Հայի հույսն ինքը՝ հայն է. Վազգեն Պետրոսյան

  • 20.01.2022
  • 0
  • 41 Views

Հարգարժան պարոն Ավետիք Իշխանյանը «Առավոտ» օրաթերթի 11.01.2022 թվականի համարում, իր՝ «Քաղաքական գործիչնե՞ր, թե՞ վաճառականներ» հոդվածի վերջում հռետորական հարց է բարձրացնում․ «Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել պետական մտածողությամբ օժտված նվիրյալների քաղաքական ուժ․․․ որն ինչ-որ կերպ, այո՛, ցանկացած ձևով, կտիրանա իշխանությանը և օր ու գիշեր, չարքաշ աշխատանքով, նաև խստությամբ կդնի ուժեղ, զարգացած պետության հիմքերը»։

Պատասխանելով այս հարցին, պետք է ասեմ՝ այո, հնարավոր է, սակայն հնարավոր է միմիայն նվիրյալ  անձանց ինքնազոհությամբ։ Հայաստանի վերջին 30 տարվա պատմությունը և այսօրվա վիճակն ապացուցում են, որ մեր երկիրը պատմության այս շրջանում չունեցավ սրտացավ և հեռատես ղեկավարներ։ Եղած ղեկավարներն էլ նման էին այն մարդուն, որը սեփական մեքենայի արգելակների հիդրավլիկ խողովակը կտրել ու հետո բոլորին փորձում է ապացուցել, թե ինքը ճիշտ է։  Մինչդեռ այդպիսի մեքենայով անհնար է անվտանգ անցնել անգամ կարճ ճանապարհը․․․ Պարզ է, որ այսօրվա իշխանությունների վրա որևէ չափով հույս դնելը և դրական փոփոխություն ակնկալելը սխալ կլինի։ Ուստի մնում է խոսել սրտացավ և գործունակ մարդկանց մեկտեղվելու և իշխանության գալու մասին։ Իշխանափոխությունը ցանկացցած երկրում տեղի է ունենում 3 ձևով՝

Ա- հասարակական անհնազանդությամբ,

Բ- ռազմական կամ պալատական հեղափոխությամբ,

Գ- օտար ուժերի միջամտությամբ։

Վերջին երկու տարբերակներն  անարդյունավետ ենք համարում, քանի որ այդ տարբերակները չեն ապահովում խորքային և համակարգային փոփոխություններ։ Իսկ այդպիսի փոփոխությունների համար պետք է հավաքվեն մի քանի սկզբունքային և անձնուրաց մարդիկ, որոնց համակարգային ու վճռական աշխատանքով հիմք կդրվի Հայաստանի և Հայ ժողովրդի այսօրվա անհույս կյանքում բեկում մտցնելու համար։ Մեր այսօրվա քաղաքական վերնախավն  իրեն վերապահված ժամանակահատվածում ի վիճակի չեղավ աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելու և այս փոթորկոտ աշխարհում հայկական նավը ճիշտ կառավարելու։ Ակնհայտ է, որ իշխանությունն արդեն ամբողջությամբ սպառել է իրեն։ Վկան մեր ժողովրդի ներկայիս աճող հիասթափությունը, կորսված հայկական հողերն ու ընդլայնվող Եռաբլուրը։

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որում կրթությունը պետք է լինի կիրառական և երկրի զարգացման գործընթացում դրական ազդեցություն ունենող գործոն։ Այս իրողությունն օր առաջ պետք է դառնա հայ ժողովրդին որպես հավաքական միավոր, գործունակ ուժ կազմակերպելու հրամայական։

Այսօր քննադատում ենք Կարս բերդաքաղաքի հանձնումը թուրքին, բայց մեր աչքի առաջ նույնը տեղի ունեցավ Շուշի բերդաքաղաքի հետ, ու դեռ լուռ ենք։

Այսօրվա մեր վիճակը, անկախ ամեն տեսակ բացատրություններից, ոչ մեկին չի ներվելու։ Սին է ներկայիս քաղաքական վերնախավի վրա հույս դնելը։ Հայ ժողովուրդն իր հույսը պետք է դնի միայն իր վրա։ Այսօր, երբ երկիրը ժամ առ ժամ գահավիժում է, իսկ ժողովրդի վստահությունը սեփական ներուժի նկատմամբ ավելի է պակասում, ելքը մնում է միայն միմյանց թիկունք դառնալը։ Հենց սա է մեր այսօրվա անելիքը, քանի որ ժամանակը ոչ մեկին չի սպասում, իսկ իր հետ չքայլողին ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՈՒՄ։ Հարկավոր է վերակազմակերպվել, զորանալ և գնալ դեպի պետականության ամրացում և հաղթանակ։   Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ ԹՈՒՐՔԱԳԵՏ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում