Վառնայում Ազնավուրի արձանի բացմանը նվիրված բարեգործական պարահանդես

  • 19.01.2022
  • 0
  • 19 Views

2022թ. հունվարի 8-ին տեղի է ունեցել  Հ.Բ.Ը.Մ. Վառնայի մասնաճյուղի կողմից կազմակերպված Սուրբ Ծննդյան բարեգործական պարահանդեսը, որին ներկա են գտնվել Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը եւ Ռումինահայոց թեմի առաջնորդ եւ Բուլղարահայոց առաջնորդական փոխանորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը։ 

Պարահանդեսի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի ինչպես Վառնայում Շառլ Ազնավուրի արձանի տեղադրմանը, որի բացումը նախանշված է 2022թ. մայիսի 22-ին, այնպես էլ Հ.Բ.Ը.Մ. Վառնայի մասնաճյուղի բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը:  Ներկաներին ողջունել է ՀԲԸՄ Վառնայի  նախագահ Կեւորկ Կրիկորյանը, որին էլ պատականում է Ազնավուրի արձանը տեղադրելու նախաձեռնությունը։ Երեկոյին ներկա են եղել նաեւ բուլղար նախարարներ, քաղաքական գործիչներ, այլ երկրների դեսպաններ։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Եդիգարյանը բարձր է գնահատել Բուլղարիայի հայ համայնքի՝ Հայաստանին և հայությանը վերաբերող հարցերում ակտիվ ներգրավվածությունը և շարունակվող հայապահպան գործունեությունը: Դեսպան Եդիգարյանը հավելել է, որ 2021թ. նշվել է Հայաստանի անկախության 30-ամյակը, իսկ 2022 թվականը ևս հոբելյանական է, քանի որ հունվարի 18-ին լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:«Հիմնված լինելով երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, եղբայրության, հոգևոր և մշակութային կապերի վրա՝ հայ-բուլղարական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մենք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր», – նշել է ՀՀ դեսպանը: Պարահանդեսի ընթացքում ելույթներ են ունեցել հայկական պարախումբն ու մենակատար երգիչները։   orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում