Ռումինիայի հայերը. Անցյալը, ներկան, ապագան

  • 30.01.2022
  • 0
  • 1292 Views

Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին եւ սրբավայրը Ռումինիայում են

Հակոբ Ասատրյան

Բուխարեստ-Պրահա

Պատահական չէ, որ Եվրոպայի հայության հետ մեր ծանոթությունը սկսում ենք Ռումինիայից։ Ողջ Եվրոպայի տարածքում հայերը չունեն այնպիսի հարուստ մշակութային ու հոգեւոր ժառանգություն, ինչպիսին Ռումինիայում է։

Զարմանալի է, որ նույնիսկ համայնավարական ռեժիմի անկումից 25 տարի անց այս երկիրը հայերի եւ եվրոպացիների ստվար զանգվածների համար մնում է չբացահայտված։ Պատմության հետքերն այստեղ ամենուր են։ Միայն նայելով երկրով մեկ կառուցված հայկական եկեղեցիների քարտեզին՝ թվում է, թե նախկինում այս տարածքը եղել է Հայաստանում։ Այնինչ հայության թիվն ու հզորությունը այնպիսի զարգացման են հասել, որ Ռումինիան նրանց համար դարձել է երկրորդ հայրենիք։

Եվրոպայի ամենահին հայկական համայնքը գտնվում է այս երկրում, ուր հայերի մասին առաջին տեղեկությունները հասնում են 10-րդ դար` Բյուզանդական կայսրություն, երբ այստեղ 5-7-րդ դարերում բնակություն են հաստատել հայերի հոծ զանգվածներ։ Դա է վկայում նաեւ տարբեր հայկական տեղանունների գոյությունը։ Ամենահին վկայությունը 967 թվականին Չետատեա Ալբաքաղաքի շիրմաքարերի վրա փորագրված արձանագրությունն է։

Հետագայում Ռումինիայում հայերի հոսքն ավելացել է, հատկապես 11-րդ դարում՝ Անիի անկումից հետո, երբ հայերը Ղրիմով, լեհական, ուկրաինական եւ ռումինական տարածքներ են հասել։ 1350 թվականին Բոտոշան քաղաքում առաջին հայկական եկեղեցու հիմնադրումը համարվում է Ռումինիայի հայերի հաստատման տարեթիվը։ Այս քարաշեն եկեղեցին՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը մինչ օրս կանգուն է։ 1830 թվին այս քաղաքում 400 հայկական տուն է եղել, իսկ 1884-ին՝ արդեն կառուցել են նաեւ հայկական մատուռ եւ գերեզմանոց։

Հայերն ունեցել են հոգեւոր թեմ, որը նախ ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը, իսկ 1401 թվականին Մոլդովայի երբեմնի մայրաքաղաք Սուչավայում, որն այժմ գտնվում է Ռումինիայի հյուսիս-արեւելյան մասում, հիմնվել է Հայոց եպիսկոպոսական աթոռ՝ մեծ իշխան Ալեքսանդր Բարու հրովարտակով։ Հայոց եպիսկոպոսական աթոռը հիմնել եւ գլխավորել է Հովհաննես եպիսկոպոսը, որի իրավասության տակ են եղել 3 եկեղեցի եւ երկու վանք։ 1408 թվականին իշխանի հրովարտակով Լվովից հայ վաճառականներ են տեղափոխվել Սուչավա, Սիրետ եւ Չեռնովցի քաղաքները եւ նրանց տրվել են հատուկ արտոնություններ։ 1418 թվականին այս տարածքում հայ գաղթյալների թիվը հասել է 3 հազարի։

Եվրոպական ժամադրավայրը՝ հայաքաղաք Գեռլան կամ Արմենոպոլիսը

Տրանսիլվանիայում հայերը հաստատվել են դեռեւս 10-14-րդ դարերի ընթացքում։ Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ Սրբազանի ասելով՝ Տրանսիլվանիայի տարածքում հայերի գոյության ամենակարեւոր վկայությունը 1700 թվականին հիմնված Արմենոպոլիս քաղաքն է, Գեռլա գյուղի մոտ, ուր ժամանակին հաստատվել են Մոլդովայից գաղթած 3000 հայեր, իրենց իսկ գնած հողատարածքի վրա։ Հունգարներն այս գյուղին տալիս են Սամոշույվար անվանումը։ Գեռլան /Gherla/ Տրանսիլվանիայի հայության կենտրոնն էր՝ Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918 թվականից՝ Ռումինիայի կազմում /բացառությամբ 1940-44 թվականները/։ Քաղաքի ճարտարապետը Հռոմից հրավիրված հայազգի Ալեքսիս Ալեքսանյանն էր, որին հրավիրել էր Հայոց առաջնորդ եպիսկոպոս Օքսենտիուս Վերզերեսկուն /Auxentius Varzarescu/հայկական ազգանունը՝ Վրզարյան/ ով հանգամանքներից ելնելով՝ կաթոլիկություն էր ընդունել եւ դավանափոխ արել տեղի հայերին։

1997 թվականին այս քաղաքում ստորագրվեց Հունգարիայի եւ Ռումինիայի հայկական միությունների համագործակցության պայմանագիրը, որով տարածաշրջանի հայությունը ցանկանում էր ապահովել իր վերածնունդը եւ զարգացումը։ Այդ նպատակով նույնիսկ հրատարկվել է ,,Արարատ Ինթերնեշընըլ ,, /Ararat International / թերթը։

Տեղի հայերի համախմբան օր է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տոնը, որը նշվում է հունիսի վերջին։ 2012 թվականին Հայաստանի Իջեւան քաղաքի հետ եղբայրանալուց հետո, Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն /Marius Sabo/ Գրիգոր Լուսավորչի տոնը հռչակեց Քաղաքի օր՝ նպատակ ունենալով տեղի հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության միջոցով զարգացնել տուրիզմը եւ միջազգային համագործակցությունը։ Քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որտեղ հավաքվում են Գեռլայի հետ եղբայրացած Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Լեհաստանի քաղաքների պատվիրակությունները: Անցյալ տարի շվեյցարացի մասնագետները վերականգնել են Գեռլայի հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարի աշտարակի պատմական ժամացույցը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշում է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը. ,,Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, եւ դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների եւ ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր,,։

Հետաքրքրությունն այնքան մեծ է, որ 2014 թվականին Հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագն ամբողջությամբ ցուցադրվել է ռումինական TVR3, TVR-Cluj եւ TVR Plus հեռուստակայաններով։ Գեռլա-Արմենոպոլիսի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել ռումինահայ ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանը։

1795 թվականին կառուցված Գեռլայի Սուրբ Երրորդություն եկեղեցում է պահվում 17-20-րդ դարերի 424 գիրք, որոնցից 254-ը՝ հնատիպ։ Կան նաեւ որոշ ձեռագիր մատյաններ։ Գեռլայի Սուրբ Սողոմոն եկեղեցին 1723 թվականին սկսել են կառուցել Սողոմոն եւ Ասվադուր Շիմանյանները եւ ավարտել են 1732 թվականին։ 2007-ին վերաբացվել է Գեռլայի հայկական թանգարանի ընկերակցությունը։ Հայկական թանգարանի նախկին շենքում այսօր Գեռլայի պատմության թանգարանն է։ 2002-ին Բուխարեստի ,,Արարատ,, հրատարակչությունը լույս է ընծայել ,,Հայ մշակոյթն ու արուեստը Կեռլայի մէջ,, հայերեն-ռումիներեն պատկերագիրքը, ուր հայտնի պատմաբաններ ու գիտնականներ ներկայացնում են Գեռլայի պատմամշակութային ժառանգությունը։ Այս գրքի առաջաբանում Ռումինիայի հայերի միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղի նախագահ, պրոֆեսոր, նկարչուհի Ազատուհի Վարդուկա-Խորենյանը /Azaduhi Varduca-Horenian/ պատկերավոր տալիս է տեղի հայության բնութագիրը. ,,Թրանսիլվանիո հայերը կրնան համեմատվիլ երկու տարբեր թեւեր ունեցող թռչունի հետ։ Թեւերեն մեկը, որ ծեր է, լքած է հայ միջավայրը շուրջ ութ դար առաջ, իսկ մյուսը երիտասարդ է եւ այստեղ եկած է ուղղակի իր հայրենիքեն, 1915 թ. եղեռնեն հետո։ Որպեսզի հայի սիրտը չդադարի բաբախելեն, իսկ թռչունն ալ կարենա թռչիլ՝ անոր թեւերեն եւ ոչ մեկը պետք չէ վիրավորել։ Մենք, այսօր, այստեղ կփորձենք թռչունը կենդանի պահել,,։

Ռումինիայի տարածքում առկա հայ կաթողիկե եկեղեցիներն են՝ Սուրբ Երրորդության /Ֆրումոասա, 1700 թ./, Ս. Սողոմոն /Գեռլա, 1724 թ./, Սուրբ Մարիամ /Գեորգիեն, 1773 թ./, Սուրբ Երրորդության /Գեռլա, 1776թ./ եւ Սուրբ Եղիսաբեթ /Դումբրավեն, 1850 թ./։ Ի դեպ, հայերը նախ Բիստրիցա քաղաքում են հիմնել եպիսկոպոսարան, որը 1700-ին տեղափոխվել է Գեռլա։ Հատկանշական է, որ դա կապված է եղել Տրանսիլվանիայի հայերի կրոնափոխության հետ։ Ինչպես վկայում է պատմաբան Նիկոլաե Գազդովիչը /Nicolae Gazdovici/, 6 տարի է պահանջվել կաթոլիկ հոգեւորականից, որպեսզի տեղի 30 հազար հին ու նոր եկած հայերին կրոնափոխի կաթոլիկ կրոնի։

,,Կաթոլիկ եկեղեցիներն ինչպե՞ս են գործում հարցիս,, Տաթեւ սրբազանը պատասխանում է. ,,Կաթոլիկ հայ հոգեւորական չունենք Ռումինիայում։ Բայց այդ եկեղեցիների երգչախմբերը սովորել են պատարագի հայերեն բաժիններից, հունգարերեն ու ռումիներեն էլ են երգում։ Քահանան ու սարկավագը՝ ոչ, բայց երգչախումբը մեծավ մասամբ հայերեն է երգում։ Հայ կաթոլիկների թիվը ճշգրիտ չեմ կարող ասել, բայց մի քանի հարյուրից անցնում է,,։

Իրականում հայերի թիվը 1000-ին մոտ է, իսկ ոմանց ասելով՝ մի քանի տասնյակ հազար, սակայն որոնք նախընտրում են հունգարացի ներկայանալ։

Գեռլայում, Դումբրավենում եւ շրջակայքում բնակվող կաթոլիկ հայերը հիմնականում համախմբված են Տրանսիլվանիայի Հայոց միության շուրջը, որն անդամակցում է ՌՀՄ-ին: Գեորգենի եւ Ֆրումոասայի հայերն ունեն առանձին միություններ:

Քաղաքագետ Արա Պապյանը Գեռլա կատարած ուղեւորությունից հետո մասնավորապես զարմանք էր հայտնել, որ վաղուց հայության հետ կապ չունեցող եւ հունգարացած կամ ռումինացած հայերը հպարտությամբ փաստում են, որ իրենք հայկական արմատներ ունեն. ,,Կարծում եմ, որ առաջին գործոնը հայ լինելու հպարտությունն է։ Հայերը դարեր շարունակ այնքան հարգված ու ազդեցիկ են եղել, որ ներկայումս էլ այդ տարածաշրջանում հայ լինելն ընկալվում է որպես պատկանելություն որոշակի ընտրյալ խավի։ Երկրորդ գործոնը Ռումինիայի պաշտոնական քաղաքականությունն է։ Ցանկանալով թուլացնել հունգարացիների ազդեցությունը նախկին Տրանսիլվանիայի վրա՝ ռումինական պետությունը խրախուսում է հունգարախոս եւ կաթոլիկ հոծ զանգվածի մեջ /1.8 մլն մարդ/ ճեղքերի առաջացումը եւ ազգային խմբերի վերադարձը արմատներին։ Երրորդ գործոնը հայոց պետականության առակայությունն է։ Ինչպես ասաց Գեռլայի հայերից մեկը. ,,Ես հիմա նայում եմ քարտեզին, կարդում եմ Հայաստան անունը եւ գիտեմ, որ Հայաստանը կա»։

Տրանսիլվանիայի մյուս հայկական քաղաք Դումբրավենը /Dumbraveni/՝ նախկին Եղիսապեթուպոլիսը, կառուցվել է 1733 թվականին։ 1799 թվականի կայսերական հրովարտակով Գեռլան եւ Դումբրավենը հայտարարվել են թագավորական ազատ քաղաքներ։ Այդ ժամանակ Դումբրավենում կառուցվել է Տրանսիլվանիայի հայկական ամենագեղեցիկ տաճարներից մեկը՝ Սուրբ Եղիսաբեթը։ Ամեն տարի օգոստոսի 15-ին այստեղ կազմակերպվում են հայերին նվիրված միջոցառումներ։ Դումբրավենի ՌՀՄ մասնաճյուղի նախագահ Յոան Կըլինեսկուի /Ioan Calinescu/ ասելով. ,,Եզակի է մեր երկրին մեջ այն, որ այսօր չորս լեզուներով՝ հունգարերեն, ռումիներեն, գերմաներեն /քարոզը/ եւ հայերեն /երգչախումբին երգերն ու Հայր Մերը/ պատարագ կկատարվի։ Հոս կուգան հայեր ամբողջ Ռումինիայեն, Հունգարիայեն, Ավստրիայեն եւ Գերմանիայեն,,։

Դումբրավենում 1552 թվականին Ապաֆի ազնվական ընտանիքի կառուցած դղյակում 2010 թ. հուլիսի 15-ին բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանային հավաքածուն։ Ինչպես նշում է ,,Նոր կյանք,, ամսաթերթը, Դումբրավենի համայնքի հայերի անկումը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ ավելի ահագնացել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ փոքր քաղաքից բոլորը տեղափոխվել են մեծ քաղաքներ։

Ռումինիայում հայերի մեծ հոսք է նկատվել նաեւ 1453 եւ 1475 թվականներին, երբ թուրքերը գրավել են Կ.Պոլիսն ու Ղրիմը։ 17-րդ դարում արդեն Լեհաստանի հայերի շրջանում տարվող կաթոլիկացումը ստիպել է շատերին տեղափոխվել ռումինական տարածքներ՝ Մոլդովա եւ Վալախիա, բայց Տրանսիլվանիայում հաստատված հայերը շուտով հայտնվել են Ավստրո-հունգարական կայսրության մեջ եւ ժամանակի ընթացքում ոչ միայն ընդունել են կաթոլիկություն, այլեւ ձուլվել տեղի բնակչությանը։ 16-17-րդ դարերում Մոլդովայից Տրանսիլվանիա հայերի տեղափոխվելու պատճառը եղել է իշխանների ճնշումը հայերի նկատմամբ եւ հալածանքները, որոնք թեեւ երկար չեն տեւել, սակայն մասնատել են համայնքը։ Ըստ պատմագիրների՝ միջնադարյան Ռումինիայում հայերի թիվը հասել է մոտ 30 հազարի։ Այդ տարիներին եղել են հայտնի հայկական գերդաստաններ, որոնք նույնիսկ զինանշաներ են ունեցել, իսկ գերեզմանատներում ունեցել են տոհմական դամբարաններ։

Հայերի հաջորդ մեծ հոսքը սկսվել է 1890-ականներից, հատկապես 1915 թվականի ցեղասպանությունից հետո, երբ տասնյակ հազար հայեր ապաստան են գտել Ռումինիայում։

 Ռումինիայի բոլոր այն նահանգներում, ուր ապրել են հայերը, ծաղկել է ոչ միայն առեւտուրը, արդյունաբերությունը, մշակույթը, այլեւ հոգեւոր կյանքը։ Հայերը ոչ միայն զարգացրել են առեւտուրը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, այլեւ խթանել արվեստների զարգացմանը։ Հայտնի են եղել հայ կոշկակարները, կաշեգործները, դերձակներն ու արծաթագործները, հրուշակագործներն ու ժանյակագործները։ Օրինակ, 18-րդ դարում Բուխարեստի դերձակների համքարության ղեկավարը եղել է հայազգի Սիրինը, իսկ 19-րդ դարում հացագործներինը՝ Պապիկը։ Բացի այդ, հայ արհեստավորներն իրենց արհեստակցական միություններն են հիմնել, որոնք կոչվել են Բրեասլա /Breasla/։ Նաեւ բոլոր հայաշատ քաղաքներն ու գյուղերն ունեցել են իրենց առանձին զինյալ ջոկատները, որոնք պաշտպանել են համայնքների շահերը։ Իսկ Սուչավա, Վասլու, Սիրեթ, Բերլադ /Barlad/ քաղաքներում նույնիսկ ինքնավարություն են ունեցել՝ իրենց ներքին թաղապետություններով, դատարանով եւ քաղաքապետարանի խորհրդով։ Ինչպես ասացինք, ինքնակառավարվել են նաեւ Տրանսիլվանիայի հայկական քաղաքները։

1912-1913 թթ. Բուխարեստում գործել է Հայ Բարեգործական Ընդհանուր միության մասնաճյուղ, որը 100 անդամ է ունեցել։ Հաջորդ տարիներին ՀԲԸՄ մասնաճյուղեր են բացվել նաեւ Ռոման եւ Յաշ քաղաքներում։

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը հասնում է 2079-ի: Իրականում հայերի կամ ծագումով հայերի թիվը շատ ավելին է, եթե հաշվի առնենք Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերին, ովքեր մարդահամարներին հիմնականում ներկայանում են որպես էթնիկ հունգարներ/հունգարախոսներ: Ուստի ոչ պաշտոնական տվյալներով հայերի կամ ծագումով հայերի թիվը տատանվում է 5-6 հազարից մինչեւ մի քանի տասնյակ հազարը: Էթնիկ ռումինացիներ են ներկայանում նաեւ հին ռումինահայերը կամ խառնամուսնություններից սերվածները, ովքեր խոսում են ռումիներեն:

Ռումինիայի Հայերի միությունը եւ Վարուժանների ,,նոր դարաշրջանը,,

1915 թվականի ցեղասպանությունից հետո Ռումինիան առաջին երկրներից մեկն էր, որն իր դռները բացեց հայ գաղթյալների առաջ։ Այդ տարիներին պետք էր մի օրինավոր մարմին, որը փաստեր, թե այդ մարդիկ հայ են։ 1918 թվականին ստեղծվեց Ռումինահայոց միությունը, որը դադարեց գործել կոմունիստական վարչակարգի օրոք։ 1989 թվականին համայնավարական վարչակարգի տապալումից հետո, թեմական խորհրդի անդամ Շարամ Ղազարյանի թելադրանքով ,,Նոր կյանքի» այն ժամանակվա խմբագիր Սարգիս Սելյանը հրավիրում է ժողով, որը տեղի է ունենում 1990 թվականի փետրվարի 7-ին, Տուտյան կենտրոնի գրադարանի սրահում։ Այդպես ստեղծվում է Ռումինիայի Հայոց միությունը /ՌՀՄ/ եւ առաջին նախագահ է ընտրվում Վարուժան Ոսկանյանը։

1990 թվականից մինչ օրս Վարուժան Ոսկանյանը ՌՀՄ նախագահն է, նաեւ՝ Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահը։56-ամյա սենատոր Ոսկանյանը ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործիչ է, այլեւ հայտնի գրող։ Նրա ,,Շշուկների մատյան,, վեպն արդեն թարգմանվել է տասնյակ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Ընդ որում, հայերեն տարբերակի վրա աշխատել է նաեւ հեղինակն ինքը, ինչը գործին տալիս է գրեթե բնօրինակի արժեք։ Վեպում իր ընտանիքի պատմությամբ նա անդրադարձել է հայերի ցեղասպանությանը։

Ռումինահայության ժամանակակից պատմությունը Վարուժան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է այսպես. ,,20-րդ դարի 20-ական թվականներին բավական հայություն կար Ռումինիայում՝ մոտ 50-60 հազար։ Հայերը ոչ միայն թվով էին ուժ, այլեւ որակով։ Կային նաեւ քաղաքական կուսակցություններ։ Հայաստանի Առաջին հանրապետության կառավարության նախարարների կեսը Ռումինիայում էին՝ Սիմոն Վրացյանը, Դրաստամատ Կանայանը եւ այլք։ Պատերազմից հետո բոլոր կուսակցությունները դադարեցին գործել, եւ ստեղծվեց մի ճակատ, որի անունն էր ,,Շահումյան»։ Բայց 1950 թվականին թե՛ այդ ճակատը եւ թե՛ հայկական դպրոցը, որը մինչ այդ գործում էր, փակվեցին։ 1950-1990 թվականներին Ռումինիայում ոչ մի հայկական կազմակերպություն չի գործել։ Մենք հայ ենք մնացել եւ պահպանել մեր ազգային ինքնությունը միայն հայ առաքելական եկեղեցու շնորհիվ։ Համայնավարության ժամանակներում թե՛ դավաճաններ կային, թե՛ առաքյալներ եւ թե՛ զոհեր, ինչպես լինում է նման պարագաներում։ Համայնքի տարեցները հասկացան, որ իրենց հավաքած բոլոր ցավերն ու հակասությունները թույլ չեն տալիս, որ համայնքը միավորված լինի, ուստի որոշեցին հայ համայնքի ղեկավարությունը հանձնել նոր սերնդին։ Այդպես ես ընտրվեցի ՌՀՄ նախագահ, իսկ իմ տեղակալ ընտրվեց Վարուժան Փամբուկչյանը։ Մենք այն ժամանակ 30-31 տարեկան էինք։ Եթե բոլոր ընկերավարական երկրներում Ռումինիայի օրինակով շարժվեին, ապա շատ համայնքներում մեր աշխատանքներն ավելի առաջ կգնային»։

Այնուհետեւ Վարուժան Ոսկանյանը ստեղծում է ռումինական քաղաքական կուսակցություն՝ Աջակողմյան պահպանողական ուժ, որը միացավ Ազատական կուսակցությանը եւ որի փոխնախագահի պաշտոնում իրեն ընտրեցին։ Այդ տարիներից նա անընդմեջ ընտրվել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ, տարբեր տարիներին եղել բյուջետային, ֆինանսների եւ տնտեսական հանձնաժողովների նախագահ, ֆինանսների եւ արտաքին առեւտրի հանձնաժողովի նախագահ։ 2006-2008 թթ. զբաղեցրել է էկոնոմիկայի եւ առեւտրի, այնուհետեւ՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների միացյալ նախարարության, իսկ 2012-2013 թվականներին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ Ֆինանսների նախարարի պաշտոնում նա աջակցել է երկրի ուղղափառ եւ առաքելական եկեղեցիների վերանորոգմանը։

Հայ փոքրամասնությունը Խորհրդարանում ներկայացված է ի դեմս մեկ այլ հայտնի հասարակական-քաղաքական գործչի՝ ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանի, ով գրեթե 20 տարի գլխավորում է Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խումբը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս Վարուժան Փամբուկչյանը Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր է, գիտությունների դոկտոր, Ռումինիայում հայտնի գիտնական։ 2000-2008 թվականներին ղեկավարել է նաեւ խորհրդարանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության կոմիտեն եւ հեղինակել այդ ոլորտի հետ կապված բոլոր օրենսդրական նախագծերը։

Վարուժան Փամբուկչյանը մեզ հետ զրույցում այսպես է բացատրում հայերի նկատմամբ ռումինացիների վստահությունը. ,,Հետաքրքիր է ռումին ժողովրդի վստահությունը մեր կազմակերպության՝ Ռումինիայի Հայոց միության նկատմամբ։ Ես ամեն մի ընտրությանը ստացել եմ շատ ավելի ձայն՝ 14 հազարից մինչեւ 24 հազար, քան ռումինահայերի թիվն է։ Վերջին մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը հասնում է մոտ 2000-ի։ Սա նշանակում է, որ շատ ռումինացիներ մեր օգտին են քվեարկում եւ մեզ ավելի են հավատում, քան որեւէ այլ ռումինական քաղաքական կուսակցության։ Դա շատ լավ եւ դրական դիրքորոշում է, որը կապ չունի վերջին հեղափոխության հետ։ Արմատները դեռ Առաջին համաշխարհային պատերազմից են խորացել, երբ հիմնադրվեց Մեծ Ռումինիայի պետությունը՝ Տրանսիլվանիայի եւ Ռումինիայի միավորման արդյունքում։ Եվ այդ ժամանակների փաստաթղթերում ամրագրված էին հայերի բոլոր այդ իրավունքները»։

Երկու Վարուժանների դերը ռումինահայերի նորագույն պատմության մեջ, իհարկե, անգնահատելի է։ Նրանց աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ ռումինացիները հարգանքով են խոսում հայերի մասին։

Ռումինիայի հայերի միությունը /ՌՀՄ/ 15 մասնաճյուղ ունի։Հայերն ունեն փոքրամասնության կարգավիճակ, ինչի շնորհիվ պետության կողմից ֆինանսավորվում է համայնքային հաստատությունների եւ եկեղեցու գործունեությունը:

Վարժուան Փամբուկչյանի ասելով՝ Ռումինիայի Հայոց միությունը 2010 թ. սկսել է ռումինահայ պատմամշակութային ժառանգության փաստաթղթերի, այլ նմուշների թվայնացումը եւ նրանց հասանելիությունն առցանց ռեժիմով։ Այդ ժառանգության մեջ են մտնում հայկական տները, երաժշտությունը, լուսանկարները եւ ֆիլմերը։ ,,Մեր նպատակն է այդ բոլորը թվայնացնել էլեկտրոնային տարբերակով, որ հետագայում ուսումնասիրողները կարողանան հեշտությամբ օգտվել։ Մեկ այլ ծրագիր էլ կապված է համացանցային ուսուցման հետ, որ երեխաները մի տեղ հավաքվեն, եւ հեռու վայրում գտնվող ուսուցիչը նրանց սովորեցնի,,- ասում է նա։

Բուխարեստում եւ Գեռլայում սկսված այդ ծրագիրը հետագայում տարածվելու է Գալացում, Կոնստանցայում, Սուչավայում, Բոտոշանում եւ Դումբրավենում:

Համայնքը կապեր է հաստատել Հայաստանի հետ, որի շնորհիվ ծավալվում է մշակութային կյանք, կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, կինոփառատոներ եւ դասախոսություններ:

Դպրոցները, հայկական կրթությունը եւ հայագիտությունը

Ռումինիայում հայ դպրության պատմությունը նույնպես սկսվում է հայերի հաստատման շրջանից։ Դեռեւս 15-րդ դարում Սուչավա քաղաքի հայկական Զամկա վանքին կից գործել է վանական դպրոց, 1646-ին Յասիի /Յաշ/ եկեղեցուն կից նույնպես գործել է դպրոց։ Դպրոցներ են բացվել նաեւ Գեռլայում եւ Դումբրավենում։ 1724-ին Դումբրավենում նույնիսկ գործել է իգական դպրոց։ Բուխարեստում առաջին հայկական դպրոցը բացվել է 1800 թվականին։ Հայերով բնակեցված շրջաններում գործել են երկսեռ վարժարաններ։ Հետագայում եւս 4 դպրոցներ են բացվել մինչեւ 1939 թվականը։ Այս դպրոցները փակվել են 1962 թվականին։ Սակայն դեռեւս 1841 թվականին Հակոբ Պըյըգլյանի /Iacob Buiucliu/ ղեկավարությամբ հաստատվել է հայ գաղութի միասնական կանոնադրությունը, եւ այնժամ Մոլդովայի իշխան Միհայ Ստուրժան իր հրովարտակով հայկական դպրոցներին տվել է պետական կարգավիճակ եւ դրանց շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումը շարունակելու երկրի համալսարաններում եւ արտերկրում։

Հետագայում, Ռումինիայի անկախությունից հետո ՌՀՄ ջանքերով բացվել են մանկապարտեզ եւ կիրակնօրյա դասընթացներ։ 1994 թվականից Բուխարեստում, Պիտեշտում, Կոնստանցայում, Կլուժում գործում են հայերենի շաբաթօրյա դասընթացներ,որոնց ծախսերը պետությունն է հոգում, եւ դրանք ընդունված են կրթական պաշտոնական համակարգի մեջ։ Կա նաեւ մի դպրոց, ուր հայերենի ուսուցիչ կա։ Հայոց լեզվի ամառային դասընթացներ են կազմակերպվում Սուչավայում, Յաշում եւ Սինայայում:

Պիտեշտի հոգեւոր հովիվ Տեր Հեթումի ասելով՝ համայնքի համար պետք է դպրոց բացել եւ հայոց լեզու դասավանդել։ ,,Այսօր շատ քչերն են հայերեն խոսում։ Միայն հին սերունդն է խոսում։ Կոմունիստական շրջանում կտրվեցին իրենց արմատներից։ 60-70-ական թվականներին երկու հայկական դպրոց կար Բուխարեստում։ Այն ժամանակ Հայոց թեմի հավատացյալների թիվը հասնում էր տասնյակ հազարների։ Այժմ աշխատանքներ ենք տանում, որպեսզի Բուխարեստում հայկական դպրոց բացենք,,։

Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնում կիրակի օրերին երեխաները երեք տարբեր խմբերում հայերեն են սովորում։ Ուսուցչուհի Արշալույս Պարոնյանը 15 աշակերտ ունի, որոնց մի մասը նախադպրոցական բաժնում են, մի մասը սովորում է այբբենարանով, իսկ մնացյալը՝ արդեն ազատ գրում են ու կարդում, թելադրություն ու շարադրություն գրում։ Ուսուցիչներին նույնպես պետությունն է վարձատրում։ Բայց ամեն տարի տիկին Պարոնյանը դիմում է կրթության նախարարություն եւ ստանում մեկ տարով դասավանդելու իրավունքի որոշում։

Մեր այցելության ժամանակ Բուխարեստի առաջնորդարանին կից բացվեց ,,Լույս,, մանկապարտեզ-ակումբը, ուր փոքրիկները հայկական միջավայրում կանցկացնեն մի քանի ժամ։ Տաթեւ Սրբազանը այսպես մեկնաբանեց մանկապարտեզի կարեւորությունը. ,,Մանկապարտեզի գաղափարը Տիկնանց միությանն էր։ Փոքրիկների հետ աշխատանքը կարեւոր է, քանի որ երբ այդ տարիքից սկսում են ուսանել, ապա հեշտությամբ նաեւ հայկական դպրոց են հաճախում։ Նույնիսկ եթե լավ հայերեն չիմանան, բայց հայ ընկերներ ունենան, այդպիսով հայկական շրջապատի կարոտը կհագեցնեն։ Մենք Ռումինիայում չենք կարողացել այդ հայկական շրջապատը ստեղծել, ինչպես կա Հոլանդիայում կամ Ֆրանսիայում, մանավանդ մեծ քաղաքներում։ Միաժամանակ փոքրիկները կսովորեն հայ մշակույթ, հայ գրականություն, հայոց լեզու,,։

Ուսուցչուհի Լուիզա Սմիթ-Գրիգորյանը ակումբը կարեւորում է այնքանով, որ մինչ մեծահասակ երեխաները դպրոցում են սովորում, մանկահասակները կհաճախեն ակումբ, իսկ ծնողներն այդ ընթացքում մշակութային կենտրոնում սուրճ կըմպեն եւ նարդի կխաղան։

20 երեխա է հաճախելու ,,Լույս,, ակումբ։ Մանրամասնում է մանկապարտեզի դաստիրակչուհի Բելլա Մուրադյանը։ ,,Երեխաներն ավելի դժվար են համակերպվում, բայց տանը հայերեն են սովորում։ Նրանք պետք է հայերեն խոսեն եւ հատկապես խառնամուսնություների երեխաները հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին պետք է ծանոթանան։ Դպրոցում հայերենի դասերը 7 տարեկանից են, իսկ ակումբում ամենափոքրիկներն են լինելու,,։

Բուխարեստի հայկական ,,Վարդավառ,, պարախմբի ղեկավար, Բելլա Մարտիկյանը  նշում է . ,,Պարախմբի ստեղծմամբ նպատակ ունեի հայկական պարերի միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել հայ բազմադարյան մշակույթի նկատմամբ։ Աշակերտներս մեծ սիրով ու ոգեւորությամբ են հաճախում պարապմունքներին,,։

Իր հերթին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը թեեւ դրական է գնահատում հայկական հաստատությունների՝ Ռումինահայոց միության, եկեղեցու ջանքերը, սակայն գտնում է, որ հայության ինքնության պահպանման առումով խնդիրը մնում է նույնը, ինչ մյուս համայնքներում։ Ձուլման վտանգը մեծ է։ Դարերով աճել է խառնամուսնությունների թիվը, նվազել է հայերեն խոսողների թիվը։ Հայերեն բանավոր լեզվի եւ ավելի պակաս գրավոր լեզվի կրողներ են հիմնականում 1915-ից հետո Ռումինիայում ապաստանած հայերի առաջին եւ մասամբ՝ երկրորդ սերնդի ներկայացուցիչները, որոնց թիվը գնալով պակասում է, ինչպես նաեւ 1990-ականներից հետո Ռումինիայում հաստատված փոքրաթիվ հայաստանցիները: Նոր սերունդը` երիտասարդներ, պատանիներ եւ մանավանդ մանուկներ (բացառությամբ հայաստանցիների), գրեթե այլեւս հայերեն չի խոսում եւ չի հասկանում: Հին հայերից հատուկենտ հայախոս հայեր են մնացել։ Նրանց մի մասն էլ, խոսքը վերաբերում է կաթոլիկ տրանսիլվանահայերին, եռյակ ինքնության կրողներ են, հունգարախոս են, ռումին քաղաքացի եւ ծագումով հայ՝ բոլորովին յուրատեսակ մի ձուլվածք։

,,Հայերենն այնքան է նահանջել,- ասում է դեսպանը,- որ նույնիսկ եկեղեցիներում ավելի հասկանալի լինելու համար քարոզներն արվում են ռումիներենով կամ թարգմանվում են ռումիներեն, իսկ Տրանսիլվանիայում՝ միայն հունգարերեն։ Այդ նահանջը պայմանավորված է Ռումինիայում հայ համայնքի հնությամբ, խառնամուսնություններով, հայերի մի մասի դավանափոխությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռումինահայերի զանգվածային արտագաղթով այլ երկրներ, կոմունիստական վարչակարգի օրոք հայ սփյուռքից եւ Հայրենիքից կտրվածությամբ, Ռումինիայում հայահոծ բնակավայրերի, թաղամասերի, առեւտրի եւ արհեստների ցանցերի անհետացմամբ, ուստիեւ առօրյա շփումներում եւ պրոֆեսիոնալ կյանքում հայերենի իմացության ու գործածման անհրաժեշտության բացակայությամբ,,:

„Կոմունիստական վարչակարգը մեծ վնասներ է պատճառել համայնքին. փակել է միություններն ու համայնքային հաստատությունները, խլել համայնքային ունեցվածքն ու կալվածքները, ունեզրկել հարուստներին, որոնց մեծ մասը լքել է երկիրը, սահմանափակել է եկեղեցու գործունեությունը: Համայնքը նվազել է, թուլացել ու մեկուսացել”,- ասում է դեսպանը: „Այժմ ժամանակները փոխվել են, պատմական այս շրջանում հայերը հնարավորություն են ստացել առաջին անգամ ինքնուրույն որոշելու հայկական օրակարգը,- շարունակում է դեսպանը:- Դա ե՛ւ շանս է, ե՛ւ վտանգներ է պարունակում իր մեջ”:

Դեսպանի կարծիքով՝ ռումինահայերի ամենամեծ մարտահրավերը հայապահպանությունն է՝ հայոց լեզվին, հայ մշակույթին ու սովորույթներին հավատարմության միջոցով, Հայաստանի հետ կապերի ամրապնդման եւ համահայկական հարցերի շուրջ համախմբման միջոցով։

Այս նպատակով միջկառավարական մակարդակով վերջին տարիներին բավականին քայլեր են արվել: Հուշագիր է ստորագրվել Երեւանի եւ Բուխարեստի համալսարանների միջեւ, որի համաձայն Բուխարեստի համալսարանում 2011-ից վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները։ 2013 թվականին դոկտոր Աիդա Մարկոսյանը Բուխարեստի համալսարանում հրատարակել է ռումինախոսների համար Հայոց լեզվի դասագիրք, նույն տարին լույս է տեսել նաեւ Ուլնիա Բըլընարու Մականյանի արեւմտահայերնի դասագիրքը։ Համաձայնագիր է ստորագրվել նաեւ Հայաստանի եւ Ռումինիայի ազգային ակադեմիաների միջեւ:

Պետական կրթաթոշակներով ամեն տարի Հայաստանից 8-9 ուսանող իրենց կրթությունը շարունակում են ռումինական բուհերում: Ըստ դեսպանի՝ կրթաթոշակների մեջ տարեկան 1-2 տեղ նպատակային հատկացում պետք է արվի պատմաբանասիրական ճյուղերին, որովհետեւ Ռումինիայում հայագիտության լավ ավանդույթների վերականգնման ուղղությամբ նպաստավոր պայմաններ եւ անհրաժեշտություն կա։ Ռումինական իշխանությունները պատրաստակամորեն ընդառաջում են հայկական նախաձեռնություններին եւ ծրագրերին, որի լավագույն օրինակներից է 2013-ի հոկտեմբերի վերջին Բուխարեստում գումարված ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային գիտաժողովը, ինչպես նաեւ 2015 թվականին նախատեսված Ռումինիայի պատմության ազգային թանգարանում անցկացվելիք խոշոր ցուցահանդեսը:

Հայապահպանության առումով շատ կարեւոր իրադարձություն էր 2014 թվականի սկզբին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում /University of Babes-Bolyai/ Հայագիտության ինստիտուտի հիմնումը։ Հայագիտության ինստիտուտի տնօրեն դոկտոր Լուչիան Նաստասե-Կովաչի կարծիքով՝ ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի եւ ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլեւ գիտական կապերի զարգացումը Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ բալկանյան երկրների հետ` այդպիսով հավակնելով դառնալ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայագիտության կենտրոնը: Ծրագրվում է մյուս տարվանից Կլուժի համալսարանում նույնպես սկսել հայերենի դասընթացներ, որոնց կհաճախեն նաեւ ազատ ունկնդիրներ։

Ի դեպ, դեսպանության նախաձեռնությամբ, վերջին երկու-երեք տարիներին եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի եւ Ռումինիայի տասը քաղաքների միջեւ, որը հնարավորություն է տալիս փոխայցելությունների եւ անմիջական շփումների միջոցով մոտիկից ծանոթանալ միմյանց լեզվին, մշակույթին ու նիստուկացին։ Հայապահպանության օգտակար միջոց է ռումինահայ պատանիների պարբերական ուղեւորությունները Հայաստան՝ ,,Արի տուն,, ծրագրի շրջանակներում։

,,Ինքնության պահպանումն ամենօրյա պայքար է, որովհետեւ չկա մեկը, որի հետ կարող ես հայերեն խոսել,- փաստում է սենատոր Ոսկանյանը։ -Կինս ռումինուհի է, աղջիկս՝ Արմինեն, հայերեն խոսելու քիչ հնարավորություն ունի։ Վենետիկում հայր Լևոն Զեքիյանի կազմակերպած հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացներին է հետեւում եւ վարժ հայերեն է խոսում, բայց նա բացառություն է։ Շատերը հայակական արմատները չեն կարողանում պահել,,։

Հայերն ու ռումինացիները

Ինչպիսի՞ն են ռումինահայերը եւ ի՞նչ հարաբերություններ ունեն ռումինացիների հետ։ Իմ հանդիպած ռումինահայերի մեջ չկար մեկը, որ սիրով ու հարգանքով չխոսեր ռումին ժողովրդի մասին։ Թերեւս ամենաբնորոշ գնահատականներից մեկը տվեց Վարուժան Ոսկանյանը. ,,Ռումինիայում հայության նկատմամբ բացառիկ նպաստավոր դիրքորոշում կա։ Հայերը շատ հարգված են ոչ միայն որպես քրիստոնյա, քանի որ կաթոլիկ ծխեր էլ ունենք Տրանսիլվանիայում, այլ որովհետեւ չկա որեւէ կարեւոր պահ Ռումինիայի պատմության մեջ, ուր հայ չգտնվի։ Ունեցել ենք հայ իշխաններ, որոնք Ռումինիայի համար թուրքերի դեմ պայքարել են եւ մահացել՝ կռվից առաջ հայերեն աղոթելով։ 1877 թվականի պատերազմի ժամանակ Օսման փաշան՝ թուրք բանակի զորավարը, իր սուրը հանձնել է Չերքեզ անունով հային։ Նախարարներ ու երեսփոխաններ ենք ունեցել, որոնք դպրոցներ են ստեղծել։ Մանկավարժության ու դաստիարակության մեջ հայտնի էր Գեորգի Ասաքին, բժշկության մեջ՝ Յակոբ Յակոբովիչը և Անա Ասլանը, փիլիսոփայության բնագավառում՝ Վասիլե Կոնտան։ Այսօր էլ կան ճանաչված ակադեմիկոսներ, գրողներ, բժիշկներ։ Գեւորգ Գիմիջյանը փայլուն դեղագործ էր։ Վիրաբույժ Էսքիջյանը նույնպես հայտնի էր՝ ուղեղի 10 հազար վիրահատություն էր արել։ Ունենք երգիչներ, գրողներ, փայլուն պրոֆեսորներ եւ դերասաններ։ Հայերն այստեղ մտավորական են, բայց ունենք նաեւ միջին գործարարներ, որոնք առեւտրի, տեքստիլի եւ շինարարության մեջ են զբաղված։Թեեւ մի քանի հազար ենք, բայց հարգված համայնք ենք եւ ազդեցիկ,,։

Վերջերս մեծ շուքով նշվեց հայտնի հայ բժիշկ, գիտնական եւ պրոֆեսոր Գրիգոր Փամբուկչյանի 100-ամյա հոբելյանը։

Ռումինահայ վաստակաշատ թարգմանիչ եւ լրագրող Մադլեն Գարագաշյանն այսպես է բնութագրում համայնքային կյանքի պատկերը. ,,Ցավոք, Հայաստանից եկածները տակավին մեր հին գաղութի հետ լավ չեն ինտեգրվում։ Իսկ նորերի ինտեգրացիան չի լինի, մինչեւ տեղական լեզուն չսովորեն։ Բայց երիտասարդ սերունդը, որը կա՛մ այստեղ է ծնվել, կա՛մ արդեն 20-25 տարեկան է, ե՛ւ պարախումբ ունի, ե՛ւ զվարճանում են միասին, ե՛ւ միասին հայերենի դասընթացների են հետեւում, Հայաստանի ծրագրերին են մասնակցում։ Մնացյալը խառնամուսնությունների զավակ են։ Մեր նոր սրբազանը գաղութի վերածննդի համար նոր աշխուժություն բերեց, երիտասարդությանը հավաքեց, ուխտագնացություններ կազմակերպեց դեպի Սուչավա, եւ հույս ունենք, որ ապագան նոր սերնդի ձեռքը կմնա։ Եկեղեցու դերը համայնքում վերածնվում է։ Համայնքն ակտիվորեն համագործակցում է նաեւ Հայաստանի դեսպանության հետ,,։

,,Ռումինացիները միշտ լավ աչքով են նայում հայերին, մեր երկու Վարուժանները բարձր պաշտոնների են հասել։ Կան մարդիկ, որ տարբեր մակարդակներում հաջողությունների են հասել,,- պատմում է տիկին Մադլենը, ում տասնյակ տարիների թարգմանությունների միջոցով ռումինները ծանոթացել են հայ գրականության արժեքավոր գործերին։

Ռումինահայ ճանաչված հրապարակագիր-գրողներից են Շտեֆան Հակոբյանը, Վարուժան Ոսկանյանը, Անաիս Ներսեսյանը /Anais Nersesian/, Պետրոս Խորասանճյանը /Bedros Horasangian/, Վարդան Առաքելյանը /Vartan Arakelian/, Պաուլ Գրիգորիուն /Paul Grigoriu/, Փոլ Թումանյանը /Paul Tumanian/, Սիմիոն Դավիդյանը /Simion Tavitian/, կինոգործիչ Անուշավան Սալամանյանը /Anusavan Salamanian/, ով մասնակցություն է ունեցել 100-ից ավելի կինոնկարներում, կինոբեմադրիչ եւ դերասան Ֆլորին Գեւորգյանը /Florin Kevorkian/, երաժշտական քննադատ Դումիտրու Ավագյանը /Dumitru Avakian/, թարգմանիչ, նախկին դիվանագետ Հակոբ Բեզերյանը /Bezerian Agop/ եւ այլք։

Կերպարվեստի եւ երաժշտության բնագավառի արդի անուններից են Երվանդ Նիկողոսյանը /Ervant Nicogosian/, Պարուհի Թեփելիկյանը /Paruhi Tepelikian/, Պավել Բոտեզատուն /Pavel Botezatu/, Ազատուհի-Վարդուկա Խորենյանը /Azaduhi Varduca-Horenian/, նկարիչ Սամվել Սեդրակյանը, ճարտարապետ Էդուարդ Սաղաթելյանը /Eduard Sagatelian/, ջութակահար Վարուժան Գոզիկյանը /Varujan Cozighian/, հայտնի ջազմեն Հարրի Դավթյանը /Harry Tavitian/, ջազմեններ, կոմպոզիտորներ, սաքսոֆոնիստ ու կիթառիստ Գաբրիել եւ Կարապետ Դեդեյան եղբայրները /Capriel եւ Garabed Dedeyan/, օպերային երգիչ, բարիտոն Էդուարդ Թումաջյանը/Eduard Tumagian/: Ոչ վաղ անցյալի հայտնի անուններից են քանդակագործ Յոանա Կասարջյանը /Ioana Kassargian/, գծանկարիչ Չիկ Դամադյանը /Տամատյան/Cik Damadian/, բեմադրիչ Յոն Շահիկյանը /Ion Sahighian/, օպերային երգիչ Դավիդ Օհանեսյանը /Հովհաննիսյան /David Ohanesian/, թատրոնի եւ գրականության գործիչներ Հայկ, Արշավիր եւ Ժեննի Աքթերյանները /Haig, Arsavir, Jenny Achterian/, լրագրող Լեոն Գալուստյանը /Leon Kalustian/, արեւելագետ Հակոբ Սիրունին/Agop Siruni/։

Հայտնի են նաեւ վիրաբույժ Միրչա Գեմիջյանը /Mircea Vasile Ghemician, ինժեներ-կոնստրուկտոր Ժիրայր Գյուլբենկյանը /Jirair Ghiulbenghian/, ֆուտբոլի մարզիչ Ֆլորին Հալաջյանը /Florin Halagian/, գործարար, բարերար Հակոբ Քրմզյանը/Agop Kirmizian/։

Հալեպահայ ոսկերիչ Գեւորգ Մարտիկյանը, ով22 տարի աշխատում է Բուխարեստում, պատմում է, որ ռումինահայությունը որեւէ խնդիր չունի, քանի որ կառավարությունից շատ լավ աջակցություն է ստանում։

,,Ռումինահայերը, ինչպես մեր պատգամավոր Փամբուկչյանն է ասում, ոչ թե ընդգրկված ենք այս պետության մեջ, այլ բոլորի հետ միասին ենք մեծացել եւ 1000 տարվա պատմություն ունենք ռումինացիների հետ։ Մենք ռումինացիների հետ եղբայր ենք,,- ասում է նա։- ,,Միայն թե, ցավալին այն է, որ նոր սերունդը գնում է Ռումինիայից,,։

Հայտնի հեռուստամեկնաբան, լրագրող ու պատմաբան, Ռումինիայի գրողների միության եւ Ռումինիայի Հայոց միության անդամ Վարդան Առաքելյանն այլ փորձառություն է ունեցել Ռումինիայում։ Նա էլ շատերի պես հայերեն գրեթե չի խոսում։ ,,Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ գոհ եմ, ռումինական շրջապատում դժվարություններ ունեցել եմ։ Երբ 12 տարեկանում դպրոցը փոխեցի եւ գնացի գիմնազիա, Կոնստանցայում կրոնի ուսուցիչը ինձ եւ թուրք ուսանողին դասարանից հանեց՝ ասելով, թե քրիստոնյա չենք։ Համայնավարներն այդ հարցը լուծեցին, քանի որ կրոնը հանեցին դասավանդումից։ Համալսարանն ավարտելուց հետո ռումինական կոմերիտմիության թերթին էի աշխատակցում։ Իբրեւ հայ, մասնավոր ճիգեր եմ թափել, որ հաջողեմ։ Երիտասարդ տարիներից ռումին բարեկամներ եմ ունեցել,,։ Նրան հայ ընկերներն են սովորեցրել, թե ինչ է հայ եւ ինչ նշանակություն ունի հայ լինելը։ Իր կյանքում ունեցած դժվարություններն են ստիպել, որ մտնի հայկական միջավայր։ Հայ մեծ գիտնական եւ գրող Հակոբ Սիրունու մասին /վերջինս համայնավարների օրոք դատապարտվել է եւ Սիբիր աքսորվել/ մասին նրա գրքերը տպագրվել են ռումինական հրատարակչությունում, որը նպաստել է, որպեսզի Ռումինական ակադեմիան հետմահու Սիրունուն ակադեմիկոսի կոչում շնորհի։ Վարդան Առաքելյանի ասելով՝ սեփական փորձառությունից ելնելով, դժվարությունները կարող են խթանել նաեւ, որ մարդիկ հայ մնան։

,,Ռումինահայերը մեծ մասամբ ինտեգրված են եւ նույնիսկ վարակված են ռումինացիների մեղքերով, ժամանակին նատուրալիզացիայի են ենթարկվել՝ խառնամուսնությունների պատճառով,,- շարունակում է պատմել հայ մտավորականը։

,,Նկատի ունենալով այսօրվա բաց աշխարհը՝ հայերը երիտասարդ սերնդի ռումինացիների հետ կարող են համակերպվել,,- ասում է նա։ Մինչդեռ, երբ ինքն ուսանող էր, պրոֆեսորներից մեկն առաջարկել է գրական թերթի մեջ մտնել իբրեւ գրաքննադատության բաժնի պատասխանատու, բայց պահանջել է անունը փոխել, քանի որ դժվար անուն ունի։ ,,Այսօր նման հարցեր չեն դրվում։ Հայ անհատներ ունենք, որ հայտնի են դարձել իրենց ընդունակությունների շնորհիվ։ Իսկ կոմունիստների օրոք չենք կարողացել խոսել նույնիսկ հայ գաղութի մասին,,- հիշում է Վարդան Առաքելյանը։ Ռումինահայոց Միության վարչության անդամն այսօր էլ գրքեր է գրում, եւ մի ֆիլմ պատրաստում, որը նվիրված է Ռումինիայի վերջին 25 տարիների անցումային շրջանին։

Պիտեշտի հոգեւոր հովիվ Տեր Հեթումի ասելով՝ այն, որ հայերը հեռացել են իրենց արմատներից, պատճառը ոչ միայն կոմունիստական շրջանն էր, այլեւ հոգեւորականների ու մտավորականների պակասը։ ,,Ցավոք, Ռումինիայի կոմունիստական ղեկավար Չաուշեսկուի շրջանում խափանվել է այդ զարգացումը։ Ռումինական բռնապետության տապալումից հետո միայն հայերը նոր սկսեցին շունչ առնել։ Մինչեւ 1968 թվականը համայնքը ծաղկուն էր, մեծ թվով հայտնի հայեր կային։ Առաջին հանրապետության տապալումից հետո եկան դաշնակցական ղեկավարները, դրանից առաջ նաեւ Կոմիտասն ու Սիամանթոն են այցելել Հաճկատարի վանք։ Հայոց թեմի պահպանման ու զարգացման հարցում պարտական ենք նշանավոր մտավորական, թեմի առաջնորդ Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրաբյանին, ով ոտքի է կանգնեցրել թեմը։ 1960-ականների վերջերին Ռումինիայի կառավարությունը որոշում ընդունեց, որ հայերն ու հրեաները կարող են հեռանալ երկրից, որի արդյունքում մեծ հոսք եղավ դեպի Ամերիկա, եւ այդպես հայ գաղութը նոսրացավ,,։

Այսօր հայաստանցիների թիվը Ռումինիայում գնալով ավելանում է, հասնում է 300-400-ի։ ,,Պիտեշտում Հայաստանից 2-3 ընտանիք կա։ Ինտեգրումը շատ հեշտությամբ չի կատարվում, բայց նաեւ չեմ կարող ասել, որ շատ դժվար է։ Ժամանակ է պետք է, որ տեղի հայերի ու հայաստանցիների աշխարհայացքները ձուլվեն,,- ասում Տեր հայրը։

Դրա վառ վկայությունն է Ռուզաննա Վարդերեսյանի եւ Արթուր Ջաղինյանի ընտանիքը։ Դեռ 1993 թվականին են տեղափոխվել Ռումինիա։ Ժամանակին Ռուզաննայի ծնողները Ռումինիայից ներգաղթել էին Հայաստան։ Ռուզաննան ծնվել է Երեւանում, բայց արդեն նրա երեխաները հասակ են առել Բուխարեստում։ Փայլուն տիրապետում են հայերենին, ռումիներենին ու անգլերենին։ Գիշեր-ցերեկ աշխատել են, որպեսզի երեխաները լավագույն կրթությունը ստանան։ ,,Մեր երկու որդիներին տվեցինք անգլիական միջազգային դպրոց։ 12 տարեկանում Հրանտը շահեց թատերական փառատոնի գլխավոր մրցանակը։ Այսօր արդեն ճանաչված դիզայներ է։ Ամուսնուս՝ Արթուրի հետ բացել ենք ,,Կիլիկիա,, հայկական ռեստորան, նույնիսկ ,,Կիլիկիա,, անումով տորթ ենք թխում,,- պատմում է Ռուզաննան։

,,Ռումինական հասարակությանը շատ եմ ընտելացել։ Ռումինացին շատ փափուկ է, ռումին ընտանիքների հետ շատ ջերմ բարեկամություն ունենք։ Միաժամանակ, ես եվրոպացի չեմ դառնում, մնում եմ հայ։ Գրեթե 10 տարի Հայաստան չեմ գնացել, բայց նայում եմ բոլոր հեռուստատեսային հաղորդումները եւ մեջս ցանկություն է առաջանում օգնել հայրենիքիս,,- հուզված ձայնով ասում է նա։

Պարուսույց Բելլան նույնպես հեշտ է համակերպվել ռումինական միջավայրին, բայց նրա գործընկերուհի Լուիզան նշում է, որ սկզբնական շրջանում շատ դժվար էր։ Ու թեեւ արդեն 11-րդ տարին է՝ բնակվում Բուխարեստում, սակայն ամեն տարի գնում է Հայաստան։ Կարոտը անասելի մեծ է։

Ընդհանրապես, Ռումինիայի հայության մասին ե՛ւ հեշտ է գրել, ե՛ւ դժվար։ Ինչպես վերեւում նշեցինք, Տաթեւ Սրբազանը շատ բարձր է գնահատում ռումինների պահվածքը։ Նրա կարծիքով. ,,Ռումինիայի հասարակության մեջ հայերը լիովին ինտեգրված են։ Ռումինները շատ բարյացակամ են վերաբերում հայերին, մեզ հետ հազար տարվա պատմություն ունեն եւ ինձ շատ հարազատ եմ զգում այստեղ։ Պետք է ասեմ, որ այլ եվրոպական երկրներում ես այսքան հարազատ չեմ զգացել ինձ, որքան Ռումինիայում»։

Արդեն 4 տարի Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի կարծիքով, ռումինները հանդուրժող եւ բաց ժողովուրդ են. դրանով է բացատրվում հայկական ինքնության պահպանումը` հակառակ պատմական բարդ ժամանակների եւ վարչակարգերի, հակառակ ձուլման եւ ուծացման անխուսափելի երեւույթների: Կոմունիստական կեսդարյա սահմանափակումներից հետո հայերը մյուսների կողքին վերջին քառորդ դարում ստացան փոքրամասնության կարգավիճակ` դրանից բխող իրավունքներով, եւ այժմ իրենց ներկայացուցիչն ունեն ռումինական խորհրդարանում։

Ռումինիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է՝ 1991թ. դեկտեմբերի 11-ին, առաջինը՝ խորհրդային տարածքից դուրս։ 1991 թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրվեց արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Իր հերթին Հայաստանը նախկին խորհրդային երկրների շարքում առաջիններից մեկը բացեց իր դեսպանատունը Բուխարեստում՝ 1994 թ. ապրիլի 24-ին: Նախկինում Հայաստանի դեսպաններ են եղել ամուսիններ Գեորգի եւ Կարինե Ղազինյանները, Եղիշե Սարգսյանը։ Բազմաթիվ փոխայցելություններ են եղել ամենաբարձր մակարդակով, ստորագրվել են 40-ից ավելի միջպետական պայմանագրեր: Տնտեսական կապերը խթանելու համար 2000-ին ձեւավորվել է Հայաստան-Ռումինիա միջկառավարական հանձնաժողով, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում ծավալվել է ակտիվ համագործակցություն: Բուխարեստում գործում է նաեւ Ռումինիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատը եւ Նորատունկյան հիմնադրամը։

Հայկական Բուխարեստը եւ հայ մամուլը

Բուխարեստի հայկական գլխավոր հաստատությունները գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում։ Արմենեասկա փողոցի վրա Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց հայկական առաջնորդանիստ եկեղեցին է, որ կառուցվել է 1911-1915 թվականներին՝ ճարտարապետներ Գրիգորե Չերքեզի եւ Դիմիտրիե Մայմարոլուի համատեղ նախագծով եւ փաստորեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի փոքր տարբերակն է։ Միակ հայկական եկեղեցին է աշխարհում, որ օծվել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Եզրաս քահանա Բոգդանը /Աստվածատուրյանը/, ժամանակին այս եկեղեցու տակ եւս երկու ուրիշ եկեղեցիներ են եղել, որոնցից մեկը կառուցված է եղել 17-րդ դարում՝ 1638 թվականին, իսկ մյուսը՝ հետագա տարիներին։ Ժամանակին այս տարածքը քաղաքից դուրս է եղել, բայց հիմա քաղաքն այնքան է մեծացել, որ եկեղեցին հայտնվել է քաղաքի կենտրոնում։ Քիչ այն կողմ Հայկական գերեզմանատունն է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռով։

Եկեղեցու շուրջն են գտնվում նաեւ Հայոց թեմի Առաջնորդարանը, Հովսեփ եւ Վիկտորիա Տուտյան մշակույթի կենտրոնը, ուր գործում է հարուստ թանգարանը, որի շենքը կառուցվել է 1940-1942 թվականներին, իսկ գրադարանի հիմքը 1927 թվականին դրել է հայագետ-արեւելագետ Հակոբ Սիրունին։ Նա ամբողջ երկրով մեկ շրջել է եւ հավաքել ծիսական առարկաներ, գրքեր ու ձեռագրեր։ Այժմ գրադարանում պահվում է 15 հազար հատոր գրականություն։ Կան նաեւ ձեռագրեր ու հնատիպ գրքեր, որոնք իրենց արժեքով բացառիկ են։ Դրանցից 1200-ը 1512-1850 թվականներին հրատարակված գրքեր են։ Ողջ գրականությունը թվայնացվել է։ Այս մասին մեզ պատմեց գրադարանի եւ թանգարանի արդեն նախկին տնօրեն, Երեւանի Մատենադարանի նախկին աշխատակցուհի Արշալույս Պարոնյանը, ով հայկական երկօրյա դպրոցի ուսուցչուհի է։ Տուտյան կենտրոնում ներկայացված են նաեւ հին հայերի տոհմածառերը։

Հարեւան շենքում միաբանությունն է, ՌՀՄ կենտրոնական գրասենյակը եւ La Armeni մշակույթի սրահը։ Բակում կանգնեցված են Անդրանիկ Զորավարի կիսանդրին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար-կոթողը: 2002 թվականի ապրիլի 24-ին Բուխարեստի հայկական գերեզմանատանը հանդիսավոր պայմաններում բացվել է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

ՌՀՄ վարչական շենքում են նաեւ ,,Արարատ,, եւ ,,Նոր կյանք,, ամսագրերի խմբագրությունները, ,,Արարատ,, հրատարակչությունը, ուր տարեկան մոտ 25 գիրք է հրատարակվում, այդ թվում՝ երկու հայկական պարբերականները։ Արդեն մոտ 25 տարի է՝ տպարանը ղեկավարում է Սիրուն Թերզյանը, ով ՌՀՄ փոխնախագահն է։ Նրա ասելով՝ 1975 թվականից գործող տպարանում մոտ 200 գիրք են տպագրել։ Շատ են տպագրում թարգմանական գրականություն՝ հայ գրողներին ռումիներեն եւ ռումին գրողներին՝ հայերեն։ Կարեւոր հրատարակություններից են Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրի» ռումիներեն հրատարակությունը, Վարդան Մարթայանի ,,Ռումեն-Հայ,, եւ ,,Հայ-Ռումեն,, ծավալուն բառարանները, Վազգեն Վեհափառին, Գալուստ Կյուլպենկյանին, Վիլյամ Սարոյանին, Հովհաննես Թումանյանին ու Ավետիք Իսահակյանին եւ շատ այլ անվանի մարդկանց մասին արժեքավոր գրքեր։ Պարբերականներն  ունեն նաեւ համացանցային Araratonline.com կայքէջը՝ ռումիներեն եւ անգլերեն։ Երբեմն տեղադրում են նաեւ հայերեն հոդվածներ։ Վերջին 100 տարվա ընթացքում Ռումինիայում լույս են տեսել մոտ 50-ից ավելի թերթ ու պարբերական։

,,Նոր կյանք,, եւ ,,Արարատ,, հանդեսների գլխավոր խմբագիր Միհայ /Միքայել/ Ստեփան-Գազազյանը /Mihail Stepan-Gazazian/ պատմում է, որ,,Արարատ» ամսագիրը լույս է տեսել 1925 թվականին, Արմենակ Մանիսալյանի հովանավորությամբ, իսկ առաջին խմբագիրն էր Վարդան Մեշտուճյանը։ Մինչեւ հիմա խմբագրությունում պահում են պարբերականի առաջին համարը եւ ողջ արխիվը։ Միհայը նշում է, որ իրենք շարունակում են այդ ավանդույթները։ ,,Նոր կյանքը» հայերեն էջերով սկսեց հրատարակվել 1950 թվականից։ Իհարկե, ,,Արարատն» ավելի շատ են կարդում, քանի որ ռումիներեն է եւ ամեն ամիս լույս է տեսնում 1000 տպաքանակով, իսկ ,,Նոր կյանքը» երկու ամիսը մեկ անգամ՝ 600 տպաքանակով։ Հանդեսները նույնպես ֆինանսավորվում են Ռումինահայոց միության միջոցով։ Լուսաբանում են ոչ միայն ռումինահայության կյանքը, բոլոր համայնքային միջոցառումները, այլեւ հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրում՝ նվիրված Հայաստանին ու հայկական սփյուռքին։

Ռումինահայերը շատ լավ են ինտեգրված ռումինական հասարակության մեջ։ Շատ հին համայնք ունենք, բայց նաեւ ձուլում է եղել։ Կոմունիզմը շատ վնասեց մեր հոգեւոր կյանքին։ Այսօր հայերին մեծ հնարավորություն է տրված իրենց ինքնությունը պահելու համար, քանի որ կառավարությունը օգնում է ազգային մշակույթը պահելու հարցում։ Հայաստանցիների գալը կարեւոր է մեզ համար,,- ասում է խմբագիրը։

,,Նոր կյանքի,, հայերեն էջերը պատրաստում են Մադլեն Տեր-Ղուկասյանը եւ Վարդան Մարթայանը։ Լուսանկարների հեղինակն է Միհայ Գեորգիուն։

Ռումինիայում եւս երկու հայկական պարբերական է հրատարակվում. Գեռլայում՝ ,,Armenia,, հունգարալեզու պարբերականը, Յաշում` ,,Սիամանթո,, /Siamanto հանդեսը:

Բուխարեստում է գտնվում նաեւ հայտնի Զամպաքչյան թանգարանը, որը գործում է 1947 թվականից եւ որի վերաբացումը կատարվեց 2008 թվականին։ Թանգարանում ներկայացված է հայազգի արվեստի հավաքորդ եւ քննադատ Գրիգոր Զամպաքչյանի /Kricor Zambaccian, 1889-1962/՝ Ռումինիայի արվեստի ամենահարուստ եւ արժեքավոր հավաքածուներից մեկը։ Նա այդ տունը նվիրել էր Ռումինիայի պետությանը։ Այսօր կոկիկ կահավորված թանգարանում ցուցադրվում են ռումինական արդի նկարչության եւ ֆրանսիական գեղանկարչության արժեքավոր գործեր։ Թե՛ հայերը եւ թե՛ ռումինները հպարտանում են այս թանգարանով։

Մեկ այլ կարեւոր պատմական վայր է ռումինահայ դիվանագետ եւ հայտնի առեւտրական Մանուկ Բեյի /Էմանուել Միրզայան, 1769-1817/ պանդոկը, որ հիմա հին քաղաքի Hanul Manuk հյուրանոցային համալիրն է։ Երբեմնի քարվանսարայի նախնական տեսքը գրեթե լիովին պահպանված է։ Նույնիսկ սրճարաններից մեկի ճաշացանկում նրա մասին հոդված կա եւ նրա անունով սուրճ։ Այսպիսով Մանուկ Բեյը շարունակում է շահույթ բերել։ Իր ծառայությունների եւ հմտության համար նա սուլթանից ստացել է բեյի, իսկ ռուսական արքունիքից՝ Մոլդովայի իշխանի կոչում։ Մանուկ Բեյը լուրջ դեր է խաղացել 1812 թվականի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքման հարցում, որը ստորագրվել է Բուխարեստի իր պանդոկում։ Ասում են, թե թուրքերը հետագայում դժգոհ են մնացել պայմանագրից եւ քեն պահել Մանուկ Բեյի դեմ։ Խուսափելով թուրք կառավարության հաշվեհարդարից՝ 1813 թվականին Մանուկ Բեյը հաստատվել է Քիշնեւում եւ դարձել ռուսահպատակ։ Մանուկ Բեյը մեծ ծառայություններ է մատուցել իր ծննդավայր Ռուշչուկի /Ռուսե, այժմ՝ Բուլղարիայում/ եւ բալկանյան այլ քաղաքների տնտեսական զարգացման գործին։ Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ։ Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել ԷջմիածնիՄուշիԵրուսաղեմի եւ այլ վայրերի վանքերին։

Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է քաղաքի առաջին հայկական դպրոցը (1817)։ Նրա անվամբ կոչվել են ռումինական երկու գյուղ։ Նրա կալվածքներից է նաեւ այժմ Մոլդովայի տարածքում գտնվող Հնչեշտ քաղաքի Մանուկ Բեյի դաստակերտ-այգին, որի վերանորոգումը իրականցնում են մի համատեղ եվրոպական նախագծի շրջանակներում՝ այնտեղ կատարելով հնագիտական պեղումներ, վերականգնելով դղյակի նախկին տեսքը, կահավորելով եւ դարձնելով զբոսաշրջության կենտրոն։ Մանուկ Բեյի Հնչեշտի դաստակերտը նախատեսված է բացել 2015 թվականի օգոստոսի 31-ին։

Ռումինիայում Հայկական թանգարաններ են գործում Գեռլա, Դումբրավեն եւ Ֆրումոասա քաղաքներում, ակումբներ եւ մշակույթի սրահներ՝ Գեռլայում, Կոնստանցայում, Կլուժում, Բակաուում, իսկ հայկական պարախմբեր կան Բուխարեստում, Կոնստանցայում, Կլուժում, Յաշում, Պիտեշտում։

Բուխարեստում՝ խորհրդարանի շենքում, որը համարվում է աշխարհի երկրորդ խոշոր վարչական շինությունը՝ Պենտագոնից հետո, եւ կառուցվել է բռնակալ առաջնորդ Չաուշեսկուի կողմից, տեղադրված է նաեւ հայ քանդակագործ Յոանա Կասարջյանի ,,Վիկտորիա,, արձանիկը։ Բուխարեստի Հավաքածուների թանգարանի զարդերից են Հուրմուզ Ազնավուրյանի /Hurmuz Aznavorian/, Կարապետ /Կարպիս/ Ավագյանի /Garbis Avachian/, Բեատրիս եւ Հրանտ Ավագյանների /Beatrice, Hrandt Avakian/ արժեքավոր հավաքածուները։

Ռումինիայի Հայոց թեմը եւ համայնքները

Ռումինիայի հայոց թեմը հիմնվել է 1931թ-ին: Մինչ այդ՝ 6 դար այն պատկանել է Կ.Պոլսի պատրիարքությանը։ Վերջին 90 տարիներին այլեւս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ենթարկվում։ 1921-1942 թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն է եղել Հուսիկ արք. Զոհրապյանը, 1943-1955 թթ.՝ Վազգեն եպս. Պալճյանը (Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը),1960-2010 թթ.՝ Տիրայր արք. Մարտիկյանը։ Վերջինիս մահից հետո, 2010 թվականին Ռումինիայի թեմի 42-րդ առաջնորդ է ընտրվել 2004 թվականից Հոլանդիայի հոգեւոր հովիվ, իրաքահայ Տաթեւ վարդապետ Հակոբյանը, ով 2011-ի նոյեմբերին Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։

Ինչպիսի՞ վիճակում է այսօր Ռումինիայի Հայոց թեմը, որի եպիսկոպոսական աթոռը հաստատվել է 1401 թվականին, Ալեքսանդր Բարի /Բարեպաշտ/ իշխանի հրովարտակով: Իր հոգեւոր առաջնորդության 4 տարիների ընթացքի մասին պատմում է Տաթեւ Սրբազանը։

Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան. ,,4 տարվա ընթացքում ամենակարեւոր գործը, որ կատարեցինք, մեր թեմի բոլոր կալվածքների արձանագրումն էր, եւ այժմ ունենք Ռումինիայի տարածքում գտնվող հայկական ժառանգության ընդհանուր պատկերը` 12 ծուխ, երկու վանք, 16 եկեղեցի, 8 մատուռ եւ 8 գերեզմանոց։ Բոլոր եկեղեցիների մեջ գտնվող թանկարժեք իրերը փոխադրել ենք Բուխարեստի թանգարան, քանի որ այստեղ ավելի ապահով է։ Հավաքել ենք նաեւ թեմի ողջ արխիվը, որն այլեւս ցրված չէ տարբեր քաղաքներում, եւ դրանք պահվում են առաջնորդարանում։ Բոլոր ռումիներեն փաստաթղթերը ցուցակագրվել են, այժմ հերթը հայերենինն է, որից հետո այդ բոլորը պետք է թվայնացնել։ Այս ընթացքում նորոգվել է երեք եկեղեցի՝ Հաճկատարի Սուրբ Մարիամ Աստվածածինը, Բոտոշանի Սուրբ Մարիամ Աստվածածինը եւ Սուչավայի Սուրբ Սիմեոնը։

 ,,Ամենօրյա պատարագ է կատարվում միայն 6 եկեղեցիներում, իսկ մյուսներում՝ ամիսը մեկ կամ 2 շաբաթը մեկ անգամ։ Ունենք ընդամենը 6 քահանա, եւ նրանցից ոմանք 2 կամ 3 ծուխ են ղեկավարում։ Հաճկատարում պատարագ չի կատարվում, Զամկայում՝ նույնպես։ Կան քաղաքներ, որոնցում արդեն հայ չկա, բայց տարին մեկ անգամ պատարագ ենք մատուցում տեղի հայկական եկեղեցիներում, այն էլ՝ ոչ հայերի համար,,։

Տաթեւ Սրբազանը շարունակում է. ,,Այս տարիներին նաեւ կարողացանք երիտասարդությանը համախմբել եկեղեցու շուրջը եւ ստեղծել Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպությունը։ Ու թեեւ դեռ դժվարություններ կան մեր աշխատանքների հետ կապված, սակայն հուսով ենք, որ հետագայում այն ավելի կաշխուժանա։ Ուխտագնացություններ կազմակերպեցինք դեպի Ռումինիայի հայկական եկեղեցիները՝ մատաղօրհնության օրերին, ինչն օգնեց, որպեսզի հայերը սկսեն մասնակցել այդ ձեռնարկներին եւ ծանոթանան Ռումինիայի հայկական եկեղեցիներին։ Նախկինում նրանք մի քաղաքից մյուսը չէին գնում։ Իսկ մատաղօրհնության օրերը թույլ են տալիս ծանոթանալ նաեւ այլ քաղաքների հայկական եկեղեցիներին, ճանաչել մեկմեկու։ Նման շփումները շատ լավ են։ Եվ երբ տեսնում են տարբեր տեղերից հայեր են գալիս, տեղի համայնքներն էլ զարթոնք են ապրում։ Այլապես հիասթափություն կար թեմի մեջ։ Շատերը մտածում են, որ գաղութը վերջանալու վրա է, իսկ նման ձեռնարկները փաստում են, որ գաղութը կյանք ունի եւ պետք է շարունակի իր առաքելությունը։ Ռումինիան հնացող համայնք էր, եւ հայաստանցիների ներհոսքը աշխուժություն մտցրեց այստեղ։ Անկեղծ լինեմ, Հայաստանից եկածները ուժ են տալիս հին համայնքին։ Հին համայնքն էլ բարդույթներ ունի՝ որ հիմա հայաստանցիները կգան, կգրավեն։ Բայց չէ՞ որ նրանք էլ հայեր են։ Եվ հետո դարերի ընթացքում միշտ էլ նորեկները իշխանությունը վերցրել են հներից։ Նորեկները միշտ զրահավորված են գալիս՝ մշակույթով, լեզվով, պարով ու երգով։ Եվ սա նորմալ վիճակ է։ Ռումինիայի մեջ այդ հարաբերությունը թեեւ ջերմ չէ, բայց լավ վիճակում է։ Ի դեպ, այդ սերունդների հարաբերությունը շատ ավելի լավ է ստացվում երիտասարդների մոտ, քան տարեցների։ Ռումինահայ երիտասարդի համար կարեւոր չէ, թե իր հասակակիցը Հայաստանից է, թե մի այլ տեղից, ուստի նրանց շփումը ավելի հեշտ է ստացվում,,։

Ռումինիայում գտնվելու օրերին հանդիպեցի նաեւ տարբեր համայնքներում ծառայող հոգեւոր հովիվների, ովքեր ներկայացրեցին իրենց փոքրիկ համայնքները։

ԿՈՆՍՏԱՆՑԱ

Կոնստանցայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Օշական Խաչատրյանը Ռումինիա է եկել Հայաստանից։ 2012-ի մայիսից Դոբրոջայի երկրամասի եւ Կոնստանցայի հոգեւոր հովիվն է, ծառայում է Կոնստանցայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

,,Կոնստանցայի հայ համայնքը շատ հին է, հիմնականում 16-17-րդ դարերից են հայերը եկել եւ հաստատվել։ Ինչպես Հակոբ Սիրունին է վկայել՝ Կոնստանցայում հայերը նույնիսկ մի փոքրիկ եկեղեցի են ունեցել։ Սակայն 1864 թվականին կառուցված եկեղեցին այրվել ու քանդվել է։ 1880 թվականին, երբ հայ համայնքը մեծացել է, քաղաքապետարանը ծովափին հողատարածք է տվել հայերին՝ եկեղեցի ու դպրոց կառուցելու համար, եւ նույն թվին Սուրբ Մարիամ Աստվածածին փայտաշեն եկեղեցին է կառուցվել, իսկ 1898-ին՝ դպրոցը։ 1940 թվականին այդ եկեղեցին էլ է այրվել։ Հայերը նոր եկեղեցի չեն կառուցել։ Այդժամ հայկական դպրոցի երկրորդ հարկի դահլիճը վերածել են եկեղեցու եւ մինչեւ այսօր օգտագործվում է։ 1990 թվականին եկեղեցուն զանգակատուն է ավելացվել։ Կոնստանցայում մոտ 300 հայ է ապրում՝ 140 ընտանիք։ Իսկ ժամանակին 4-5 հազար հայություն է եղել։ 1940 ականներին շատերը մեկնեցին Հայաստան, իսկ 1960-ական թվականներին՝ Ամերիկա եւ Կանադա։

Հայերը զբաղվում են բիզնեսով, կան արհեստավորներ, դասախոսներ, գրողներ, լուսանկարիչներ։ Նրանք հիմնականում կրթված են։ Օրինակ՝ Միքայել Գրիգորյանը Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում բնական գիտություններ է դասավանդում։ Արեգնազ Թադոսյանը  լուսանկարիչ  է։ Մկրտիչ Էլուքյանը գործարար է, եւ նրա տրանսպորտային ընկերությունը մի քանի քաղաքներում գրասենյակներ ունի։ Նրա ասելով՝ հայ երիտասարդության մեծ մասը բարձրագույն կրթություն ունի։ Գործում է ՌՀՄ Կոնստանցայի մասնաճյուղը, որի նախագահն է Խաչիկ Կարապետը /Hacik Garabed/։

Հայկական դպրոցը փակվել է, եւ մեկ տարի է, ինչ հայերենի դասընթացները կազմակերպվում են կիրակի օրերին, եկեղեցում։ Նախկինում այս դպրոցն ունեցել է մոտ 200 աշակերտ։ Ունենք նաեւ ,,Զվարթնոց,, երգչախումբ, որը բացի պատարագներին մասնակցությունից, հանդես է գալիս նաեւ ժողովրդական երգերի կատարումներով։ Երգչախումբը ղեկավարում է երեցկինը՝ Արմինե Խաչատրյանը։ Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, եւ զբաղվում է երեխաների կրթությամբ, սովորեցնում է հայկական երգեր ու պարեր»։

,,Կոնստանցայում ապրող հայերը ինչքանո՞վ են պահպանել իրենց հայկական ինքնությունը հարցիս,, Տեր հայրը պատասխանում է. ,,Ինտեգրվել են շատ լավ։ Հայկական ոգին պահպանվել է տարեցների մոտ, եւ Բուխարեստից հետո ամենահայախոս գաղութն է։ Ոչ բոլորն են գրում եւ կարդում, բայց ավագ եւ միջին սերունդը, բոլորը խոսում են հայերեն։ Խնդիր ունենք երեխաների եւ երիտասարդների հետ, որոնց հավաքում ենք եկեղեցում, որ հայերենի դասընթացներին մասնակցեն։

Հայերի միությունը հովանավորում է երիտասարդները մասնակցությունը Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի և Պո-Արաքս ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի և մշակույթի խտացյալ դասընթացներին։ Շատ են հայերի ու ռումինացիների խառնամուսնությունները։ Նոր սերունդն արդեն կիսով հայ են։ Ծերացող գաղութ է, իսկ երիտասարդներն էլ հիմնականում գնում են Բուխարեստ։ Հայերը հիմնականում բարձրագույն կրթություն են ստանում։ Կոնստանցայից ունենք հայ երիտասարդ՝ Լիվիու Մերտինյանը, որ նույնիսկ քաղաքական կուսակցության անդամ է եւ հնարավորության դեպքում կարող է օգտակար լինել հայ համայնքին։

Ամեն տարի հոկտեմբերի 10-12-ին հայ մշակույթի օրեր են անցկացվում Կոնստանցայում եւ եկեղեցու ուխտի օրն ենք նշում։ Տարբեր շրջաններից ռումինահայեր են գալիս ուխտի, մատաղ է արվում եւ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում։ Վերջերս արձակագիր Արշալույս Սարգսյանի պատմվածքների ,,Երրորդ աչք,, գրքի շնորհանդեսն էր։

Ամիսը մեկ անգամ պատարագ եմ մատուցում նաեւ 120 կմ հեռավորության վրա գտնվող Տուլչա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը կառուցվել է 1882 թվականին։ Այստեղ էլ շատ հայեր չկան, ընդամենը՝ 30 ընտանիք։ Փորձում ենք ավելի շատ հայեր բերել եկեղեցի, հատկապես Հայաստանից եկած ընտանիքներին, որոնք դեռ լրիվ չեն ինտեգրվել մեր համայնքի մեջ,,։

ՅԱՇ, ԲՈՏՈՇԱՆ

Պատմում է Յաշի հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր Ռադու Հոլկան /Krikor Radu Holca/.

,,Յաշում այսօր ապրում է 80 հայ, որոնց մեծամասնությունը հայերեն չգիտի։ Համայնքը պատմական է։ 1608 թվականին այստեղ կար 200 հայկական տուն, իսկ այսօր դրանց թիվը նվազել է, եւ ժողովրդի մեծամասնությունը ծերեր են։ Ռումինիայի կառավարության, մեր նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի եւ ծխական խորհրդի անդամ դոկտոր Զարեհ Նազարյանի շնորհիվ 1395 թվականին կառուցված Յաշի Սուրբ Աստվածածին շքեղ եկեղեցին վերանորոգվեց եւ վերաօծվեց Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։

Բոտոշանի Սուրբ Երրորդությունը կառուցվել է 1350 թվականին եւ ամենահին հայկական եկեղեցին է Եվրոպայում։ 2014-ի օգոստոսի 15-ին եկեղեցին Տաթեւ սրբազանի ձեռամբ օծվեց եւ կից բացվեց թանգարան,,։ Բոտոշանում է նաեւ 1526 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ 1884 թվականին կառուցված Սուրբ Ավետում մատուռը։

Տեր Գրիգորի վկայությամբ՝ Ռումինիայում գտնվող հայկական եկեղեցիներից շատերն են անվանվել Սուրբ Աստվածածին։ Յաշում հայերի մի մասը թոշակի է անցել, նրանց մի մասը համալսարանում պրոֆեսորներ էին, դպրոցների ուսուցիչներ, բժիշկներ, առեւտրականներ։ Յաշում մնացել է 5 երիտասարդ, ովքեր ուսանում են եւ կիրակի օրերին սիրով մասնակցում են պատարագին եւ երգում։ Նրանց են միանում նաեւ Յաշի համալսարանում Էրազմուս ծրագրով սովորելու եկած հայաստանցի երեք աղջիկները։ Անցյալ տարի քաղաքում կային 11 հայ ուսանող։

Ի դեպ, Յաշը հայտնի է նաեւ նրանով, որ այստեղ 1847 թվականին, այն ժամանակ մոլդովական մշակույթի մեծ ռահվիրա Գեորգե Ասաքիի աջակցությամբ բացվել է Ռումինիայի առաջին հայկական տպարանը՝ ,,Արամյանը,,, որն ըստ էության Ասաքիի մեծ տպարանի՝ Institutul Albinei-ի մասնաճյուղն էր։ Այստեղ նույն թվականին տպագրվել է առաջին հայերեն գիրքը Ռումինիայում՝ բաղկացած 32 էջից, որի տիտղոսաթերթին գրված է եղել. ,,Բանալի ընթերցանութեան Մեսրոպեան տառից, որ է այբբենարան եւ հեգարան Հայկեան լեզուի. տիպ առաջին. Եաշ յամի Տեառն 1847»։ Կարծիք կա, որ թեեւ հեղինակը չի նշվել, բայց առաջին գիրքը տպագրության է պատրաստել այդ ժամանակվա հայկական դպրոցների տեսուչ Խաչիկ Գարագաշը։ Հաջորդ գիրքը, լույս տեսած 1850 թվականին, եղել է աղոթագիրք։ 20 տարի անց տպարանը փակվել է։ Այս մասին է վկայում պատմաբան Հակոբ Սիրունին։

1351 թվականին ընդօրինակված Կաֆայի ավետարանը նույնպես երկար տարիներ պահվել է այս եկեղեցում. այժմ այն գտնվում է Բուխարեստի Տուտյան մշակութային կենտրոնի թանգարանում։

1565-ից Յաշը եղել է նաեւ հայերի առաջնորդանիստ քաղաքը։ Կա հայկական մեծ գերեզմանատունը՝ 1881 թվականին կառուցված մատուռով հանդերձ։ ՌՀՄ Յաշի մասնաճյուղի նախագահն է Մարիչել Հակոբը /Maricel Agop/։

ՖՈՔՇԱՆ, ՌՈՄԱՆ

Ֆոքշանի եկեղեցու հոգեւոր հովիվ, բնիկ ռումինահայ Տեր Ավետիս ավագ քահանա Մանդալյանը 1978-ից է ծառայում եկեղեցում. քահանա է ձեռնադրվել Վազգեն Վեհափառի ձեռամբ։ Մեծ հայրը եղել է Սուչավայի վանքի հոգեւոր հովիվը։ Այժմ իր հորեղբոր տղան՝ Տեր Թորգոմ Մանդալյանն է այնտեղ հոգեւոր հովիվ։

1543 թվականին այս քաղաքն առաջին անգամ հիշվել է Վարդան Ֆոքշանցիի մի առեւտրական հայի նամակում։ 1575-1576 թվականներին Մոլդովայի Մեծ իշխան Յոան (Հովհաննես) Ահարկու Հայը /Ioan Voda Cel Cumlit Ioan Armeanul/ հարձակվել է այս սահմանային քաղաքի վրա։ Ֆոքշանում գործում են երկու եկեղեցի՝ Սուրբ Գեւորգը՝ կառուցված 1710-1715 թթ. եւ Սուրբ Մարիամ Աստվածածինը՝ կառուցված 1780-ին։ Ծխական խորհրդի ատենապետն է Կոնստանտին Կուռկությանը։ Այս երկու հայկական եկեղեցիները տրված են ռումինական եկեղեցուն ի գործածության, քանի որ հայեր չկան։

Սուրբ Գեւորգ եկեղեցին էլ վերանորոգվել է Ռումինիայի կառավարության ջանքերով։ Այստեղ 70 տարվա ընդմիջումից հետո 2013-ի փետրվարին առաջին անգամ հայերեն լեզվով պատարագ է մատուցել Տաթեւ Սրբազանը։ Այժմ այստեղ ընդամենը 6-7 հայ է ապրում, եւ այն էլ՝ տարեցներ։

,,Համայնքի վերաբերյալ մեծ երազներ չունեմ։ Անհնար է զարգացնել։ Ինչ վերաբերում է մեր եկեղեցիներին, ապա պետք է դրանք մեր ձեռքը հասնեն, վերանորոգենք եւ միայն մենք օգտագործենք։ Ես շատ լավ ռումիներեն գիտեմ, եւ ավելի շատ ռումինացիներ էլ կգան մեր պատարագներին։ Ցանկացած ժամանակ կարող եմ պատարագ տալ։ Ռումիններն այստեղ մեզ շատ սիրալիր են ընդունում,,- ասում է Տեր Ավետիսը։

Հետաքրքրական է, որ երբ Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ սրբազանի հետ մտանք Ֆոքշանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակը, եկեղեցու զանգերը ղողանջեցին։ Պարզվում է, որ երբ ռումինացի հոգեւորականները տեղեկանում են, որ հայ եպիսկոպոս է եկել, նրա՝ եկեղեցի մուտք գործելու պահին ի նշան հարգանքի հնչեցնում են հայկական եկեղեցու զանգերը։ Շատ խորհրդանշական, զգայուն երեւույթ է եւ հետաքրքիր ավանդույթ։

Ռոման քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնվել է 1609 թվականին եւ օծվել 400 տարի առաջ։ Այն նույնպես տրված է ռումինական եկեղեցուն՝ առ ի գործածության։ Այստեղ էլ եկեղեցուց ոչ շատ հեռու հայկական դպրոցի մեծ շենքն է, որը, ցավոք, փակ է եւ վաղուցվանից չի գործում։

ՍՈՒՉԱՎԱ  -Ամեն մի հայ կյանքում գոնե մեկ անգամ ուխտի պետք է գնա Հաճկատար։

Սուչավայում մեզ դիմավորեց Հաճկատար եւ Զամկա վանքերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մանդալյանը եւ առաջնորդեց հայկական սրբավայրեր։

Նրա վկայությամբ՝ այսօր մոտ 120 հազար բնակչությամբ Սուչավայում 66 հայ ընտանիք է ապրում, որոնցից շատերն արդեն խառնամուսնությունների զավակներ են։ Նախկինում հայ ընտանիքների թիվն այստեղ հասել է 3000-ի։ 1824 թվականին Հաճի ընտանիքի կողմից բացվել է տարրական դպրոց եւ որբանոց՝ 1915 թվականի եղեռնից փրկված հայ երեխաների համար կեցության տեղ ապահովելով։ 2014 թվականին մեծ շուքով նշվել է դպրոցի 190-ամյա հոբելյանը, եւ դպրոցի շենքում ցուցահանդես է բացվել։ Կոմունիստների օրոք հայկական դպրոցը փակվել է։ Ցավալի է տեսնել, որ հայկական դպրոցի դռներն այլեւս փակ են։ ՌՀՄ Սուչավայի մասնաճյուղի նախագահ դոկտոր Յոան Փոյթի ասելով՝ իրենք ընդամենը 20-30 անդամ ունեն։

Սուչավայում է գտնվում հանրահայտ Հաճկատարի վանքը, որը 1512 թվականին կառուցել են Տոնավագ եղբայրները։ Վանքի մեջտեղում Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ շրջապատի վրա իշխող դիրքով։ Այս վանքի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան, որոնք հնարավոր չէ մեկ հոդվածում ներառել։

Դեպի վանք գնացող ստորոտին երեւում են ուխտավորներ, որոնք աղոթելով ծնկաչոք բարձրանում են Հաճկատարի վանք, բլրի տարբեր մասերում վառելով մոմեր եւ հասնելով վանք՝ մոմեր են վառում խաչքարի ու մոմավառության համար հատկացված տեղում, երկու անգամ ծնկաչոք պտտվում են եկեղեցու շուրջ եւ հետո միայն մտնում ներս։ Աշխարհում որեւէ տեղ ես նման բան չեմ տեսել։

Ռումինահայ Էկատերինա Ռուսուի բնութագրմամբ՝ ,,Ծնկաչոք բարձրանալը մինչեւ Հաճկատար վանքի եկեղեցին՝ շնորհակալության դրսեւորում է Աստվածածնի հանդեպ՝ ներկայի ու ապագայի ցանկությունը կատարելու համար։ Մենք մեր երեխաների հետ ենք գալիս, որ մեր հավատքը եւ ժառանգությունը փոխանցենք նոր սերնդին,,։ Ավելին. մի այլ ավանդության համաձայն էլ՝ ռումինացիները, գալով վանք, աշխատում են հպվել որեւէ հայի՝ հավատացած լինելով, որ այդ հպումից իրենց է փոխանցվում Աստծո տված հաջողությունը։ Նրանք իրենց ցանկությունները գրում են թղթի վրա եւ գումարի հետ փաթաթելով՝ գցում են եկեղեցու նվիրատվությունների արկղ։ Նրանց բոլոր ցանկությունները Տեր Թորգոմը կարդում է պատարագների կամ ժամերգությունների ընթացքում։ Եկեղեցին թեեւ փոքր է, բայց շատ խորհրդավոր է, հատկապես ներսում կախված մի քանի սրբապատկերներից յուրահատուկ ազդեցություն ես զգում։ Մուտքի մոտ գրված է Hajigadar։

Հաճկատարի վանքը հայտնի է իր հրաշագործություններով։ Բազմաթիվ հրաշքներ ու ապաքինման վկայություններ են կապված վանքի պատմության հետ։ Մի քանի տարի առաջ՝ 2012 թվականին եկեղեցու 500-ամյակի կապակցությամբ այստեղ մեծ ուխտագնացություն կազմակերպվեց, նաեւ եկեղեցին վերաօծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Այդ առիթով վանքը հիմնանորոգվեց ամերիկահայեր Հակոբ եւ Իգա  Գույումճյանների նվիրատվությամբ։ Տաթեւ սրբազանի երազանքն է, որ այստեղ վանական կյանք սկսվի։ Հաճկատարի 500-ամյակի առիթով Հայփոստը եւ Ռոմֆիլատելիան համատեղ թողարկել են հոբելյանական դրոշմանիշ։

Իսկ վանքի հետ կապված ամենահատկանշական հիշողությունն այն է, որ երբ 1943 թվականի սեպտեմբերի 30-ին ռումինահայ թեմական ուսուցիչ Կարապետ Պալճյանը /ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն/ ձեռնադրվում է կուսակրոն քահանա, նա գալիս է Հաճկատարի վանք եւ 40 օր անցկացնում է այստեղ։ Հաճկատարի ուխտավորական մատյանում նա գրում է. ,, Այսօրուընէ ինծի համար կը սկսի նոր կեանք մը, կեանք մը, որ նուիրած պիտի ըլլայ մեր եկեղեցւոյ ու մեր համայնքին։ Աստուած հետս ըլլայ,,։

Հաճկատարի մեծ ուխտագնացությունները կատարվել են տարին չորս անգամ՝ Կարմիր Կիրակիին, Վարդավառին, Սուրբ Հովակիմի եւ Աննայի տոներին, Տիրամոր Վերափոխման տոնին։ Սակայն գլխավոր ուխտագնացությունը համարվել է վերջինը։ Ուխտավորները նույնիսկ ունեցել են ուխտի երգեր։

Այդ երգերից մեկում ասվում է՝

Սուրբ Հաճկատար Մայր ողորմած,

Զողորմութեան դուռն մեզ բաց,

Առողջութիւն տուր հիւանդաց,

Եւ օգնութիւն ուխտաւորաց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Երուսաղեմից հետո Հաճկատարը երրորդ ուխտավայրը կարելի է համարել, որ ամեն մի քրիստոնյա հայ պետք է այցելի եւ իր ուխտը կատարի։

Սուչավան նաեւ հայտնի է նրանով, որ Եվրոպայի միակ քաղաքն է, որտեղ 15-16-րդ դարերում կառուցվել են 6 հայկական եկեղեցիներ ու երկու վանք։ Այստեղ մի քանի փողոցներ ունեն հայկական անվանումներ, իսկ կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Արմենեասկա (Հայկական)։ Այստեղ պահպանվել են նաեւ տեղի հայերի մի շարք խանութներ, տներ, հյուրանոցներ։

Սուչավայի մյուս վանքը Զամկան է՝ շրջապատված կանաչով, իսկ վանքի ներսում՝ ընկուզենիներով։ Տեր Թորգոմը հյուրասիրում է ընկույզներով, որ շատ համեղ են։ Այնուհետեւ սկսվում է վանքի պատմությունը։ Զամկան ամենամեծ հայկական վանական համալիրն է Ռումինիայում։ Զամկա լեհերեն նշանակում է բերդ, ամրոց /Զամեկ/։ 1663 թվականի մի ձեռագիր հիշատակարանում Զամկան անվանում են հռչակավոր տաճար։ Այն եղել է տեղի հայոց հոգեւոր առաջնորդական կենտրոնը։ Զամկան անառիկ ամրոցի տեսք ունի, իսկ ներսում մի հետաքրքիր զգացողություն է պատում, կարծես տեղափոխվում ես միջին դարեր, հայտնվում այնպիսի հոգեւոր միջավայրում, որն իրապես տարբերվում է մյուս վանքերից։ Սրբազանի առաջնորդությամբ բարձրանում ենք դեռեւս վերանորոգման կարիք ունեցող մասնաշենքերը եւ նայում շրջապատին։

Զամկայի վանքում են առաջին զանգակատուն աշտարակը, որի երկրորդ հարկում են գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռն ու նրա վերեւում՝ մյուս զանգակատունը։ Վանքում են գտնվում Ս. Օգսենտ եկեղեցին եւ Վանատուն առաջնորդարանը, որի երկրորդ հարկում է գտնվում Սուրբ Աստվածածնին նվիրված մատուռը։ Զամկան նույնպես վերանորոգվել է ռումինական իշխանությունների կողմից։ Վանքում է գտնվել նաեւ Սուրբ Հակոբի մատուռը, որն այսօր այլեւս գոյություն չունի։

Սուչավայում է նաեւ Արմենեասկա փողոցի վրա 1521 թվականին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին, որը նույնպես գործածության է տրված ռումինական ուղղափառ եկեղեցուն։ Այստեղ է նաեւ Կարմիր Աշտարակը։ Իհարկե, հակասական զգացումներ ենք ունենում, երբ այս եկեղեցի ենք մտնում հյուրի կարգավիճակով։ Իսկ 1513 թվականին կառուցված Սուրբ Սիմեոն եկեղեցում սպասավորում է Տեր Թորգոմը։

1902-ին այստեղ կառուցվել է նաեւ Փրունքու /Pruncu/ մատուռը՝ հայկական գերեզմանատան տարածքում։

Հայկական եկեղեցիներ կան նաեւ Տըրգու Օկնայում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի /1825թ./, Գալացում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին /1858 թ./ եւ Բրըիլայում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին /1872 թ./։

ՊԻՏԵՇՏ

Տեր Հեթում քահանա Թարվերդյանը ոչ միայն Պիտեշտի հոգեւոր հովիվն է, այլեւ Ռումինահայոց թեմի առաջնորդարանի քարտուղարը։Ծնվել է Երեւանում, սովորել եւ ձեռնադրվել է Էջմիածնում, 2013 թվականից ծառայում է Ռումինիայի հայոց թեմում։ 1.5 տարում սովորել է ռումիներեն։

Մեր խնդրանքով ներկայացնում է Պիտեշտի հայությանը. ,,Հայերն այս քաղաքում 160 տարի առաջ են հաստատվել։Ռումինահայոց համայնքի փոքրաթիվ համայնքներից է, որը կազմավորվել է 1800-ականների վերջերին։ Միակ՝ Ս. Հովհաննես Մկրտիչեկեղեցին հիմնվել է 1853-ին, բայց օծվել է 1882 թվականին Խորեն եպիսկոպոսի ձեռամբ։ Թեեւ հայերը թվով մեծ չեն եղել, բայց մեծ դեր են խաղացել Պիտեշտի հասարակական կյանքում։ Այսօր էլ նրանք առանձնանում են իրենց դերով եւ հասարակական ակտիվությամբ։ Կան նշանավոր ներկայացուցիչներ՝ բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ։ Ամենահայտնի հայերից է ատամնաբույժ Ինես Բուդան-Բեհյանը, ով ծնվել է Բուխարեստում, բայց արդեն 25 տարի ապրում է Պիտեշտում։ Հայտնի է նաեւ իրավաբան Արաքսի Էլուքյանի ընտանիքը։Նրա հայրը հայտնի շինարար էր։ Նշանավոր են նաեւ Ասլանյանները /Ասլան/, ովքեր եկել են 1880-ականների համիդյան ջարդերից հետո եւ կառուցել են Պիտեշտի եկեղեցին։ Հայերը ոչ միայն կենտրոնացած են եղել Պիտեշտում, այլեւ ողջ նահանգում՝ Արճեշում։ Այն հիմնված է եղել պատմական Արճեշի անվամբ։ Այստեղ է գտնվել պատմական Կուրտեա դե Արճեշ (Արճեշի դարպաս) վանքը, որը կառուցել են Վանի հայ վարպետները։ Պիտեշտից 35 կմ հեռավորության վրա գտնվում է Կըմպուլունգ /Երկար դաշտ/ քաղաքը, որտեղ ապրում է Ղազարյանի ընտանիքը, ով նշանավոր ճարտարապետ է եւ մեծ հեղինակություն ունի ոչ միայն քաղաքում, այլեւ ողջ Ռումինիայում։ Հայերը մեծ ներդրում ունեն Ռումինիայի պետական կառավարման զարգացման մեջ։ Քաղաքների տեղանուններից արդեն կարելի է գուշակել, որ հայերը ռումինացիների հետ միասին են կառուցել այդ քաղաքները,,։

2014-ի սեպտեմբերի 26-ին մարդաշատ էր Պիտեշտի կենտրոնական պուրակը։ Այստեղ թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ բացվեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարը, որը Նոր Ջուղայի խաչքարներից մեկի կրկնօրինակն է /քանդակագործ` Արտակ Համբարձումյան/։

Խաչքարի բացման արարողությանը հետեւեց Պիտեշտի քաղաքապետարանում տեղի հայությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Այստեղ էր նաեւ Պիտեշտի ամենատարեց հայերից մեկը` 86-ամյա մաթեմատիկոս Անդրանիկ Մինասյանը։ Ցավոք, հին հայերից գրեթե ոչ մեկը հայերեն չէր կարողանում խոսել, նրանցից շատերը երբեւէ Հայաստանում չեն եղել։

Հայոց Ցեղասպանության հարցը Ռումինիայում

Անցյալ դարի 20-ական թվականներին Ռումինիան եվրոպական տարածքի առաջին երկրներից էր, որ պաշտոնապես ապաստան տրամադրեց հայ փախստականներին: Ռումինիան նաեւ այն երկրների շարքում էր, որն իր ստորագրությունը դրեց Սեւրի դաշնագրի տակ: 1920 թ. Բուխարեստում բացվել եւ ընդհուպ մինչեւ 30-ական թվականները գործել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը, որն սպասարկում էր գաղթական հայերին: Հանրային առումով Ռումինիայում այսօր խնդիր չկա Հայոց ցեղասպանության հարցում: Դրա մասին գրվում եւ բաց խոսվում է ամենուր` մամուլով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, հանրային հարթակներում:

2011 թ. Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում պատմաբաններ Թաներ Աքչամի եւ Հարություն Գեւորգյանի մասնակցությամբ, որին ներկա էր նաեւ Ռումինիայի նախկին նախագահ Յոն Իլիեսկուն։ Հաջորդ տարի նույն թեմայով Բուխարեստի համալսարանում ելույթ ունեցավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ամեն տարի Ռումինիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով հանդես են գալիս սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ Պատգամավորների պալատի անդամ Վարուժան Փամբուկչյանը: Ռումինիայի մայրաքաղաքում եւ տարբեր քաղաքներում կազմակերպվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցեր ու ձեռնարկներ, մամուլում եւ հեռուստատեսությամբ տրվում են հարցազրույցներ, հաղորդումներ։ Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող արդի ամենանշանավոր գործերից մեկը՝ Վարուժան Ոսկանյանի ,,Շշուկների մատյան,, վեպը գրվել է այստեղ, որի մոտիվներով նաեւ ֆիլմ է նկարահանվել՝ ,,Երբ մահն ուշանում է պաշտպանվել,,։ Իսկ ,,Սթրունկա,, ֆիլմը պատմում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի Ռումինիայում ապաստան ստացած 200 երեխաների ճակատագրերի մասին։

Գրող Սարգիս Սելյանը գրել է ,,Անտեսված ցեղասպանության պատմություն,, աշխատությունը, իսկ Քրիստինա Պոպան 2008-ին ցեղասպանության մասին ատենախոսություն է պաշտպանել, որպեսզի ակադեմիական շրջանակներն էլ տեղյակ լինեն։ 2014-ի սեպտեմբերին Ռումինահայոց առաջնորդարանի հովանավորությամբ անցկացվեց Առաջին Համաշխարհային պատերազմին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի եւ սփյուռքի, ինչպես նաեւ Ռումինիայի հայտնի պատմաբաններ ու գիտնականներ, Հայ Դատի գործիչներ եւ լրագրողներ։ Տաթեւ Սրբազանը կազմակերպել եւ տպագրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք ռումիներեն գրքույկներ։

Սակայն փաստ է, որ չնայած Հայոց ցեղասպանության մասին բացախոսությանը, Ռումինիան մինչ օրս ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ Բուխարեստում կանգնեցրել են Աթաթուրքի եւ Հեյդար Ալիեւի արձանները, ինչը ցույց է տալիս թուրք-ադրբեջանական ազդեցության աստիճանը։

Եվրոպայի  Հայ Դատի հանձնախմբի ղեկավարությամբ 2014-ին ստեղծվել է Հայ դատի 3 հոգանոց հանձնախումբ, որը ղեկավարում է Եզրաս քահանա Բոգդանը։ ,,Առայժմ մեզ համար դժվար է աշխատել, քանի որ փորձառություն չունենք, եւ հեղափոխությունից հետո որեւէ ազգային կազմակերպություն այստեղ չի եղել։ Հուսանք, որ Հայ Դատի կազմակերպությունը կգրանցենք։ Երիտասարդների հետ հանդիպում ենք եւ քննարկում մեր ապագա ծրագրերը,,- ասում է նա։

Դեսպան Համլետ Գասպարյանը նշում է,որ 2015-ին ևս հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ ռումինահայ մշակութային ժառանգության ցուցահանդեսը՝ «Արարատից Կարպատներ» խորագրով, Հակոբ Սիրունու 125-ամյակին նվիրված գիտաժողով Ռումինիայի Գիտությունների Ակադեմիայում, Ռումինիայի հայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես Բուխարեստի թանգարանում:

Համայնքի ապագան. Երիտասարդությունը եւ Ստրադա Արմենեասկա փառատոնը

Ռումինահայ երիտասարդությունը հիմնականում ունի բարձրագույն կրթություն։ Շատերը Ռումինիայից դուրս են ձգտում ուսանել կամ աշխատանք գտնել։ Սակայն կան նաեւ բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, որոնք արդեն իսկ աչքի են ընկնում ոչ միայն իրենց մասնագիտության, այլեւ հայ համայնքի կազմակերպչական հարցերում։ Եվ եթե հին ռումինահայերի որդիները ավելի հեշտությամբ ուծացվել են եւ դժվարությամբ են գալիս հայկական ձեռնարկներին, ապա հայաստանցիների զավակներն ավելի մեծ ակտիվություն ու նախաձեռնություն են ցուցաբերում։ Այդ նպատակով օգտագործվում են ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, համացանցը։ Նրանց համախմբման համար միջավար է հարկավոր։ Այս նպատակով ե՛ւ եկեղեցին, ե՛ւ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնում են տարբեր միջոցառումներ։

Ռումինահայության վերջին տարիների ամենամեծ իրադարձությունը ,,Ստրադա Արմենեասկա,, /Հայկական փողոց/ փառատոնն է։ Այս փառատոնի կազմակերպումն ու անցկացումը դարձել է ռումինահայերի մշակութային այցետոմսը։ Արդեն երկու տարի շարունակ օգոստոսի սկզբին, երեք օր շարունակ առաջնորդարանին կից Հայկական փողոցը փակվում է եւ Հայկական թաղամասում /Cartierul Armeneasc/ անցկացվում են բացօթյա համերգներ, թեւածում են հայկական երգն ու պարը, որոնց միախառնվում են նաեւ այլ ազգությունների՝ հույների, գնչուների, հրեաների երաժշտական կատարումները։ Այստեղ վաճառվում են ոսկերիչների ու արծաթագործների աշխատանքները, նկարիչները տեղում գծում են հայկական պատկերներ, հայկական խորտիկների բուրմունքը տարածվում է ողջ փողոցով։ Հայկական փողոցը կարծես վերագտնում է հին օրերի շունչն ու ռիթմը…

Ռումինահայոց միության եւ Հայ երիտասարդաց կազմակերպության ծրագրին աջակցել է նաեւ Բուխարեստի քաղաքապետարանը: Փառատոնի մասին ռումինական մեդիան հատուկ թողարկումներ եւ ծանուցումներ է տվել, ցուցադրել առցանց կենդանի ռեժիմով` live streaming համակարգի միջոցով: Պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը եւ դիզայներ Հրանտ Ջաղինյանը միասին երեք օր շարունակ հմտորեն վարել են հանդիսությունը՝ ապահովելով փառատոնի հաջողությունը եւ հայերի նկատմամբ համակրանքը: Վարուժան Փամբուկչյանը հույս է հայտնում, որ այս փառատոնի գաղափարը գալիք տարում կվարակի նաեւ Փարիզի հայերին, եւ կարճ ժամանակում նմանատիպ հայկական փառատոներ կկազմակերպվեն եվրոպական այլ քաղաքներում: Իսկ Վարուժան Ոսկանյանի խոսքերով՝ մյուս տարի նման փառատոներ կկազմակերպվեն ողջ երկրում. ,,Ռումինիան վերածվելու է վիթխարի Հայկական փողոցի, որտեղ հայերը, ռումինները եւ մյուսները պետք է համատեղ ուրախանան,,:

Բուխարեստի թատերականի ուսանողները բեմականացրել են “Շշուկների մատյան” վեպից հատվածներ, Հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվել են “Արմենոպոլիսը” եւ “Շշուկների մատյանի” մոտիվներով ֆիլմը: Եկեղեցու բակում ցուցադրվել են ռումինահայ նշանավոր գծանկարիչ Չիկ Դամադյանի/ Տամատյանի/ գործերը եւ Անդրեյ Թընասեի “Մեր կողքի հայերը” շարքի լուսանկարները: Հայոց թանգարանն իր դռներն է բացել բազմաթիվ այցելուների առջեւ: Բուխարեստի “Արարատ” հրատարակչությունը մոտ 3000 գիրք անվճար բաժանել է փառատոնի մասնակիցներին։ Բուխարեստից կենդանի հեռուստակամուրջով կապ է հաստատել նույն օրը Լոնդոնում անցկացվող Հայկական փողոց փառատոնի հետ:

,,Հայկական փողոցը վերածվում է մշակույթների եւ ազգերի ժամադրավայրի, ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանիշի,,- ասում է դեսպան Գասպարյանը:

Փառատոնի ակտիվ վարողներից մեկը՝ Հրանտ Ջաղինյանը, մեզ հետ զրույցում ասում է.,,Մենք ինտեգրված ենք ռումին հասարակությանը, քանի որ ամենահին փոքրամանություններից մեկն ենք։ Բացի այն, որ մեր հայրենակիցներին ենք սովորեցնում, նաեւ մասնակցում ենք ռումինական կառավարության կազմակերպած նախագծերին, եւ, օրինակ, Հայկական փողոց փառատոնն ամբողջությամբ ուղղված է տեղացիներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպիսի մշակույթ ենք ունեցել, եւ թե հայերը ինչ մեծ դեր են ունեցել ռումին ժողովրդի կյանքում, ամենատարբեր ճյուղերում,,։

Ինչպես ասվեց, ռումինահայերն իրենց միջոցառումներին մասնակից են դարձնում նաեւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ռումինացի եւ օտարազգի նշանավոր դեմքերի, ինչպես արվեց Գեռլայում, Դումբրավենում, Կլուժում, Յաշում, Կոնստանցայում, Բոտոշանում, Բակաուում, Գեորգենում։ Հայ երիտասարդաց միության ատենապետ Վահե Հովակիմյանի ասելով՝ Հայկական փողոց փառատոնն իրենց ամենամեծ ծրագիրն է, որին եթե նախորդ տարի 12 հազար ռումինացի է ներկա գտնվել, ապա 2014-ին՝ շուրջ 22 հազար։

Վահե Հովակիմյանը Ռումինիա է տեղափոխվել 1993 թվականին։ Նրա ընտանիքը Սինայա քաղաքում բացել է ,,Նոյյան Տապան,, հյուրանոցը, իսկ ինքը սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետեւ՝ Բուխարեստի համալսարանում։ Վահեն ներկայացնում է իրենց անելիքները. ,,Մեր կազմակերպությունը ստեղծվել է երկու ճյուղով՝ հայ համայնքի երիտասարդների եւ հայ եկեղեցասիրաց երիտասարդների։ 2011 թվականին Տաթեւ Սրբազանն առաջարկեց մեզ համախմբել երիտասարդությանը եւ Հաճկատարի ուխտագնացության համար ճամբար կազմակերպել։ Եվ այդ օրվանից ամեն տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ուխտագնացության ենք գնում,,- պատմում է նա։

,,Ճամբարից հետո առաջին անգամ 86 հայ երիտասարդ հավաքվեցին Ռումինիայի տարբեր քաղաքներից, եւ սկսեցինք իրար ճանաչել եւ ընկերություն անել։ Հանձնախումբ ընտրվեց, որի ատենապետն եմ, տարբեր ծրագրեր մշակեցինք։ Սինայա քաղաքում կազմակերպեցինք հայոց լեզվի եւ գրականության ձմեռային դպրոց։ Մեկ շաբաթ 36 հայ երիտասարդներ հավաքվեցին եւ ծանոթացան տարրական հայերենին։ Այնուհետեւ Բարեկենդանին հայկական ուտելիքի եւ արվեստի նմուշների տոնավաճառ կազմակերպեցինք։ Առաջին անգամ 2012 թվականին Բուխարեստի Գյուղի թանգարանում /Muzeul Satului/ հայ մշակույթի օրեր կազմակերպեցինք։

,,Երիտասարդության ապագան ինչպե՞ս եք պատկերացնում հարցիս,, Վահե Հովակիմյանը պատասխանում է.,,Բարդ հարց է։ Ես փորձում եմ, բայց թե ինչքան է ստացվում՝ չգիտեմ։ Ռումինահայ երիտասարդությունը ձուլվում է։ Դա ես տեսնում եմ իմ ընտանիքում։ Մայրական պապերս ցեղասպանությունից փախել են Ռումինիա, ապա ներգաղթել են Հայաստան, հետո մենք կրկին եկել ենք Ռումինիա։ Իմ պապերը անցել են այդ ամենի միջով։ Ես այստեղ ունեմ 7 զարմիկ, եւ արդեն նրանց շրջանում խառնամուսնություններ են եղել։ Իմ բախտը բերեց, ամուսնացա հայ աղջկա հետ։ Բայց ոչ բոլորն այդ հնարավորությունն ունեն։ Ինչքան էլ որ հայկական ոգի ունենաս, ինչքան էլ մտածես, որ հայ ես՝ եթե լեզուդ չօգտագործես, ապա չես կարող հայ մնալ։ Դու ձուլվում ես իբրեւ հայ։ Ես այդ կարծիքին եմ։ Եթե կա երկու բան, որ մեզ կապում են մեր ազգին՝ լեզուն է եւ հավատքը։ Ես դա տեսնում եմ մեր երիտասարդության մեջ։ Փորձում եմ այնպես անել, որ հայերենի դասընթացներ կազմակերպենք։ Կիրակնօրյա դպրոց կա, բայց շատ չեն գնում։ Ինքս ուսուցման մի ծրագիր էի մշակել, միջոցը կա, ուսուցիչը կա, բայց երիտասարդները չեն գալիս։ Եթե հայերեն սովորեն, ապա գոնե 50 տոկոսը կգան։ Եթե հայերեն չգիտեն, ապա չեն մասնակցի։ Ամեն ինչ իմանալուց է կախված։ Համայնքում նոր մոտեցում է պետք, փոխզիջումներ են պետք բոլոր ուժերի միջեւ,,- ասում է Վահեն։

Հայության թիվը վերջին մարդահամարին 2200 էր, բայց ձուլված հայերի ընդհանուր թիվը կարող է հասնել մինչեւ 5000-ի։ Մինչդեռ ամենաակտիվները 400-500 հոգին են, որից երիտասարդները՝ 100-110-ն են։ Ակտիվ երիտասարդների թիվը հասնում է 40-50-ի, որոնցից միայն 20-25-ը գիտեն հայերեն։

Երիտասարդական հարցերով ակտիվորեն զբաղվում է նաեւ 23-ամյա Հրանտ Ջաղինյանը՝ Ռումինիայի Հայ երիտասարդաց միության փոխնախագահը։ 4 տարեկանում ընտանիքով եկել է Ռումինիա, ավարտել Բուխարեստի դիզայնի ֆակուլտետը եւ աշխատում է մասնագիտությամբ։ Առաջնորդարանում օգնում է դիզայներական աշխատանքներում։ ,, Քանի որ հին գաղութ է, շատերը լեզուն կորցրել են կամ ռումինացիների հետ են ամուսնացել, տանը միայն տատիկներն ու պապիկներն են հայերեն խոսում։ Կորցրել են այն հայկական շունչը, որ մենք՝ երիտասարդներս ունենեք։ Ցանկանում ենք փոխանցել իրենց այդ ոգին։

Երիտասարդների համար կազմակերպում ենք տարբեր ժողովներ, հանդիպումներ ու ճամբարներ, որպեսզի կարողանանք մեր հայասիրությունը իրենց էլ փոխանցենք։ Սփյուռքի նախարարության ծրագրերին ենք ակտիվ մասնակցում՝ ,,Արի տուն,,, Իմ Հայաստան,, պարի փառատոնին, Վենետիկի հայոց լեզվի դասընթացներին։ Բացի Հայկական փողոցի փառատոնից՝ նաեւ մշակութային օրեր ենք կազմակերպում։ Վերջերս հայկական լուսանկարների ցուցահանդես բացեցինք։ Սրճարաններից մեկում ցուցադրեցինք եւ ռումինացիներին պատմեցինք Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Փորձում ենք ամեն առիթով ներկայացնել մեր մշակույթը։ Հիմնական խնդիրը լեզուն է եւ հայկական շունչը, որը շատերի մոտ պակասում է։ Տարիներով լվացվել է եւ անցել…,,։

Եվրոպայում հայության դերի լուրջ սահմանում է ներկայացնում Վարուժան Ոսկանյանը. ,,Եվրոպայի մեջ հայությունը պետք է զարգացնի իր մտայնությունը եւ դառնա եվրոպական։ Եվրոպայի հայերի մեծամասնությունը նոր գաղթած անհատներ են, որոնք ավելի շատ մտահոգված են իրենց անձնական կյանքով, իրենց ընտանիքների ապագայով, քան համայնքային կյանքով։ Պետք է համայնքների միջեւ կամուրջներ ստեղծենք եւ այդ ամենը կատարենք նաեւ արդեն կայացած անհատների միջոցով։ Ամենացավալին մեզ համար այն է, որ մեր ակունքներից հեռանում ենք։ Պետք է պահենք ինքնությունը, էությունը, լեզուն, քաղաքակրթությունը, պատմությունը, մեր արժեքները։ Դրա համար հիմնարար մտայնություն պետք է ունենանք՝ դպրոցներ, մշակութային ժառանգություն։

Ավանդական համայնքները, ինչպես օրինակ՝ ռումինահայությունը, լեհահայությունը, ֆրանսահայությունն ու հունահայությունը պետք է օգտագործեն մեր ժառանգությունը եւ ժողովրդավարացնենք, որպեսզի ամբողջ Եվրոպան իմանա, ընդունի մեզ՝ իբրեւ միասնական քաղաքակրթություն եւ ժողովուրդ։ Մենք 5-րդ դարում փայլուն քաղաքակրթություն ստեղծեցինք, մինչդեռ Եվրոպան, բացառությամբ Միջերկրականի ափերի, հետ էր մնացել։ Այնպես որ, Եվրոպան մեզ պետք է հարգի որպես նոր եվրոպական քաղաքակրթության խորունկ աղբյուրներից մեկը,,։

Ռումինահայ համայնքի վրա բացասական ազդեցություն է թողնում, որ գտնվելով Արեւելյան Եվրոպայում երիտասարդությունը չի մնում եւ մեծ արտահոսք կա դեպի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ եվրոպական ավելի զարգացած երկրներ։

Այսօրվա համընդհանուր աշխարհայնացման պայմաններում որոշակիորեն պետք է փոխվի ազգային ինքնության պահպանման մեր ավանդական հայեցակարգը։ Այս կարծիքին է Տաթեւ Սրբազանը։ Ավանդաբար այն հիմնված է եղել ազգային առանձնահատկությունների ընդգծման եւ ազգային մեկուսի կյանք վարելով չձուլվելու սկզբունքի հիման վրա։ ,,Այսօր, սակայն, պետք է ընդգծել այն համընդհանուրը, որ միավորում է իրենց ապրած երկրների ժողովուրդների հետ, որպեսզի ազգային առանձնահատկությունները չթվան մեկուսացնող գործոններ, այլ ազգային ինքնությունը դիտարկվի որպես մի ճանապարհ, որը տանում է դեպի տվյալ երկրների ավանդույթները եւ ազգային արժեքները,,- ասում է Ռումինիայի հայերի հոգեւոր առաջնորդը։

Նրանք, ովքեր շատ են սիրում ճամփորդել, ապա Ռումինիան եւ նրա հայկական պատմաճարտարապետական հուշարձաններն ու եկեղեցիները լավագույն միջոցն են ճանաչելու եվրոպական հայկական մշակույթը, զգալու երբեմնի հայկական շունչն ու ոգին։ Ռումինահայությունը ապրում է իր վերազարթոնքի շրջանը։ Հայերը լավատես են, ինչն էլ օգնում է հաղթահարելու բոլոր դժվարությունները։

2014

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում