եւ  3oo հազար հայ Կազիմիր թագավորի տարածքում տապալվեցին եւ 100 տարի հետո  նույնիսկ շուքը չմնաց։ Եվ դա միասնական չլինելու  եւ մեր մշակույթը չվերարժեքավորելու պատճառով։ Հայերը չեն կարողանում իրենք իրենց նույնականացնել որեւէ հոգեւոր արժեքով։ Դա կարող է միացնել սփյուռքահային։ Դա մեր հանդուրժողականության պակասի մասին է խոսում։ Մենք չկարողացանք այդ լայնախոհությունը մերը դարձնել։

Դրա հետ կապված ամենակարեւոր պատճառը լեզուն կարող է լինել, բայց ոչ միանման արժեքների դավանումը։ Ցեղասպանության մասին շատ հայաստանցիներ ասում են՝ հերիք եղավ, բոլ եղավ։ Իրականությունն այն է, որ այսօր ինքնության պակասը առաջանում է իբրեւ կենցաղային խնդիրների  հետեւանք։

Մոնթե Մելքոնյանի մասնակցությունը Արցախի պատերազմին այդ տարբերությունը կոտրեց։ Նա ապացուցեց, որ տարբերությունը հակառակորդի առջեւ լրիվ երկրորդական է, այսօր թեեւ նույն բանն է, բայց դա տեղի չի ունենում։

Այնուհետեւ, Ցեղասպանության ճանաչման շարքը պատմական դարակի մեջ է դրվում եւ չի օգտագործվում վերապրման մեջ։ Դա մեզ համար ամենակարեւոր զենքն է հասկացնելու հայ ժողովրդի վերապրումը։

Ցեղասպանության ճանաչումը պետք է հավասարեցվի  Արցախի ապրելու խնդրի հարթակի վրա։

Այս առումով, Շվեյցարիայում այնպեսի բանաձեւ պետք  է ընդունենք, որ տարբերվի նախորդից։

-Անցած տասնամյակներին բավականին ակտիվ աշխատել եք ցեղասպանության խնդրի առնչությամբ եւ նաեւ հետեւել եք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Այսօր, Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով չեն կարողանում պատասխանել Թուրքիայից հնչող մեկնաբանություններին եւ ճանապարհները բացելու մասին են խոսում։ Ներկա իրավիճակը ի՞նչ հրատապ օրակարգ է բերում Հայաստանի համար։

-Առաջին հերթին ոչ մի ձեւով չպետք է զիջել ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ չպետք է թույլ տալ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շանտաժային քաղաքականությունը մեր այդ տեսակետը խեղդի։ Մենք կարող ենք դիվանագիտական հարաբերություններ ունենալ, առանց մեր խնդիրների լուծման։ Օրինակ՝ Ճապոնիան եւ Ռուսաստանը դեռ հողային ակնկալիքների խնդիր ունեն, բայց դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, պարզ է, որ այս հարցում Հայաստանը միայնակ չի կարող առաջ  գնալ։ Միջազգային քաղաքական թիկունքի պետք ունի։ Եվ այդ իմաստով, Մինսկի խմբի համանախագահությունն ունի իր կարեւորությունը Արցախյան հարցի լուծման առումով։ Միայն Ռուսաստանին չպետք է թույլ տալ, քանի որ Ռուսաստանն այդ հարցը կլուծի Թուրքիայի հետ իր ունեցած խնդիրների համատեքստում։ Եվ դա ամեն քայլափոխի փոխվում  է։ Թուրքիան մի կողմից Ռուսաստանի զենքն է գնում, մյուս կողմից նրա միջազգային շահերին դեմ է գնում։ Այս պարագայում եթե համախոհության ցանց չստեղծես, չես կարող տակից դուրս գալ։ Եվ որքան էլ սա ծանր հնչի, ուրիշներն ավելի լավ են հասկացել ցեղասպանության ճանաչման կարեորությունը, քան՝ մենք։ Թուրքն այդ լեզուն հասկացել է եւ իր թշնամուն հարգել է, երբ թշնամին իրեն նեղն է դրել: Սա կարեւոր դաս է, որ պետք է քաղենք, այսպես ճիշտ չի, բանակցությունների պակաս կա: Դիվանագիտական մշակույթը պետք է մտնի ջրի մեջ: Իմ հարցս այն է, թե մենք ինչպես պետք է գործածենք մեր կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը: Փաշինյանը երկու տողով շնորհակալություն է հայտնելու ու վերջ: Երեւանում ապրիլի 24-ի ողջ ծրագիրը շատ խեղճ տպավորություն է թողնում: Ոչ մի ջիղ չկա: Ռեքվիեմները ո՞ւմ համար ենք ցուցադրում: Միայն դժոխքի ինքնաբավարարմամբ չպետք է վերջացնենք։ Զոհի դերի մեջ ենք մխրճվում, մինչդեռ ուրիշ ճակատներ ունենք։

-15 տարի առաջ ասում էիք, որ սփյուռքի համար հատուկ օրենքներ, հայեցի ծրագրեր պետք է մշակել։ Տարիներն անցնում են, բայց գլոբալ առումով ոչ մի փոփոխություն չի կատարվում։

-Ոչ միայն մտավոր ուժը չունենք, այլեւ տեսլականը չկա, որ բոլորի համար հասկանալի լինի։ Իսրայելը լուծեց այդ հարցը եւ խնդիրները քչացրեց։ Մեզանում ինչո՞ւ համար փակեցին սփյուռքի նախարարությունը եւ  հանձնակատար նշանակեցին£ Սփյուռքը ավելի նվազ է զգում իրեն, մինչդեռ խնդիրը նախարարությանը բովանդակություն տալն էր, որը չարվեց։

Հաջորդը, տնտեսավարության նախարարությունն իր ինքնավարությունը չունի, որ մի քաղաքականություն մշակի։ Սա, ի դեպ, բոլոր նախարարություններին է վերաբերում։Եվ դա միայն կադրի պակասությունը չի, այլ ցանկություն եւ ինչ որ տեղ կարողություն չկա։ Հայաստանում քաղաքական մշակույթի պակաս կա։ Քաղաքական մշակույթը Հայաստանում մնացել է ռազմական մշակույթի մակարդակում։Դժբախտաբար Նիկոլ Փաշինյանը սեւ ու սպիտակից անդին չկարողացավ պետք եղած համակարգը կերտել։ Բերեց սեւ ու սպիտակի քաղաքականությունը եւ այսօր դրա պտուղներն է ստանում իր հակառակորդների կողմից։

Կոնսենսուսն այն է, որ յուրաքանչյուր օրենք պետք է տրամադրվի սահմանափակ ժամանակվա վեճի ընթացքում։ Այդ վեճի արդյունքը պետք է ամփոփվի մի փաստաթղթի մեջ եւ տրվի կառավարությանը, որն այդ առաջարկների դասերը պետք է քաղի եւ կիրառի նոր օրենքի մեջ։ Մինչդեռ մենք խառնում ենք իրավաբանությունը եւ քաղաքականությունը։

Անցած երեք տարիներին իշխանության եկած ուժերը ոչ մի դաս չքաղեցին£ Ո±րն է  հիմնական պատճառը, որ ամեն մի նոր իշխանություն կրկնում է հնի սխալները£

-Հակառակ, որ հասկանում եմ, որ եղել է չտեսության, անփութության համակարգ, ցավոք, այս վարչապետն էլ շարունակեց նույն կերպ։ Նա հնարավորություն ուներ, բոլորին համախմբել եւ արմատապես փոխել,  աշխատանքի ընդունման նոր չափանիշներ ստեղծել, եւ բոլոր նախարարություններում կատարեր փոփոխություններ։ Սա կարելի էր անել երկու ամսվա ընթացքում, բայց  չարեց այդ բանը։ Փոխարենը,  երբ գնում էր տարբեր մարզեր կամ գրասենյակներ, եւ ինչ որ ոչ տեղին բան էր տեսնում, հիստերիկ զայրանում էր։ Դա իր չարած գործի պարզ հետեւանքն էր։ Սակայն այդ գործը չեղավ նաեւ մի շարք կարեւոր բարեփոխումների բացակայության պատճառով։ Օրինակ՝ իրավական բարեփոխումները, որն ինքը չկարողացավ անհրաժեշտ ձեւով իրականացնել, մանավանդ, որ իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ուներ։ Ինչու տեղի չունեցավ, քանի որ իր թիմի բացարձակ մեծամասնությունը քաղաքական մշակույթ եւ փորձառություն չունեին։ Եվ այս ամենը տարան դրան, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ չարվեցին ոչ ընտրական օրենսգրքում, եւ ոչ էլ սահմանադրության մեջ։ Իսկ մի քանի ամիս առաջ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, դա քաղաքական օպորտունիզմի արդյունք էր։ Դա եղավ միայն այն նպատակով, որպեսզի «Իմ քայլը» նախօրոք պատրաստված ցանկերով եւ միայն համամասնական ցուցակներով կարողանա անցնել ԱԺ։ Դա այլեւս հնարավորություն չի տա մարզերում առաջացած նախաձեռնությունների հեղինակներին ընդգրկվել այդ ցանկերում։ Այսինքն ժողովրդի փոխարեն այդ ցանկը որոշում են Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը։ Դա դեմոկրատական որոշում չի։

Ամենասարսափելին սակայն ռազմական համակարգի կարողության խնդիրն է։ Պետք եղած մարդիկ չկարողացան պետք եղած ժամին իրենց գործն անել։ Հետախուզությունն իր ճշգրիտ զեկույցը չկարողացավ տալ՝ 2018 թվականի մայիսից չեն կարողացել անհրաժեշտ տեղեկատվությունը ապահովել բանակի իրական վիճակի մասին, ինչի արդյունքում նման արդյունք եղավ։ Չի եղել, որ զինվորը հարգեր իր հրամանատարին, եւ փոխադարձաբար հրամանատարն՝ իր գերադասին եւ այսպես շարունակաբար տեղի չի ունեցել մինչեւ գլխավոր շտաբի պետը։ Ո՞վ է կրում այս պատասխանատվությունը, ոչ միայն երկու բանակների գլխավոր շտաբների պետերը, այլեւ յուրաքանչյուր օղակի պատասխանատուն։ Հետախուզական եւ հակահետախուզական մարմինների պատասխանտուները, եւ բոլոր այն անձերը, որոնք պատասխանատու էին ամեն մի ռազմական ոլորտի համար։ Անհասկանալի էր անտարբերությունը վարչակազմի շտաբի պետի եւ պաշտպանության նախարարության հանդեպ։ Ժամանակին ճիշտ լուրեր ստանալու եւ ռազմական ճիշտ քաղաքականություն մշակելու համար, նույնը ճիշտ դիվանագիտություն մշակելու համար։ Սեպտեմբերի 27-ին այդ վիճակում հայտնվեցինք, քանի որ պետք եղած տնային աշխատանքները չէինք կատարել։ Յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը։ Վարչապետն ու գլխավոր շտաբի պետն իրենց անելիքը չարեցին ամենաճակատագրական պահին։ Եթե հրամայական շղթան աշխատեր, այս վիճակում չէինք հայտնվի։

-Պատերազմի ժամանակ սփյուռքը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով օգնեց Հայաստանին, բայց այժմ  մի տեսակ պաղություն է հաստատվել։ Անորոշություն է այդ հարաբերություններում։ Ինչպե՞ս ես պատկերացնում սփյուռքի դերն այդ հարաբերություներում։ Անցած երեք տարիներին հստակ քաղաքականություն չմշակվեց, թեեւ ենթադրվում էր, որ նորաստեղծ սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է ավելի ակտիվ զբաղվեր այդ հարցով։ Ըստ էության ամեն ինչ սառեցվեց։

Սա չորրորդ ոլորտն է, որտեղ ներկա վարչապետն իրեն վստահված գործը չկարողացավ կատարել։ Ինչպես ընդգրկել սփյուռքահայերին հայկական կյանքի ծիրի մեջ։ Առաջին քայլը պետք է կատարի կառավարությունը՝ թե ով կարող է ընդգրկվել քաղաքական համակարգում՝ քվեարկելու եւ քվերակվելու հարցում, իհարկե, իր մասնակցությունը բերելով թե՜ տուրքի, եւ թե՜ բանակում ծառայելու իմաստով։ Ինչպես անել, որ սփյուռքի  անձնավորություններն ընդգրկեն օրենսդիրում։ Ձեւական այս կամ այն անհատին նշանակել նախարար կամ վարչության պետ, դրանով հարց չի լուծվի։

Եթե այդ ճանապարհը չանցնել՝ հասկանալով ու մասնակցելով պետության կայացմանը, համակարգի ստեղծմանը, մասնակից լինեն պետականության ստեղծմանը։ «Ի գործ» ծրագիրը լուրջ մոտեցում էր, որ կոնկրետ ձեւով հնարավորություն է տալիս մարդկանց ընդգրկվել հայաստանյան կյանքի մեջ։ 900 դիմումից 51 հոգի են ընտրվել, բայց սրանք նույնիսկ լինելով խոստումնալից, շատ փոքր թվեր են մնում։ Պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հավաքես այս փորձ ունեցող անհատներին։

Ես Հայաստանի ու Արցախի ղեկավարներին նամակ էի ուղարկել 2000-ի դեկտեմբերի սկզբին, առաջարկելով խորհրդարանում մի քննարկում անցկացնել կարեւոր հարցերի շուրջ, որպեսզի ազատ քննարկման պայմաններում կարեւոր գաղափարների շուրջ մարդիկ իրենց փորձառություններով կիսվեին եւ ընդգծած նախարարություններից եկած փորձագետները  գրառումներ կատարեին եւ կարեւոր խորհուրդները վերցնեին։ Բանավոր ձեւով միայն նախագահականիաշխատակազմից արձագանքեցին, ասելով, որ հետաքրքիր առաջարկ  է։ Վարչապետի մոտից ոչ մի պատասխան։ Այս օրերին սփյուռքի զանազան ուժերի կողմից կարեւոր քննարկումներ են գնում արտաքին քաղաքական հարցերի շուրջ, թե ինչպես դասեր քաղենք արտաքին քաղաքականությունը կառուցելու համար եւ դա պետք է ներկայացվի նաեւ հանրությանը։ Չգիտեմ, վարչապետը կամ ԱԳՆ-ն արդյոք խորհուրդներից օգտվելու այդ հասունությունը կունենան։ Ես չգիտեմ, եթե Հայաստանում որեւէ խորհրդարանական ի զորու է խորհուրդ ընդունելու։  Կարող եմ մի քանի նմուշներ տալ, որ եղած կուսակցությունների ծրագրերի ութսուն տոկոսը նույնն է։ Տարբերությունն այն է, թե ով ավելի շատ պոպուլիստական ձեւով  կգոռա՝ մյուսի ասածը առաջ տանելու համար։ Եվ այս ամեն ինչը քաղաքական մշակույթի պակասից է։ Արդյոք սա զուտ հայկական գենետիկ հիվանդություն է՝  երկու հայ հավաքվում են եւ  մեկ կուսակցություն են ստեղծում։ Մարդիկ չեն հասկացել, որ ընտրական օրենսգիրքը նույն խայտառակությունն է։ Փոքր կուսակացությունները խորհրդարան մտնելու ոչ մի հնարավորություն չունեն, միմիայն եթե միանան մեկ դաշինքի տակ, կարող են մտնել։ Մի կուսակցության կամ մի դաշինքի քվեն  ակնկալվում է ոչ թե ի նպաստ, այլ ընդդեմ մեկին։ Ոչ մի կուսակցություն, այդ թվում իշխող կուսակցությունը, չի նշում, թե ինչպես պետք է տնտեսության հզորացումը ապահովի, ինչպես պետք է կառավարի  ի նպաստ պետականության։ Երկրորդ, պետք է այնպիսի արտահանման ապրանք ստեղծել, որը համաշխարհային մրցակցությանը դիմանա եւ ինչպես տեղափոխել, որ այդ ապրանքը հասնի համաշխարհային շուկաներին։ Մյուս սկզբունքը ներքին կարգապահությունն է՝ոստիկանությունը եւ ռազմական ուժը, տնտեսությունը եւ տրանսպորտը։ «Սինգապուր էյրլանսը» ինչ այսօր համարվում է աշխարհի հինգ լավագույն ավիաընկերություններից մեկը։ Սա ինչից է բխում. երկարատեւ ծրագիր ունենալուց եւ իրականացնելուց։ Եթե մենք կարգապահություն եւ նպատակասլացություն չմտցնենք, մենք երբեք նորմալ պետություն չենք կարողանա կառուցել՝ շրջապատված լինելով այս տեսակ հարեւանությամբ։ Հայաստանում քաղաքական մշակույթի պակաս կա, մնացել ենք  «սեւ ու սպիտակի» կարգախոսերի միջեւ։ Սա է խնդիրը։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

1-4/ 89/ 2021 ՕՐԵՐ Եվրոպական ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում