«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմը կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար է ստեղծվել։
Ֆիլմի ավելի քան 45 րոպեների ընթացքում ականատես ենք լինում հայոց փառահեղ որոշ հաղթանակների պատմությանը, նաեւ փաստերով տեսնում, որ մեզ կարողացել են հաղթել միայն մեր ձեռքով, որ մեր հայրենիքը կորցրել ենք միայն պառակտված լինելու դեպքում։
Ֆիլմի պրեմիերան, որը ոչ պատահական կերպով ընտրվել էր հայոց փառապանծ բանակի վերածննդի օրը՝ հունվարի 28-ին, կայացավ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ «Ոտքի կանգնելու կամքի» հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանն ասել է, որ դեռ 2015 թվականից էին ինքն ու լուսահոգի պատմաբան Արտակ Մովսիսյանը ցանկանում նկարահանել նմանատիպ ֆիլմ կամ ֆիլմաշար, քանի որ այդ թվականից ազգային արժեքների եւ ինքնագնահատականի նվազման միտում կար։
«Երբ ամբողջ աշխարհը, մասնավորապես՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան, մեր հարեւան Ադրբեջանն ավելի շատ ակցենտավորում էին իրենց պատմությունը՝ իրենց գործողությունները հիմնավորելով պատմական արդարությամբ, մեզ մոտ պատմությունը, պատմական առանձին դրվագներն առաջացնում էին արհամարհանք եւ քմծիծաղ։
Սկզբնական շրջանում մտածում էինք ֆիլմաշար նկարահանել՝ «Մեր հաղթանակները» քառհատորի հիման վրա, որի աշխատանքների ֆինանսավորման համար ժամանակին դիմել էինք մի շարք կազմակերպությունների՝ ընդհուպ մինչեւ ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, սակայն ամեն անգամ ինչ-որ մի բան խոչընդոտում էր։ 2020 թվականի պատերազմը եւս մեկ անգամ կարեւորեց նմանատիպ ֆիլմի ստեղծման պահանջը, քանի որ հայ ազգն առաջին անգամ չէ, որ հայտնվում է նմանատիպ իրավիճակում»,- ասել է Վահե Սուքիասյանը։ Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը շարունակելի է, քանի որ ասելիքը շատ է։
Ի դեպ, առաջին անգամ է, որ ֆիլմի սցենարը ենթարկվել է նաեւ հոգեբանական վերլուծության հոգեբան Սոլանժ Թամամյանի կողմից։
Ֆիլմի ընթացքում հայտնի դերասանները հանդիսատեսին պատմում են մեր պատմության փառահեղ հաղթանակների, ինչպես նաեւ ողբերգական պարտությունների, դավաճանության մասին։ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, որն ամբողջ ֆիլմի ընթացքում պատմելով տանում է կարեւոր գիծը, ասում է, որ պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ, անգամ հզորագույն պետություններն են անհետացել քարտեզի վրայից։
«Յուրաքանչյուր պարտություն իր պատճառներն ունի… Ինչպես նաեւ հաղթանակներն ունեն իրենց պատճառները… Մեր պատմությունը հաղթանակների եւ պարտությունների մի անվերջանալի շրջապտույտ է։ Ե՞րբ ենք պարտվել ու, ե՞րբ ենք կարողացել, ի հեճուկս իրավիճակի, հաստատել ոտքի ելնելու մեր կամքը։ Ի վերջո, որո՞նք են մեր գոյատեւման բանալիները… Ահա, այս հարցերի պատասխաններն ենք փորձել որոնել մեր ֆիլմի ընթացքում՝ թերթելով մեր պատմության մի քանի էջ… Ֆիլմն ուղղված է ոչ միայն նոր սերնդին, այլ, ըստ իս, նաեւ նրանց, ովքեր ներկայում կերտում են մեր պետականությունը… թերեւս` բոլորիս։ Կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար…»,- ասել է Արթուր Կարապետյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսոր, ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը հիշում է, որ երբ ամիսներ առաջ ֆիլմի կոնցեպտը ներկայացվեց քննարկման, երկիրը անցնում էր եւ, ըստ էության, շարունակում է անցնել հետպատերազմյան ծանր փուլի միջով։
«Տրամադրությունը եւ առհասարակ ինչ-որ բան անելու ցանկությունն իսպառ բացակայում էին, սակայն ֆիլմի մասին քննարկումները եւ ֆիլմում ներգրավված անձինք շատ հետաքրքիր էին ու տրամադրող։ Հասկացանք, որ չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Ի վերջո որոշեցինք, որ, կրելով Արարատ անունը, հենց ԱրարատԲանկն է պարտավոր ստանձնել ֆիլմի ֆինանսավորումը։ Հասկացանք, որ ընկճվելու ժամանակը չէ, ու, եթե մենք չստանձնենք սերունդներին կրթելու այս անչափ կարեւոր գործը, ապա՝ ո՞վ»,- ասել է Նարեկ Բեգլարյանը։ 4 երեխաների հայրը շատ է կարեւորում նման կրթական ֆիլմերի ստեղծումը։
«ֆիլմը, որի թիրախային խումբը ավագ դպրոցի 13-16 տարեկան երեխաներն են, նկարահանվել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, որից բանկը որեւէ շահույթ չունի։ Փորձնական դիտումներ են կազմակերպվելու մի քանի դպրոցներում՝ որպես պատմության դրվագները մատուցելու այլընտրանքային եւ, գուցե, ավելի արդյունավետ միջոց: Ավելին, ցուցադրություններ են նախատեսված նաեւ Բելգիայում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում, Մյունխենում, Չեխիայում եւ Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Պրեմիերայից հետո ֆիլմը բաց տարբերակով տեղադրվելու է ՅուԹուբում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ֆիլմում հանդես են եկել հայտնի դերասաններ Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, Բաբկեն Չոբանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը եւ Ռուբեն Մուրադյանը։ Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար Կարեն Արզումանյանը։