Մեր անվանի շրջանավարտները. Աշոտ Առաքելյան

  • 19.01.2022
  • 0
  • 17 Views

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Երեւանի Մանկավարժական համալսարանի պարբերականը՝ չեխահայ նկարիչ Աշոտ Առաքելյանի մասին

– Հարգարժան Աշոտ Առաքելյան, Դուք Մանկավարժական համալսարանի 1971 թվականի շրջանավարտ եք,  երկար  տարիներ  նաև աշխատել եք Մանկավարժական համալսարանի  Հայոց պատմության ամբիոնում և ամբիոնի պատվավոր անդամ եք: Տարիների հեռվից ի՞նչ հիշողություններ եք պահել հոգու խորքում հարազատ համալսարանի մասին: Ովքե՞ր են Ձեզ դասավանդել կամ հետ թողել Ձեր կրթության ճանապարհին:

Հոգուս խորքում մնացել են ջերմ հիշողություններ, հուշ և կարոտ: Ամեն տարի համալսարան այցելելով, երբեմն թվում է, թե ուր որ է հանդիպելու  եմ իմ սիրելի դասախոսներին, որոնց մեծագույն հարգանքով եմ հիշում: իսկ ամենից շատ իմ հիշողության մեջ վառ է մնացել մեր ամբիոնի վարիչ Սուրեն Հակոբյանի կերպարը:

 -Ծնունդով արցախցի Աշոտ Առաքելյանը երկար տարիներ ապրում է Չեխիայում: Ի՞նչն է հայրենիքից հեռու ապրեցնում Ձեզ:

Անկեղծ ասած, ինքս էլ չեմ հարգում և չեմ էլ մեղադրում նրանց, ովքեր տնտեսական և քաղաքական պայմաններին չհարմարվելով, հեռանում են հայրենիքից: Իմ տեղափոխվելու պատճառը չեխուհի կինս էր…Նա եկավ Հայաստան մշտական բնակության, սակայն երբ Հայաստանում վիճակը վատացավ, ստիպված էինք տեղափոխվել Չեխիա, այլապես իմ ընտանիքում  բաժանում էր  սպասվում: Չզարմանաք, եթե ասեմ՝ հայրենիքից դուրս  ամենաշատն ինձ ապրեցնում է կնոջս գեղեցիկ ու մեղմ բնավորությունը, ջերմությունն ու սերը:

-Պատմեք Չեխիայում Ձեր գործունեության ու հաջողությունների մասին:

Սկզբնական շրջանում ինձ հրավիրեցին  Օլոմոուց  քաղաքի համալսարան՝ դասավանդելու Ռուսաստանի պատմություն: Լեզվին լավ չտիրապետելու պատճառով հրաժարվել եմ և սկսել զբաղվել նկարչությամբ, որն իմ երկրորդ մասնագիտությունն է:

            Չեխիայի նկարիչների և Չեխիայի պրոֆեսիոնակ նկարիչների միության, ինչպես  նաև Մորավիա-Սլովակիա նկարիչների կազմակերպության անդամ եմ:  Պարգևատրվել եմ տասնյակ պատվոգրերով, ընդհուպ Չեխիայի առաջին պրեզիդենտ Տոմաշ Մասարիկի դիպլոմով՝ Չեխիայի խորհրդարանում ունեցած իմ ցուցահանդեսի համար:

-Վաղուց Եվրոպան դարձել է շատ հայերի համար բնակության վայր: Որպես նրանցից մեկը՝ կարո՞ղ եք ներկայացնել՝ որքանո՞վ են հայերն  ինտեգրվում եվրոպական այս կամ այն երկրին, ինչպե՞ս են համատեղում սեփական և այլոց մշակույթները, թե՞ ձուլվում են…Նկատի ունեմ կրթություն, մշակույթ, լեզու…

            -Ի տարբերություն մուսուլմանների՝ հայերը և մյուս քրիստոնյա ժողովուրդները, եթե ոչ ամբողջապես, ապա մեծամասանբ ինտեգրվում են Եվրոպայում՝ միաժամանակ պահպանելով ազգայինը: Մեզ մոտ երեխաները հիմնականում հաճախում են չեխական դպրոցներ, սակայն նաև շաբաթը 2-3 անգամ երեկոյան մասնակցում են լեզվի և պատմություն դասընթացների:

            Չեխիայի հայկական դեսպանության ջանքերով կազմակերպվում են Հայկական օրեր, Հայաստանին նվիրված միջոցառումներ, ուր հնչում են հայկական երգն ու պարը: Այս տարի նման միջոցառումներ են կազմակերպվել Չեխիայի 7-8 քաղաքներում, Հայաստանին ու Արցախին նվիրված հայրենաշունչ միջոցառումներ չեխ հասարակության համար:

            Ամեն տարի Ապրիլի 24-ը նշանավովում է մեծ երթով, հայրենիքից հրավիրված արվեստի տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ:

            Հայապահպանությանն ուղղված մեծ աշխատանք են  տանում հոգևոր առաջնորդ Բարսեղ Փիլավչյանը և «Օրեր» ամսգրի խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ինքս էլ պարբերաբար հատուկ ցուցահանդեսներ եմ կազմակերպում հայ նկարիչների հետ համատեղ:

-Պատմաբան լինելուց զատ նաև հիանալի գեղանկարիչ եք, ուրույն ոճ ունեցող ստեղծագործող: Հայաստանում կազմակերպված Ձեր ցուցահանդեսների մշտական այցելուն եմ եղել: Բազմաթիվ ցուցահանդեսներ եք ունեցել նաև Արցախում:  Չեխիայում որքանո՞վ են գնահատում Ձեր արվեստը, և, որքան տեղյակ եմ, Ձեր աշխատանքները պահանջված են:  Ձեր ցուցահանդեսների մասին  գրում են Չեխիայի  թերթերն ու ամսագրերը, հայկական «»Օրեր պարբերականը: Փոխվե՞լ է Ձեր թեման: Կպատմե՞ք ինչ եք նկարում և ինչ զգացողություններ եք փոխանցում նկարների միջոցով:

            -Անկեղծ ասած՝ ինքս էլ չէի սպասում, որ արվեստի մեջ կարող եմ այդպես հաջողել: Յուրաքանչյուր տարի 2 անհատական ցուցահանդես եմ ունենում, մասնակցում 2-3 համատեղ ցուցահանդեսների:  Անհամեստություն չի լինի, եթե հավելեմ, թե ինչ են ասել իմ արվեստի և իմ մասին. «Ծաղիկների արքա» (Մարտին Նեվիել, մգր, Danik  թերթի գլխավոր խմբագիր), »Նկարիչ Աստծու կողմից: Բռավո, վարպետ» (Յան Սլովաչեկ, դոկտոր, պրոֆեսոր, արվեստագետ), «Գեղանկարչական ոճերի և կողմերի արդի խառնաշփոթության մեջ Աշոտ Առաքելյանի նկարները պատկանում են ֆիգուրատիվ անհատականություն արտահայտող արվեստի ստեղծագործական բնագավառին, որի մեջ խորհրդանշականը և գեղագիտականը դառնում են հասկանալի ու համոզիչ» (Յոզեֆ Մաթիաս Մինարիկ, Չեխիայի ակադեմիական նկարիչ):

            Իմ թեմատիկան՝մոդեռն ռեալիզմն է: Սակայն կարևորն այն չէ, թե ինչ ես նկարում, կարևորն այն է՝ ինչպես ես նկարում:

-Տեղյակ եմ, որ Դուք նաև Չեխիայի պառլամենտի արտահաստիքային թղթակից եք, ինչ-որ չափով հայերի դեսպան, ով կարող է նաև հարցեր բարձրացնել:

Չեխիայի խորհրդարանի մամուլի արտահաստիքային քաղաքական մեկնաբան եմ, Denik թերթի: Հիմնական թեման ներկա միջազգային հարցերի վերլուծությունն է, անդրադառնում եմ նաև Հայաստանին:

Չեխիայի խորհրդարանում ունեցած ցուցահանդեսի ժամանակ չեխ սենատորներից մեկը հարցրեց.«Դուք հայ եք և Եվրոպայի շահերն եք պաշտպանում: Ի՞նչն է պատճառը»:   Պատասխանեցի, որ կինս ազգությամբ չեխուհի է, բնակվում եմ Չեխիայում, և այն իմ երկրորդ հայրենիքն է: Նաև՝ թշնամուս թշնամին իմ բարեկամն է: Եթե հանկարծ իսլամը նվաճի Եվրոպան՝ Թուրքիան հաջորդ օրը Հայաստան կմտնի:

Չեխ պատմաբաններից մեկն էլ իմ մասին գրել է.«Հայ պատմաբանն իր մեջ ունի ավելի մեծ զգացմունք և իմաստություն, քան ամբողջ Եվրոպայի հակաէմիգրացիոն քաղաքական գործիչները միասին վերցրած»:

Հանդես եմ գալիս նաև Հայաստանի քաղաքական հարցերի շուրջ՝ Եվրոպայի երբեմնի ոչ ճիշտ դիրքորոշման տեսանկյունից:

Չեխիայի երեք այլ կուսակցությունների հետ առնչվում եմ՝ միջազգային հարցերի շուրջ հանդես գալով քննադատությամբ: Տարբեր ժողովներում երբեմն ամբիոններից խոսում են  արդարության մասին, սակայն սեղանների շուրջ մոռանում են արդարության մասին և առաջնորդվում սեփական շահերով:

Նժդեհն ասել է՝ Հաղթում է ուժեղը, ոչ թե արդարը: Կցանկանայի, որ Հայաստանն ուժեղ լիներ, որովհետև մուսուլմանը մեկ բարոյականություն ունի՝ ուժը: Երբ այն չեն տեսնում, նվաճում են:

Աշխարհը շատ է փոխվել, բազմաթիվ հարցերի շուրջ մեծ գերտերությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Վիճակագրություն ունեք, թե ինչպես են  եվրոպական երկրներում, այդ թվում և Չեխիայում  մոտ ապագայում  մեծ ազդեցություն ունենալու մուսուլմանները:

            -1950-60-ականներին Եվրոպայում բնակվում էր 5-7 միլիոն մուսուլման, այժմ՝ 70-80 միլիոն: Այն ժամանակ 120 քաղաքացուց մեկն էր իսլամ, այժմ՝ 8 կամ 9 քաղաքացուց մեկը:

            Եվրոպան ծննդաբերության ցածր տոկոսի պատճառով ծերանում է: Այժմ Չեխայի բնակչության միջին տարիքը 42-43 տոկոս է, Գերմանիայինը՝ 47, 5 տոկոս: Եվրոպան աշխատուժի կարիք ունի և ընդունում է օտարների, փոխանակ բարձրացնի ծննդաբերության աճը:

1950-60-ականներին 65-ն անց անձինք Չեխիայում կազմում էին բնակչության 15-17 տոկոսը, այժմ՝ 22-23: Նույն պատկերն է նաև ողջ Եվրոպայում:

            ՄԱԿ-ի և Եվրամիության վիճակագրությամբ 2500-ականներին մահանալու է վերջին եվրոպացին:  Սակայն կա և փիլիսոփայության օրենք. Ազդումն առաջ է բերում հակազդեցություն: 2050-60 թվականներին Եվրոպան ունենալու է մի նոր, խելացի առաջնորդ, և ողջ Եվրոպան մաքրվելու է իսլամից:

Անկախ Հայաստանի 30-ամյակի տարում  ի՞նչ մտորումներ ունեք և ինչպե՞ս կարող եք հույս ու հավատ ներշնչել պատերազմի արհավիրքների միջով անցած հայ ժողովրդին:

          –Կուզեի Գևորգ Էմինի բառերով ասել՝ «մենք դեռ կամբողջանանք, մեք դեռ կմիանանք և կգտնենք մի օր լրիվ դառնալու հնարն անհնար»:

– Որպես ծնունդով արցախցի և որպես հայ մարդ՝ դեռևս պատերազմից առաջ հաճախ եք բարեգործություն արել Արցախում: Այժմ էլ շարունակում եք սատարել արցախցիներին նյութապես ու բարոյապես: Ո՞րն է հայրենասիրության Ձեր կարգախոսը: Թե՞ ամեն ինչ անում եք համեստ ու լուռ, առանց բարձրաձայնելու…

          –Ուժերիս ներածին չափով, իսկապես առանց բարձրաձայնելու, փորձում եմ օգտակար լինել: 1989 թվականից մինչ այսօր նյութապես և բարոյապես պարբերաբար աջակցել եմ տասնյակ ընտանիքների: Հայրական գյուղում Արցախի առաջին պատերազմում զոհված հայրենակիցներիս համար իմ միջոցներով կառուցվել  է հուշաղբյուր-կոթող: Մորս գյուղի դպրոցի առաջին դասարանցիներին ամեն տարի նյութական օգնություն եմ ցուցաբերում:  

Ձեզ համար ինչի՞ց է սկսվում հայրենիքը: Ի՞նչ կուզեիք ասել մեր թերթի միջոցով հայ երիտասարդներին, ուսանողությանը:  

            -Մեր երիտասարդներին, ուսանողությանը  ցանկանում եմ երջանիկ ապագա: Կուզեի բարձր պահեին հայրենիքի պատիվը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում