Լիտվայի հայերը. Անցյալը, ներկան, ապագան

  • 30.01.2022
  • 0
  • 921 Views

Լիտվայի հայերը. Անցյալը, ներկան, ապագան

Լիտվայի հայերը պայքարում են իրենց ինքնության համար

Հայերի հաստատումը Լիտվայում. Կառույցներ եւ կազմակերպություններ

Մերձբալթյան հանրապետությունների հայկական համայնքների հետ ծանոթությունը սկսում ենք Լիտվայից։ Րեչ Պոսպոլիտայի կազմում գտնվող երբեմնի Լիտվան, որն իր վերջին անկախությունը հայտարարեց Խորհրդային Միությունից դուրս գալուց հետո/ 1990-ի մարտի 11-ին՝ առաջինը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում/, այսօր համարվում է Մերձբալթիկայի ամենազդեցիկ պետությունը՝ 2004-ից լինելով Եվրամիության անդամ։

Լիտվայում  հայերի պատմությունը սկսվում է 14-րդ դարից։ Այդ ժամանակ Լիտվայի Մեծ Իշխանության (ԼՄԻ) սահմանները Ոսկե հորդայի հաշվին ընդլայվել էին դեպի հարավ, ընդգրկելով ժամանակակից Ուկրաինայի մեծ մասը, որտեղ արդեն հայեր կային հաստատված: Ըստ պատմական աղբյուրների հայերն իրենց ազգային ջոկատներով  սկսել են  ծառայել Լիտվայի մեծ Իշխանի բանակում, մասնակցել բոլոր հիմնական ճակատամարտերին, այդ թվում Գրյունվալդի հայտնի ճակատամարտին (լիտ. Ժալգիրիսին): Ի դեպ, այսօր էլ  այդ ճակատամարտին նվիրված տոնախմբություն է կազմակերպվում Լեհաստանում, որին մասնակցում է նաեւ լեհահայերից կազմված զորագունդը։   Հայերը լավ իմանալով արեւելյան լեզուները՝ դիվանագիտական ծառայություններ էին մատուցում Մեծ իշխանին, իսկ հետագայում Լեհալիտվական միացյալ պետությանը՝ «Րեչ պոսպոլիտային»: Նրա առեւտուրն արևելյան երկրների հետ, ինչպես նաև միացյալ լեհալիտվական պետության սահմաններում, երկար ժամանակ հիմնականում հայերն էին իրագործում: Մեզ հետ զրույցում Լիտվայի Ազգային համայնքների խորհրդի նախագահի տեղակալ Ռուսլան Հարությունյանը նշեց, որ ըստ լիտվական արխիվների, 17-րդ դարի սկզբին Վիլնյուսում գործել է նաեւ կաշեգործների արտադրամաս, որտեղ հայերը հիմնադիր անդամներ էին: Տեղեկություններ են հասել նաեւ Վիլնյուսի հայ  ոսկերիչների, դերձակների, կոշկակարների մասին: 19-րդ դարում և դեռ 20-ի սկզբում Վիլնյուսում բնակվել են նաեւ հայ կաթոլիկներ: Լեհալիտվական միացյալ պետությունում կամ Րեչ Պոսպոլիտայում հայերն, ինչպես նաև հրեաները, թաթարները, կարաիմներն ու գնչուները համարվում էին ,,սեփական այլազգիներ,,:

Լիտվայի նոր հայերը

Նոր ժամանակներում հայկական համայնքը կազմավորվել է 20-րդ դարի 1950-ական թվականներից։  Որոշ հայ զինվորականներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել են Լիտվայում։ Այստեղ են  հաստատվել նաեւ հայ  մասնագետներ ԽՍՀՄ  տարբեր քաղաքներից, որոնք ժամանել էին հատուկ աշխատանքային հրավերներով: Եթե 1959 թ-ին Լիտվայում եղել է ընդամենը 471 հայ, ապա 2003-ին այդ թիվը հասել է 2500-ի։ 2015-ին ըստ մոտավոր տվյալների Լիտվայում բնակվում է 1300-1500 հայ, եւ դա այն դեպքում, երբ երկրի բնակչությունը հասնում է 3 միլիոնի, ինչպես Հայաստանում։  Ըստ Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի՝ հայերի թիվը հասնում է 2000-ի։ Ռուսլան Հարությունյանի կարծիքով, այդ թվերը միշտ տարբեր են եւ դժվար է ստույգ թիվ ասել։  ,,Մինչեւ 1988-ը կազմակերպված համայնք չկար, ապրիլի 24-ին հավաքվում էինք որեւէ ռեստորանում, որտեղ երաժշտություն չկար, եւ  հայերն իրար հետ այդպես էին ծանոթանում։  Պրոֆեսիոնալ աշխատում էին գործարարության ոլորտում։ 1989-ից սկսյալ շփումը շատ մեծացավ,, -հիշում է մեզ հետ զրույցում Ռ. Հարությունյանը։

Ըստ նրա 1988 թվականից գրանցվել է ՚Գարուն՚ հայ մշակութային միությունը՝ Օլեգ Իսաևի ղեկավարությամբ։ 1992 թվականին ստեղծվել է Լիտվա-Հայաստան ընկերությունն իր կնոջ՝ բանաստեղուհի, հայագետ Մարիտե Կոնտրամայտե ղեկավարությամբ։ 1994թ ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ,,Սուրբ Վարդան,, լիտվահայ համայնքը: 2014-ին նշվել է Լիտվայի հայ համայնքի 25 ամյակը՝ իբրեւ սկիզբ համարելով «Գարուն»ի ստեղծումը:
1993-ի վերջից Ռուսլան Հարությունյանն ընտրվել է հայ մշակութային «Գարուն» միության  նախագահ: 1994 թ գարնանը (Գարունը) վերափոխվել է Լիտվայի հայ համայնքի, որի նախագահ է եղել մինչև 2000թ-ի մայիսը: Նա նաեւ երկու ընտրաշրջան՝ 2000-2006թթ-ին նախագահել է Լիտվայի Ազգային համայնքների խորհրդում: 2012թ-ից  նա ԱՀԽ նախագահի տեղակալն է: Հարությունյանի ասելով՝ 25 անդամով ,,Ազգային Համայնքների խորհուրդը՝ «ԱՀԽ», Լիտվայի  ազգային համայնքների ներկայացուցիչների խորհուրդն է, խորհրդատվական մարմին, որը կազմավորել է մշակույթի նախարարությունը։ Լատվիայի եւ Էստոնիայի նման այստեղ «Ազգային փոքրամասնությունների ասոցիացիա» չկա: ,,Նման կառույցներ կան քաղաքներում, բայց ոչ Լիտվայի մասշտաբով: Ժամանակին ես ուզում էի կազմակերպել, երբ ԱՀԽ խորհրդի նախագահ էի, բայց հիասթափվեցի կոլեգաներիս վարքից եւ հրաժարվեցի: Ասոցիացիաները թեեւ անկախ են, բայց նաև անտեր, տնտեսապես պետությունից խնդրողի դերում: Իմ կարծիքով, ճիշտ է, որ երկու կառույցն էլ լինեն,,- նշում է նա:  Լիտվայի Հայ համայնքների աշխատանքը միջին մակարդակում է գտնվում՝ ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Լատվիան եւ Էստոնիան չեն զիջում, բայց մենք այնտեղից ավելի լավ վիճակում ենք։ Սեփական միջոցներով մեզ մոտ աշխատանքը շատ է,,-ասում է Ռ.Հարությունյանը։

Թեման շարունակում է Լիտվահայ համայնքի ներկա ղեկավար, Լիտվայի հայերի միության նախագահ գործարար Արայիկ Թունյանը, ով 1986 թվականի ապրիլի 1-ից է հաստատվել Վիլնյուսում։  Մեզ հետ զրույցում  նա այսպես է հիշում այդ տարիները. ,,Ցանկություն ունեի գալ Լիտվա, քանի որ դեռ բանակում ծառայելիս տեսել էի, որ Լիտվան հետաքրքիր երկիր է։ Եկա, տեսա ու մնացի,,։ Թունյանն ավարտել է Հայաստանի պոլիտեխնիկական  ինստիտուտը եւ հեռակա ուսուցմամբ՝ ուկրաինական Խարկովի ավտոճանապարահային ինստիտուտը։ 22 տարեկանից աշխատել է՝  արտադրամասի վարպետից մինչեւ արտադրամասի վարիչ, այնուհետ անցել բիզնեսի ոլորտ։ ,,Հայրենիքի կարոտով էինք ապրում եւ ուզում էինք օգտակար լինել մեր համագյուղացիներին։ Մեզ միացնողը ցավոք երկրաշարժն էր։ Այն համախմբեց հայերին, մեծ կազմակերպվածություն ցուցաբերեցինք։ Հայկական հարցերով սկսեցի զբաղվել 1988-ի երկրաշարժից հետո, երբ Լիտվան օգնության ձեռք մեկնեց եւ ընդունեց Սպիտակի ու Կիրովականի, Գյումրիի դպրոցների երեխաներին։ Ես Լիտվայի հանգստյան տներից մեկում ավագ էի նշանակված եւ օգնում էի այդ աշխատանքներում։ 1988 թվականի դեկտեմբերի 15-ին ստեղծեցինք կոմիտե, հետո ավելի ուշ՝ 1989 թվին գրանցվեց  ,,Գարուն,, մշակույթի կենտրոնը, որը որպես Լիտվայի հայկական համայնք գործում է մինչ այսօր։ Այն նաեւ հիմնադիրը դարձավ Լիտվայի հայերի միության, որի մեջ տարբեր քաղաքների ներկայացուցիչներ կան։ Ես վարչության մեջ էի։ 1993-ից ես համայնքի ղեկավարի տեղակալն էի, 2001-2002 թ-ին ընտրվեցի հայ համայնքի նախագահ, իսկ 2003-ին՝ Լիտվայի հայերի միության նախագահ։

 2006-ին Վիլնյուսի միակ մատուռանման կառույցը վերանորոգել ու 2008-ին դարձրել ենք եկեղեցի՝/ հասցեն՝ Յոզապավիչուս 11/։  Այժմ էլ Մերձբալթիկայում հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանի  նշանակումից հետո՝ ընդլայնելու, մեծացնելու նպատակներ ունենք,,։ Պատարագները լինում են երկու ամիսը մեկ անգամ, երբ Ռիգայից հոգեւոր հայրը գալիս է Վիլնյուս։ Խոսրով քահանա Ստեփանյանը Մերձբալթյան երեք երկրների հոգեւոր հովիվն է եւ ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տեր Խոսրովը նշում է .,, Ուզում ենք մեծացնել մատուռը եւ կից 2015-ին կսկսենք կառուցել մի փոքրիկ գեղեցիկ եկեղեցի։ Լիտվայում մեծ համագումար պետք է գումարենք եւ նոր խորհուրդ պետք է ընտրենք։ Ծխական խորհրդի ատենապետը Արայիկ Թունյանն է։ Շատ նվիրյալ անձնավորություն է,,։

Անցած տարիներին համայնքում իրականացվել են մի շարք մշակութային ծրագրեր։ Արայիկ Թունյանի ասելով, ,,Այս  փոքր համայնքի մեջ բոլորն էլ մասնակցում են եւ ամեն մեկի լուման էլ զգացվում է։ Հայը իրեն հայ է զգում,,։ Անցած տարիներին նշվել է Արամ Խաչատրյանի 100-ամյակը, կազմակերպվել է Նարեկացու ,,Մատյան ողբերգության,, լիտվերեն թարգմանության շնորհանդեսը, լիտվերենով հրատարակվել է ,,Մուսա լեռան 40 օրը,, գիրքը։

Պահպանել են ավանդույթները՝ հայերը նշում են Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ։ 2001 թվին Խաչերի սարում Շյաուլյայում ՝ Բալթյան երեք երկրների հայկական համայնքների կողմից խաչքար է կանգնեցվել, դեպի ուր ամեն տարի  մայիսի 26-ին ուխտագնացություն  է կատարվում։ Խաչքարը նվիրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին։

Եթե դու ինքդ չես ուզում հայ մնալ, ապա ոչ մի կազմակերպություն քեզ հայ չի դարձնի

Ինչպիսի՞ն է այսօր Լիտվայի հայերի վիճակը հարցին Արայիկ Թունյանը պատասխանում է՝

,,Տարբեր քաղաքներում գործող համայնքները կազմում են հայերի միությունը։ Մենք ունենք շատ ջերմ եւ գործնական հարաբերություններ, համագործակցում ենք հայապահպանության հարցերում։ Երկար տարիներ մեր ընկերները չեն փոխվել եւ մեկս մյուսին ճանաչում ենք։  Կազմակերպությունը բարի հարաբերությունների արդյունքում է ստեղծվել։ Համատեղ միջոցառումներ լինում են, բայց հազվադեպ։ Միության վարչության նիստեր անում ենք։ Քաղաքներում  կազմակերպում  ենք նաեւ հանդիպումներ։ Համայնքային կառույցները աշխատանք են  տանում, որ այն մարդիկ, որոնք ընդգրկված չեն համայնքներում, շփվեն հայության հետ։ Փորձեր լինում են, բայց արդյունքներն այնքան էլ մեծ չեն։ Մարդիկ ավելի շփվում են էլեկտրոնային դաշտում եւ այդպես մեծ կապեր ունեն։ Եթե դու ինքդ չես ուզում հայ լինել կամ մնալ, ապա ոչ մի կազմակերպություն քեզ հայ չի դարձնի։ Մեր որդիները համեմատում են Հայաստանը Եվրոպայի հետ,եւ դա իրենց համար դառնում է խթան,,։

2011 թվականից Մերձբալթյան երեք երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, ում նստավայրը Վիլնյուսն է,  տալիս է համայնքի հետեւյալ գնահատականը. ,,Երեք երկրներում էլ կան փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքներ։ Ոմանք արդեն 20 տարի գործունեություն են ծավալում, որպես գրանցված համայնքներ։ Օրինակ, վերջերս Կաունասի համայնքի 20-ամյակը նշեցինք։ Գերակշռող մեծամասնությամբ համայնքները կազմված են Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներից, նրանց մի մասը դեռ խորհրդային տարիներին է այստեղ եկել սովորելու եւ մնացել ու գործունեություն է ծավալել։ Նոր ալիքը  եկել է 1990- ականների վերջերին։

Յուրաքանչյուրը փորձում է իր առանձնահատկությունը պահպանել, իր խոսքը ունենալ համայնքային կյանքում։ Կա Լիտվահայերի միությունը, կան Վիլնյուսի, Կաունասի, Շյաուլյայի եւ Վիսագինասի միությունները։ Երեք տարիները փոխճանաչման, փոխգործունեության եւ ծրագրերի հստակեցման տարիներ էին։ Ուրախ եմ, որ կան նաեւ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Հայաստանը, որոնց շնորհիվ այդ երկրներում շատ դրական կերպարներ են ստեղծվել հայերի մասին,,։

-Շատ դժվար է ավանդական ու նոր համայնքները համեմատել-շարունակում է Հայաստանի դեսպանը։ -Յուրաքանչյուր համայնք ունի իր զարգացման առանձնահատկությունները։  Տարբերությունը շատ է, բայց սխալ է կարծել, որ միայն ավանդական համայնքներից պետք է փորձ առնել։ Նույնիսկ այս փոքրաթիվ համայնքներում որոշակի փորձ ենք ունեցել, որը կարող է ուսանելի լինել փորձառություն ունեցող համայնքների համար։ Հայերը որտեղ էլ լինեն, պետք է կարողանան ցանց ստեղծել։ Համայնքներում ոչ միայն կառույցներով են ապրում, այլեւ այդ կառույցներից դուրս։ Հաջողակ մարդը հիմնականում ընդգրկված չէ համայնքային կյանքում։ Չէ՞ որ դա նաեւ զոհաբերություն է պահանջում,,։

Հայ-լիտվական հարաբերություններ . ինչո՞ւ նախկին ԽՍՀՄ-ից Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը  միայն 2011 թվականին է Վիլնյուսում բացել  Հայաստանի դեսպանությունը։ Մինչ այդ Մերձբալթյան երկրների հետ երկկողմ հարաբերություններով զբաղվում էր Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը։

,,Երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բավականին ուշացել ենք, քանի որ այս երկրները ԵՄ շրջանակներում ունեն կարեւոր միջազգային դերակատարություն ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերություններում։ Շատ ճիշտ էր, որ դեսպանությունը բացվել է աշխարհագրորեն ոչ թե Լատվիայում, այլ Լիտվայում, որը բալթյան երկրներից ամենաակտիվն է ու ազդեցիկը,- ասում է Հայաստանի դեսպանը։

Նրա պատմելով, հայերին ճանաչում են երկար ժամանակ։ ,,Մենք ունենք գործընկերներ ԵՄ-ից,  բայց Բալթյան երկրները յուրահատուկ են մեզ համար, քանի որ սովետական տարիներին ապրելով մեկ երկրի շրջանակներում, քաջածանոթ են մեր մտածելակերպին, մեր կենսակերպին, մեր մարտահրավերներին, մեր իրականությանը, այդ իմաստով մենք միմյանց լավ ենք ճանաչում։  Երեք երկրներում էլ հայերը շատ ակտիվ մասնակցում են ազգային փոքրամասնությունների խորհուրդներում, նույնիսկ Լատվիայում մեր համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Խարաջանյանը ղեկավարում է ազգային փոքրամասնությունների խորհուրդը, նա ոչ միայն հայտնի երաժիշտ է եւ այլեւ միակ հայն է, որ պարգեւատրվել է Լատվիայի բարձրագույն շքանշանով,,-ասում է դեսպանը։

Ինչ վերաբերում է պետության նկատմամբ վերաբերմունքին, դա կարծրացած չի մնում, աշխարհն է փոխվում, շահերն են փոխվում, մարտահրավերներն են փոխվում։ ,,Խորհրդային ժամանակաշրջանում ազգային ազատագրական եւ անկախության համար պայքարը միաժամանակ սկսվեց Բալթյան երկրներում, Հայաստանում եւ Ղարաբաղում,-շարունակում է դեսպանը։ – Բալթյան երեք երկրների ազգային ճակատների անունից 1989-ին գրված նամակ եմ գտել՝ ուղղված Գորբաչովին եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազին, որ ազատեն Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Նամակի չորրորդ կետով կոչ էին անում կյանքի կոչել ԼՂ ինքնորոշման սահմանադրական իրավունքը։ Այսօր այստեղ որոշ քաղաքական ուժեր մոռանում են այդ մասին։ Այն ժամանակ Հայոց Համազգային Շարժումը եւ մերձբալթյան ժողովրդական շարժման ներկայացուցիչները սերտ կապերի մեջ էին, Լիտվան գլխավորում էր այդ շարժումը եւ փոխադարձ աջակցություն կար։  1990 թվականին Լիտվայի հեռուստաաշտարակի մոտ ողբերգություն եղավ եւ զոհվեցին մարդիկ։ Այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվիրակություն ժամանի Վիլնյուս եւ կանխի արյունահեղությունը։ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պատվիրակության ինքնաթիռը Մինսկում պահեցին, ուշացումով հասան, բայց ամեն ինչ արեցին, որ բախումներ չլիենեն միտինգավորների եւ խորհրդային զորքերի միջեւ։ Լիտվայի ղեկավար Լանսբերգիսը ասել էր, որ լիտվացի ժողովուրդը դա երբեք չի մոռանա։ Արդյունքում 1991 թ օգոստոսի 14-ին Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը,,։

Առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Լիտվայի հետ։ Դա պատահականություն չէր։ Դա խորհրդանշական էր։ Ցավոք, 23 տարվա ընթացքում իրավիճակը փոխվեց։ Բալթյան երկրների անկախության եւ պետականության գաղափարը հիմնված է Սովետական Միության օկուպացիայից ազատվելու, արտաքսման,  ցեղասպանության կոնցեպտների վրա։ Պատահական չէ, որ ծայրահեղ ձեւով սրվել են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները, եւ Բալթյան երկրները, հատկապես Լիտվան, որդեգրել է ամենակոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։ Այստեղ Հարավային Կովկասի նկատմամբ մեծ ուշադրություն կա, հատկապես Վրաստանի նկատմամբ, Ղարաբաղին նախկինում հիվանդագին վերաբերմունք կար, իսկ հիմա ավելի հավասարակշռված է։ ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ղեկավարը Լիտվայի սեյմում 

Երիտասարդ տնտեսագետ Ռենա Սարիբեկյանի կարծիքով  .,, Լիտվայում մտածում են, որ Հայաստանը փոքր երկիր է, անկախություն չունի եւ գեոպոլիտիկ ծանր վիճակում ենք գտնվում,,։

Հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն է նպատակաուղղված նաեւ Վիլնյուսում 2012-ի սեպտեմբերից  գործող Լիտվա-Հայաստան ֆորումը,որը ղեկավարում է իրավաբան, ծնունդով արցախցի Արմեն Հայրապետյանը։ 1988 թվականին նա տեղափոխվել է Լիտվա, ավարտել է իրավաբանական ֆակուլտետը։ Այժմ Լիտվայի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի խորհրդականն է։ Վերջինիս ասելով իրենք կայքէջ  են ստեղծել՝ www.lt-am.lt, որտեղ տալիս են հայ-լիտվական հարաբերություններին նվիրված լրատվություն։ Հանդես են եկել դեկլարացիայով, որը ստորագրել են հայ եւ լիտովցի նշանավոր մարդիկ։ Ֆորումի կազմում ընդգրկվել է Լիտվայի ողջ էլիտան։ Ակտիվորեն համագործակցում են նաեւ Հայաստանի դեսպանության եւ Լիտվական Սեյմի Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ։  Դեսպանության հետ համատեղ կազմակերպել են ,,Ես սիրում եմ Հայաստանը,, նկարչական մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ դպրոցականներ, նկարելով Հայաստանին նվիրված նկարներ։  5-14 տարեկան  2000 դպրոցականներ մեկ ամիս ուսումնասիրել են հայկական մշակույթը, 1600 նկար են նկարել եւ պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է լավագույնները։ Նույնիսկ հայերեն տառերով գրություններ են գրել։ Մրցույթի ավարտին դեսպանության հետ համատսղ հրատարակել են ալբոմ, ուր տեղ են գտել լավագույն աշխատանքները։ Այնուհետեւ մրցանկակիրներին հավաքել են մի նավի վրա եւ նրանց համար կարդացել դասախոսություններ Հայաստանի մասին։ Դեսպանության աջակցությամբ ,,Կրանտայ,, մշակութային ամսագրի 2013 թվականի 4-րդ համարն  ամբողջությամբ նվիրվել է հայ մաշկույթին ու պատմությանը։

2014-ին ստեղծվեց մի նոր կազմակերպություն, որը կոչվում է Բալթյան երկրների հայկական դաշինք եւ որի նպատակը լոբբիստական աշխատանքն է։ Այս դաշինքի կազմում ընդգրկված են երիտասարդ, պրոֆեսիոնալ, բանիմաց երիտասարդներ, որոնք նաեւ մեծ աջակցություն են ցուցաբերում դեսպանությանը։ Համակարգողներից են փաստաբան Արմեն Հայրապետյանը եւ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։

Բալթիկ երկների կոնֆեդերացիան  նպատակ ունի զարգացնելու մեր պատմական ու մշակութային ժառանգությունը Լիտվայում եւ Բալթիկ մյուս երկրներում։ Սեմինարների միջոցով ցույց ենք  տալիս մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հին մայրաքաղաքի պատմությունը։ Սա է  ,,Բալթիկ Արմենիան ալայնս,,-ի պլատֆորմը, որին այժմ անդամակցում են 6 հոգի Լիտվայից եւ Էստոնիայից։

Բալթյան երկրների հայկական դաշինքի ղեկավարներից Մարատ Սարգսյանը ներկայացնում է Դաշինքի ստեղծման պատմությունը. ,,Դեսպանության բացումից հետո մի խումբ հայերով՝ Արմեն Հայրապետյանի, Ռենա Սարիբեկյանի  եւ  Տալլինից Գայանե Քալաշյանի հետ  դեսպանատան շուրջը հավաքվեցինք եւ 2014 թ հունիսին գրանցեցինք կազմակերպությունը՝ հայկական արվեստը պահելու եւ ներկայացնելու նպատակով։

Հայաստանի դեսպանի ասելով, 2013-ին Լիտվան նախագահում էր Եվրամիությունում եւ մի շարք մշակութային միջոցառումներ են անցկացրել։ Ամենակարեւորը Փարաջանովի տուն-թանգարանի ցուցադրությունն էր, որի բացմանը ժամանել էին Հայաստանի մշակույթի նախարարը եւ տնօրեն Զավեն Սարգսյանը։ 2013-ին նաեւ հայկական կինոշաբաթ են արել Լիտվայի կինոմատոգրաֆիստների ընկերության հետ, իսկ 2015-ին ,,Ոսկե ծիրանն,, էր Վիլնյուսում՝ ցեղասպանությանը նվիրված ֆիլմերով։ Ղարաբաղին նվիրված Վարդան Հովհաննիսյանի ֆիլմը ցուցադրվեց լիտվական հեռուստատեսությամբ։

Հայերը եւ լիտովցիները- Լիտովցիները ինչպե՞ս են վերաբերում հայերին։

Գործարար Արայիկ Թունյան. Օտարներին ոչ այնքան լավ։ Ազգայնամոլացված հասարակություն է այստեղ։ Բայց հայերի 70-80 տոկոսը ինտեգրված են, հայերը գործարար, բարի եւ հարեւանասեր մարդիկ են, եւ լիտովցիների հետ համատեղ ապրում են։ Ընդհարումներ չեն եղել, բայց զգացվում է, որ կա նաեւ ազգայնական շարժում։ Իհարկե, նկատի չունենք  կենցաղային վեճերը։

Կաունասից Ալեքսանդր Բոյաջյանն այն կարծիքին է, որ լիտովցիների հետ շփումը շատ հեշտ է։ Լիտվերեն խոսում են բոլոր հայերը։ Խառը ընտանիքներում քիչ են խոսում, բայց ձգտումը կա հայերեն խոսելու։

Հայ-լիտվական բարեկամության ձեռնարկ կարելի է համարել Նանսենյան ակումբի գործունեությունը։ Մականախաղի վաստակավոր մարզիչներ, եկվորյակ եղբայրներ Հրաչ ու Հրանտ Պետրոսյանները լիտվական Դաուգայ քաղաքում հիմնել են ,,Նանսենի ակումբ,,, որի հիմնական նպատակն է ,,Նանսենյան խաղերի,, կազմակերպումը։ Արդեն նման խաղեր են անցկացվել 2013-2014 թվականներին։ Խաղերի հիմնական նպատակն է տարբեր ազգերի մարզական մշակութային ծրագրերի միջոցով կապեր հաստատել հարեւան երկրների՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի, Լատվիայի եւ Էստոնիայի երիտասարդների միջեւ։ Նաեւ մի հողատարածք է գնվել, որը կոչվելու է Նանսենյան պետություն, ուր կարող են այցի գալ երբեւէ Նանսենյան անձնագրեր ստացած մարդկանց ժառանգները եւ հուշաքարի մոտ ծաղիկներ դնել ։

Գյումրեցի Հրաչ Պետրոսյանը 2012 թվականից է բնակվում Լիտվայում։ ,,Մենք միշտ երազել ենք վերադառնալ սպորտ, քանի որ Հայսատանում վիճակը ծանր էր, ստիպված էինք անցել բիզնեսի ոլորտ, որպեսզի ինքներս գումար աշխատենք եւ ինքներս ֆինանսավորենք։ Ուստի եղբորս հետ միասին նախաձեռնեցինք ,,Նանսենյան խաղերը,, , որոնք սպորտի եւ մշակույթի միասնությունն են։ Ինչու Նանսենյան, քանի որ Նանսենի տված անձնագրերը ցեղասպանությունից հետո փրկել են նաեւ շատ հայերի կյանք։ Նանսենը ոչ թե գումար տվեց, այլ օգնեց, որ մարդիկ իրենց արդար քրտինքով կարողանան ապրել։

Հրանտ Պետրոսյանի կարծիքով, ով Նովոսիբիրսկում երկար տարիներ ապրելուց հետո, այժմ վերադարձել է Հայաստան։ ,, Գյումրիում մանկատան երեխաներից թիմ եմ հավաքել եւ սկսել ենք պարապմունքները։ Քանի որ նացիոնալիստներն ու պոպուլիստներն իրենց ազգերին ոտքի են հանել, մենք որոշեցինք Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի աղջիկների թիմերի միջեւ մրցույթ անցկացնել եւ երեք օր տոնի վերծածեցինք այս խաղերը։  Թեեւ հայկական թիմ չմասնակցեց այս անգամ, սակայն մերոնք էլ  երգեցին, պարեցին։ Հանդես եկան լիտովցի երաժիշտներ։  Այս երկրորդ տարին է այստեղ անցկացվում։ Հաջորդը Հայաստանում եւ Բելառուսում կլինի։ Նպատակ ունենք, որ հետագայում տարբեր ազգերի թիմեր միասին ելույթներ ունենան,,։

Լիտվան ճանաչել է Հայոց  ցեղասպանությունը

 Լիտվայի Սեյմ-ը 2005թ դեկտեմբերի 15-ին ընդունեց բանաձև Հայկական Ցեղասպանության մասին։ Բանաձեւում գրված է՝

,,Լիտվական Հանրապետության Սեյմը,Նշելով Հայ ժողովրդի ցեղասպանության  90-ամյակը,Դատապարտելով  Օսմանյան Թուրքիայում 1915թ Հայ ժողովրդի ցեղասպանությունը, Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել այդ պատմական փաստը,,:

Թե Ռուսլան Հարությունյանը եւ թե Արայիկ Թունյանը հավաստեցին, որ Ճանաչումը կատարվել է համայնքի եւ խորհրդարանի համատեղ նպատակասլաց լոբբինգի արդյունքում, որն ուներ իր քարոզչական եւ գործնական մասերը։ Այժմ Ռուսլան Հարությունյանը՝ աղջկա Վեգայի հետ ուսումնասիրում է 1894-ից լիտվական թերթերում հայերի կոտորածների մասին հոդվածները:

,,Ես դեռ բոլորը չեմ կարդացել, բայց ընդհանուր բնորոշիչն այն է, որ  հայերի վիճակը համեմատվում է լիտովցիների վիճակի հետ, և կա ձգտում հայ գործիչների օրինակով դաստիարակել լիտվական գործիչներին, երիտասարդությանը: Այս թեման էլ լուրջ է և ուսումնասիրությունը չի ավարտվել ,,– ասում է Հարությունյանը:

Ադրբեջանաթուրքական լոբբին եւ հայերը

Դեսպան Արա Այվազյանի կարծիքով,  ադրբեջանաթուրքական լոբբին Լիտվայում շատ գրագետ էր աշխատում։ -Անկախության շրջան մենք շատ լավ ժառանգությամբ էինք մտել եւ մի տեսակ հանգստացած էինք։ Պահ եղավ, երբ  ադրբեջանցիները հասկացան, որ այս երկրներն իրենց համար պատվար են դեպի Եվրոպա, եւ նրանց միջոցով իրենք կարող են տրամադրություններ ձեւավորել Եվրամիության շրջանակներում։ Բալթյան երկրները համադրում են ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան երկրների կապերը, ,,Արեւելյան գործընկերությունը,, առաջնահերթությունների շարքում է։ 2014-ին Լատվիան էր նախագահում։ Ադրբեջանը լավ օգտագործեց այս պահը՝ շրջանառության մեջ դրեցին այն միտքը, որ ինչպես լիտովցիներն են ժամանակին օկուպացվել,  այնպես էլ ,,իրենց հողը,,՝ Ղարաբաղն է օկուպացիայի ենթարկվել Ռուսաստանի արբանյակ պետության կողմից։ Իրենք էլ  են ,,ենթարկվել ցեղասպանության,, եւ այսպես կոչված Խոջալուի դեպքերն էին մեջբերում։  Մեր դեսպանության բացելու ժամանակ  խորհրդարանի 141 անդամից 73-ը պատրաստ էին կողմ քվեարկել այդ բանաձեւին։ Լիտվան կարող էր դառնալ առաջին պետությունը, որ նման բանաձեւ կընդուներ, բայց մենք կարողացանք կանխել։  Այս տարիները շատ հետաքրքիր շրջան էր եւ լավ դպրոց էր մեզ համար։ Մեզ հաջողվեց իրավիճակը փոխել կտրականապես։ Մենք կարողացել ենք ավելի ընկալելի դարձնել մեր քաղաքականությունը։

Մեր ուժերը խիստ սակավ են։ Մեր դեսպանությունում, բացի դեսպանից եւս երկու  դիվանագետ են աշխատում՝ երեք երկրների համար։ Յուրաքանչյուր երկրում պետք է մեր մասին անպայման հիշեցնենք, որովհետեւ շատ արագ է մոռացվում նախկինում կատարված աշխատանքը։ Այսօր միջպետական հարաբերությունները պայմանավորում են տնտեսական հարաբերություններով։ Ադրբեջանցիները տնտեսական շահերը փոխում են քաղաքականի։ Առանձնաշնորհյալ դիրք ունենք, որ Հայաստանը ընկալվի որպես գրավիչ տնտեսական գործընկեր,,։

Լիտվահայերի միության նախագահ Արայիկ Թունյանի կարծիքով, մի քանի տարի առաջ քաղաքական ասպարեզում ամեն ինչ ավելի հանդարտ էր։ Երկու երկրների դեսպանությունների բացումից հետո այդ շարժումն ավելի ակտիվացավ, ինչը սպասելի էր։ Ադրբեջանցիների ֆինանսական վիճակը հայերից բարձր է, լավ ֆինանսավորում են։ ,,Մենք կարողանում ենք ինչ-որ ձեւով հակադրվել, մեր հին կապերն ենք օգտագործում։ Բայց թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն Լիտվայի բուհերում ուսանող ագրեսիվ երիտասարդություն,,- ասում է նա։

Վիլնյուսաբնակ արձակագիր Վահագն Գրիգորյանը համոզված է, որ մինչեւ 2005 թվականը, երբ Լիտվայի սեյմը ճանաչեց Հայոց ցեղասպանույթունը, լիտովցիները շատ լավ գիտեին մեր խնդիրները, բայց երբ ադրբեջանական փողերը մտան Լիտվա, սկսեցին հակահայկական հոդվածներ գրել, Հայաստանի ու Ռուսաստանի կապը օգտագործում էին, որպեսզի սրեն հակահայկական քարոզչությունը։ ,,Նույնիսկ մեր ցեղասպանության ընդունման դեմ սկսեցին հոդվածներ տպագրել, -ասում է նա։ -Մի քանի լիտվական կայքէջեր ուղղակի գնված են ադրբեջանցիների կողմից։ Ես խմբագրին նամակ գրեցի, վերջը տպագրեցին։ Լիտվական մամուլի համար չորս հոդված գրեցի, ոչ մեկը չտպագրեցին։ 2000 դոլար էին ուզում, որ իբրեւ գովազդ տպագրեն։ Լեռնային Ղարաբաղ-Լիտվա բարեկամական խումբը ստեղծվեց՝ Դայա Կոդիտեի ղեկավարությամբ եւ դեսպանի նախաձեռնությամբ։ Նա էլ հարձակումների ենթարկվեց։  

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը շարունակում է թեման. ,,Լիտվայի խորհրդարանի Արցախյան խումբը կազմավորելիս սեյմում ֆիլմ ցույց տվեցինք, մեծ սկանդալ բարձրացավ, այն, ինչը իրենց քաղաքական ներկա պահին դեմ է։ Նախագահը հրաման է տվել, որ մեզ չեզոքացնեն։ Մենք ցուցադրեցինք Բաքու, Մարաղա, Սումգայիթ ֆիլմերը։ Մենք արդեն շատ լուրջ հակառակորդ ունենք։ Ժամանակի մեծ մասը ծախսում ենք հակաադրբեջանական լոբբիզմի վրա։ Դեսպանության բացվելուց հետո արդեն հարձակվողների դերում ենք։ Ադրբեջանցիները մարդկանցով ուժեղ չեն, նրանք ուժեղ են փողով եւ ցանկացած թեմա իրենց համար ճիշտ ձեւի մեջ են ներկայացնում։ Ասենք հայերը ռուսների հետ են, ուրեմն լիտովցիների դեմ են։ Լիտովցիների հետ հակահայկական ֆիլմ էին նկարահանել։ Լիտվական այդ ֆիլմի վրա 1 միլիոն դոլար են ծախսել, բայց գեղարվեստական որեւէ արժեք չունի։ Մոնտաժողներից մեկը նույնիսկ հրաժարվել էր աշխատել։ Այդպես էլ իրենց նավթային գումարներով կաշառում են բոլորին,,։

Կաունասի հայ համայնք

Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը 33 տարի առաջ է եկել Լիտվա, ամուսնացել է լիտվուհու հետ։  Ծնվել է Հայաստանում, ապրել է Թիֆլիսում, այնտեղ էլ ավարտել է դպրոցն ու համալսարանը։ Նա տեխնիկական գիտությունների դոկտոր է։ Նոր տեխնոլոգիաներով է զբաղվում, մետաղների մշակմամբ եւ այլն։

2014-ին մեծ հանդիսավորությամբ նշել են համայնքի 20-ամյակը։ Այս հանդիսությունը կրել է համալիտվական բնույթ, որին մասնակցել են բոլոր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչները։  Իրենց ուժերով հրատարակել են  Հայ-լիտվերեն զրուցարան, օրացույց։ ,,2006-ին ստեղծել ենք  ,,Հայրենիք,, երգի–պարի խումբը, որը 90-100 համերգ է տվել Լիտվայում, Լատվիայում։ Երեւանում ,,Իմ Հայաստան,, փառատոնին  են մասնակցել,-պատմում է Ալեքսանդր Բոյաջյանը։ -Խմբի անդամներից շատերն առաջին անգամ եղան Հայաստանում։ Անգլիայում մասնակցել են Սլավյանսկի բազար փառատոնին։ Պարի խմբի միջոցով լիտովցիներին ծանոթացնում ենք մեր մշակույթին, երգ ու պարին։ Շատ են մասնակցում Լիտվայի տարբեր մասերում անցկացվող ֆոլկլորային փառատոնների։ Խմբի կազմում են նաեւ լիտվուհիներ, որոնք  հայերեն երգում են եւ պարում։ Տեղացիներն էլ տեսնում են, թե մենք ինչպես ենք ինտեգրվել, ինչպիսի մշակույթ ունենք, որ նույնիսկ իրենց ազգակիցները մեր անսամբլում են։ Մենք շատ ակտիվ ենք, եթե հրավիրում են մեզ, ուրեմն այդ պահանջը կա։ Շատ հարգում են եւ սիրում են մեզ,,։ Իսկ Գյումրիի երկրաշարժից հետո Կաունասում հաստատված, երաժիշտ, իսկ ապա նաեւ ծրագրավորող,  ,,Հայրենիք,, խմբի երաժշտական ղեկավար Արմեն Սարգսյանը նշում է. ,,Հայկական ժողովրդական երգ ու պար, նաեւ ժամանակակից համարներ ունենք, որպեսզի նաեւ ընդունելի լինի ոչ հայ ունկնդրի համար։ Թե երեխաները, թե երիտասարդները  շատ մեծ ոգեւորությամբ են պարում։ Մեր ելույթներից հետո մեծանում է աջակցությունը,,։

Կաունասում արդեն 16 տարի գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ ,,Ամեն կիրակի տարբեր տարիքային խմբերի 20 երեխա է հաճախում դպրոց։ Նույնիսկ մեծահասակներ են գալիս, որ չմոռանան լեզուն եւ իրենց երեխաներին սովորցնեն,,-պատմում է Բոյաջյանը։

Կաունասում ապրում է 150  հայ։  Կան թե լիովին հայկական, թե խառը ընտանիքներ։ Կաունասի հայերի մեծ մասը հայերեն խոսում են։ ,,Մեր քաղաքում 95 տոկոսը լիտովցիներ են։ Մեզ ,,ոսկու,, պես պահում են։ Տարբեր մասնագիտությունների տեր հայեր կան, ոմանք ունեն խանութներ, հյուրանոց կամ սրճարան։

,,Մեր առաջին նախագահը՝ Վալերի Ջիլավյանը նկարիչ էր։  Իսկ Սվետլանա Պողոսյանը չիկանկա/ /էր պատրաստում եւ հաճախ նրա ցուցահանդեսներն ենք կազմակերպում։ Այդ ավանդույթը լիտովցիների մոտ չկար եւ դա նորություն էր այստեղ։

,,Բոլորը ակտիվ չեն, բայց 60-ից ավելի ակտիվիստ ունենք։ 2015-ին նշեցինք  ցեղասպանության 100-ամյակը։ Քանի որ հայկական եկեղեցի չունենք, ապրիլի 24-ին կաթոլիկ եկեղեցիներում պատարագ ենք պատվիրում, որի ընթացքում հիշում են Եղեռնի տարելիցը,,- ասում է Բոյաջյանը։

Կլայպեդայի հայ համայնքը-ՎԱՆ

Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը 1987 թ-ին, ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, էստոնական Տալլինում աշխատելու ուղեգիր է ստացել։ Շուտով նրան նշանակում են իրենց ընկերության  Կլայպեդայի/Լիտվա/ մասնաճյուղի ղեկավար ու այդպես հաստատվում է Լիտվայում։ Դեռ Տալինում  ամուսնացել է  լիտվուհու հետ։

Ահա թե ինչ է պատմում նա. ,,Կլայպեդայի հայ համայնքը գրանցվել է  2003 թվականին, մոտ 200 անդամ ունի։ 50 ընտանիք է ապրում, երիտասարդների թիվը 50 է։  Շատերն են մեկնել արտասահման  աշխատելու կամ սովորելու, հիմնականում՝ Անգլիա, Գերմանիա, Դանիա։ Երիտասարդները կապը պահում են։ Մեր հայերը չեն հրաժարվում հայ լինելուց։ Ակտիվությունը տարբեր է։ Շատ են խառը ամուսնությունները։ Մի քանի ընտանիքներում նույնիսկ լիտովցիները խոսում են հայերեն։ Հայերը Կլայպեդայում հարմարվել են։  Այստեղ մթնոլորտը  տարբեր է, տարբեր ազգեր կան, եւ լիտվերենի խիստ հսկողություն չկա։ Ռուսերեն եթե հարցնես՝ պատասխան կստանաս։ Նաեւ մեծահասակ հայեր կան, որ լիտվերեն լավ չգիտեն։

Մեր քաղաքի հայտնի հայերից են դաշնակահար Նարա Ստեփանյանը, ով հաճախ է հանդես գալիս ոչ միայն մեզ մոտ, այլեւ Հայաստանում։ Նրա ընտանիքը 4 տարի է, ինչ Երեւանից տեղափոխվել է։ Նաեւ  ֆուտբոլիստներ ունենք, որ Կլայպեդայի ֆուտբոլի թիմում են խաղում։ Երաժիշտներ, որ նվագում են Լիտվայի տարբեր նվագախմբերում։ Բժիշկներ ունենք, օրինակ Ալբերտ Ալբերտյանն իր սեփական կլինիկան բացեց, համասեփականատեր է։ Հայերի մեծ մասն ունեն ռեստորանային բիզնես, շինարարներ էլ  կան։ Ինքս դիզայնով եմ զբաղված, աշխատում ենք նաեւ Եվրոպական այլ երկրների հետ։

Երեխաներս տանը լիտվերեն են խոսում, իսկ ինձ հետ՝ հայերեն։ Այժմ նրանք Շոտլանդիայում եւ Հոլանդիայում են սովորում։ Ցանկանում են մի խումբ ընկերների հետ Հայաստան մեկնել ՝ նրանց  ծանոթացնելու նպատակով։ Նրանք ովքեր մնում են այստեղ,  մասնակցում են մեր միջոցառումներին։

Կիրակնօրյա դպրոց ունենք, առաջ 12-14 աշակերտ ունեինք, հետո մեծացան, այժմ սովորում են 7-9 տարեկան 12 երեխաներ։ Պարի ու  թատերական խմբեր ունենք, իսկ ներկայացումների սցենարները երիտասարդներն են գրում։

Կլայպեդայի հայերը նաեւ մասնակցում են Ազգային փոքրամասնությունների միջոցառումներին, հայկական տոներին, նշում ենք Վարդավառը։ Ցուցահանդեսներ ենք կազմակերպում, հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ՝ հրավիրելով օտարներին։ Կլայպեդայի կենտրոնում խաչքար ենք դրել՝ նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին։ Կարեւոր է, որ արվեստի նմուշ լինի եւ քաղաքային իշխանությունների պաշտպանության հովանու տակ լինի։

Վիսագինասի հայ համայնք

Վիսագինասի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը 1972 թվականին Երեւանից տեղափոխվել է Լիտվա։ 1995-ից հաստատվել է Վիսագինասում։ ,,Սրճարան ունեի, իսկ անկախությունից հետո՝ խանութ ու բար։ Երբ Լիտվայում տնտեսական վիճակը վատացավ, իմ արտադրությունն էլ փակվեց։  Վիսագինասում ատոմակայան է աշխատել, նախկինում Սլեչկուս էր քաղաքի անունը։ Կյանքը շատ լավ էր այստեղ։ Հիմա, երբ ատոմակայանը, փակվեց մարդկանց կյանքը դժվարացավ։ 28 հազար բնակիչ էր  ապրում, որից  5000-ը աշխատում էր  ատոմակայանում։ Այժմ՝ 16 հազար մարդ, եւ երիտասարդությունը դուրս է գալիս Եվրոպա, քանի որ աշխատանքի խնդիր կա։ Նախկինում հայերս 10 ընտանիք էինք, վերջին տարիներին երկու ընտանիք մեկնեցին, մնացինք 28 հոգի։ Երիտասարդները գնում են մայրաքաղաք։ Ինձանից առաջ հայ համայնքի նախագահն էր Արտյոմ Ամամջյանը, ակտիվ աշխատանք էր տանում  Գայանեն Առաքելյանի հետ միասին։ Նրանց երիտասարդները քանի դեռ այստեղ էին,  համերգներ էին կազմակերպում, շատ լավ էր անցնում։

Հայերը տարբեր մասնագիտություններ ունեն՝ կահույքի ֆաբրիկայում գլխավոր էներգետիկ ունենք, գործարարներ կան, տաքսիստներ, մի մասն էլ թոշակի են անցել։ Լիտվայի հայերի միության նախագահ պարոն Թունյանի շնորհիվ մեզ լավ ենք զգում։ Նրա միջոցով մասնակցում ենք համալիտվական միջոցառումներին։ Ի դեպ, Վիսագինասում են գործում նաեւ Արայիկ Թունյանի հյուրանոցը, ռեստորանը եւ պատկերասրահը։

Բարդուխ Ամիրյանն իր ապագան տեսնում է Հայաստանում։ ,,Որքան տարիքս առաջ է գնում, ուզում եմ մնացյալ կյանքս Հայաստանում անցկացնել,- ասում է նա։  -2014-ին աղջիկներիս տարել էի Հայաստան, հիացած վերադարձանք։ Նրանցից մեկը  լիտովցի ամուսնու հետ  Իտալիայում են ապրում։ Շատ հավանեցին Երեւանը, շատ փոփոխություններ տեսանք, ջերմություն, եւ սիրտս կանչեց, որ վերադառնամ Հայաստան։  Երկարատեւ դադարից հետո էր, զարմացանք փոփոխություններից։  Ես միայն Հայաստան կգնամ, ուրիշ ոչ մի տեղ։ Ոչ մի տեղ Հայաստանի համն ու հոտը չկա,,-ասում է Ամիրյանը։

Շյաուլյայի հայ համայնք

Շյաուլյայի մարզի հայ համանյքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյանը նշում է, որ իրենց քաղաքում մոտ 30 հայ  ընտանիք է ապրում։ 2001 թվականից կազմավորվել է համայնք, որն ակտիվորեն աշխատում է նաեւ հայկական հարցի շուրջ։ Քաղաքային ղեկավարությունը հայերին համարում է ամենակազմակերպված ազգային փոքրամասնությունը եւ տարբեր հարցերում համագործակցում է նրանց հետ։ Քաղաքային գրադարանում 2012 թվականին  բացել են հայկական գրքերի ընթերցարան, որն ապահովել են հայ գրականությամբ։ Հրատարակել են ,,Մուսա լեռան 40 օրը,, գիրքը լիտվերեն։ Այստեղ է նաեւ 2001 թվականին Խաչերի բարձունքում Բալթյան երկրների հայերի կողմից կանգնեցվել Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված խաչքար։

Երիտասարդները եւ նրանց ապագան

Ինչպիսի՞ն է լիտվահայ նոր սերունդը, ինչպիսի՞ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի։ Մեր զրույցների արդյունքում հասկացանք, որ ունենք կրթված, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդություն։ Միայն թե հիմնական խնդիրը նրանց մեկ կազմակերպչական կառույցի մեջ հավաքելն է։

Դեսպան Արա Այվազյան- Այստեղ առաջին սերունդն է մեծանում։ Պետք է շնորհակալություն հայտնել, որ կազմակերպվեցին։ Հին սերունդը լավ չի խոսում հայերեն։ Պրոֆեսիոնալ երիտասարդներ ունենք՝ սկսած միջազգային հարաբերություններից, իրավաբանությունից, տնտեսագիտությունից մինչեւ արվեստներ։ Դեսպանության հիմնական կազմը նաեւ երիտասարդների հետ է աշխատում եւ իրենց հետ միասին լուծում ենք խնդիրները, որոնք այլ մարդկանց հետ չենք կարող լուծել։

Օրինակ, երիտասարդ օրիորդ Ռենա Սարիբեկյանը,  ով փայլուն ավարտել է տնտեսագիտական համալսարանը եւ աշխատում է հեղինակավոր բազմազգ ընկերությունում, ցանկություն հայտնեց, որ Հայաստանի տնտեսական շահերը առաջ տանենք եւ 2014-ի հունիսից նշանակվեց Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչը Լիտվայում, եւ կազմակերպեց բիզնես ֆորում։  Շատ մեծ աշխատանք  տարվեց ՀԶԳ հետ, եւ մեր գործարարները մասնակցեցին, եւ մի շարք փաստաթղթեր  ստորագրվեցին։

Ռենա Սարիբեկյանը աշխատում է Միջազգային տնտեսական համալսարանում, ավարտել է բիզնեսի ֆակուլտետը՝ միջազգային մարկետինգի գծով, Բեռլինում պաշտպանել է միջազգային հարաբերությունների գծով ատենախոսություն։ Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչն է Լիտվայում 2014-ից եւ Հայտեխ  Բիլդի գրուպ միջազգային ընկերության աշխատակից։ Նաեւ  գլոբալ էկոնոմիկայի գծով դասախոսում է նույն համալսարանում։ Նրա ասելով, հայեր կան նաեւ այլ գլոբալ ընկերություններում, որոնք գալիս են Հայաստանից, աշխատում են մի քանի տարի ու ետ վերադառնում։

Ռենայի ընտանիքը Վիլնյուս է տեղափոխվել  1991 -ին, հայրը սեփական բիզնես բացեց եւ սկսեց արտադրական նշանակության ներկերի արտադրությունը։ Այժմ նաեւ աշխարհով մեկ դրանց տարածումով է զբաղվում՝ բալթյան երկրներում, Բելառուսում եւ ԵՄ երկրներում։ Ունի եղբայր, որ նույնպես սովորում է Վիլնյուսի տնտեսական համալսարնում եւ հորն է աջակցում։

Ռենան պատմում է.,, Մենք Հայաստանի հետ աշխատելու որեւէ կազմակերպություն չէինք տեսնում Լիտվայում։  Նախքան այդ ընկերությունում աշխատելը, ես աշխատում էի Լիտվայի արդյունաբերողների ընկերությունում, որը մեծ լոբբիստական կազմակերպություն է, նրա մեջ են մտնում 2200 ընկերություններ։ Մենք աշխատեցինք լիտվական արտահանման  տարբեր նախագծերի վրա, այդ թվում Մալայզիայի համար նախատեսված նախագծի վրա։ Ես հասկացա որ նման նախագծեր կարող եմ իրականացնել նաեւ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Դա միայն հայրենասիրական պատճառ չէր, այլեւ տրամաբանական։ Դեսպան Արա Այվազյանի հետ հանդիպումը դրական արդյունք ունեցավ։ Մեկ շաբաթով գնացի Հայաստան եւ հանդիպումներ ունեցա տարբեր բնագավառների տնտեսական   ղեկավարների հետ, որից հետո Վիլնյուսում իրականացրեցինք հայ-լիտվական բիզնես ֆորում։ Լիտվական տնտեսության 100 տոկոսը կապված է արտահանման հետ, եւ այն երկրների, որոնք կապված են այս նոր գեոպոլիտիկ փոփոխությունների հետ։ Քիմիական տեքստիլի եւ մթերքների բնագավառներում հնարավոր է համագործակցել։ Այսօր մեր նպատակն է զարգացնել հայ-լիտվական բիզնես խորհուրդը՝ արդյունաբերողների կոնֆեդերացիայի հովանու ներքո։ Դա կօգնի մեր երկրին։ Լիտվան դարպաս է Հայաստանի համար դեպի Եվրոպա։

,,20 տարի ապրում եք այստեղ, այդ ընթացքում որքանո՞վ է հաջողվել պահպանել հայկական ավանդույթները եւ ինքնությունը, եւ ինչքանո՞վ եք ինտեգրված լիտվական հասարակության մեջ,, հարցիս Ռենան պատասխանում է.

,,Իհարկե, անհնար է չուծացվել այստեղ, քանի որ լիտվական իրականությունը տարբերվում է արեւմտաեվրոպականից, դեռեւս իշխում է հետսովետական մենթալիտետը՝ մտածելակերպը։ Ես շնորհակալություն պետք է հայտնեմ իմ ծնողներին, որ կարողացել եմ պահպանել ընտանիքի, ընկերության մասին պատկերացումները։ Այստեղ տարբեր երկրներից ընկերներս հասկանում են, որ մենք տարբերվում ենք իրենցից, քանի որ ավելի ազատ ենք շփման մեջ, ավելի ընկերական ենք, ավելի ջերմ։ Մեր ընկերություն անելու եւ ընտանեկան հարաբերությունները լրիվ տարբերվում են իրենցից։ Եվ դա գալիս է մեր պատմական ժառանգությունից եւ շատ կարեւոր է, դա պահպանել նաեւ այսօր։ Մարդիկ դուրս են եկել Հայաստանից եւ դրսում փնտրում են բոլոր հնարավորությունները ինքնակայացման համար, բայց մենք կրկին մնում ենք գլոբալ ազգ, քանի որ ամենուր ենք, ու թեեւ 10 միլիոն ենք Հայաստանում եւ սփյուռքում միասին, սակայն բոլորս միանման ենք մտածում ընտանիքի եւ ընկերության ավանդույթներում, մեր մշակույթի պահպանության հարցերում։

Չեմ կարծում, որ հայ մարդը պարտադիր ինչ- որ համայնքի մեջ պետք է լինի, որ կարողանա պահպանել իր ինքնությունը։ Դա նախ կապված է իր մենթալիտետի հետ։ Եթե այդպես լիներ, հայերը իբրեւ գլոբալ ազգ չէին մնա։ Ամեն մարդ պետք է նախ ինքը պահպանի իր ինքնությունը, հասկանա, ով է ինքը եւ ինչ է ուզում։ Բիզնեսի մեջ է, թե տնտեսության, նա պետք է հասկանա, որ իր փոխարեն ոչ ոք չի պահի իր ինքնությունը, որեւէ  համայնք։

Հայկական համայնքը շատ կարեւոր է, բայց նրա համար չի, որ մարդիկ գան ու հասկական, թե ինչպես պետք է իրենք իրենց հայությունը պահպանեն,այլ ամեն մի հայ արդեն պետք է ունենա իր պատկերացումը հայապահպանության մասին եւ այդժամ պետք է հավաքվեն եւ քննարկեն, թե ինչպես այդ ինքնությունը համատեղ պահպանեն։ Մարդիկ ոչ թե պետք է հավաքվեն եւ նոր ներկայացնեն, այլ պետք է իրենց հասունացած մտքի մեջ հասկանան, թե հայությունը ինչ է։ Շատերը չեն հասկանում, թե Հայաստանն ու հայությունն ինչ է։

Պետք է հասկանան, որ հայությունը միայն խորովածի մեջ չի, գինիների մեջ չի, դա էլ իհարկե պետք է, բայց հայությունը նախեւառաջ մեր մտածողության մեջ է։ Հայերը լավ ճանաչված են բիզնես աշխարհում։ Մենք ունենք աշխարհահռչակ բիզնեսմեններ, իսկ 80 տոկոսը այդ հայերի մասին չգիտի։ Մենք պետք է պատմենք մեր հաջողված պատմությունների մասին, մեր սփյուռքի մասին,թե ինչպիսին է մեր պատմությունը, մեր գրողները, մեր արվեստագետները, մեր գործարարները ովքեր են։ Մենք այսօր նայում ենք Հայաստանին իբրեւ զբոսավայր, հարուստ խանութներ ու ռեստորաններ ունեցող երկիր, բայց դա չէ Հայաստանը։ Հայաստանը մեր պատմական ժառանգությունն է, որ  պետք է պահպանենք ու ներկայացնենք այսօր։

,,Աշխատում ենք մեր երիտասարդներին ինտեգրել  լիտվական, լատվիական եւ էստոնական մշակույթների մեջ։ Այժմ շատ զբաղված ենք մեր նախագծերով, հուսանք ավելի ակտիվ կլինենք,, ասում է Ռենան։

Լիտվահայերի միության նախագահ Արայիկ Թունյան -Նոր սերունդը բնատուր զարգացած, կրթված, գեղեցիկ բարձունքի վրա է։ Իրենք պետք է հասունանան եւ կազմակերպվեն։ Եթե դրական արդյունք տեսնեն, կգա ժամանակ, երբ իրենք բոլորը կընդգրկվեն համայնքային կառույցներում։ Հիմա  ներքուստ զգում են եւ գալիս են եկեղեցի։ Հարկադրանքը միշտ հակառակ ազդեցությունն է ունենում։  

Կաունասի հայ համայնքի ղեկավար  Ալեքսանդր Բոյաջյանի կարծիքով. ,,Երիտասարդները շատ ընդունակ են, շատերը համալսարաններ են ավարտել՝ ամենատարբեր մասնագիտությունների գծով։ Իմ աղջիկը երաժշտական ակադեմիան է ավարտել, մյուս երկու աղջիկներս՝ համալսարանի օտար լեզուների բաժինը։ Երիտասարդների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն։ Նրանք նաեւ հայերեն են խոսում, ռուսերեն,,։ 

Կաունասցի երիտասարդ Էմմա Բոյաջյանը ծնվել է եւ մեծացել Լիտվայում, երաժշտական ակադեմիան է ավարտել։ ,,Լիտովցիները շատ լավ են մեզ վերաբերում, մեծ հետաքրքրությամբ, հարգանքով, հատկապես  երիտասարդ սերունդը, ոչ մի խտրականություն չկա մեր նկատմամբ։

Հայկական համայնքում կան բոլոր պայմանները, որպեսզի քո ինքնությունը պահես, իսկ լեզուն չի դառնում հիմնական շփման միջոց, քանի որ ամեն մեկը տարբեր մակարդակի հայերեն գիտի։ Լիտվերեն ենք միայն խոսում եւ նաեւ ռուսերեն,,։

Մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան, մտահոգ ասում է . ,,Դա շատ դժվար հարց է, մենք էլ արդեն ընտանիքներ ենք ստեղծում։ Նաեւ կդժվարանա մեր պարախմբի գործը, քանի որ եթե երեխաներ ծնվեն, շատերը կթողնեն անսամբլը։ Մենք կուզենք, որ մեր երեխաներն էլ մեր գործը շարունակեն,,։

Իսկ իրավաբան Արմեն Հայրապետյանի կարծիքով ,,երիտասարդներին դժվար է հավաքել։ Նրանք հիմնականում շփվում են սոցիալական ցանցերում,,։

,,Ամեն դեպքում ո՞րն է լիտվահայ համայնքի պոտենցիալը, արդյո՞ք երիտասարդությունը կարող է հայկական արժեքների եւ ինքնության պահպանման կրողը լինել,, հարցիս Մարատ Սարգսյանը պատասխանում է. ։

,,Այս հարցը բարդ է, ուզում եմ լավատես լինել, բայց չեմ կարողանում։ Մի քանի անգամ փորձել ենք երիտասարդական կազմակերպություն ստեղծել, բայց չի ստացվել։ Իմ կարծիքով ելքերից մեկն այն է,  որ ստեղծողը պետք է միայն դրանով զբաղվի, կամ էլ  պետք է այնքան հայրենասեր լինի, որ իր ողջ ժամանակը տրամադրի այդ գործին։ Պետք է մի մարդուց կախված չլինի։ Այդ երկու պատճառներով ես չէի կարողանում իմ ամբողջ ժամանակը տրամադրել, իսկ երբ կանչում ես,  ակտիվ չեն։ Պատճառները նույնն է։ Մենք Դաշինքը ստեղծեցինք, որ փոխարինի այդ հին մտքերին։ Մեծացանք։ Այլեւս երիտասարդ չենք։ Ես չէի կարող իմ ամբողջ կյանքը տրամադրել դրան եւ միայն դրանով զբաղվել։ Մի քանի անձեր կան, իսկ  ընդհանուր ֆոնը դատարկ է։  Ամենակազմակերպվածը Կլայպեդայի համայնքն է, որի անդամները համախմբված են։ Ուրիշ ոչ մի ազգ այսքան հայտնի մարդ չունի, որքան մենք։ Ուղղակի մերոնք  խմբակային գործ չեն ուզում անել,,։

  • Արձակագիր Վահագն Գրիգորյանը պատասխանելով մեր հարցին, թե  ի՞նչ պետք է անենք, որ երիտասարդությանը կապենք հայկական խնդիրների, Հայաստանի հետ, քանի որ միայն Ապրիլի 24-ին ցույց անելով եւ որեւէ միջոցառում կազմակերպելով, հնարավոր չէ իրենց պահանջները բավարարել, ասում է. ,,Ես չգիտեմ ուրիշներն ինչպես են անում,ինձ մի խնդիր է անհանգստացնում։ Նախադպրոցական տարիքում երեխաները ծնողների հետ գալիս են կիրակնօրյա դպրոց, սիրով խաղում են, մեծանալուն պես հեռանում են։ Պետք է այնպես լինի, որ նրանք պարտադրանք չզգան։ Պարտականություն չդառնա, ինչպես անենք, ես չգիտեմ։ Հոռետես չեմ, բայց մեր սերունդը կորուստների հետ է կապված, եւ քանի գնա նվազելու է։ Հրեան ոչ թե ազգություն է, այլ գաղափարախոսություն։ Այդ իմաստով հրեաների մոտ ստացվում է,,։

 ,,Դուք 70 ականներից հետեւել եք լիտվահայ համայնքի զարգացմանը, ի՞նչ վիճակում է հիմա ,,- հարցիս պատասխանում  է. ,,Հիմա դժվարությունները կապված են նոր սերնդին ներգրավելու հետ։ Երիտասարդությունը տարված է իր հարցերով, իր ընկերներով, իր շրջապատով։ Ուստի, չենք կարող ասել, որ ամենուր երիտասարդները 100 տոկոս ակտիվ են, միշտ էլ 5-10 տոկոսն է ակտիվ։ Այդ երիտասարդությանը այնպես պետք է կապել, որ չձանձրանա, ստիպողական չլինի։ Իհարկե, դա նաեւ ընտանիքի դաստիարկությունից է գալիս։ Դասական սփյուռքում՝ Եգիպտոսում, Ֆրանսիայում զգացել եմ երիտասարդության պակաս։ Մեզ համար սփյուռքում երիտասարդությանը հայ պահելն իրոք խնդիր է ոչ միայն գիտակցությամբ, այլեւ իր ներքինով,,։

Լեզու եւ դպրոց

Արայիկ Թունյանը պատմում է, որ Վիլնյուսի հայկական շաբաթօրյա դպրոցը բացվել է 2001-ին։ ,,Աշխատում ենք, որ մեր երեխաները կարողանան հայերեն սովորել։ Հայերեն խոսում են ընտանքիներում, բայց երեխաները օգտագործում են տեղի լեզուն կամ ռուսերենը։ Հայերեն հասկանում են, բայց զգացվում է, որ հայաստանյան լեզուն չեն օգտագործում։ Ցավոք, խառը ընտանիքներում այդ լեզվի խնդիրը ավելի է զգացվում։ Տղաս՝  Հայկը հայերեն է սովորում կիրակնօրյա դպրոցում։ Երեխային ուղարկում ենք Հայաստան, որ հայերեն խոսի, այնտեղ հետը ռուսերեն են խոսում։

Մի սերունդ արդեն անցել է, հաջորդ սերունդն է եկել։ Խնդիրներ կան, ուսուցիչների պակաս, գալիս է ֆինանսական կարողություններից։ Մեր մեղքն էլ կա դրա մեջ, քանի որ  մենք միշտ փորձում ենք մեր միջոցառումների ժամանակ օտար լեզվով խոսել։ Մենք պետք է ձեռնարկները հայերեն անցկացնեք եւ զուգահեռ թարգմանիչ ապահովենք։ Դա լեզուն պաշտպանելու ձեւերից մեկն է։ Ես դեմ եմ մեկ երկու հյուրի համար ամբողջ միջոցառումը լիտվերեն անցկացնելուն։ Լեզվի հարցում է, որ խնդիր ունենք։ Նույնիսկ հայկական ընտանիքում կարող է լիտվերեն խոսեն։ Ինչ կարող ենք պահանջել լիտվահայերից,  եթե հայկական հեռուստատեսության հաղորդավարներն են կիսատ- պռատ հայերեն խոսում,,։

Վիլնյուսաբնակ գեղանկարիչ Արմեն Բաբայանը պատմում է, որ իր երեխաներին տանն են  սովորեցրել հայերեն խոսել։ Այժմ երեխաները ցանկություն ունեն ուսումը շարունակելու Անգլիայում։ ,,Լիտվայում շատ քիչ հայ կա, որ գրագետ է հայերեն խոսում,- ասում է նա։

Վիլնյուսի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Դարիկո Խաչատրյանը 1989 թվականին է տեղափոխվել Լիտվա, օդաչու  ամուսնու հետ։ Երեք երեխաներն էլ արդեն Լիտվայից դուրս են ապրում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում։ Բոլորն այստեղ են սովորել, բայց բոլորն էլ իրենց երեխաների հետ հայերեն են խոսում։ Լավ հասկանում են,  ձգտում ունեն։ Նրա ասելով Լիտվայում շատ են խառը ամուսնությունները։

Վիլնյուսի լեհական թեքումով  դպրոցի շենքում մի դասարան են տրամադրել, որն ամբողջությամբ զարդարված է հայկական պատկերներով ու դրոշներով։ Երբ մտում ենք դասարան, ամենուր աչք են շոյում հայկական քարտեզները, հայ գրողների դիմանակարներն ու հայկական պատկերները։ 

,,2001-ին շատ աշակերտներ էին հաճախում դպրոց՝  տարիքային տարբեր խմբերում 32 երեխա կար, հիմա նրանք շատ չեն։ Բացի հայերենից, նաեւ պատմություն ենք դասավանդում, երգ- երաժշտություն,  նկարչություն եւ կերամիկա։ Կան  նաեւ մեծահասակներ, որ ուզում են հայերեն սովորել։ Տարեց Կլավդիան, որին ժամանակին հայ ընտանիք է որդեգրել եւ պահել, փորձում  է հայերեն սովորել։

Փոքրիկ Անին անկեղծանում է մեզ հետ՝ ,,Խոսում եմ հայերեն, քանի որ հայ եմ, պիտի իմանամ,,։ Լեւոնը տառերը սովորում է, որ  խոսել ու գրել  իմանա։ Սահակը համարում է, որ իբրեւ հայ պետք է լավ իմանա իր լեզուն։  ,,Տառերը փորձում ենք խաղերից միջոցով սովորեցնել, որպեսզի չձանձրանան, նաեւ վարվեցողության կանոններն ու շփման ձեւերն ենք սովորեցնում։ ,,- ասում է  ուսուցչուհին։

Իրավաբան Արմեն Հայրապետյանը նշում է.,,Մենք փորձում ենք տանը երեխաների հետ հայերեն խոսել,, բայց իրենք հաճախում են լիտվական դպրոց, եւ իրար հետ լիտվերեն են խոսում։ Հայկական շաբաթօրյա դպրոց նույնպես հաճախում են, բայց այնտեղ էլ մակարդակները տարբեր են, մեկը լավ է խոսում, մյուսը՝ նոր է սովորում,,։

Կլայպեդայի հայ համանքի ղեկավար Մանվել Գալստյանը հետաքրքիր նկատառում հայտնեց. ,,Ակտիվությունը գալիս է ընտանիքի դաստիարակությունից։ Կան եւ ակտիվ երիտասարդներ եւ նրանք, ովքեր դեպքից դեպք են գալիս համայնք։ Կան ընտանիքներ, որ հայ ծնողներն իրար հետ հայերեն են խոսում, բայց չգիտես ինչու երեխաների հետ ռուսերեն են խոսում։  Անհասկանալի բան է, այն էլ Կլայպեդայում,,։

Գործարար Ժամհարյանի որդին ծնվել է Վիլնյուսում, նախ հաճախել է ռուսական մանկապարտեզ, դպրոց, անգլերեն դասընթացների, իսկ հիմա սովորում է Լիտվայի Մենեջմենթի միջազգային դպրոցում՝ լիտվերեն։  ,,Տանը հայերեն ենք  խոսում։ Կարդում է, իսկ գրելը դժվարությամբ է տրվում,,-ասում է հայրը։

Բժիշկ Կարապետ Բաբայանն ասում է, որ իր երեխաները չորս լեզվով են խոսում՝ հայերեն, լիտվերեն, անգլերեն, ռուսերեն։ ,,Շատ լավ վիճակում է հայկական համայնքը։ Առաջներում ինձ իբրեւ բժիշկ շատ էին դիմում։  Հիմա մի քիչ այլ կերպ է։ Այստեղ բոլորս Սովետական Միությունից ենք  դուրս եկել, մենք մի տարիքի ենք եւ նույն մտածելակերպով։ Ազատ Հայաստանից եկածներն այլ են։ Նրանց մտածելակերպն ուրիշ է,,-համոզված է նա։

Արձակագիր Վահագն Գրիգորյանը սեփական փորձառությամբ է կիսվում՝ ,,Իմ ընտանիքում Հայաստանում երեխայի հետ լիտվերեն էինք պարապում, իսկ այստեղից Հայաստան գնալիս՝ հայերեն էր պարապում։

Իսկ այսօր շատ հաճախ ծնողներն են ծուլանում, որ երեխաներին դպրոց բերեն,,։ Դիզայներ Սերժ Գյանջումյանն անկեղծանում է. ,,Իմ երկու երեխաները այստեղ են ծնվել, իսկ առաջին ամուսնությունից տղաս 25 տարեկան է,Երեւանում է ապրում։ Հայկական ինքնությունը շատ դժվար է պահել, հրեական դպրոց են գնում, քանի որ կինս հրեա է։ Մայրս էլ հրեա է։ Եբրայերեն խոսում են, հայերեն ավելի դժվարությամբ։ Երեխաները գիտեն լիտվերեն, ռուսերեն, հայերեն եւ անգլերեն։

Մեր հանդիպումները մի բան են ապացուցում, որ ծնողները պետ է խթանեն հայերենի պահպանմանը, այլապես երեխաները լեզուն ընդմիշտ կմոռանան։

Լիտվահայ գործիչներ

Լիտվան հարուստ է հայ մշակույթի գործիչներով։ Այստեղ ունենք եւ հայտնի օպերային երգչուհի, եւ գրող ու կինոռեժիսոր, եւ դիզայներ ու նկարիչներ։

Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը ներկայացնում է  Վիսագինասում գործող ժամանակակից կերպարվեստի ցուցասրահը, որտեղ կազմակերպում են հայ եւ օտար նկարիչների ցուցադրություններ։

Թեեւ Թունյանի հիմնական աշխատանքը կապված է տնտեսական գործունեության հետ Վիլնյուսում եւ Վիսագինասում, ուր գործում է նաեւ նրա հյուրանոցը, բայց նաեւ փորձում է աջակցել նկարիչներին։ ,, Ես  ձգտում եմ արվեստին մոտ լինել։ Իմ շրջապատում միշտ եղել են նկարիչներ, գրողներ։ Գեղանկարիչ Տիգրան Յուխանյանի հետ 17 տարի է ընկերություն ենք անում։ ,,Լոռվա ձոր,, հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը առաջարկեց հայկական գույները տեղափոխել Լիտվա, եւ մենք անմիջապես համաձայնեցինք։ 54 նկարիչի 84 աշխատանք տեղափոխվեց Լիտվա եւ ցուցադրվեց մեր օգնությամբ եւ ,,Փյունիկ,, հիմնադրամի աջակցությամբ։ Լիտվան ներկայացրեցինք օտար նկարիչների աչքերով։ 33 նկարիչ էին եկել Վիսագինաս։ Արվեստի բոլոր դպրոցները մասնակցեցին։ Մեծ կազմակերպչական աշխատանք տարան Տիգրան Յուխանյանը, Սերգո Երիցյանը։ Այդ ցուցասրահում պատրաստ ենք ներկայացնել տարբեր երկրների հայ նկարիչների 300 կտավ։ Կան նաեւ ռուս, լիտվացի, լատվիացի, բելառուս, վրացի նկարիչներ։ Գալերիային կից բացվելու է նաեւ Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ։ Հույս ունենք, որ երկու տարին մեկ անգամ կանցկացվեն նման հավաքներ,,։ Իսկ 2015-ի ապրիլի 24-ին Տիգրան Յուխանյանն ու հայաստանցի նկարիչ  Գագիկ Ավետիսյանը Վիլնյուսի կենտրոնական հրապարակում մի նախագիծ իրականացրին՝ նկարելով տեղադրված պաստառների վրա։

Տիգրան Յուխանյան. Մտածողության եւ արժեքների փոփոխություն

Գեղանկարիչ եւ քանդակագործ Տիգրան Յուխանյանը 1994 թվականից ապրում է Լիտվայում։ Կյանքի պայմանները ստիպեցին, որ ընտանիքով տեղափոխվի Լիտվա։ Վերջին հինգ տարում ապրել է նաեւ Հայաստանում։ Ցուցադրվել է Մոսկվայում եւ Վիլնյուսում, Նկարիչների միության ցուցասրահում, անհատական գալերիաներում։ Վերջերս Հայաստանում քանդակել է եզդիների եւ հայերի բարեկամության հուշարձանը։ Նրա պատմելով, Վիլնյուսի եկեղեցու առաջ նույնպես  քանդակ են դնելու։

,,Երբ եկա Լիտվա, նկարում էի հայկական մտածողությամբ։ Դա իրենց համար նորություն էր։ Եվրոպական ամեն պետություն ու ազգ ունի իր մտածողությունը, ու նրանց այլ հարցում չես կարող համոզել։ Պրոֆեսիոնալ արվեստագետը պետք է ձեւափոխվի ըստ այդ տարածքում ապրող մարդկանց որակի։ Դու կարող ես չազդվել նրանց կերպարվեստից, բայց այդ շրջապատի մտածողությունը պետք է ընդունես եւ քո շրջապատի նկարիչներից ավելի տաղանդավոր պետք է լինես, եւ նրանցից ավելի ցածր գնով վաճառես քո գործերը, որ կարողանաս գոյատեւել, մրցակցությանը դիմանալ,, ,- ասում է մեզ հետ զրույցում Տիգրան Յուխանյանը։

,,Նկարչի ստեղծագործությունն այն որակի պետք է լինի, որ տանը միշտ կախված լինի, դա ոչ մեքենա է, ոչ կահույք, որ փոխեն։ Մարդիկ նկարի հետ ապրում են ու ժառանգում են։ Կերպարվեստը միակ բանն է, որ ստեղծված ժամանակից չի հնանում ու չի փչանում։ Լիտովցիները դա իմանալով, գնում են լավը։ Այստեղ արդեն ազգ գոյություն չունի։ Քո անհատական ձեռքի հզորությամբ հաղթում ես։ Գալերիայի տնօրենը վերցնում է այն, ինչը կարողանում է վաճառել։ Դու ձգտում ես ավելի ու ավելի որակյալ աշխատանք տալ։ Կարելի է ասել, որ 2010 թվականից որպես արվեստագետ ես մեռած եմ։ Այս տարիներին 7-8 աշխատանք եմ նկարել։ Սովորաբար տարեկան մոտ 12-ն եմ նկարում,- ասում է նա։

Տիգրան Յուխանյանը ապրելով Լիտվայում, ի՞նչ փոփոխություն է կրել, հարցիս պատասխանում է՝ ,,Իհարկե, ես փոխվել եմ, այնպես եմ փոխվել, որ այլեւս չեմ կարող ապրել Հայաստանում։ Իմ մտածողության, էության եւ արժեքների, ամեն ինչի փոփոխություն եմ ապրել։ Այստեղ իմ ձուլումը դժվար կլինի։ Երեխաներիցս մեկը եկել է 21 տարեկանում, մյուսը Երեւանից գալու է 1 տարեկանում։ Նրանք իսկական տեղացի են դառնալու,,։

Արմեն Բաբայան. Փակ նամակներ մորս

Գեղանկարիչ Արմեն Բաբայանը, ում աշխատանքները ցուցադրված են Վիլնյուսի կենտրոնական մասում գտնվող ցուցասրահներից մեկում, Լիտվայում հաստատվել է 1994-1995 թվականի ամանորի գիշերը՝ գնացքով Մոսկվայից գալով Վիլնյուս։   Այդ օրվանից ընտանիքով Լիտվայում են։ ,, Օտարության մեջ շատ ծանր օրեր եմ անցկացրել եւ միայն նկարչության միջոցով եմ կարողացել պահել ընտանիքս,,- հիշում է Արմեն Բաբայանը եւ պատմում. ,,Դեռ 1989 թվականին, երբ պարետային ժամ էր Երեւանում, մեզ  ինստիտուտից ուղարկեցին   Լիտվա։ Տեղի կերամիկայի արվեստը, դեկորատիվ գրաֆիկան ինձ շատ էր գրավում։ Ես կերամիկայի բաժնում էի սովորում, միաժամանակ նաեւ կերպարվեստն էր ինձ գրավում, քանի որ Երեւանի Թերլեմեզյանի ուսումնարանի կերպարվեստի բաժնում էի սովորել։ Մեկ տարի աշխատեցինք, հետո վերադարձանք եւ դիպլոմային պաշտպանեցինք։ Ես ուզում էի նաեւ Վիլնյուսում սովորել, բայց ընդունելության քննություններն արդեն ավարտվել էին։ Առաջին անհատական ցուցահանդեսը 1994-ին Հենրիկ Իգիթյանի կենտրոնում բացեցի։ Ամերիկահայերը շատ աջակցեցին ինձ, հատկապես  Մաթեւոս Մանվելյանը  շատ սիրեց իմ նկարչությունը։ Շատ լավ ցուցահանդես ստացվեց,,։

,,Ձեզ համար հեշտ էր մտնել լիտվական արվեստի աշխարհ,, հարցիս պատասխանում է. ,,Ինձ լավ ընդունեցին։ Ժամանակին ծանոթ էի լիտովցի նկարիչների, ովքեր ճանաչված նկարիչների ընտանիքներից էին։ Հաճախ էինք հանդիպում։ Այժմ ոչ մի լիտովցի նկարչի չեմ ճանաչում, եւ ոչ էլ ուզում եմ ճանաչել, նույն վերաբերմունքն էլ իրենց կողմից եմ զգում։ Թեեւ իմ արվեստանոցում նստած անգիր գիտեմ, թե միջազգային ասպարեզում ինչ զարգացումներ կան։ Նույնիսկ գիտեմ, թե որ երկրում ով է կրկնօրինակում իմ նկարները եւ տարածում։ Ես շատ լիտովցիների հետ չեմ շփվում, ես նկարներս տալիս եմ գալերիային եւ այդպես վաճառվում են,,։

,,Եվրոպական նկարչական դպրոցը ձեզ վրա ազդե՞լ է, նմանություններ կա՞ն,,  հարցին Արմեն Բաբայանը պատասխանում է ,,Ես եմ ազդում, ոչ թե իրենք։ Որոշները պատճենում են ինձ։ Ես փոքր գումարներով աշխատանք չեմ վաճառել, իսկ լիտվացին կամ այլազգին հենց այնպես գումար  չի տա։ Նրանք հասկանում են, թե ինչ արժեք ունի արվեստը։ Ես չեմ նկարում, որ պարտադիր վաճառվի։ Կարող է տասնյակ նկարներ պատրաստ լինեն, բայց չվաճառվեն։ Ես զգացել եմ, որ համադրություն կա, համընկնություններ։ Երկար տարիներ աշխատել եմ հեռանալ բոլորից։ Փորձել եմ ներկան այնպես օգտագործել, որ ոչ մեկին չհիշեցնի։ Երբ տարիները անցնում են, մեղքդ մեծանում է։ Վարպետությանդ աճի հետ մեկտեղ՝ մեղավոր ես զգում որոշ բաներում։ Երբ վարպետությունը երեւում է, արվեստը տուժում է,,։

Այնուհետեւ քայլում ենք պատկերասրահի դահլիճներով եւ կանգ եմ առնում մի մեծ կտավի վրա, որի վրա փակ ծրար է նկարված։ Հայացքս որսալով, Արմենն ինքն է միանգամից ,,բացում ծրարը,,.  ,,Ես նկար ,,սարքել,, չգիտեմ։ Մայրս մահացավ եւ շատ բան նրան չհասցրեցի պատմել։  Այժմ նկարում եմ ,,Նամակներ մորս,,։ Ինչ չհասցրեցի մորս ասել, գրում եմ այս նամակների մեջ՝ փակում ծրարները եւ ուղարկում վերեւ՝ մորս։ Գրականությունը ժամանակ է պահանջում, իսկ նկարչության համար ժամանակ չկա, դիտողը պետք է հաճույք ստանա նայելուց,,։

Լիտվայի ամենահայտնի հայ բժիշկը ՝ Կարեն Բաբայան.

Երբ սիրում ես երկիրը, երկիրն էլ քեզ է սիրում

Հայտնի վիրաբույժ-ուռուցքաբան Կարապետ/Կարեն/ Բաբայանը  Մերձբալթյան երկրների լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահնէ։Ծնվել է Երեւանում։ Հայրը՝ Սուրեն Բաբայանը Հայաստանում ուռոլոգիայի հիմնադիրներից մեկն է եղել։ Մայրը՝ հայոց լեզվի ուսուցչուհի էր։ Մեծ քույրը քիմիկոս է, մյուս քույրը՝  ԱՄՆ-ում ծրագրավորող է։ 1983 թվականին 16 տարեկանում ընդունվել է Կաունասի բժշկական ինստիտուտ, իսկ ավարտելուց հետո սովորել է նաեւ Բելգիայում եւ Ավստրիայում։  Վերադառնալով Վիլնյուս ամուսնացել է լիտվուհու հետ։ Կինը ճանաչված  պլաստիկ վիրաբույժ է։ Ուռուցքաբան Կարեն Բաբայանը լազերային վիրաբուժության հիմնադիրներից մեկն է Լիտվայում։ 7-8 տարի եղել է Լիտվայի լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահը, իսկ այժմ Մերձբալթյան երկրների լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահն է։ 8 տարի նաեւ ուռուցքաբանություն է դասավանդել, իսկ հետո խիստ զբաղվածության պատճառով թողել։

,,1996 թվականին հիմնադրեցինք լազերային վիրաբուժությունը նախ  ուռուցքաբանության ոլորտում, ապա անցանք պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ Ես այն ժամանակ ամենաջահել վիրաբույժն էի, որ 33 տարեկանի համար  համարվում էր ամենաբարձր մակարդակը։ Այժմ պլաստիկ վիրաբուժության մեծ կենտրոն ենք կառուցում, որը 2016-ին կավարտենք եւ կլինի տարածաշրջանային եւ Եվրոպայի ամենաուժեղ ուռուցքաբանական հիվանդանոցներից մեկը,,-պատմում է նա։

Կարապետ Բաբայանը նշում է, որ շատ լավ է համակերպվել Լիտվայում եւ  իր կարծիքով, Մերձալթյան երկրների շարքում Լիտվան ամենալավ երկիրն է։

,,Դուք զգացել եք, որ օտարերկրացի եք, թե արագ  ինտեգրվեցիք,, հարցիս պատասխանում է. ,,Բավականին լուրջ հարց է։ Այն ժամանակ արտագաղթ չկար, քանի որ բալթյան երկրները համարվում էին Եվրոպա։ Այստեղ այլ էր վիճակը, իրենք իրենց շատ էին սիրում։ Ես ինստիտուտի անսամբլում ակորդեոն էի նվագում, քանի որ նաեւ երաժշտական դպրոց էի ժամանակին ավարտել։ Դրանով մտա լիտվական մշակույթի մեջ։ Այդ մշակույթը շատ բան է տալիս։ Գյուղում տատիկ- պապիկի հետ երգում ես, խոսում ես, իրական երկրին ես ծանոթանում, եւ դա քեզ օգնում է սիրել այդ երկիրը եւ երկիրն էլ քեզ է սիրում։ Այդպես է առաջանում այդ փոխզգացողությունը։ Ես ամբողջ կյանքում Լիտվայի դրոշի տակ եմ ճամփորդել։ Սակայն իմ պատմական հայրենիքը Հայաստանն է, ես հայ եմ եւ դա կյանքում ես չեմ փոխի։ Բայց նաեւ իմ հայրենիքն է Լիտվան, քանի որ իմ ընտանիքի եւ իմ երեխաների հայրենիքն է։ Ես Հայաստանի համար չեմ էլ կարող ասել, որն է ճիշտ եւ որը սխալ։ Իսկ այստեղ կարող եմ ասել։ Այստեղ ղեկավարների մասին իմ մասնագիտական կարծիքը կարող եմ հայտնել,,։

Մարատ Սարգսյան. Հեռուստատեսությունից կինո

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը ծնվել է 1978 թվականին Կիրովականում/Վանաձոր/։ Լիտվայում հայտնվել է 1994 թվականին։ Եկել է Շյաուլյայ քաղաքը, քանի որ պապը բիզնեսով էր զբաղվում։ ,,Ես ու եղբայրս՝ Աշոտը, որն ի դեպ այժմ Վիլնյուսի ,,Արմենիա ,, հայկական ռեստորանի տնօրենն է, դպրոց չէինք ուզում գնալ եւ առանց դպրոցն ավարտելու,  եկանք այստեղ  պապիս օգնելու եւ այդպես մնացինք,,- պատմում է նա։  Այժմ 91 ամյա պապը Վանաձորում է։  ,,Վանաձորում Ինտերկապ հեռուստատեսությունում  12 տարեկանից օպերատոր եմ աշխատել։ Հիշում եմ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր Կիրովական, եւ ինձ էր վստահվել  նկարելու նրա այցը։ Զարմանում եմ, թե ինձ ինչպես էին վստահել տեսախցիկը։ Նախագահի թիկնապահները բոլոր օպերատորների տեսախցիկները նայեցին, իսկ իմը՝ ոչ։  Երբ եկանք Լիտվա, մի կես տարի որոնումների մեջ էի, ապա ընդունվեցի Շյաուլյայի հեռուստատեսություն։ Երկու տարի անց ստացա գլխավոր նորությունների  հաղորդման օպերատորի կարգավիճակ։ 20 տարեկանում եկա Վիլնյուս, ուր զվարճանքի ալիք էր բացվել, մոնտաժի ռեժիսոր աշխատեցի ու կամաց նաեւ հաղորդավար դարձա, այնուհետեւ սկսեցի երաժշտական տեսահոլովակներ նկարահանել։ 5 տարի աշխատելուց հետո հրաժեշտ տվեցի եւ գնացի կինոռեժիսուրա սովորեցի եւ ամենահայտնի ոչ լիտվացի հաղորդավարն էի այստեղ։ Շատ ալիքներով էի հանդես գալիս։ Ես իմ շոուն ունեի։ Հետո այդ ամենը ձանձրացրեց, թողեցի հեռուստատեսությունը։  Սկսեցի տեսահոլովակներ նկարահանել։ Զգում էի, որ առաջընթաց չկա։ Ու ամեն ինչ թողեցի, եւս վեց տարի սովորեցի, մագիստրոսի կոչում ստացա։ Ներկա պահին երկու ֆիլմ ունեմ։ 2009 թվականին նկարահանված  ,,Լեռնավանը,,, որ իմ դիպլոմային աշխատանքն է,  9 միջազգային մրցանակ ունի, այդ թվում Բոստոնի եւ Էմիլ Կուստուրիցայի, լեհական կինոփառատոնի մրացանակներ, ինչպես նաեւ ,,Ոսկե Ծիրանի,, երկու մրցանակ։ 2011-ին էլ նկարահանեցի ,,Հայր,, ֆիլմը։ Սա էլ Նիոնի/Շվեյցարիա/  կինոփառատոնում եւ լեհական Կրակովում գլխավոր մրցանակներ ստացավ։ Այժմ ,,Կտակ,, գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի վրա եմ աշխատում։ Դա ցեղասպանության թեմայով է։ Բայց չեմ ուզում զզվացնեմ այդ թեմայով։ Առանձնապես չեմ էլ գովազդում, որ չխանգարեն։ Դա այլ մոտեցումով է։ Դա թուրքերեն է, թուրքեր են խաղալու եւ հայեր չկան։

Ինչ վերաբերում է հայկական կինոյին, ապա այն այսօր փակվել է եւ լճացում է ապրում՝ համընդհանուր զարգացման պայմաններում։

Գրող Վահագն Գրիգորյան. Հայը դրսում ամենավերջին աշխատանքն էլ պատրաստ է անել բայց սեփական երկրում նույնը չի անի

Հայ ժամանակակից գրականության հայտնի դեմքերից մեկը, արձակագիր Վահագն Գրիգորյանը 1970-ին ամուսնացել է լիտվուհու հետ եւ իր կյանքը մեկընդմիշտ կապել նաեւ Լիտվայի հետ։ Երկար ժամանակ ապրել են Երեւանում։ Տղան ծնվել է, որից հետո Հայաստանում տնտեսական վատ տարիներ են  սկսվել, կնոջն ու երեխային ուղարկել է Վիլնյուս,իսկ ինքը մնացել է Երեւանում, որ աշխատի։ ,,Տղաս եւ հայերեն էր սովորում, եւ լիտվերեն։ Ես էլ տարվա մի մասը այստեղ էի անցկացնում, մերոնք տարվա կեսը գալիս էին ինձ մոտ,, հիշում է Վահագն Գրիգորյանը։

,,Դուք հարցազրույցներից մեկում ասել եք, որ այստեղ շատ փակ եք մնացել։ Ինչքանո՞վ եք ինտեգրվել լիտվական հասարկությանը։ Արդյոք ձեր մյուս կեսը չի օգնել Ձեզ, որ հեշտ լինի,, հարցնում եմ անվանի արձակագրին։

,,Շատ դժվարությամբ,- պատասխանու է նա։ – 1991 թվականին, երբ Հայաստանի գրողների միության քարտուղարի պաշտոնից դուրս եկա,արդեն ավելի ազատ էի եւ կարող էի իմ ցանկությամբ մնալ ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ,բայց ինձ Հայաստանն էր քաշում։ Իմ գալու արդարացումն այն էր, որ գալիս էի ընտանիքիս մոտ,  բալիկիս մոտ, իսկ Երեւանում շեղվելու հանգամանքները շատ էին, իսկ այստեղ ես գալիս էի, փակվում էի իմ գրասեղանի առաջ՝ նստում էի եւ գրում։ Շատ հաճախ նույնիսկ չէի զգում Երեւանում եմ, թե Վիլնյուսում։ 2000 ականների սկզբից Արայիկ Թունյանն ու Ռուսլան Հարությունյանն ինձ ներքաշեցին  համայնքային աշխատանքների մեջ։ Թեեւ Հայաստանի քաղաքացի եմ, ինձ Լիտվայի նախագահը շնորհեց Լիտվայի պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ Ինտեգրում ասվածը եղավ, երբ ավելի ակտիվ սկսեցինք աշխատել ցեղասպանության 90-րդ տարելիցի աշխատանքների նախապարտրաստական շրջանում։ 2003-2004 թթ.ից, կազմակրպվեցին Արամ Խաչատրյանի 100 ամյակը եւ Նարեկացու Մատյանի 1000 ամյակը, ցուցահանդեսներ, հանրահավաքներ։ Այդ ժամանակվանից ինչ որ չափով սկսեցի ինտեգրվել։ Պասիվ լիտվերեն գիտեմ, այսինքն կարդում եմ, լիտովցի գրողներին թարգմանում եմ հայերեն, հասկանում եմ, բայց դժվարանում եմ խոսել։ Տիկնոջս հետ հայերեն ենք թարգմանել  լիտվական գրականություն՝ Ավիժյուսի   ,,Հոգեբանը,, եւ Բալտիշուսի ,,Ասք վիզայի մասին,, վեպերը։

1988 թվականից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը մինչեւ 1996 թվական գրական մի տող չեմ գրել։ Իսկ այժմ լավ գրքեր լույս են տեսնում  ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ այստեղ։

Ինչպե՞ս եք կարողանում ձեր երեխաների ինքնությունը պահել Լիտվայում, քանի որ նրանք կիսով չափ լիտովցի են եւ կիսով չափ հայ, պատասխանում է. ,,Դա ամենաբարդ հարցն է։ Սկզբից այդ հարցին նայում էի կողքից ուրիշի աչքով, շատ ցավալով ու խոսելով, շատ ընտանիքներ հայերեն գիտեն, երեխաներն էլ գիտեն, բայց քանի որ միջավայրն այլ է, դժվար է պահպանել։ Ես չգիտեմ երրորդ սերնդի մոտ ինչ է լինելու։ Մեզ մոտ մի քիչ այլ է, քանի որ 10-15 տարի Հայաստանում ենք ապրել եւ տղաս լավ գիտի հայերեն, ինքը լիտվերեն է աշխատում, բայց առավոտյան եւ ընդմիջմանը անպայման մտնում է հայկական կայքէջեր եւ ծանոթանում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նույնը՝ կինս, հայերեն գիտի, հասկանում է, որոշ սխալներով խոսում է։ Երեխան իր մեջ ինչքանով կզգա այդ հայկականը, դա է վտանգը։ Տղայիս մասին չեմ մտածում, բայց նրա երեխան թե ինչքան կմանա հայ, դա է հարցը։ Իր կինն էլ է լիտվուհի, մեր հարսին Հայաստանում բոլորն էլ սիրում են։ Նա թավջութակահար է։ Իսկ տղաս աշխարհագրագետ է, այստեղ բիոլոգիական դեպարտամենտում է աշխատում՝ քաղցրահամ ջրերի եվրոպական ծրագրերում։

  • Ձեր վերջին ստեղծագործություններում շոշափում եք նաեւ արտագաղթի խնդիրը։ Ինքներդ այդ կամրջի վրա եք։ Դուք այդ խնդիրը ինչպես եք ներկայացնում՝ նկատի ունեմ ձեր գրականությունը։
  • Իմ գրքում՝ ,,Ոստանի վերջին ճամփորդությունը,, երկու ստեղածգործություն կա՝ համանուն վիպակը եւ ,,Ազատ հայ,, վեպը։ Այդտեղ ես գրում եմ. մարդը ավարտում է իր կյանքի ուղին։ Ողջ կյանքը օտար ափերում վատնած՝  ոտքով բռնում է Հայրենիքի ճամփան։ Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա-զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա  տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը։ Այս մասին է վիպակը։ ,,Ազատ հայը,, վեպի հերոսը ընդհակառակը, երիտասարդ է, նա իր կյանքի ուղին սկսում է՝ աշխարհի ճամփաները չափելուց։  Ի՞նչ է գտնելու նա, ի՞նչ է կորցնելու։ ,,Արտագաղթն ինձ ամենահուզող թեմաներից մեկն է, ես շատ-շատ կարող եմ հպարտանալ, որ մի քանի երիտասարդ ուզում էին գալ այստեղ, ես ասացի, որ ամեն բան կանեմ, որպեսզի չգաք։ Արտագաղթին շատ բացասական եմ նայում, ինձ համար շատ ցավոտ հարց է։ Հայաստանի շրջանները գնալով դատարկվում են։ Մյուս կողմից էլ ես չեմ կարող չարդարացնել այն մարդուն, որն ուղղակի այլ հնար չտեսնելով, ստիպված է Հայաստանից դուրս գալ։ Վերջերս ես մի բան կարդացի՝ որ հայերը հասել են նույնիսկ ամենահյուսիսային՝ Շպիցբերգեն կղզի։ Մարդիկ ելք չունեն։ Այլ մարդկանց մոտ էլ մտայնություն կա, որ միայն գնալն է լավ։ Ամենահետաքրքիրն այն է, որ դուրս գալով, դրսում ամենավերջին աշխատանքն էլ պատրաստ են անել, բայց սեփական երկրում նույնը չեն անի։ Այստեղ նաեւ իշխանությունների մեղավորությունն էլ կա, քանի որ պատերազմից հետո ոչինչ չարվեց, որպեսզի ժողովուրդը գոնե հոգատարություն զգա։ Մարդիկ նույնիսկ ամենածանր պայմանները կտանեն, եթե զգան, որ հոգատարություն կա։ Անտարբերությունն է բերում այդ վիճակին, քանի որ մարդիկ հասկանում են, որ խոսքերը մնում են օդում։ Ես սոսկում եմ արտագաղթից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանգնեցնենք այդ ընթացքը։ Ոչ թե պատգամավորի նման ասել, թե լավ է, գնում են դրսում աշխատում, փող են բերում։

Իմ վիճակն այլ է։ Ես Վիլնյուսում թոշակ եմ ստանում։ Իմ գրածները տպագրվում են Հայաստանում, թարգմանությունների հոնորար եմ ստանում։ Իսկ Հայաստանում ընդամենը 9200 դրամ թոշակ էի ստանում,մինչդեռ Լիտվայում՝  տասնապատիկ ավել։ Հայաստանում ինձ գումար է բերել ,,Ժամանակի գետը,, գիրքս, որն ստացավ պետական մրցանակ՝ 10 հազար դոլար։

  • Շատ արժեքներից, որ հեռացել է մեր հասարակությունը, նաեւ գալիս է նրանից, որ ժամանակակից գրականություն չեն կարդում։  
  • Գիրքը պետք է գովազդվի, որպեսզի վաճառվի։ Սովետական տարիներին իմ ,,Ադամամութ,, գիրքը 20 հազար տպաքանակով էր տպագրվել։ Առաջ այսքան ալիք ու համացանց չկար, միայն գեղարվեստական գրականություն էին կարդում։ Դրա համար էլ, երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, բոլորը պատմությունը լավ գիտեին։ Հիմա գիրք պետք չի բացել։ Նույնիսկ թերթ կարող են չառնել։ Նույնն էլ գրականությունը դեպի համացանց է գնում։ Լիտվայում 2000-ի հասնում  արձակ գործերի պատվերը, Հայաստանում ՝ 500 է։ Եթե վերցնեք աշխարհում հայերի թիվը, պետք է մեզ մոտ ավելի շատ լիներ։ Պատճառն այն է նաեւ, որ մարդիկ Հայաստանում ցածր են վարձատրվում։ Գրքի կորստի պատճառն այն է նաեւ, որ աշխարհում այլ արժեքներ են իշխում։
  • Ձեր կյանքի լիտվական մասը ինչքանո՞վ է ազդել ձեր գրականության վրա։
  • Մի քանի տեղ՝ այո։ Լիտվայում լինելով, իմ գրականությանը բերեց այն, որ մեր իրականությանը դրսից եմ նայում եւ այդպիսով ավելի լավ եմ հասկանում սփյուռքին եւ Հայաստանին, լայնացրեց իմ մտահորիզոնը եւ իր արտահայտությունը գտավ իմ գրականության մեջ։ 1990-ի վերջին նոր սկսեցի ակտիվ գրել։ Ազատ աշխարհում հայտնվելը նոր էջ բացեց։

Ափսոսում եմ, որ Հայաստանից դուրս եմ եկել, երբեք չեմ պատկերացրել, որ դրսում կապրեմ։ Ղարաբաղյան շարժման ժամանակ այնպես ստացվեց, որ մի քիչ երկար Ֆրանսիայում մնացի, առաջարկում էին մնալ, ու ես չմնացի։ Վերջը ճակատագիրը բերեց Վիլնյուս։

Երեւանոմ մենք պաշտպանված ենք, քանի որ քաղաքական գործիչներ ունենք, որ զբաղվում են քաղաքական գործերով։ Սփյուռքում չի ստացվում։ Այստեղ թուրքերի ու ադրբեջանցիների ասածները մենք ընդունում եւ հետեւաբար նաեւ պատասխանում ենք։

  • Կարեւոր նշանակություն ունի քաղաքական անցուդարձը, ինչքանո՞վ եք քաղաքականությունը ձեր միջով անցկացնում եւ մտցնում գրականություն։ Հայաստանյան անցուդարձին ինչպե՞ս եք վերաբերում։
  • Ես չեմ ուզում քաղաքական գործիչ լինել, ուզում եմ գրականությամբ զբաղվել։ 2001 թվականին գրեցի մեր քաղաքական կուսակցությունների մասին։ Գրականության դեպքում անհնար է. ժամանակի խնդիրներն ամենասուր ձեւով գրում ես,  մարդուն մոռանալ պարզապես անհնար է, կամ չանդրադառնալ լեզվի խնդրին։ Լեզուն հատկապես Հայաստանից դուրս կորչում է, արդեն ոչինչ չես կարող ասել։ Ես շատ ցավոտ եմ տանում։ ,,Պողոս Պետրոս,, վեպն եմ գրում։ Ինձ հայ ազգի ճակատագիրն է հետաքրքրում վերջին 100-200 տարում։ Կովկաս մտնելը, հայ-թուրքական հարբերությունները,  հայ պետականության զարգացումը։ Կարծես նույն սխալներն են արվում, նույն խնդիրներն են մեր առջեւ կանգնած։ Փորձում եմ հասկանալ,  այն ժամանակ ինչի կործանվեց, հիմա ինչ վտանգ կա։ Առաջին հանրապետության ժամանակ անարծաթասեր մարդիկ չկային,մեր վարչապետի՝ Քաջազնանու երեք տղաները կռվում էին թուրքերի դեմ։ Երբ նրա տղան գերի է ընկնում, թուրքը զարմանում է, չի թողնում, որ սպանեն, իմանալով, որ վարչապետի տղան է։ Այս բաները ուզում եմ հասկանալ եւ խորանալով թղթին հանձնել։ Նաեւ չեմ ընդունում թալանված փողերով Հայաստանում բարեգործություն անելը։ Այսօր մեկը եկեղեցու դեմ է, մեկը կողմ է։ Պետք է հիշել, թե եկեղեցու դեմ սովետական տարիներին ինչ ճնշումներ եղան։ Հակասությունները բերում են մեր երկու ծայրահեղությունները։

Հովհաննես Սարիբեկյան. Ինձ համար առաջնահերթը լեզվի պահպանումն էր

Կիբեռնետիկ-ինժեներ, այժմ գործարար Հովհաննես Սարիբեկյանն ընտանիքով Վիլնյուս է տեղափոխվել 1990ականներին։ ,,Երեւի ոչ մեկը չի կարող ասել, որ հեշտ ճանապարհ է անցել։ Գալով ուրիշ երկիր, չունենալով ոչինչ, ունեցել ենք որոշակի դժվարություններ։ Իմ կարծիքով բոլորն էլ անցել են դժվար ճանապարհ, որպեսզի ինչ-որ բանի հասնեն։ Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտները այլեւս նախկին աշխատանքը չէին ապահովում, ես նույնպես անհատական գործունեությամբ սկսեցի զբաղվել։ 1994-95 թվականերին ընտանիքիս տեղափոխեցի Լիտվա։ Նախ կոշիկի եւ հուշանվերների առեւտրով զբաղվեցի։ Իսկ 1996-97 թթ-ից աշխատում եմ ներկերի առք ու վաճառքի ոլորտում։ 5-6 տարի է ունենք նաեւ մեր փոքր արտադրությունը։ Եղել են ժամանակներ, որ շատ ծանր է եղել, բայց ժամանակի ընթացքում ոտքի ենք կանգնել։ 2003 թվականից մեր սեփական պահեստներն ու գրասենյակներ ենք ունեցել, մի քանի տարի առաջ կառուցել ենք ժամանակակից գրասենյակային համալիր։ 1998 թվականից ներկերի առք ու վաճառքով ենք զբաղվել Ռուսաստանի, Բելառուսի հետ, ինչպես նաեւ  ՄԱՖ գործարանի դիստրիբյուտորն ենք Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ արդեն 20 տարի է ՄԱՖ-ի ներկայացուցիչն ենք ողջ Եվրոպայում, գերմանական ,,Լայնֆիզեր,, ֆիրմայի ներկայացուցիչն ենք Մերձբալթիկայում։ Եվրոպական սանկցիաները մեր վրա հետաքրքիր ազդեցություն են ունեում։ Մենք հակադիր կողմերի հետ կապ ունենք։ Այս իմաստով, գերմանական արտադրանքի հետ ունենք որոշակի առաջխաղացում։ Հայաստանի հետ կապը արտահայտվում է ամեն տարի, երբ  Հայաստանին օգնություն ենք տալիս ,,Հայաստան,, համահայկական հեռուստամարաթոնին, մեր բարեկամներին։ Երեւանում փորձեցինք ներդրում անել, մասնաճյուղ բացեցինք, բայց տապալվեց։ Հիմա ուզում եմ նորից բացել եւ մտնել այդ տարածաշրջան՝ Բելառուսի եւ գերմանական ներկերի միջոցով։

Հայկականության պահպանումը-Առաջին տարիներին ֆիզիկական ցավ էի զգում, Աշտարակն էի հիշում, Երեւանը, դպրոցական ու ուսանողական տարիները։ Կամաց-կամաց վարժվեցինք։ Ինձ համար աառաջնահերթը լեզուն էր, հայերենի պահպանումը։ Այսօր երեխաներս  100 տոկոսով չգիտեն, բայց լավ են խոսում։ Ձգտել ենք պահել հայկական սովորույթները։ Արդեն հաճախ ենք գնում Հայաստան։ Իհարկե, մենթալիտետը փոխվել է, շատ բան այստեղ չես վարժվում, շատ բան արդեն հայերի մեջ ինձ դուր չի գալիս։ 

Սերգեյ Գյանջումյան. Նորաձեւությունը ինքնաիրականացման ձեւ է

  • Դիզայներ Սերժ/ Սերգեյ/ Գյանջումյանը Լիտվայում հայտնվել է հանգամանքների բերումով։ -Ծնվել եմ Երեւանում 1985ին, ավարտեցի պոլիտեխնիկական ինստիտուտը, մեկ տարի աշխատեցի ինժեներ եւ հասկացա, որ իմ ոլորտը չի, բայց դիզայնի ուղղությամբ չգնացի, քանի որ գեղարվեստաթատերական ինստիտուտում տեղ չկար… 1987-88 մեկնեցի Մոսկվա, աշխատում էի որպես տարազի նկարիչ, ծանոթացա հայտնի դիզայներ  Զայցեւի հետ, տեսավ գործերս, հավանեց, բայց ասաց, որ ԿԳԲ-ն արգելել է ազգային փոքրամասնություններից որեւէ մեկին աշխատանքի ընդունել եւ խորհուրդ տվեց Մերձբալթիիկա գնալ։ Եկա Վիլնյուսի  ակադեմիա, նկարներս ցույց տվեցի եւ նույնիսկ ռեկտորն ասաց, որ իրենց նկարչության ամբիոնի վարիչը այդպես չի նկարում,ինչպես ես եւ ասաց, եթե դրական հանձնեմ քննությունները, կընդունեն։ Այդպես հանձնեցի, ընդունվեցի եւ 1994-ին ավարտեցի, զուգահեռ մի ֆիրմայում էի աշխատում, ուր կաշվից տարազներ էին կարում։  ,,Սերժ,, անունով հավաքածու ունեի։ 1992-ից Վիեննայում եմ շոու կազմակերպել, 1993-ին՝ Ֆրանկֆուրտում։ 2000 թվին Փարիզում մասնակցել եմ տղամարդու տարազի  ցուցահանդեսին, 2001-ին՝ Ժնեւում, 2005-ին՝ Բեռլինում, այդ ընթացքում Վիլնյուսում, 2002-ին մի քանի դիզայներներով Նյու Յորքում ենք ներկայացրել։ Հայրս ու քույրս ԱՄՆ  Ռայբրուկ քաղաքում են ապրում։ 4 անգամ Նյու Յորքում եւ 2 անգամ Փարիզում եմ ներկայացել։ Առայժմ չեմ կազմակերպում, քանի որ շատ թանկ է նստում եւ ֆինանսապես աննպատակահարմար է։

-Ինչո՞ւ ընտրեցիր նորաձեւությունը։

– Նորաձեւությունը Հայսատանում շատ զարգացած չէր եւ ես ուզում էի զարգացնել։ Դրա համար ընտրեցի այդ ոլորտը։ Ինձ մոտ ստացվում էր։ Ինձ ոչ ոք չի օգնել։ Ինքս եմ նայել, ուսումնասիրել եւ նկարել։ Ֆորման լավ զգում էի, մանկուց շատ լավ նկարում էի։ Դասատուս ասում էր՝ լավ քանդակագործ կլինես կամ դիզայներ։ Տարածությունը լավ էի զգում։

-Ինքնաարտահայտման համար ի՞նչ հնարավորություն է տալիս նորաձեւությունը։

-Լավ հարց է։ Դա ինքնաիրականացման ձեւ է։ Ես զգում եմ, որ դիզայնն այլ կերպ եմ զգում։ Այլ է իմ մտածողությունը։ Ես ավելին եմ մտածում, քան նորաձեւությունն է։

-Ի՞նչ դեր է խաղում նորաձեւությունը մարդկանց կյանքում։

-Նորաձեւությունը երկու մաս ունի։ Մոդեռն նորաձեւությունը ապրում է։ Մի մասը մարդու ֆիզիոլոգիական պահանջն է, մարդու փոփոխվելու ցանկությունը, մյուսը բիզնեսն է։ Տարեկան Վիլնյուսում 8 հավաքածու է դուրս գալիս։ Իհարկե, այդքանը մարդուն պետք չի, բայց այդպիսին է մեր աշխատանքը։

-Սոցիալ-տնտեսական վիճակը ինչքանո՞վ է ազդում նորաձեւության վրա ։

-Լիտվայում շատ արագ ամեն ինչ զարգանում է, հաճախորդներ կան, բայց այդքան արագ չէ անդրադարձը, ինչպես Իտալիայում կամ Ֆրանսիայում։ Մի բան, որ գնում են, ուզում են, մի քանի տարի վայելեն։

Հիմա ես հավաքածուներ չեմ ստեղծում, այլ անհատական պատվերներ եմ ընդունում։ Հաճախորդներիս թվում են եղել նախկին վարչապետը, ով մի 20 կոստյում է կարել ինձ մոտ։ Սեյմի անդամներ են պատվիրում, դերասաններ։

-Լիտվայում ձեր անունն իբրեւ բրենդ գիտեն։

-Ջահելներն այնպես չգիտեն, ինչպես մեր հասակակիցները։ Շուկան փոքր է։ Ռիգայից ու Մոսկվայից էլ են հաճախ գալիս հաճախորդներ։ Բայց իմ բրենդի տարածման համար ներդրում չեմ անում։

-Ի՞նչ ծրագրեր ունեք։

-2015-ին երեւի հավաքածու կցուցադրեմ Վիլնյուսում եւ շատ հնարավոր է նաեւ Երեւանում՝ Հայկական նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Ինձ հետաքրքիր է ոչ միայն իմ վրա աշխատել, այլեւ մեծ ֆաբրիկաների աշխատանքին մասնակցել եւ նրանց հետ աշխատել։ Այդպիսի դեպքեր կան, երբ աշխատանքը իմ անունով է դուրս եկել կամ ֆաբրիկայի։ Ինձ համար դա լավ է։ Մասշտաբային գործ եմ ուզում։

Լավաշաս արմենաս-Հայկական լավաշի լիտվական հետքը

Երվանդ Ժամհարյան. Լավաշ նշանակում է լավ աշխատանք

Երվանդ Ժամհարյանը 1994 թ.ից Լիտվայում է, մասնագիտությամբ շինարար է, սակայն այսօր Լիտվայում ամենատարածված հայկական հացի՝ լավաշի արտադրողներից մեկն է։

,,Դժվար էր առաջին մի քանի տարին, բարեկամ չունեինք, լեզուն չգիտեինք, համակերպվելը մի քանի տարի տեւեց, բայց ինչքան առաջ էր գնում, այնքան ընկերներ էինք գտնում։ Վիլնյուսը ինտերնացիոնալ քաղաք է։ Չկա նացիոնալիզմի դրսեւորում։ Ես չեմ համարում,  որ պետք է առանձնանալ, հակառակը պետք է հարգել այս ազգի ավանդույթները։

Նախ սրճարան բացեցինք։ Լիտովցիներից նրանք, ովքեր Հայաստանը գիտեին, ճանաչում էին նաեւ լավաշը։ Ժամանակ անցավ, կնոջս ուղարկեցի Հայաստան, որ սովորի լավաշ թխելը։ Այն, ինչ ինքը սովորեց Հայաստանում,  այդ որակով պետք է թխեինք։ 1999 թվականին բացեցինք լավաշի արտադրամասը։

Մենք մտավախություն չունեինք, որ գրենք հայկական ու չի վաճառվի։ Լավաշի թխումը բարդ տեխնոլոգիա է։ Մեր սարքավորումները մենք ենք պատվիրել։ Ուղղակի ջուրը հայկական չի։ Հատուկ տոպրակաները ստանում ենք Բելգիայից։ 12 օր դիմանում է, առանց ավելորդ ավելցուկների, սառնարանում 30 օր է դիմանում, իսկ սառցարանում՝ 2 տարի, իսկ փաթեթավորման վրա գրված է ,,Լավաշաս արմենաս,,։ Ես լավաշի ամենամեծ արտադրողն եմ եւ վաճառում ենք ողջ Լիտվայում։ Մենք նաեւ թխվածքներ ենք թխում՝ գաթա, փախլավա։ Կարեւորը մեծ քանակների դեպքում նման որակ ապահովելն է։ Թուրքերը մտան շուկա եւ ուզում էին մեզ հանել շուկայից, բայց չստացվեց, քանի որ ցածր գին էին դնում։ Առաջին երկու տարին սովորեցնում էինք լավաշին։ Բացի այդ մեր կայքէջում 150 բաղադրատոմս ենք տալիս, թե լավաշով ինչ կարելի է ուտել։ Հիմա արդեն տարածված է, եւ շատ հարմար է հյուրասիրությունների ու բանկետների համար։ Արդեն նույնիսկ ուսանողներն են գնում։

-Տարեկան ինչքա՞ն լավաշ եք արտադրում։

-Օրական 15-20 հազար լավաշ ենք արտադրում։ Լավաշը բրենդ է։ Լավաշ՝ նշանակում է լավ աշխատանք։ Լեգենդներ ենք պատմել եւ աշխատել եմ քարոզչություն տանել, որ լավաշը հայի կողմից է ստեղծված եւ 70+40 սմ-ի վրա պետք է լինի։ Դա դասական լավաշի չափն է։ Պետք է մերը ներկայացնենք, ոչ թե ուրիշի ստեղծածի վրա գրենք ,,հայկական խինկալի,,։

Հայ-լիտվական ընտանիքը.

Ռուսլան Հարությունյանի եւ Մարիտե Կոնտրեմայտեի հայ-լիտվական ընտանիքը ամենահայտնիներից է Լիտվայում։ Մեր հոդվածի սկզբում Ռուսլան Հարությունյանն արդեն ներկայացրեց իր կատարած աշխատանքը։ Իսկ Մարտիտե Կոնտրեմայտեն ոչ միայն  հայագետ է, թարգմանիչ, հասարակական գործիչ, այլեւ  Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր։ 2008-2012 թվականներին եղել է Լիտվայի Ժուռնալիստների միության նախագահը, երկար տարիներ աշխատել է Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում, Լիտվայի Սեյմում։

Մեզ հետ զրույցում նա պատմեց թե ինչպես է եկել Հայաստան հայերեն սովորելու, երկու տարի անց արդեն մաթեմատիկոս Ռուսլան Հարությունյանի հետ ամուսնացած եւ Դիլիջանում ծնված դստեր՝ Վեգայի հետ տեղափոխվել է Վիլնյուս։ 200-ից ավելի հոդվածներ է տպարգել հանրագիտարանում, Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված բազմաթիվ հոդվածներ լիտվական մամուլում, 1993-1994 թվականներին նրա խմբագրությամբ լույս է տեսել ,,Արմենա,, թերթի երկու համար, որտեղ լիտվերեն պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ Նա նաեւ մեծ դեր է կատարել Հայաստանի ու Լիտվայի անկախական շարժումների միջեւ կապեր հաստատելու եւ երկրաշարժից տուժած շրջաններին ու Ղարաբաղին օգնություն ցույց տալու հարցերում։ Թարգմանել է նաեւ հայ բանստեղծների, իսկ հիմա մի նպատակ ունի՝ թարգմանելու Գուրգեն Մահարու ,,Ծաղկած փշալարերը,,։

Մեր այն հարցին, թե ինչպես է կարողացել իր աղջիկներին դաստիարակել հայ-լիտվական ընտանիքում, պատասխանեց.,,Ես նախ նրանց իբրեւ լիտովցի ազգայնական դաստիարակեցի, հետո սկսեցի հայկական թեմաներին ծանոթացնել։ Նրանք հայերեն հասկանում են, խոսում են, գրել-կարդալու հարցում ավագը՝ Վեգան ավելի լավ է, քանի որ մագիստրոսական թեզը գրելիս պարապել է, Հայաստանում է անցկացրել մի քանի ամիս։ Կրտսերը՝ Յուստինան գրել-կարդալ չսովորեց, բայց իրեն շատ էինք նպատակաուղղում դեպի հայկական երաժշտություն, քանի որ շատ ընդունակ էր եւ ավարտել է Վիլնյուսի տաղանդավոր երեխաների դպրոցը, իսկ այժմ աստվածաբանություն է ուսանում Ավստրիայում։ Յուստինան շատ լավ ձայն ունի, իր ընդունելության քննությունից հետո դասատուներն ասում էին, որ մեզ մոտ նոր Գոհար Գասպարյան է եկել։ Նախ սովորեց դաշնամուր, ֆլեյտա, երգեհոն։ Ավարտեց եւ մի քանի տարի ուսուցիչ աշխատեց։ Հայկական շարականներ սկսեց սովորել։ Ես թարգմանում էի լիտվերեն եւ այդ շարականներով նա համերգներ էր տալիս։ Այժմ երկու աղջիկներս էլ փոքրիկ երեխաներ ունեն։

Պատմաբան Վեգա Հարությունյանը ավարտել է  Վիլնյուսի համալսարանը՝ պատմաբանի մասնագիտությամբ։ Այժմ նա աշխատում է իբրեւ զբոսաշրջավար՝ եւ նրա տուրերից մեկը կոչվում է ,,Բազմազգ Վիլնյուսը,, , որի շրջանակներում անդրադառնում է նաեւ հայերին։

Աշխատելով Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում /Scince and Encyclopaedia Publishing Centere/

Վեգան գրել է Լիտվական ընդհանուր հանրագիտարանի բոլոր այն հոդվածները, որոնք նվիրված են Հայաստանին կամ նրա պատմությանը։ Նրա ,,Հայերը Վիլնյուսում,,/ 2007/ հոդվածը հաՃախ է մեջբերվում պատմության պրոֆեսորների կողմից։ Նաեւ լիտովցի պատմաբաններին ներկայացրել է, թե ինչ դեր է կատարել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիտվայի անկախության պաշտպանության հարցում։ Վեգան թվարկում է մի քանի հոդվածներ, որ պատմական նշանակություն ունեն։ Օրինակ դրանցից մեկը Սյուտսկի գոտիների մասին է։ Սյուտսկն այժմ Բելառուսում է։ Ստամբուլի հայ վարպետներն այստեղ մանուֆակտուրա են հիմնել լիտովցի իշխանների հովանավորությամբ։ Այստեղ պատրաստված գոտիները արիստոկրատիան օգտագործում էր Վիլնյուսից մինչեւ Փարիզ։ Այդ նախշերում հայերը մտցնում էին նաեւ լիտվական հայրենասիրական մոտիվներ։

Ինչպիսի՞ն է նրա երեխաների կապը հայկականության հետ հարցիս, Վեգան պատասխանում է, որ ունի երեք երեխա, որոնցից վերջինը ծնվել է այս տարի։ Մեծերը գիտեն որտեղ է Հայաստանը եւ ինչ կապ ունեն հայության հետ, բայց հայերեն չեն խոսում։ ,,Ինձ թվում է Լիտվայում հայ երեխաների ճամբարը կօգնի նրանց ավելի շատ սովորելու հայ մշակույթի, պարերի ու երգի մասին, գտնել նոր հայ ընկերներ։ Նաեւ կօգնեն կիրակնօրյա դպրոցն ու Հայաստան  այցելությունները,, ասում է նա։

Վեգան նշում է նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լիտվական մամուլում 100ից ավելի հոդվածներ են տպագրվել հայերի մասին։ Այդ առումով Լիգվիստ Լաուրուսասի հոդվածները բացառիկ են։ Նա մանրամասն ներկայցանում է 19րդ դարի հայ գրականությունը եւ համերաշխություն է հայտնում հայ քրիստոնյա զոհերի հետ 1864-1904թթ-ի լիտվական գաղտնի մամուլում։ Լիտվայի ինտելեկտուալներն իրենց հայրենիքը միշտ կապել են ստրկացված եւ բաժանաված ռուսական ցարի եւ Պրուսիայի միջեւ։ Դա համեմատել են միշտ Հայաստանի բաժանումը օտար երկրների միջեւ։ 

Սակայն, չնայած այս ամենին, նրա ասելով, նույնիսկ հիմա շատ լիտովցիներ չգիտեն, որ 2005 թվականին Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հասմիկ Գրիգորյան. Ամենամեծ դաստիարակությունը սերն է

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի եւ Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ Հյուրախաղերի մեկնելու պատճառով, մենք չկարողացանք հանդիպել նրան եւ  մեր հանդիպումը տեղի ունեցավ էլեկտրոնային դաշտում։

1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության եւ թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաեւ ֆրանսիական Նիսսում։ Երկու  անգամ լիտվական ,,Ոսկե խաչի,, է արժանացել 2005 եւ 2010 թվականներին, 2010-ին նաեւ Ճանաչվել է ,,Տարվա ստեղծագործող,,։ Մեծ ճանաչում է նրան բերել Վիոլետայի դերերգը Տրավիատա օպերայից, որ նա կատարել է 2005 –ին Վիլնյուսի օպերայում։ Նույնը կատարել է նաեւ Երեւանում եւ Ռիգայում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում, հանդես գալով Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան եւ Լիուի դերերում՝ Օթելլո,  Քնած թագուհին, Տրավիատա, Կարմեն, Մադամ Բատերֆլայ, Տուրանդոթ ներկայացումներում։ Լիտվայում եւ արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի հետ, կամերային նվագախմի հետ։ 2009-2011թթ նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաեւ Մոսկվայի  Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։ 2014-ին Յուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում եւ Գենտում,տարբեր ներկայացումներով հանդես եկել Սանկտ Պետերբուրգում, Գրացում,  Համբուրգում եւ Մյունխենում, իսկ 2015-ին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում՝ Komische Oper-ում եւ Վիսբադենում։ Չայկովսկու ,,Չարոդեյկայ,,ի եւ Պուչինիի ,,Մադամ Բատերֆլայի,, դերակատարումներով հանդես կգա Վիեննայի եւ Շվեդիայի օպերաներում։

,,Հայրս այդպիսի երազանք ուներ, որ ես էլ երաժիշտ դառնամ եւ ուստի մանկուց ինձ դաշնամուրի տվեց։-պատմում է Հասմիկը։ -Ծնողներս բաժանվեցին, երբ ես ընդամենը 1,5 տարեկան էի։ Այնպես որ, նրանց միասին չեմ հիշում, բայց միշտ երկուսն էլ իմ կողքին են եղել եւ ամեն մեկն իր ձեւով դաստիարակել է։ Ես նույնիսկ ամբողջ կյանքում երկու անուն եմ ունեցել, հայրս ասում էր Հասմիկ, մայրս՝ Աստա։ Ես էլ որդի ունեմ, ում անունը Նոյ է։ Ցավոք, ես էլ եմ բաժանվել, բայց նախկին ամուսնուս հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ անում ենք հնարավորը մեր տղային տալու ամենալավը։ Ամենամեծ դաստիարակությունը սերն է։

-Դուք ծնվել եք հայ-լիտվական ընտանիքում։ Բայց կարողացել եք ապրելով Լիտվայում խոսել հայրերեն։ Ինչպե՞ս է հաջողվել։

-Այդ հարցում ամբողջովին խոնարհվում եմ հորս առաջ, ես որեւէ տեղ հայերեն չեմ սովորել, դրա համար չեմ կարողանում կարդալ, բայց ուրախ եմ, որ գոնե երբեմն դժվարությամբ, բայց կարողանում եմ խոսել հայերեն։  

-Ի՞նչն է ձեզ մոտ հայկական եւ ինչը՝ լիտվական։

-Ինձ թվում է, իբրեւ անհատ ես ավելի հայ եմ, քան լիտվուհի, թեեւ դաստիարակվել եմ Լիտվայում։ Սիրում եմ հայկական ջերմությունը եւ լիտվական սիմվոլիզմը։ Լիտվան ինձ է սիրում, ես էլ իրեն։ Ես այստեղ եմ ծնվել հասակ առել։ Հայկական համայնքի հետ գրեթե կապ չեմ պահպանում, համենայնդեպս այնքան, որքան որ ցանկալի լիներ։ Բայց պետք է նշեմ, որ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանը իմ ամենածանր պահերին ինձ աջակցել է։

-Ինչպե՞ս է հաջողվել պահպանել ձեր հայկական ինքնությունը։

– Հարգանք իմ նախնիների նկատմամբ, ինքս՝ իմ նկատմամբ, սեր իմ երկրի, օդի ու հողի նկատմամբ։

-Կարծեմ սովորել եք նաեւ Իտալիայում։

-Իտալիայում ես ուսանել եմ մեկ տարի։ Ես լավ երաժշտական կրթություն եմ ստացել։ 5 տարեկանից դաշնամուր եմ նվագում, ունեմ երգչախմբի դիրիժորի մասնագիտություն, 17 տարեկանից սկսել եմ նաեւ երգել։ Այն, որ տարբեր երկրներում եմ հանդես գալիս, դա մեր աշխատանքին բնորոշ է։ Իմ երգացանկում կան եւ ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական եւ անգամ չեխական երգեր։ Ես շատ եմ սիրում Դվորժակին։ Իմ լավագույն դերերից մեկը համարում եմ Ռուսալկան/ Ջրահարսը/։ Երեւանում շատ հաճախ ելույթներ չեմ ունենում, բայց այնտեղ մի քանի անգամ ,,Անուշ,, եմ երգել եւ ,,Տրավիատա,,։

  • Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին։
  • Կախված է, թե ով է քննադատում։ Որոշ մարդկանց կարծիքը շատ կարեւոր է, մյուսներինը՝ ավելի քիչ։ Բայց ես սիրում եմ քննադատությունը եւ միշտ ուշադրություն եմ դարձնում դիտողություններին։ Բայց դա իմ անձնականն է։  Երբեմն քննադատությունը կարող է վնասել, նույնիսկ սպանել։

– Ի՞նչն է ձեզ համար կարեւորը կյանքում։

-Աշխատանքը, ընտանիքը, եւ շատ այլ բաներ, որր կոչվում է կյանք։

Հայերի ապագան Լիտվայում

Ի՞նչ ապագա ունի հայ համայնքը։ Այս հարցին պատասխանում է բժիշկ Կարեն/Կարապետ/ Բաբայանը։

  • Շատ լավ ապագա։ Երիտասարդությունը լրիվ ուրիշ մակարդակ ունի, կրթություն է ստացել, մի քանի լեզուներով է խոսում, իրենց ընդունում են իբրեւ տեղի բնակիչ։ Երիտասարդությունը կարող է այլ երկրներ մեկնել եւ Եվրոպական ցանկացած համալսարան կընդունի նրանց։ Եվրոպան հզոր է եւ արժեքներ ունի։ Հայաստանի եւ Ռուսաստանի  ունեւորների երեխաները նույնպես սովորում են  եվրոպական համալսարաններում՝   Օքսֆորդում կամ Քեմբրիջում։

Եվրոպան նաեւ կայունություն է տալիս։ Եթե եվրոինտեգրացիա չանենք, մենք կկորցնենեք 500 միլիոնանոց շուկա։ 30 տարի այստեղ եմ եւ տարբեր գիտական սիմպոզիումներում ներկայացնում եմ Լիտվան։ Շատ բարեկիրթ եւ զարգացած երկիր է։ Շատ ստույգ են որոշումները կայացվում։ Ես ինձ այստեղ էմիգրանտ չեմ զգում։ Ամեն երկրորդը բարեւում է։ Ինձ ճանաչելով՝ նաեւ Հայաստանի նկատմաբ վերաբերմունքն են փոխում։  Նրանք գիտեն, որ ես օտարերկրացի եմ, բայց միեւնույն է, հարգում են,,։

Կարեն Բաբայանի այս խոսքերը լիովին ապացուցում են նաեւ իմ անձնական տպավորությունը։ Այսօր Լիտվայում հասակ է առնում հայ երիտասարդների մի նոր սերունդ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են մի քանի լեզուների, հասկանում են իրենց դերակատարությունը սփյուռքում եւ լի են վճռականությամբ գործելու, միայն թե նրանց պետք է ոգեւորել եւ կազմակերպել, ու նաեւ գործունեության դաշտ ապահովել, մնացյալը նրանք կանեն։

Այսպես է մտածում նաեւ Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավորի օգնական, ՈՒտենա փոքրիկ քաղաքի 34 ամյա բնակչուհի Ռուզաննա Կատինենեն /Գրիգորյանը/, ում ծնողները Լիտվայում հաստատվել են 1981 թվականից՝ ադրբեջանական Կիրովաբադից տեղափոխվելով լիտվական Վիսագինաս։ Ինչպես նշում է Ռուզաննան ,,Կռունկ,, բալթյան ամսագրին/Ռիգա/ տված հարցազրույցում, ամուսնացել է լիտովցի Օսվալդասի հետ, տեղափոխվել նրա հայրենի քաղաք եւ օգնել ամուսնու կուսակցությանը մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին։ ,,Մայրս տնային տնտեսուհի էր, հայրս՝ բանվոր, կապեր չեն ունեցել, բայց միշտ սովորեցրել են հավատալ միայն սեփական ուժերին։ Աշխատասիրությունն ու իմ նկատմամբ պահանջկոտությունը տվեց նման արդյունք՝ երկու բարձրագույն կրթություն, 13 ամյա փորձառություն մենեջմենթի, քաղաքականության ու ֆինանսների բնագավառներում։ Ինձ թվում է, իմ օրինակը կոգեշնչի բալթիկայի հայերին, որպեսզի իրականացնեն իրենց երազանքներն ու ցանկությունները։ Մենք շատ հին, տաղանդավոր եւ աշխատասեր ազգ ենք։ Հարկավոր է միայն ցանկանալ, եւ ամեն ինչին կհասնենք մեր ուժերով,,-համոզված է Ռուզանան։

Հակոբ Ասատրյան

Վիլնյուս-Պրահա

2014-2015

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում