Լատվիան Բալթիկայի այն երկրներից է, որը միշտ առանձնացել է Բալթյան մյուս երկրներից։ 1990-ականների անկախությունից հետո 25 տարի անց Լատվիան ներկայանում է ավելի եվրոպական կերպարով։ Շատ բան է փոխվել այստեղ, բայց մի բան մնացել է նույնը՝ հանդուրժողականությունը։ Հայկական հետքն այստեղ թեեւ այնքան էլ հին չէ, սակայն կայուն է եւ զարգացման միտումներ ունի։
Համայնքի պատմությունը
Լատվիայում հայերը հայտնվել են ընդամենը 19-րդ դարի վերջերին։ Ըստ վկայությունների, 1897-ին Լիֆլյանդիայի նահանգում (Վիձեմի) բնակվել է 49 հայ, որից 36-ը՝ Ռիգայում, իսկ հարեւան Կուռլյանդյան նահանգում՝ 14-ը։ 1913 թվին Ռիգայում արդեն ապրել է 121 հայ։ Հայերը դավանել են ե՛ւ հայ առաքելական, ե՛ւ կաթոլիկ եկեղեցիներին։ Հիմնականում այդ առեւտրական հայերը Լատվիա էին եկել Օսմանյան կայսրությունից, Իրանից ու Ռուսաստանից։
Այնուհետեւ 1900-ական թվականներին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում են սովորել մի խումբ հայ ուսանողներ, այդ թվում՝ հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանը (1900–1902 թթ.), ով քիմիա է ուսանել։ Սակայն նա չի կարողացել ավարտել, քանի որ մարքսիստական խմբակ է ստեղծել եւ հեղափոխական գործունեության համար հեռացվել է ինստիտուտից։ Ինչպես մեզ հետ զրույցում նշում է Ռիգայի «Արարատ» ամսաթերթի խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը, ի տարբերություն հեղափոխականների, 1887 թվականին ստեղծված հայ ուսանողների «Սեւան» ընկերությունը ավելի ազգայնական ուղղվածություն է ունեցել։ Կազմակերպության անդամներից շատերը Դաշնակցություն կուսակցության անդամներ էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք թողել են ուսումը եւ վերադարձել Հայաստան՝ թուրքերի դեմ կռվելու համար։
20-րդ դարի սկզբում Ռիգայում հայտնվել են առաջին հայ մշակույթի գործիչները։ 1920–1940 թթ, երբ Լատվիան անկախ պետություն էր, ստեղծվել է «Կովկաս» ընկերությունը, որին անդամակցել են Հայաստանից ու Վրաստանից եկած գործիչներ։ Ընկերության համանախագահներն էին Անահիտ Յուրգենսոնը եւ Ալեքսանդր Ասրիյանցը, անդամներ էին ներկերի առեւտրական Գրիգոր Բելիկյանցը, առեւտրի տան սեփականատեր Սարգիս Էլբեկը, Վերա Սոսիեւան, գործարար Գեորգի Շահնազարովը։ Բայց ամենահայտնի հայը թերեւս հայտնի բալետի պարուհի եւ մանկավարժ, հետագայում Լատվիայի օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցեն էր։ Հայերը հպարտանում էին նաեւ իրենց հայրենակից, Ռուսական դրամայի թատրոնի դերասան, մանկավարժ Յուրի Յուրովսկիով (Սարուխանով)։ Հայտնի էր նաեւ, որ 1933 թվին Լատվիայի վրացական ընկերությանը անդամակցել են նաեւ շատ թիֆլիսահայեր։
Լատվիայի՝ ԽՍՀՄ կազմում ընդգրկվելուց հետո, շատ հարուստ հայեր համարվեցին դասակարգային թշնամիներ եւ աքսորվեցին Սիբիր, նրանց թվում էր նաեւ Լատվիայում հայտնի «Դեկա» կաշվե ֆաբրիկայի տնօրեն Պետրոս Արաբկերցիյանցը։ Վերջինս իր կրթությունը ստացել էր Բեռլինում եւ 1923ին տեղափոխվել էր Լատվիա։ Նրա հետ միասին Սիբիր էին ուղարկվել նաեւ բազմամարդ ընտանիքը։
Հետպատերազմյան շրջանում Ռիգայում է բնակվել զորավար Հովհաննես Բաղրամյանը։ Պատերազմից հետո նա մնացել է որպես Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, իսկ 1955 թվին՝ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացել Խորհրդային Միության Մարշալի կոչում։
Լատվիայի հայկական նոր համայնքը
1988 թ. հիմնադրվել է հայ ազգային մշակութային կազմակերպությունը՝ Լատվիական հայկական ընկերությունը, որի նպատակն էր համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լատվիայում։ 1993 թ-ին հիմնադրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը, 1997 թ-ին սկսվել և 2008 թ-ին ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը։
1959 թվականին հայերի թիվն արդեն հասնում էր 1060-ի, 1989-ին՝ 3070-ի։ Հոգեւոր հովիվ Տեր Խոսրովի ասելով` նախկինում 6 հազար հայ կար Լատվիայում, իսկ հիմա՝ 2 հազարից մի քիչ ավելի։ Ճգնաժամի տարիներին շատերը դուրս են եկել։ Հայ եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Մխիթար Մխիթարյանի ասելով՝ հայերի թիվը թեեւ հասնում է 3000-ի, բայց միայն 1500-ն են ակտիվ։ Խմբագիր Ալեքսանդր Գերոնյանի ասելով՝ հայերի 80 տոկոսն ապրում է Ռիգայում, մնացյալը՝ Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Դաուգավպիլս, Վալմիերա եւ այլ քաղաքներում։ Նրանք ճարտարագետներ են, լուսավորության եւ առողջապահության աշխատողներ, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ, պետական աշխատողներ, գործարարներ, երաժիշտներ ու նկարիչներ… Սակայն այդ տարիներին հայերն այդպես էլ համայնքային կառույց չունեին, եւ միայն վերակառուցման տարիներին կարողացան •րանցել հայկական համայնքային կազմակերպություն։
1988 թվականի նոյեմբերի 30-ին Ռիգայի ներկայիս Մոսկվայի (նախկին երկաթուղայինների մշակույթի) տանը, տեղի ուեցավ Լատվիական հայկական ընկերության (ԼԱՕ) հիմնադիր համագումարը։ Այս կազմակերպության առաջին նախագահ ընտրվեց դասախոս-միջազգայնագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Սուրեն Գասպարյանը։ Հետագայում այս կազմակերպությունը ղեկավարեցին երաժիշտ Րաֆֆի Խարաջանյանը, գործարարներ Նորբերտ Սովերը, Եղիշե Հարությունյանը, իրավաբաններ Սուրեն Վարդանյանը, Հրայր Համբարձումյանը, ճարտարագետ Սպարտակ Տեր-Ավետիսյանը։ 1999–2001-ը կրկին ընկերությունը գլխավորում էր պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանը, որը ԼԱՕ-ն 2008-ին վերանվանում է Լատվիայի հայկական մշակութային կենտրոն։ 2011-ից այն գրանցվում է որպես Լատվիայի Հայ մշակույթի կենտրոն, որի համանախագահներն են Րաֆֆի Խարաջանյանը եւ Հասմիկ Նուրիջանյանը։
2001-ին հայերի մի մասն առանձնանում է եւ ստեղծում Ռիգայի հայկական ընկերությունը՝ ՌԱՈ-ն, որը տարբեր տարիներին ղեկավարել են գործարարներ Գիտուն Բաղդասարյանը, Արթուր Իսախանովը, Առնո Տեր-Սահակովը, ինչպես նաեւ լրագրողներ Վալերի Տեր-Օվանեսովը, Ալեքսանդր Գերոնյանը։ Այժմ Ռիգայի հայկական ընկերության նախագահը Առնո Տեր-Սահակովն է, ով ղեկավարում է «Ալիդա տուրս» տուրիստական գործակալությունը։ Նա լատվիական «Լավագույնը Լատվիայի համար» միավորման շարքերում երկու անգամ մասնակցել է Սեյմի ընտրություններին եւ ստացել է հայ համայնքի աջակցությունը։ Նա նաեւ 2010-ին Արարատ սարն է բարձրացել հայկական դրոշով՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով։ Առնոն ծնվել է 1970-ին Ռիգայում, մասնագիտությամբ ինժեներ է, գիտությունների դոկտոր։
Հայ համայնքի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են ոչ միայն Լատվիայի ազգերի ֆորումին, այլեւ 1989 թվին Սիմֆերոպոլում կազմակերպված ԽՍՀՄ ներքին սփյուռքերի կոնգրեսին։ Ալեքսանդր Գերոնյանը պատմում է, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն ու Ղարաբաղյան պատերազմն ավելի համախմբեցին համայնքը։ «Հայերը ոչ միայն գումար էին ուղարկում Հայաստան, այլեւ մարդասիրական օգնություն, շինարարներ էին մեկնում, ընդունում էին երեխաներին եւ տեղավորում Յուրմալայի եւ Ցիրուլիշի հանգստյան տներում կամ առողջարաններում»,– ասում է նա։
1989 թվին Ցիրուլիշում դրվել է հայկական տուֆից պատրաստված առաջին աղբյուր-հուշարձանը Լատվիայում։ Իսկ հաջորդ տարի, 1990-ի ապրիլի 24-ին Ռիգայի Բաստեյաս հրապարակում կանգնեցվել է քանդակագործ Սամվել Մուրադյանի տուֆից խաչքարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության եւ Սպիտակի երկրաշարժի զոհերին։ Հետագայում խաչքարի շրջակայքում կառուցվեց ճարտարապետական գեղեցիկ համալիր։ 2010-ին Ռիգայի հայկական եկեղեցու բակում մեկ այլ խաչքար կանգնեցվեց՝ «Ի հիշատակ ննջեցյալների»։ «Բոլոր նրանք ովքեր իրենց ննջեցյալներին թողել են Հայաստանում, կարող են գալ եւ աղոթել խաչքարի մոտ»,– ասում է Լատվիայի հայերի հոգեւոր հովիվ Տեր Խոսրովը։
Լատվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի կարծիքով. «Անկախության 25 տարիների ընթացքում Բալթիկայում նոր ձեւավորովող համայնքների հետ կապեր են հաստատվում, համատեղ ջանքերով Հայաստան-Սփյուռք հարաբերություններն են զարգանում, իսկ Լատվիան առանձնանում է նաեւ այն հան•ամանքով, որ համայնքը հայկական եկեղեցի է կառուցել»։
2009-ի դեկտեմբերի 11-ին շնորհակալություն հայտնելով Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը նշել է. «Լինելով Լատվիայի օրինապահ քաղաքացիներ, հայերը նպաստում են երկրի զարգացմանը»։
2002 թվականի փետրվարի 1-ին հիմնադրվել է «Հավատք» հայկական միությունը։ Ինչպես ներկայացնում է կազմակերպության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը, ընկերությունը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացրել է եվրոպական երկրներում՝ գիտաժողովներ, թերթի եւ գրքերի հրատարակում, հայոց հերոսների եւ ազգային տոների հիշատակում, համագործակցություն տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Սերտորեն համգործակցում է Նորվեգիայի Նանսենի հիմնադրամի հետ։ Դրա արդյունքում 2007-ին Բերգենում համատեղ ուժերով կանգնեցվել է խաչքար։ Համագործակցելով Սկանդինավյան երկրների հասարակական կազմակերպությունների հետ (Նորվեգիա, Շվեդիա, Դանիա), կարողացանք այդ երկրներում ներկայացնել մեր ազգային մշակույթը։ Արցախի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների փայլուն կատարումներով: Հայ-ասորական եղբայրական հարաբերությունների զարգացման համար խթան հանդիսացավ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեր և տեղի ասորի համայնքի միասնական ուժերով կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին»,– պատմում է նա:
«Ցավոք, Ռիգայի համայնքում ակտիվորեն չեն մասնակցում տոներին։ Հայերի շրջանում անտարբերություն կա, որը թույլ չի տալիս մասշտաբային միջոցառումներ կազմակերպել։ Լատվիայում 1990–1991 թթ. հայկական համայնքը կազմում էր մոտ 4500 մարդ, գործում էր 4 հայկական միություն, լույս էր տեսնում 1 ամսագիր և 1 թերթ, 3 դասարանից բաղկացած դպրոց՝ 55 աշակերտով: Այժմ մնացել է մոտ 2200 մարդ»,– ասում է Տեր-Ավետիսյանը։ Իսկ Տեր Խոսրովի ասելով՝ մոտ 300-400 հայ մասնակցում է հայ եկեղեցական տոներին։
Հայերը Լատվիայում ստեղծել են նարդու ֆեդերացիա, Ռիգայում կազմակերպել են նարդու բաց առաջնություն, որին մասնակցում են նաեւ այլազգիներ։ Նաեւ շախմատի մրցաշարեր են անցկացվել, այդ թվում՝ լատվիաբնակ հայազգի շախմատիստ Վլադիմիր Բագիրովի 90-ամյակին նվիրված շախմատի մրցաշար։
Ալեքսանդր Գերոնյանի ասելով. «70-80 ականներին եկած հայերը ընտանիքներով բարեկամություն էին անում, հանդիպումներ էին ունենում։ Երբ 1990-ականներին սկսեցին համայնքային կառույցների ստեղծումը, նաեւ սկսեցին հայերին երկու մասի բաժանել՝ ինտերնացիոնալիստների եւ ազգային ճակատի կողմնակիցների։ Ժողովների ժամանակ պնդում էին, որ միայն հայերեն խոսեն, ռուսերեն չխոսեն։ Միգուցե դա էր պատճառը, որ եթե առաջին ժողովին մոտ 500 մարդ էր հավաքվել, հետագայում այլեւս այդքան մարդ չհավաքվեց։ Համայնքային կյանքը միայն էնտուզիաստների եւ ակտիվ զանգվածի վրա է հիմնված։ Շատերն են մեկնում եվրոպական երկրներ, Ամերիկա, հատկապես երիտասարդները։ Իսկ նրանք, ովքեր գալիս են Հայաստանից, ապա իրենց բարեկամների մոտ են գալիս՝ աշխատելու նպատակով։ Այստեղ մնում է ամորֆ զանգվածը։ Սուրբ Ծննդյան տոնին եւ Զատիկին հավաքվում են եկեղեցում, նարդի են խաղում, սուրճ են խմում։ Երեխաները ամեն տարի ազգային փոքրամասնությունների սպարտակիադային են մասնակցում»։
2013-ին Լատվիայի հայ համայնքը նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944 թ. դեկտեմբերի 14-ին: Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Լիեպայա նավահանգստային քաղաքում թաղված են հերոսի մասունքները: Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել նրա հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ:
Լատվիայում հայտնի հայերից են նաեւ դերձակ Ջոն Քոսոյանը, լողորդ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Միսկարովը, մարշալ Բաղրամյանի հորեղբոր թոռը՝ բժշկուհի Նատալյա Բաղրամյանը, ատամնաբույժ Դմիտրի Պետրոսյանը, ով ղեկավարում է «Տետարիում» ֆիրման, բժիշկներ Մարիա Խաչիկյանը, Գեորգի Ստեփանյանը, Գեորգի Վարդանյանը, որոնք տեղափոխվել են Լոնդոն։ Ջութակահար Հ. Նալբանդյանը նույնպես մեկնել է Ռիգայից։ Նելլի Սարգսյանը Լատվիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար է, նաեւ «Դարզինիա» երաժշտական դպրոցի մանկավարժ։ Հայտնի են իրավաբաններ Յուրի Սահակյանը եւ Ատոմ Խաչատրյանը, ճարտարագետ Էդուարդ Ասատուրյանը, գործարար Ռոբերտ Հովհաննիսյանը։
Հայ առաքելական եկեղեցին
1997 թվականին Ռիգայում սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը։ Ներկա տարածքը սեփականաշնորհվել է եւ Հայ առաքելական եկեղեցուն է փոխանցվել Տեր-Սահակովների ընտանիքի կողմից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվը Մարկոս վարդապետ Հովհաննիսյանն էր, հետագայում, 2005-ին, նրան փոխարինեց Տեր Խոսրով Ստեփանյանը։ Վերջինիս օրոք էլ ավարտվեց եկեղեցու շինարարությունը։ 2011-ի հունիսի 30-ին եկեղեցին օծեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Մխիթար Մխիթարյանը, որը 2012 թվականից գլխավորում է Լատվիայի հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը եւ եկեղեցու քավորն է, ղեկավարում է Բալթիկայի ամենամեծ՝ «Բալտիկով» հավկիթների արտադրության ընկերությունը։ Նա ավարտել է Ստեփանավանի գիշերօթիկ դպրոցը, ուր սովորել է 8 տարի, այնուհետեւ տեղափոխվել է Վրաստան։ 1985 թվականից Ռիգայում է, ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, նախնական շրջանում աշխատել է իրավաբան, բայց անկախության շրջանում անցել է բիզնեսի ոլորտ եւ այժմ ղեկավարում է «Բալտիկովը»։ Համարվում են Արեւելյան Եվրոպայի ամենամեծ ձու արտադրողներից մեկը։ Նաեւ էներգետիկ հետազոտությունների ինստիտուտ ունեն, որը հիմնականում աշխատում է Ռուսաստանի, Լատվիայի եւ Լիտվայից ստացված պատվերների վրա։
Մ. Մխիթարյանը համայնքի զարգացումը կապում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու գոյության հետ, քանի որ, ըստ նրա, վերջապես մի հավաքատեղի կա, ուր հայերը կարող են իրար հանդիպել, շփվել, եւ չկորցնել հայրենակիցների հետ կապերը։
«Շփումը եւ հավատքը ամենակարեւորն են։ Պետք է գնալ հայկական եկեղեցի, եթե նույնիսկ չես սիրում կողքիդ կանգնած հային,– ասում է նա։– Հայերի ամենագլխավոր խնդիրն այն է, որ հավատք ունենան։ Պետք է եկեղեցու պատմություն սովորեն։ Միայն եկեղեցին կարող է հայերին միացնել»,– ասում է Մխիթար Մխիթարյանը։
«Հայերը ուրիշ հնարավորություն չունեն, պետք է սովորեն, եւ ուր էլ բնակվեն, պետք է ավելի լավը լինեն, քան տեղացիները։ Փորձում ենք եկեղեցու միջոցով նաեւ դա ներշնչել։ Մենք Ռիգայում խորհրդային շրջանից հետո նոր եկեղեցի ենք կառուցել, ուրիշ ոչ մի ազգ այստեղ չի կառուցել»,– ասում է Մխիթար Մխիթարյանը։
«Ձեր երեխաները հայերեն գիտե՞ն» հարցիս պատասխանում է.«Աղջիկս լավ չի խոսում, եղբորս տղան մոտս է ապրում, հայերեն լավ է խոսում։ Ես էլ լատիշերեն լավ չեմ խոսում։ Բայց նոր սերունդը բացի անգլերենից պետք է տեղի լեզուն էլ լավ իմանա։ Սովորելու համար միշտ պատրաստ եմ օգնել։ Պետք է օրինակ վերցնել հրեաներից։ Մենք ուրիշ հնարավորություն չունենք»։
Ինչ վերաբերում է համայնքին, ապա, ըստ նրա. «Երիտասարդության շրջանում պոտենցիալն ավելի մեծ է։ Երիտասարդներն ավելի բաց են»։
Լատվիայի եւ Բալթյան երկրների հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը պատմում է. «2005 թվականից նշանակվեցի Լատվիայի հոգեւոր հովիվ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմին ենք պատականում։ Եզրաս սրբազանի նշանակմամբ եկա այստեղ՝ Կիրովի մարզի Կիրով քաղաքից։ Ի դեպ, գրող Ղազարոս Աղայանի թոռնիկը, հորս մայրն է»։ Տեր հայրը ցույց է տալիս Աղայանի անձնական իրերից։ Ղարաբաղի Խաչեն գյուղում՝ Աղայանի ծննդավայրում, գյուղապետարանը որոշել է գրողի հայրական տանը թանգարան բացել, եւ Աղայանի իրերը պետք է տեղափոխվեն այնտեղ։
«Երբ եկա այստեղ, 4-5 համայնքներ կային, որոնք մեկը մյուսի հետ առնչություն չունեին։ Մեկը մյուսին խանգարում էր։ Այդ համայնքների ղեկավարը դարձավ եկեղեցին, մեկ տարի տեւեց ծանոթացումը։ Եկեղեցին գործել է նույնիսկ շինարարության ժամանակ։ Երբ հավաքեցինք, որպեսզի տեսնենք, երբ կավարտենք եկեղեցին, հիմնականում ասում էին՝ 7 տարուց ոչ շուտ։ Պատերը կային, բայց կիսատ էր մնացել։ Ես ասացի, որ չգիտեն, թե ինչ հերոսության են պատրաստ։ 2008-ին, 1 տարի երկու ամսում, ավարտեցինք շինարարությունը եւ 2011 -ին Վեհափառ Հայրապետը կատարեց օծումը»։
Տեր Խոսրովի ասելով, անցած տասնամյակներին «Հայ համայնքը շատ ինտեգրվել է, բայց չի ձուլվել։ Ես կարող եմ ուրախությամբ ասել, որ Լատվիայի նախորդ նախագահի ժամանակ եկեղեցու հողը գնվել է 160 հազար դոլարով։ Այդ հողը գնեց Էդուարդ Տեր-Սահակովը։ Եկեղեցու բարերարներն էին Վաչագան Պողոսյանը, Արամ Ավետիսյանը, Սերգեյ Ավետիսյանը, Արթուր Իսախանովը, Սերգեյ Իսախանովը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Պավել Սայադովը, Մխիթար Մխիթարյանը, Արա Դավոյանը, Արտակ Դանիելյանը,Արթուր Անտոնյանը, աշխղեկն էր Վաչագան Սաքանյանը։ Եկեղեցու շինարարության կազմակերպումը ղեկավարել է Սպարտակ Տեր-Ավետիսյանը »։
«Բոլորին ասացի՝ ուզում եք օգնե՞լ՝ մի՛ խանգարեք։ Ամեն ինչ սկսեցի նոր էջից։ Ամիսը երկու անգամ պատարագ եմ մատուցում Ռիգայում։ Ամսական մեկ անգամ մեկնում եմ Էստոնիա, Լիտվա»։
Դպրոցը եւ հայրենագիտությունը
1989 թ-ից Ռիգայում գործել է հայկական կիրակնօրյա դպրոց։ 1989-1995 թվականները դպրոցը ղեկավարել է Հասմիկ Բաղդասարյանը։ Հետագայում երեխաների թիվը կամաց նվազել է, եւ դպրոցը փակվել է։
Իսկ 2010-ից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից սկսել է գործել Ղազարոս Աղայանի անվան կիրակնօրյա դպրոցը։ Այստեղ սովորում են նաեւ ռուսներ, լատիշներ, ովքեր կապ ունեն հայկական ընտանիքների հետ։ Նրանք հայոց լեզվի միջոցով փորձում են մոտենալ հայությանը։ Եկեղեցու ներքեւի սրահում տղամարդիկ նարդի են խաղում, հայերենի ու պարի դասերն են անցկացնում։ Դպրոցը ղեկավարում է երիցկինը՝ Լիանա Կիրակոսյանը։ Հայերենի ուսուցիչն է Սուսաննա Պետրոսյանը։ Գործում է 8 հոգանոց երգչախումբը։
Ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը Հայաստանում աշխատել է իբրեւ մանկավարժ։ 1994-ին եկել է Լատվիա եւ մնացել։ «Նախ կարոտում էի, իսկ հիմա հարմարվել եմ։ Շատերը եկան ու գնացին, չդիմացան, ես մնացի։ Երկու դասարան ունենք, 3 տարիքային խումբ, եւ «Անուշ» պարի խումբ՝ բաղկացած 6 հոգուց»,– պատմում է Սուսաննան։
«Ես ապրում եմ Յուրմալայի մոտ, լատիշական դպրոցում ձեռքի աշխատանք եմ դասավանդում։ Ամեն շաբաթ այնտեղից գալիս եմ Ռիգա, որպեսզի երեխաներին դասավանդեմ։ Մեր երեխաները ամենաքիչը 4-5 լեզու գիտեն»,– հպարտանում է ուսուցչուհին։ «20 տարի է՝ համայնքային կյանքով եմ ապրում։ Շատ աղքատ համայնք ենք, մեզ չեն օգնում»,– ասում է նա։ Դպրոցում այժմ սկսնակներին տառաճանաչություն են սովորեցնում, իսկ նրանք, ովքեր լավ մակարդակ ունեն, գրում են, կարդում են, պատմում։
Լուսինե Թումանյանը նույնպես հայերեն է սովորում։ Ծնվել է Կիրովականում, 3 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ռիգա։ Եղբայրը դուդուկ է նվագում, այժմ ծառայում է հայկական բանակում։ Նախկինում միայն ռուսերեն էր խոսում, իսկ հիմա ոչ միայն հայերեն խոսում է, այլեւ՝ գրում։ Միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում է սովորում, ուզում է բժշկական համալսարանում սովորել եւ հետո վերադառնալ Հայաստան։
Նինա Զիլաբյանը ծնվել է Ռիգայում։ Նինայի մայրիկը ռուս է, բայց գալիս է հայերեն սովորելու։ Համալսարանի երկրորդ կուրսում ուսանում է ֆինանսներ եւ տնտեսություն։ Այլ հայ երիտասարդների հետ պարի խմբում է պարում։ Նինայի ասելով, եթե իմանաս ինչ ես ուզում, ապա ամեն ինչի կհասնես։
2007-ին Ռիգայում հրատարակված «Սփյուռքի երեխաները» գրքում 8-ամյա Արիաննա Խաչատրյանը հետեւյալ գրառումն է արել ռուսերենով. «Ես ծնվել ու մեծացել եմ Լատվիայում։ Շատ լավ եմ խոսում լատիշերեն եւ ռուսերեն։ Սովորում եմ նաեւ անգլերեն։ Բայց իմ մայրենի լեզուն համարում եմ հայերենը։ Մայրս ու հայրս տանը խոսում են միայն հայերեն։ Պետք է պահպանենք մայրենի լեզուն։ Եթե մենք չխոսենք հայերեն, այն կմեռնի, ինչպես մի կենդանի էակ, որին մոռացել են»։
Լատվիահայ մամուլը
1989 թվականին Ռիգայում հրատարկվել է ռուսերեն լեզվով «Լույս» տեղեկատվական բյուլետենը։ 1991 թվականին լույս է տեսել «Արարատ» թերթի առաջին համարը նույնպես ռուսերեն լեզվով։ Այնուհետեւ նրա հրատարակությունը դադարեցվեց։ Եվ երբ 2001-ին ստեղծվեց Ռիգայի հայ համայնքը, դրա հետ միասին վերսկսվեց «Արարատ»ի հրատարակությունը՝ Ալեքսանդր Գերոնյանի խմբագրությամբ։ Նախկինում տարեկան հրատարակել են ամեն ամիս եւ անվճար բաժանել հովանավորների օգնությամբ։ Հիմա վիճակն այնքան էլ լավ չի, եւ թերթը լույս է տեսնում տարեկան 4-5 ան•ամ£ Գերոնյանը նաեւ 2014 թվականից հրատարակում է «Կռունկ» ամսագիրը, տարեկան մի քանի անգամ միայն, որն ամփոփում է Բալթիկայի երկրների երեք հայկական համայնքներում կատարվող անցուդարձը։ Ամսագիրը լույս է տեսնում իբրեւ Բալթիկայի հայերի կոնգրեսի օրգան։ Սակայն կրկին ֆինանսական դժվարությունների պատճառով լույս է տեսել ամսագրի 3 համար։
Ալեքսանդր Գերոնյանը Ռիգայում հաստատվել է 1986 թվականից։ Բաքվից տեղափոխվել է Երեւան, Հայաստանում աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում։ Լատվիայում հրատարակում է նաեւ երեխաների համար նախատեսված ռուսալեզու «Մեր սերունդը» թերթը» Նա նաեւ հեղինակ է «Սփյուռքի երեխաները» եւ «Հայաստան» գրքերի։ «Սփյուռքի երեխաները» գիրքը մի փորձ է լատվիահայ նոր սերնդին կապելու Հայաստանի հետ։ Այս գրքում տպագրվել են լատվիահայ երեխաների շարադրություներից հատվածներ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց նախնիների հայրենիքը։ Կարդալիս զգացվում է նրանց ջերմությունն ու անկեղծությունը հայ մշակույթի ու հայության նկատմամբ։ Գիրքը նկարազարդված է նրանց՝ Հայաստանին նվիրված աշխատանքներով։ Գրքում տպագրվել են նաեւ Գերոնյանի հիշողությունները, թե ինչպես է ինքը ձեւավորվել իբրեւ հայ՝ դրանք զուգորդելով երեխաների խոսքերով»
2012 թվականից Լատվիայի հայերի մասին նորությունները հրապարակվում են նաեւ www.karap.lv կայքէջումª ռուսերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով, որն իրականացնում են Րաֆֆի Խարաջանյանը եւ Հասմիկ Նուրիջանյանը։ Հասմիկը նաեւ Բալթյան երկրներում «Գոլոս Արմենիի» երեւանյան թերթի սեփական թղթակիցն է։
1988 թվականից ամիսը մեկ ան•ամ եթեր է հեռարձակվում հայկական «Արեւիկ» 30 րոպեանոց ռադիոժամը՝ Լատվիական ռադիոյի «Դոմի հրապարակ » ալիքով։ Հաղորդման հիմնադիրն է Րաֆֆի Խարաջանյանը, հեղինակն է Հասմիկ Նուրիջանյանը։ Հաղորդումները վարում են երկուսով՝ հայերեն եւ ռուսերեն։ Հաղորդման ընթացքում հնչում են հարցազրույցներ, շեշտը դնում են մշակութային նորությունների վրա։ Նրանք հայերենով ու ռուսերենով անմիջական զրույց են վարում ռադիոլսողների հետ, լրացնում միմյանց։ «Ապրիլին մի ամբողջ հաղորդում նվիրում ենք եղեռնին, հայերին վերաբերող նորություններ աշխարհից, փառատոներից, համայնքի գործունեությունից»,– ասում է Հասմիկը։ Հաղորդումը կարելի է լսել նաեւ համացանցում՝ http://lr4.lsm.lv/lv/lr4/peredachi/peredachi-nacionalnih-kulturnih-obschestv/ հասցեով։
2005 թվականի ապրիլի 24-ին լույս է տեսել «Հավատք» հայկական միության «Հավատք» ամսաթերթը, որի առաջին համարն ամբողջությամբ նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին։ Ինչպես նշում է թերթի հիմնադիր Սպարտակ Տեր-Ավետիսյանը, ֆինանսական դժվարությունների պատճառով, ամսաթերթը լույս է տեսել մինչեւ 2008 թվականի հունվարը։ Այժմ ամսաթերթի հրատարակումն անորոշ ժամանակով կասեցված է։ Գլխավոր խմբագիրը Իրինա Տեր-Տաճատյանն էր։ Ամսաթերթը հիմնականում անդրադարձել է Ռիգայի եկեղեցու կառուցման պատմությանը, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի պատմությանը նվիրված տարբեր թեմաների։ Սպարտակը եղել է եկեղեցու կառուցման ակտիվ նախաձեռնողներից մեկը։
Լատվիական լրատվության միջոցներում են աշխատում նաեւ հայազգի լրագրողներ։ Նրանցից հայտնի են Անժելա Գասպարյանը եւ Կարեն Մարգարյանը։
Լրագրող Անժելա Գասպարյանը աշխատել է ՏԱՍՍ-ի մասնաճյուղ Լատինֆո պետական լրատվական գործակալության հասարակական-քաղաքական բաժնում։ 6-7 տարի աշխատել է եւ տեղափոխվել Յուրմալա, աշխատել տեղի թերթերում, հեռուստատեսությունում, իսկ այժմ «Բիզնես կլասս» ամսագրում։ Նա ԽՍՀՄ եւ Լատվիայի ժուռնալիստների միության անդամ է, «Սվետոչ» գրականագետների միության անդամ, գրում է բանաստեղծություններ ու պատմվածքներ, ունի հրատարակված գրքեր։ Նրա «Կին ե՞ք պատվիրել» պատմվածքների ռուսերեն ժողովածուն կարդացվում է մեկ շնչով։
«Ես ծնվել եմ Ռիգայում, հայրս զինվորական բժիշկ էր, 1946 թվին նրան ուղարկել էին այստեղ աշխատելու։ Մայրս Բաքվից էր։ Հայրս գնաց եւ նրան այնտեղից բերեց, ամուսնացան։ Ծնողներս խոսում էին Բաքվի խոսվածքով, իսկ ես երբ երրորդ կուրսում տեղափոխվեցի Երեւան, փորձեցի բարբառից հրաժարվել եւ Երեւանի գրական հայերենով խոսել։ Ամեն դեպքում ինձ ասում էին, որ քաղցր եմ խոսում հայերեն»,– պատմում է նա։
«Հայկական թեմաներով սկսել եմ գրել, երբ աշխատում էի «Յուրմալա» թերթում։ Մի թիմ ստեղծեցինք մեր թերթում եւ գնացինք Երեւան՝ գրելու երկրաշարժի, մշակույթի, Ղարաբաղի մասին։ Թերթի մի համարն ամբողջությամբ նվիրեցինք Հայաստանին։Ադրբեջանցիները մեր դեմ դուրս եկան։ Հետո 1990-ականների կեսերին Հայաստանի մասին հոդված գրեցի՝ «Ազատություն դառը բառը» վերնագրով, որ շատ տխուր ստացվեց»,– իր մտքերն է կիսում Անժելան։
«Չգիտեմ, որքանով եմ պահպանել հայկական ինքնությունս, բայց երիտասարդ տարիներին ուզում էի Երեւան տեղափոխվել, իսկ ծնողներս չէին ուզում։ Հայրս Լատվիայի վաստակավոր բժիշկ էր։ Բայց այն ժամանակ փոխեցին նույնիսկ բնակարանը, մենք տեղափոխվեցինք Երեւան, այնտեղ ավարտեցի բուհը։ Ես շատ էի իմ հայկականությունը զգում։ Տարիների ընթացքում փոխվեցինք։ Հիմա արդեն միջին եվրոպականին ենք սովորել։ Տղայիս՝ Սերգեյի մեջ դեռ չի արթնացել այդ զգացումը։ Երեւի դա իմ բացթողումն է։ Առայժմ ուզում է մոտոցիկլետով Հայաստան գնալ»,– շարունակում է Անժելան։
«Լատիշներն ինչպե՞ս են վերաբերում հայերին» հարցիս պատասխանում է. «Մինչեւ 1990-ականները նորմալ էր, բայց անկախության սկզբնական շրջանում մի քիչ ադեկվատ չէին։ Երբ իրենց պաշտպանում ես, լավն ես»։ Իսկ հայերը, ըստ նրա, չեն սիրում համերաշխ ապրել, անընդհատ ինչ-որ խնդիրներ են ծագում, կոլեկտիվ աշխատանքի կարիք ունեն։
Հայ-լատվիական հարաբերություններ
Հայ-լատվիական հարաբերությունները սկզբնավորվել են դեռևս 19-րդ դարի վերջին։ Լատվիերեն են թարգմանվել Րաֆֆու և Վրթանես Փափազյանի մի քանի պատմվածքները։ Լատվիացի մեծ բանաստեղծ Յան Ռայնիսը թարգմանություններ է կատարել հայ պոեզիայից, հոդվածներ գրել Հայաստանի պատմության, նաև Մեծ եղեռնի մասին։ Ռիգայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են հայ ուսանողներ։ Նաեւ Հայաստանում են կրթություն ստացել լատիշ ուսանողներ։ Որոշ ժամանակ Երեւանում է բնակվել արվեստաբան Ինգունա Կուրցենսը, որն աշխատել է Հայաստանի Ազ•ային պատկերասրահում և Երվանդ Քոչարի տուն-թանգարանում, աշխատակցել հայաստանյան մամուլին։ Պետերբուրգում թեկնածուական ատենախոսություն է թարգմանել Մինաս Ավետիսյանի մասին, որն առանձին գրքով 2014-ին հրատարակվել է Երեւանում (ռուսերեն)։ 2000-ից Կուրցենսը բնակվում է Լատվիայի Ալուկսնե քաղաքում։ Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առիթով Վալդա Սալմինան լատիշերեն է թարգմանել Աննա Գալստյանի «Տիրոջ սիրասուն կույսերը» գիրքը։
Լատիշ դիրիժոր Ալեքսանդր Վիլյումանիսը 1976 թվականին ղեկավարել է Խաչատրյանի «Գայանե» բալետի կատարումը Ռիգայի օպերայի և բալետի թատրոնում, որի առաջնախաղին ներկա է եղել նաեւ Արամ Խաչատրյանը։ 2002 թվականին Լատվիայի եւ Հայաստանի հեռուստատեսություններով ցուցադրվել է «Ճանապարհ դեպի եկեղեցի» ֆիլմը, որը լատիշ կինեմատոգրաֆիստները նկարահանել են լատվիահայ համայնքի ու հայրենիքի հետ կապի մասին՝ Րաֆֆի Խարաջանյանի սցենարով։
2008-ին Երեւանում լույս է տեսել Շվեդիայում բնակվող լատվիացի բանաստեղծ եւ թարգմանիչ Յուրիս Կրոնբերգսի բանաստեղծությունների «Ներկաներ» հայերեն ժողովածուն՝ Գոհար Ասլանյանի թարգմանությամբ։ 2008-ին Իմանտ Զիեդոնիսի հեքիաթները թարգմանել է Նաիրա Խաչատրյանը։ 2002 թվականին լույս է տեսել Լատվիրեն-հայերեն զրուցարան՝ Վալդա Սալմինայի եւ Կլարա Ասլանյանի հեղինակությամբ։ Վալդան ժամանակին նաեւ լեզվաբանությամբ է զբաղվել, կազմել է մի գիրք, թե հայերեն անձնանունները ինչպես պետք է գրվեն լատիշերեն։ 2010-ին հրատարակել է Սարոյանի«Իմ սիրտը լեռներում է» գործը։ Վալդան Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո Ռիգայում սկսել է Գրիգոր Նարեկացու «Մատյանը» թարգմանել։ Լատվիայի մշակույթի հիմնադրամը ֆինանսավորել է, որ 4 տարի աշխատի այդ ուղղությամբ, եւ մի քանի ամսագրերում Նարեկացու 12 գլուխ է տպագրել լատիշերենով։
2015-ին լատիշերեն թարգմանությամբ լույս տեսավ հայազգի ամերիկյան հանրահայտ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը Ցեղասպանության մասին՝ երևանաբնակ լատիշ թարգմանչուհի Իլզե Պաեգլե-Մկրտչյանի թարգմանությամբ։
Ավելի ուշ երկու երկրների միջև զարգացել են տնտեսական ու մշակութային հարաբերություններ։ 2015-ի նոյեմբերի 18-ին Երեւանում ՀՀ մշակույթի նախարարը եւ Լատվիայի դեսպանը ստորագրել են 2015–2018 թթ. համար «Լատվիայի մշակույթի նախարարության եւ Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։
Լատվիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն անդրադառնում է հայ-լատվիական հարաբերությունների ներկա փուլին։ «2015 թվականը բնորոշվեց Եվրոպական Միությունում Լատվիայի նախագահության նախապատրաստական աշխատանքներով, որոնք ավարտվեցին Ռիգայում մայիսի 21-22-ը կայացած Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովով: Լատվիայի հետ արձանագրվել է քաղաքական, խորհրդարանական, տնտեսական, ոլորտային այլ ուղղություններով հարաբերությունների զարգացում: Վերջին տարիներին պարբերաբար են դարձել արտ•ործնախարարների փոխայցելությունները, կանոնավոր բնույթ են ստացել ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունները: 2013 թ. Ռիգայում կայացավ Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, հաջորդը՝ 2015-ի վերջին, Երեւանում: Ակտիվացել են միջխորհրդարանական կապերը. 2013 թ. ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այց կատարեց Լատվիա, 2014 թ.` Լատվիայի Սեյմի երկու փոխխոսնակներն էին գտնվում Երեւանում, իսկ 2015-ի մարտին ՀՀ ԱԺ փոխնախագահն այցելեց Բալթյան երեք պետություններ: Հետզհետե ընդլայնում ենք մեր համագործակցությունը այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ գիտությունն ու կրթությունը, մշակույթը, առողջապահությունը եւ այլն»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են լատիշները հայերին վերաբերում, Ալեքսանդր Գերոնյանն ասում է. «Ընդհանուր առմամբ լավ են վերաբերում, քանի որ մենք էլ, իրենք էլ փոքր ժողովուրդներ ենք, մեծամտություն չունեն։ Երբ ղարաբաղյան շարժումն սկսվեց, նրանք հպարտանում էին Հայաստանով, հարգանքով էին վերաբերում»։
Ցեղասպանության հարցը եւ Լատվիան
2009-ին Լատվիայում առաջին ընթերցումով Սեյմը միաձայն ընդունել է ցեղասպանության բանաձեւը։ Սեյմում ասել են, որ շատ երկար է տեքստը գրված։ Հանձնաժողով են ուղարկել, եւ այդպես բանաձևը մնացել է պահարանում, 5 տարի ընթացք չեն տվել։ Րաֆֆի Խարաջանյանի ասելով՝ լատիշներն ասել են, որ Ցյուրիխի արձանագրություններն ընդունվել են, եւ ամեն մի որոշում կարող է խանգարել դրանց իրականացմանը։ Սակայն մինչև հիմա այս բանաձևին ընթացք չի տրվել։
2005 թվականի մայիսի 27-ին Ռիգայում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. հայացք 21-րդ դարից» միջազգային գիտաժողովը, որի ելույթները հրատարակվել են առանձին գրքով։ 2005 թ-ին Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ հրատարակվեց «1915» վերնագրով լատիշերեն և ռուսերեն գիրքը:
Ամեն տարի նաեւ կազմակերպվում են տարբեր ձեռնարկներ, ցույցեր կամ հսկումներ։ 2015-ին մեծ ցուցահանդես է բացվել Լատվիայի Ազգային գրադարանում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։
Հայ արվեստագետները
Լատվիայում ստեղծագործել և ստեղծա•ործում են հայտնի հայ նկարիչներ։ Նրանց թվում են Աշոտ Պարտիզպանյանը, Գարուշ Հակոբյանը, Հրայր Ավետյանը, Վարուժ Կարապետյանը, Բաբկեն Ստեփանյանը, Ալեքսանդր Ստեփանյանը, Ելենա Հակոբյանը, Լենդրիկ և Լևոն Օհանջանյանները, Արթուր Հակոբյանցը, Արշալույս Տոնոյանը, Գրի•որի Լալայանցը, Գևորգ Մկրտչյանը, Կարինե Պարոնյանցը եւ այլք։ Նրանց աշխատանքները ցուցադրվում են տարբեր ցուցասրահներում։
Բաբկեն Ստեփանյանն, օրինակ, իր կոլաժային աշխատանքները ներկայացնում է հայտնի ANITEX ցուցասրահում։ Այստեղ է ցուցադրվում նաեւ Ալեքսանդր Ստեփանյանը։ Երկու նկարիչների աշխատանքները հաճախ են միմյանց հետ ներկայացվում։ Բաբկեն Ստեփանյանը, որը ստրուկտուրային կոլաժի վարպետ է, ծնվել է 1953 թ-ին, Երեւանում, Ռիգա է տեղափոխվել 1983 թվին։ Նախ սովորել է Սարյանի անվան ուսումնարանում, հետո ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը։ Հայաստանում աշխատել է արդյունաբերական ճարտարապետության ոլորտում, իսկ Լատվիայում՝ ամենատարբեր հաստատություններում։ Լատվիայի նկարիչների միության անդամ է։ Իր ուղղությունը արվեստում նա համարում է տեսա-մաթեմատիկական կոնցեպտուալիզմը, որն իրականացնում է ստրուկտուրային կոլաժում։ Սա նշանակում է, որ նկարը ձեռքով բաժանվում է տարրերի եւ հետո դրանք հավաքվում են մի ամբողջության մեջ։ Ստեղծված գործին նայելիս թվում է, թե առարկաները տարրալուծվում են շարժման մեջ։ Ամուսնանալով 5 անգամ եւ ունենալով 4 երեխա` Բաբկենը կարողացել է պահպանել իր ստեղծագործական եռանդը։ Տանը տղայի՝ Մարտինի հետ հայերեն է խոսում։ Մեծ տղան՝ 35-ամյա Վազգենը, իր մոտ է եկել Երեւանից, դիզայներ է, մանդալաներով է զբաղվում եւ հիմա էլ գիրք է հրատարակելու։ «Մանդալա» բառը Սանսկրիտից նշանակում է «շրջան»։ Այն խորհրդանշում է տիեզերքը, միասնությունն ու ամբողջականությունը: Իսկ Բաբկենը շարունակում է ցուցադրվել։ Նրա աշխատանքներից մեկը նույնիսկ գնել է հայտնի կինոաստղ Ռիչարդ Գիրը։
Ալեքսանդր Ստեփանյանը ծնվել է 1949 թվականին, Ադրբեջանում, Ռիգայում բնակվում է 1966 թվականից։ Նա սովորել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում, իսկ 1979 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը։ Բաբկեն Ստեփանյանի հետ եղել են Ռիգայի «Ազատ արվեստ» խմբի անդամ։ Նա նույնպես Լատվիայի նկարիչների միության անդամ է։ Նա էլ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել, նկարները գտնվում են աշխարհի տարբեր հավաքածուներում։ Հայտնի են հատկապես Գուստավ Կլիմտի մոտիվներով ստեղծված նրա ստեղծագործությունները։ Գեղանկարչության մեջ ավելի անդրադառնում է բնանկարներին։
Կարապետյանների մշակութային ընտանիքը
56-ամյա հայտնի գեղանկարիչ Վարուժ Կարապետյանը ընտանիքով Ռիգայում հաստատվել է 1980-ական թվականներին: Մեր հանդիպումը կայացավ Ռիգայի հայկական եկեղեցում, որի ներսի վիտրաժների հեղինակն է Վարուժը։ Նա մասնագիտացել է մի քանի ուղղություններով՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար և թեմատիկ կոմպոզիցիա: Ստեղծագործում է նաև մոնումենտալ կերպարվեստում՝ որմնանկար, մոմանկար (էնկաուստիկա), վիտրաժ, գեղարվեստական ապակու մշակում։ «Վարուժ» պատկերագիրքը դրա վառ արտահայտությունն է։ Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լատվիայում եւ նրա սահմաններից դուրս, աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների անձնական հավաքածուներում։ Վարուժը 1970-ականներին սովորել և ավարտել է Գյումրու գեղարվեստի ուսումնարանը և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ ավարտել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիան: Ուսումը շարունակելու նպատակով է, որ հաստատվել է Ռիգայում։ Կինը՝ Հասմիկ Բաղդասարյանը, պատմում է. «Մեր ամուսնությունից հետո, 1982 թվականին եկանք Լատվիա, որպեսզի Վարուժը ընդունվի Լատվիայի գեղարվեստի ակադեմիա։ Նա ընդունվեց մոնումենտալ գեղանկարչության բաժինը։ Մտածում էինք 6-7 տարի սովորելուց հետո կվերադառնանք, բայց չստացվեց, նախ՝ երկրաշարժն եղավ, հետո Խորհրդային Միությունը փլուզվեց, և մեր բոլոր պլանները խորտակվեցին։ Նորից սկսեցինք պլանավորել, չնայած դեռ հոգով-սրտով ուզում էինք Հայաստան վերադառնալ: Այժմ կարելի է ասել, որ համակերպվել ենք, բայց դեռ կվերադառնանք՚:
«Ինչ -որ տեղ բավարարված եմ իմ անցած Ճանապարհով, այստեղ կարող եմ ազատ ստեղծագործել»,- ասում է Վարուժը,– ընկերներս լավ են վերաբերում, միջավայր մտնելու խնդիր չունեմ։ Խտրականություն չեմ նկատել։ Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում շատ լավ են վերաբերվել ուսման տարիներին։ Կոմիտաս էին լսում ակադեմիայում, Նարեկացուն գիտեին։ Նարեկացին լատիշների համար սրբերի սրբոց էր։ Հետագայում շատ մտերմացանք լատվիացի հայտնի գրող Մարիս Չակլայսի հետ։ 2000 թվին պետության հովանավորությամբ լույս տեսավ Ռիգայի 800-ամյակին նվիրված մեր համատեղ գիրքը, որտեղ ներկայացված են Մարիսի բանաստեղծություններն ու իմ գեղանկարները: Նա ասում էր, որ Հայաստանից վերադառնում էր լիցքավորված, թարմացած, ոգևորված… Շատ էր սիրում Հայաստանը»:
Հասմիկը Ռիգայում մասնագիտացել է արվեստի հոգեբանության մեջ։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի հայերի հոգեվիճակը, ասում է .«Հայերս անհանգիստ ժողովուրդ ենք, եսակենտրոն ազգ ենք, մանավանդ արական սեռի ներկայացուցիչները: Այդ հարցը շատ ավելի լուրջ ու խորն է և առանձնահատուկ խոսելու թեմա է: 1980-ականներին մեզ հետ եկած հայերը տարիների ընթացքում վերցրել են եվրոպական հանգստությունը, արժեքները, ավելի հավասարակշռված են, Հայաստանը հեռվից ավելի լավ է երևում՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ: Համայնքին կարելի է շատ քննադատել, բայց լավ բաներ էլ կան: Ժամանակին հայկական դպրոցն էի ղեկավարում (1989-1995 թթ.): Առաջին բացված կիրակնօրյա դպրոցն էր, որն ազգային դպրոցներից ամենակայացածն էր Լատվիայում: Հետո եկեղեցի կառուցվեց, հայր Մարկոսն եկավ, ամրապնդեց։ Տեր Խոսրովն եկավ ու շահագործման հանձնեց։ Սակայն, իմ կարծիքով, համաշխարհային համահայկական եկեղեցաշինության թեման շատ լուրջ քննարկման կարիք ունի»:
Նրանց դուստրը՝Քնարիկը, մասնագիտությամբ ալտիստ է, սովորել և ավարտել է Լոնդոնի Թա•ավորական երաժշտական ակադեմիան, ունի ալտիստ-վարպետի մասնագիտացում: Դեռևս ուսանողական տարիներին Եվրոպական Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Քարնեգի Հոլում, Ալբերտ Հոլում և բազմաթիվ հայտնի համերգասրահներում: Այժմ ապրում և աշխատում է Լոնդոնում, համերգներով շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում:
Որդին՝ 32-ամյա կինոռեժիսոր Հայկ Կարապետյանը, հայտնի արվեստագետ է։ Առաջին իսկ նկարահանած ֆիլմով ու բեմադրած օպերային ներկայացմամբ արժանացավ լատիշ հասարակության ջերմ ընդունելությանը։ Սովորել է ռուսական դպրոցում, ավարտել Լատվիայի Գեղարվեստի Ակադեմիան, հետո՝ Լատվիայի Մշակույթի Ակադեմիան, նաև սովորել Փարիզի կինոակադեմիայում՝ (ESEC)։ «Առաջին ֆիլմս՝ «Մարդիկ այնտեղ» երիտասարդների մասին էր, ռուսաց լեզվով։ Հաջորդը սարսափ-ֆիլմ էր՝ «Մ.Ո.Ժ», որը նույնպես լավ է ընդունվել։ Շուտով կսկսվեն երրորդ ֆիլմիս նկարահանումները: Բացի «Մ.Ո.Ժ»-ից, մյուս երկու ֆիլմերս ֆինանսավորվել են պետության կողմից: Այժմ միաժամանակ որպես բեմադրող ռեժիսոր աշխատում եմ նաև «Ֆաուստ» օպերայի վրա, Լատվիայի ազգային օպերայում»,– ասում է մեզ Հայկը։ Առաջին ֆիլմը ցուցադրվել է մոտ 15 կինոփառատոներում, այդ թվում՝ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում, «Ոսկե ծիրան»ում, Գյոթեբորգում։ Ստացել է ՙԲալթյան երկինք՚ կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակը։ Իսկ 2007-ին իր առաջին կարճամետրաժ ֆիլմի՝ «Զզվանքի» համար ստացել է տարվա լավագույն կինոմրցանակը՝ «Մեծ Կրիստալը»։ «Մ.Ո.Ժ»-ը՝ լատվիական առաջին սարսափ-կինոնկարը, ավելի շատ հաջողություն է ունեցել Ամերիկայում, որտեղ այն համարվել է տարվա լավագույն սարսափ-ֆիլմերից մեկը: «Ապագադ ինչպե՞ս ես պատկերացնում» հարցիս պատասխանում է՝ «Ես Լատվիայի ռեժիսոր եմ, բայց հայ եմ։ Կինոն այնպես է, որ միայն մի պետության մեջ չես կարող աշխատել։ Կնկարահանեմ այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կլինի: Այդ թվում և՝ Հայաստանում: Այնպես որ ապագան ցույց կտա»։ Հայկը 2011-ին Ռիգայի օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրել է Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը»։ Այն ճանաչվել է «Տարվա լավագույն օպերա» և մինչև հիմա խաղացանկում է։ Հայկը ճանաչվել է նաև «Տարվա լավագույն ռեժիսոր», արժանացել հանդիսատեսի համակրանքի մրցանակին։ Իսկ Լատվիայի ազգային թատրոնում բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացումը:
Լատվիայի ամենահայտնի հայը. Րաֆֆի Խարաջանյան
Լատվիայի ամենահայտնի հայը թերեւս Րաֆֆի Խարաջանյանն է, ում ճանաչում են բոլորը՝ թե՛ լատիշները, թե՛ հայերը, եւ թե՛ օտարները։ Նա ոչ միայն հայկական համայնքի հարցերով է զբաղվել, այլեւ 25 տարի է ղեկավարում է Ազգային փոքրամասնությունների ընկերակցությունը։ Վերջին անգամ վերընտրվեց այդ պաշտոնում 2015-ին` եւս 3 տարով՝ ստանալով անդամների լիակատար աջակցությունը։ Հայտնի է, որ ադրբեջանցիները այդ ընկերակցության վարչության անդամներին 150 հազար եվրո են խոստացել, որպեսզի նրան չընտրեն, սակայն ժամանակը ցույց է տվել, որ այդ խոստումներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Ընկերակցությանն անդամակցում են 25-ից ավելի միություններª լեհական, հրեական, լիտվական եւ այլն։ Րաֆֆի Խարաջանյանը պատմում է. «Երկար չարչարանքից հետո, 1992 թվականին շենք ենք ստացել, որը մեր ասոցիացիայի սեփականությունն է, ճարտարապետական հուշարձան է (ANKOL)։ «Բազմազանության միասնություն» փառատոնն ենք անցկացնում։ Մշակույթի նախարարությունը որոշ ծրագրեր մեզ է փոխանցել, ըստ որի մեկ շաբաթվա ընթացքում պետք է մի փառատոն անցկացվի, որին էթնո•րաֆիկ խմբեր կմասնակցեն։ Մեր կազմակերպության հատկանիշներից մեկն է, որ չենք բավարարվում միայն խորովածով»։
Լատվիայի հայկական մշակութային կենտրոնը, որը գործում է 2008-ից, բայց պաշտոնապես գրանցվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին, իր շուրջն է հավաքել լատվիահայ մտավորականներին. համանախագահները ամուսիններ Րաֆֆի Խարաջանյանն ու Հասմիկ Նուրիջանյանն են։ Նրանք Լատվիայում կազմակերպված բազմաթիվ հայկական համերգների, ցուցահանդեսների, երեկոների եւ մշակութային ձեռնարկների կազմակերպիչն ու հեղինակն են։ Ինչպես վերը նշել ենք, նրանք նաեւ www.karap.lv կայքէջն են ղեկավարում եւ վարում են լատվիական ռադիոյի հայկական ռադիոժամը։
Րաֆֆի Խարաջանյանը ծնվել է Երեւանում, ավարտել է Չայկովսկու անվան դպրոցը, այդ տարիներին արդեն Օհան Դուրյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հայրը դիրիժոր էր, մայրը՝ երաժշտագետ։
ՙԻնձ ուղարկեցին Սանկտ-Պետերբուրգում ուսանելու։ Առաջին տարին անտանելի էր, կոպտություն, ինչ որ չափով շովինիզմ կար, բայց դասատուս՝ Սերեբրյակովն այնքան մեծ ուսուցիչ էր, որ մեզ ոգեւորում էր, ինտերնացիոնալ դասարան ուներ, գերամանցիներ ու հուն•արացիներ էին սովորում մեզ հետ։ Այդ դասարանը շատ բան տվեց մեզ։ 20 հոգի հավաքվում էին երեկոյան պրոֆեսորի առանասենյակում եւ չգիտեինք, թե ում կկանչի դաշնամուր նվագելու։ Այնտեղ էր նաեւ Նորա Նովիկը, դաշնակահար էր Լատվիայից եւ համերգային մեծ փորձ ուներ։ Նորայի հետ սկսեցինք դաշնամուրային դուետ նվագել, դասատուն շատ հավանեց։ Մեզ ուղարկեցին Լատվիա, ամուսնացանք, ընտանիք կազմեցինք։ Ես դեռ սովորում էի, բայց ես էլ տեղափոխվեցի Ռիգա, որովհետեւ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանը մայրիկիս տեսել էր եւ ասել էր, որ երկու դաշնակահարի տեղ չի կարող տալ։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի Լատվիան։ Դաշնամուրային պատմության պրոֆեսոր Բարենբոյմը հավանեց իմ գրած ուսանողական աշխատանքները եւ համաձայնվեց իմ ատենախոսության ղեկավարը լինել, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը։ Ես նույնիսկ Արամ Խաչատրյանին հանդիպեցի, ատենախոսությունս պաշտպանեցի, գիրքը լույս տեսավ եւ համերգային գործունեություն սկսեցի Նորա Նովիկի հետ։ Այն ժամանակ ֆիլհարմոնիայի հայտնի տնօրեն Շվեյնիկը մեզ լսեց եւ ասաց, որ կցանկանար մեր դուետի հետ աշխատել։ Նորային շատ էին սիրում եւ ճանաչում։ Մեր համերգներին ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայում լավ էին ընդունում։ Տարբեր երկրների կոմպոզիտորներ հատուկ մեզ համար գործեր էին գրում։ 41 տարի Նորայի հետ նվագեցինք եւ մեր դուետի 40-ամյակը նշեցինք։ Նորան մահացավ 68 տարեկան հասակում»,- պատմում է պրոֆեսորը։
Այժմ դասավանդում է Ռիգայի երաժշտական ակադեմիայում։ Մինչ օրս դասավանդումը համատեղում է համերգային գործունեության հետ։ Հյուրախաղերի է մեկնում իր նախկին աշակերտների՝ Ռեյնիս Զարինշի, Ռուսլան Պերեժիլոյի հետ, Ռիգայում էլ նվագում է Ելենա Լիհվարեի հետ։ 2014-ին ամերիկյան հյուրախաղերի է մեկնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի հետ։
«Իսկ Հասմիկի հետ մեր ծանոթությունը նման է կինոֆիլմի պատմության։ 1997 թ.-ի մարտին Երեւանից լուր եկավ, որ հայրս մահացել է։ Մինչ այդ Հասմիկն արդեն Ռիգայում եղել էր եւ հաղորդում էր պատրաստել։ Իսկ երբ գնացի Երեւան, հանդիպեցինք, նրան առաջարկեցի ընտանիք կազմել»,- անկեղծանում է Խարաջանյանը։
Հասմիկ Նուրիջանյանն ավելացնում է. «Րաֆֆին ոչ միայն փայլուն դաշնակահար է, այլեւ ֆենոմենալ ուսուցիչ։ Նրա աշակերտները Ճապոնիայից մինչեւ Չեխիա ու Ռուսաստան միշտ մրցանակների են արժանացել։ Օրինակ, դաշնակահար Ռեյնիս Զարինշը Պրահայում Սմետանայի մրցույթում առաջին տեղն է գրավել»։
«Ես ուրախանում եմ, որ Լատվիան ԵՄ անդամ է դարձել, դժվարություններ կան, բայց մեր երիտասարդները կարող են ազատ շրջել, սովորել ամենուր։ Իմ մեծ տղան ապրում է Կոպենհագենում, Արամ է անունը, 34 տարեկան է։ Ռիգայից ռուս աղջկա հետ է ամուսնացել։ Դաներեն ազատ խոսում են։ Երաժշտություն, արվեստ սիրում է, բայց իր բիզնեսով է զբաղվում, լավ կրթություն է ստացել»,– պատմում է Խարաջանյանը։ «Ինքս լատիշերեն եմ սովորել դեռ խորհրդային տարիներին։ Այժմ ավելի ազատ եմ խոսում»,– ասում է նա։
«Լատվիացիները հասկանում են, որ մեր պատմությունը դժվար է եղել, բայց ընդհանուր առմամբ լավ են վերաբերում։ Հայերը լավ են աշխատում այստեղ։ Ունենք մտավորականներ՝ երաժիշտներ, նկարիչներ»,– ասում է Հասմիկը։
Րաֆֆի Խարաջանյանին մտահոգում է նաեւ մատաղ սերնդի ապագան։ «Երբ նայում եմ այստեղ մեծացող մեր երեխաներին, որ հայի աչքեր ունեն, հայի սիրտ ու հոգի, բայց չգիտեն մեր մանկական երգերը, մոռանում են ամեն ինչ՝ ես ահռելի ցավ եմ զգում։ Մանավանդ որ չգիտենք էլ, թե ինչ է լինելու նրանց ապագան։ Երեխաների ապագան միշտ պետք է կապել հայրենիքի հետ, եւ հայրենիքն էլ պետք է պատրաստ լինի նրանց օգնության ձեռք մեկնել»,– համոզված ասում է նա։ Համայնքի դժվարություններին նայում է ավելի իրատեսորեն. «Մենք համախմբվել ենք մեր ազգային պատկանելության հատկանիշով միայն։ Դժվարությունները գալիս են կրթության եւ սոցիալական հարցերի ըմբռնման տարբերություններից։ Դժվար է պատկերացնել, թե բժիշկն ու վաճառականը ինչպես կարող են իրենց զգալ նույն համայնքի հավասար անդամ, եւ ամեն մեկն իր կարելիության չափով օգնի մյուսին»,– եզրափակում է իր խոսքն անվանի երաժիշտը եւ հասարակական գործիչը։
Լատվիահայ այլ գործիչներ
Գործարար Ռուբեն Հակոբյանը 1997 թվականից ապրում է Լատվիայում։ Հայաստանից նախ գնացել է Մոսկվա, ապա 4-5 տարի անց տեղափոխվել Լատվիա։ Մասնագիտությամբ ֆինանսիստ է։ «Քանի որ լատիշերեն չգիտեի, անշարժ գույքի բիզնեսով զբաղվեցի։ Ինձ համար այնքան էլ հեշտ չէր, մենտալիտեի տարբերություն կար, բայց քանի որ մայրս լատիշ է, հայրս՝ հայ, ավելի հեշտ էր ինձ համար։ Մորս կողմի բարեկամներին լավ ճանաչում եմ, արդեն լատիշերեն ենք խոսում։ Ժամանակին մայրս ինձ ու եղբորս լատիշերեն չէր սովորեցրել, բայց ինքը լավ հայերեն էր սովորել՝ 35 տարի ապրելով Հայաստանում։ Նա ավելի շատ սիրում է Հայաստանը, քան Լատվիան։ Իմ երեխաները Հայաստանում են դպրոց գնացել, մեծս հաճույքով հայերեն խոսում է, փոքրը այնքան էլ չէ։ Հայերեն հասկանում է, բայց պատասխանում է ռուսերեն։ Լատիշերեն է սովորել եւ անգլերեն։ Հարսներս հայկական պարեր են սովորում, կիրակնօրյա դպրոց են գնում։Իրենց հայերեն սովորելու ցանկությունը շատ հետաքրքիր է։ Հուսամ թոռներս էլ կսովորեն հայերեն։ Նրանք արդեն հայերեն բանաստեղծություններ են սովորում։ Մեծ թոռս շատ հեշտ ընկալում է։
Ես լատիշներին լավ եմ ճանաչում, քանի որ բարեկամներ ունենք, իրենց հետ շփվում եմ։ Մարդկանց նկատմամբ վատ չեն վերաբերում, չեզոք են։ Բայց եթե նույնիսկ գերազանց իրենց լեզվին տիրապետես, միեւնույն է՝ չեն ընդունում։ Շատ դժվարությամբ են օտարին վերցնում պետական ծառայություն։ Միայն մի դեպքում հնարավորություն ունեք՝ եթե այլ թեկնածու չկա։ Մենք չգիտենք. կարող է եթե Հայաստանում էլ շատ ազգեր լինեին, հայերն էլ նրանց լավ չվերաբերեին»։ «Համայնքային կյանքն ուզում ենք ավելի աշխույժ լինի, հետաքրքիր»,– եզրափակում է խոսքը Ռուբեն Հակոբյանը։
Իրավաբան Գեւորգ Համբարձումյանը 2001 թվին Երեւանից եկել է Լատվիա։ Հայաստանում ավարտել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է ՀՀ արտգործնախարարության իրավաբանական բաժնում։ Կինը Լատվիայի քաղաքացի է։ «Եկանք այստեղ, որոշեցինք, որ այստեղ ավելի հեշտ կլինի։ Կինս այստեղ է ծնվել, աշխատում է պաշտպանության նախարարությունում։ Սկսեցի շատ դժվար, մոտ մեկ տարի պետք է աշխատանքի իրավունք ձեռք բերեի, լեզուն սովորեցի եւ 2002 թվին սկսեցի աշխատել լատվիական բանկերից մեկում։ Առաջին 5 տարին բանկի ներկայացուցիչն էի Հայաստանում եւ Վրաստանում։ Նաեւ աշխատել եմ Ռուսաստանում, Իսրայելում, երկու տարի Բրյուսել եմ գործուղվել, իսկ 2010 թվին որոշեցի ինքնուրույն աշխատել, եւ մի քանի բանկերի հետ սկսեցի աշխատել իբրեւ իրավաբան։ Գիտեմ, որ Լատվիայի բանկերում հայեր կան, միջին մենեջերական մակարդակում։ Վահրամ Քամալյանը «Նորվիկ» բանկի փոխնախագահն էր, իսկ «Ռետոկոմբանկում» 5 հայ է աշխատում»,– պատմում է Գեւորգը։
«15 տարի լինելով դրսում ինչքանով եք հայկական աշխարհի հետ կապ պահում» հարցին պատասխանում է. «Հայաստանում համագործակցում եմ այն մարդկանց հետ, որոնց հետ կապս վաղուց էր։ Նոր հետաքրքիր նախագծեր չկան։ Աշխատում եմ կապը պահպանել, շատ լավ ընկերներ ունեմ, աշխատում եմ հնարավորինս օգնել։ Տարեկան 2-3 անգամ լինում եմ Հայաստանում։ Հայաստանով հետաքրքրվում եմ, նորություններ եմ կարդում, հեռուստատեսություն եմ դիտում։ Առայժմ չեմ մտածում Հայաստան վերադառնալու մասին։ 15 տարի է՝ այստեղ եմ։ Հարմարվել եմ։ Քանի որ անընդհատ ճամփորդում եմ, լինում եմ Ռուսաստանում, Ղրիմում, Բելառուսում, Եվրոպայում, հիմնականում ռուսերեն եմ շփվում։ Երկու երեխա ունենք, դեռ փոքր են, ռուսերեն ենք խոսում, քանի որ կինս ռուսերեն է խոսում։ Հասարակության առումով հայերի նկատմամբ վերաբերմունքը շատ բարենպաստ է, բոլոր ոլորտներում հայերը կան, մանավանդ ռեստորանային բիզնեսում մեծ հաջողություն ունեն։ Եթե ցանկանում են համով միս ուտել, գնում են հայերի մոտ»,– պատմում է Գեւորգը։
Լատվիայի հայկական ռեստորանները
Լատվիայում հայերը ճանաչված են հայկական ռեստորաններով: Ի տարբերություն, ասենք, Չեխիայի, ուր ոչ մի հայկական ռեստորան 1-2 տարուց ավելի չի գործում, Ռիգայում գործում են մոտ 25 հայկական ռեստորան եւ սրճարան, որոնք մեծ պահանջարկ ունեն: Հայկական խոհանոցը գրավում է ոչ միայն հայերին, այլեւ տեղացիներին ու զբոսաշրջիկներին: Ռեստորանների մեծ մասն ունի հայկական անվանումներ՝ «Արագած»,«Անի», «Արարատ», «Արցախ», «Ախթամար», «Նոյյան Տապան»,«Արմենիա» և այլն: Ամեն մի ռեստորան նաեւ յուրովի ներկայացնում է հայ ժողովրդին եւ հայ մշակույթը։
«Արագած» ռեստորանը ուղղակի հայտնություն էր ինձ համար։ Ոչ միայն մեզ, այլեւ ցանկացած օտար հաճախորդի դիմավորում են սիրալիր, հարցուփորձ անում նախասիրությունների մասին։ Պատին փակցված են հայտնի մարդկանց լուսանկարները, ովքեր եղել են «Արագածում»։ Ռուսական եւ խորհրդային ամենահայտնի դերասաններն ու երգիչները, նախագահներ ու պետական գործիչներ…
«Արագած» ռեստորանի տնօրեն, մասնագիտությամբ երաժիշտ Լյուդմիլա Ղազարյանը հիշում է, որ Ռիգայում հաստատվեցին 1990-ին՝ երկրաշարժից հետո։ Երեւանի կոնսերվատորիան է ավարտել, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական դպրոցում դաշնամուր է դասավանդել, համերգներ է տվել։ Ռիգայում նախ մասնագիտությամբ է աշխատել տեղի կոնսերվատորիայում։ «Հետո ժամանակները փոխվեցին, 1996-ի վերջին, 1997-ին բացեցինք ռեստորան»։ Ընտանիքի հայրը տարիներ առաջ մահացավ, եւ հիմա ողջ ծանրությունը տանում են ինքն ու մայրը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, մի քանի լեզուների տիրապետող տիկին Բելան։
«Յուրաքանչյուրը, ով ուզում է համեղ խորտիկ ուտել, մեզ մոտ իր ցանկացածը գտնում է։ Դա մեր մշակույթի մի մասն է։ Երբ իրենց մի բան դուր է գալիս, հարցեր են տալիս մեր մշակույթի, մեր պատմության մասին»,– պատմում է տիկին Լյուդմիլան։
Բելա Ղազարյանը հյուրերին դիմավորում է ամենատարբեր լեզուներով։ Նա մինչեւ պատվիրած կերակուրի պատրաստումը կարող է զրույցի բռնվել հաճախորդի հետ եւ նրանց պատմել հետաքրքրական պատմություններ։
«Մենք մասնագետ չէինք, բայց առաջին օրվանից այնպես ենք պատրաստում, ինչպես մեր երեխաների համար։ Այս ռեստորան են այցելել Լատվիայի նախագահները, վարչապետները, տարբեր երկրների դեսպանությունների աշխատողներ, ռուսական հայտնի մտավորականներ։ Աշխատանքը շատ ժամանակ է խլում, ուստի պետք է հաճույք ստանալ աշխատանքից»,-ասում է տիկին Բելան։
Օլայնե քաղաքում է գործում «Արցախ» ռեստորանը՝ Վալերի եւ Նելլի Հայրապետյանների ղեկավարությամբ։ 13 հազար բնակիչ ունի Օլայնեն, որոնցից ընդամենը 18-ն են հայ։
Հայրապետյան ամուսիններն այստեղ են տեղափոխվել Արցախից։ Նելլին ավարտել է Երեւանի բժշկական համալսարանի դեղա•ործական բաժինը, Ղարաբաղում աշխատել է դեղատանը։ 1993-ին եկել են իբրեւ փախստական։ Նրանք մեզ դիմավորում են ջերմորեն եւ վաղեմի ծանոթի պես հայտնում իրենց կարծիքները։
«Մենք շատ դժվար հարմարվեցինք։ Մարտակերտից դուրս եկանք այն ժամանակ, երբ թշնամին տանկով արդեն մտել էր մեր տարածքը։ Չէինք ուզում թողնել մեր հողը, բայց վերջին պահին ճարահատյալ դուրս եկանք։ Դեղատնից սպիտակ խալաթով փախել եմ։ Հետո Հայաստանում Պտղնիում դեղատուն բացեցինք, շատ դժվար օրեր ենք անցկացրել, մեր հույսն ու հավատը Հայաստանն էր»,– պատմում է Նելլին։ Բայց ամուսինը գալիս է Ռիգա, աշխատանք գտնում եւ տեղափոխվում են, հետագայում բացում նաեւ «Արցախ» ռեստորանը։ Աղջիկը՝ Մարինեն, ամուսնացել եւ տեղափոխվել է Չեխիա։ «Լատվիայում դժվար է բժիշկ աշխատել։ Չեխիայում աղջիկս չեխերեն է սովորել եւ ատամնաբույժ է աշխատում։ Նաեւ անգլերեն է լավ խոսում, լատիշերեն։ Իսկ երբ իբրեւ փախստական եկանք, նույնիսկ ռուսերեն չգիտեր»,– ասում է Նելլին։
«Լատիշները շատ լավ են վերաբերում մեր խոհանոցին, հատկապես տոլմա են սիրում։ Շատ ուտող չեն, բայց կանաչեղեն են սիրում։ Հայկական լավաշ են շատ սիրում»,– ասում է Վալերին։
Վալերին նաեւ ակտիվորեն մասնակցել է նարդու մրցաշարերի, հաղթող ճանաչվել։
Երիտասարդները եւ իրենց ապագան
Տեր Խոսրովի ասելով, «Երիտասարդության մեջ ինչ-որ շարժ կա։ Երիտասարդության մասին պարտավոր ենք մտածել, եթե 6000 հազարից մնացել է 2000-ը։ Երիտասարդները գնում են Եվրոպա, ԱՄՆ, այլ երկրներ։ Եթե խոսում ենք հայ պոտենցիալի մասին, մենք իրավունք չունենք չմտածելու մեր երիտասարդության մասին։ Նրանց մեջ եկեղեցասիրության եւ հայրենասիրության ջիղերը պետք է արթնացնել, ոգեւորել, որ իրենք հայ են։ Ամեն մի հայ, որ ծնվում է, պարտքով է ծնվում։ Նա պարտք ունի իր հայկական արմատների հանդեպ։ Նա միշտ պետք է կարողանա հայ լինելը բարձր քարոզել։ Ցավոք, եվրոպական գումարներից չենք կարողանում օգտվել եւ ինչ-որ ծրագրեր անել։ Եկեղեցին չի կարող այդ ամենին մաս կազմել։ Համայնքները գործ անում են, բայց այն չէ, ինչ որ ուզում ենք տեսնել։ Փոքրաթիվ համայնքները պետք է զորացնել։ Մեր ջանքերը պետք է համակարգվեն։ Այսօրվա դրությամբ՝ ի վիճակի չենք երիտասարդներին ուղարկել Հայաստան։ Իհարկե, «Արի տուն» ծրամրին մասնակցեցին, տարբեր մրցույթների, բայց դա բավարար չէ»։
33-ամյա Արամ Քոսոյանը կարծում է, որ «լատիշներն այնքան խաղաղ ժողովուրդ են, որ մենք էլ ենք իրենց նման հանգիստ դարձել։ Արդեն իսկ նկատվում է, որ նոր եկած հայերն իրենց բնավորությամբ տարբերվում են հներից»։ Արամն ավարտել է Բալթիկայի ռուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը, մագիստրատուրան ավարտել է տնտեսա•իտության բաժնում։ Այժմ աշխատում է շինարարական ընկերությունում»։
23-ամյա Նաիրա Քոսյանը ծնվել է Լատվիայում, սովորել է համալսարանի PR եւ գովազդի բաժնում, իսկ մագիստրատուրան սովորում է մենեջմենթ մասնագիտությամբ։ Ծնողները Յուրմալայում են, «Նոյյան տապան» անունով ռեստորան ունեն։ Այժմ հիմնականում ծնողներին է օգնում։ Նրանք Ջավախքից են, 30 տարի առաջ են եկել Ախալքալաքից։ Նաիրայի ասելով՝ Յուրմալայում ապրում է հայերի 15 ընտանիք։ Նարդու մրցաշար են անցկացրել։ «2001 թվականին Յուրմալայում ամառային ճամբար կազմակերպեցինք, կապ հաստատեցինք Լիտվայի եւ Էստոնիայի հայ երիտասարդների հետ, միայն Էստոնիայից եկան։ Մի անգամ Բալթյան երիտասարդների ժողով եղավ եւ հետո ոչինչ չեղավ»,– ափսոսանքով նշում է նա։
«Լատվիայում մեր հնարավորությունները նույնն են, ինչպես բոլորի մոտ։ Լավ եմ զգում։ Ես տանը հայերեն եմ խոսում, մշտապես քարոզում եմ հայկականը։ Ընկերներիցս վեց հոգու տարանք Հայաստան, շատ լավ էքսկուրսիա կատարեցինք, հիացած վերադարձան»,– պատմում է Նաիրան։
«Ես չեմ ամաչում, որ հայ եմ: Ես լավ եմ զգում, որ հայ եմ, թեեւ հայրս հայ է, մայրս` ռուս: Մինչդեռ ընկերներ ունեմ, որ փորձում են ցույց չտալ, որ հայ են։ Առայժմ սովորում եմ տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի մասնագիտությամբ եւ դեռ չգիտեմ ապագայում որտեղ կաշխատեմ»,– ասում է 18 ամյա ուսանող Ալեն Գերոնյանը։
2015 ին լատվիական KPMG Baltics միջազգային բիզնես-խորհրդատվական ընկերության ղեկավար է դարձել Արմինե Մովսիսյանը, ով 2000 թվականից աշխատում էր այդ ընկերությունում։ Նա ավարտել է Ռիգայի ֆինանսների եւ էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը, իսկ մագիստրոսական աստիճանը պաշտպանել է Էդինբուրգի համալսարանում։
33-ամյա նկարչուհի, պարուհի Կարինե Պարոնյանցը բազմակողմանի զար•ացած երիտասարդ է£ Լատվիայում ավարտել է գեղարվեստի ակադեմիան։ Այժմ սեփական ստուդիա ունի, դասավանդում է պար և նկարչություն։ Իր նկարների մշտական ցուցահանդեսը բացված է քաղաքի կենտրոնում •տնվող ցուցասրահներից մեկում։
ՙՊապիկս եկել է Հյուսիսային Կովկասից՝ Օրջոնիկիձեից, մայրս կես ռուս է, կես լատիշ։ Տատիկս, պապիկս եւ հայրս հայերեն էին խոսում։ Հիմա կիրակնօրյա դպրոց եմ գնում հայերեն սովորելու»,– պատմում է Կարինեն։ «Ընդհանուր առմամբ գոհ ենք Լատվիայից։ Ես այստեղ շատ լավ եմ զգում, շատ ընկերներ ունեմ։ Լատիշերեն ազատ խոսում եմ։ Երիտասարդներին պակասում է համախմբվածությունը։ Ավելի խմբերով են իրար հետ ընկերություն անում։ Հայ երգիչ է գալիս հյուրախաղերի Ռիգա, 5 մարդ է գնում համերգին։ Հայկական ֆիլմին շատ քիչ մարդ էր եկել։ Ընդհանուր լրատվական դաշտն է պակասում»,– պարզաբանում է նա։
Բանկիր, երաժիշտ Էլվիս Միրզախանյանը ծնվել է 1987 թ. Վանաձորում։ 1989-ից ընտանիքով եկել են Ռիգա, իսկ բարեկամները Ամերիկա են մեկնել։ Սովորել է մենեջմենթ, այժմ աշխատում է բանկում, բայց զբաղվում է երաժշտությամբ։ Երգեր է գրում, 3 ալբոմ է թողարկել։ Youtube-ում հատուկ ալիք է բացել հայերի համար։ Հիփ-հոփ ոճի երգեր է գրում։ «Ես ինքս էլ եմ կատարում, լատիշներն արդեն գիտեն, բայց նպատակս Ռուսաստանի շուկա մտնելն է։ Արդեն համերգներ էլ եմ ունեցել,– ասում է նա։ – Մոտ ընկերներս հայեր են, հայերեն խոսում են։ Լատիշ ընկերներ էլ ունեմ, խնդիր չունեմ իրենց հետ, շատ չեզոք են մեզ վերաբերում»,– եզրափակում է Էլվիսը։
Պանկրատիոնի հայ չեմպիոնները
Ռիգայում է գործում «Սեւ Արջ» մարզական ակումբը Մանվել Իսաջանյանի ղեկավարությամբ։ Մանվել Իսաջանյանը 1986 թվականին 1 տարեկան հասակում ծնողների հետ եկել է Լատվիա։ Հայրը գործուղվել էր ուսանելու Ռի•այի ոստիկանության դպրոցում։ 7 տարեկանից զբաղվում է սպորտով, նախ՝ այկիդոնով ու ձյուդոյով, այնուհետեւ՝բռնցքամարտով ու ֆուտբոլով, հիմա՝ պանկրատիոնով։ 2010-ին ընկերների հետ հիմնադրել են «Սեւ արջ» ակումբը, որը 5 տարի անց 4 անգամ ճանաչել են Լատվիայի պանկրատիոնի լավագույն ակումբը, իսկ երեք անգամ՝ ողջ Բալթիկայի։ Ակումբը տվել է 5 աշխարհի չեմպիոն, 12՝ Եվրասիայի, 8՝ Եվրոպայի չեմպիոն։ Հայ մարզիկներից Մարտին Սիմոնյանը պանկրատիոնի աշխարհի բրոնզե մեդալակիր է, Արթուր Վարժապետյանը՝ արծաթե մեդալակիր, Հարություն Կարապետյանըª բրոնզե մեդալակիր։ Ռուբեն Ասատրյանը երկու անգամ դարձել է Եվրասիայի պանկրատիոնի մրցաշարի ոսկե մեդալակիր։ Տիգրան Բաղդասարյանը եւ Տիգրան Թումանյանը դարձել են Բալթիկայի պանկրատիոնի մրցաշարի ոսկե մեդալակիրներ։
Ընդհանուր առմամբ հայ երիտասարդներն աչքի են ընկնում բոլոր բնագավառներում։ Մեր ունեցած հանդիպումներից ստացած հիմնական տպավորությունն այն է, որ հայ երիտասարդության հիմնական խնդիրն է, որ միասնական կառույց չունեն, եւ տեղեկատվական բացի պատճառով նաեւ չկա համակարգված աշխատանք։ Ինչպես եւ Բալթյան մյուս հանրապետություններում, երիտասարդներին հարկավոր է մշտական համակարգող։ Իսկ քանի որ ակտիվ երիտասարդները զբաղված են մասնագիտական աշխատանքով, հասարակական գործունեության համար ժամանակը չի բավականացնում։ Իսկ ապագայի հարցում նրանք լավատես են։ Ե՛վ ազգայինը չեն մոռանում, ե՛ւ փորձում են լատիշական հասարակության մեջ ինտեգրվել։ Նրանք, ովքեր գիտակցաբար են դա անում, նրանց մոտ դա ստացվում է։
Ռիգա-Պրահա