«Ալիեւը իրականացնում է ցեղասպանական քաղաքականութիւն հայերի դէմ». Թաթոյան

  • 19.01.2022
  • 0
  • 76 Views

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարուածութիւնն աւելի է խորացել՝ յատկապէս Սիւնիքի մարզի Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին՝ առանց իրաւական հիմքերի Ադրբեջանի կողմից անցակէտեր ու մաքսային վերահսկողութիւն սահմանելուց յետոյ, ինչով կոպտօրէն խախտուել են յարակից բնակավայրերի բնակիչների իրաւունքները:  «Ասպարէզ»ի խմբագիր Արա Խաչատրեանին Նոյեմբերի 15ին տրուած բացառիկ հարցազրոյցում այս մասին յայտնել է Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը: «Ադրբեջանի կողմից հայատեացութեան շարունակական քաղաքականութիւնը ներկայում դրսեւորուել է անցակէտերի տեղակայմամբ, ինչը յանգեցրել է յարակից շրջանների բնակիչների մեկուսացմանն ու նրանց հիմնական իրաւունքների ոտնահարմանը՝ սննդից, աշխատանքի, բժշկական ծառայութիւններից եւ առեւտրից օգտուելու հնարաւորութիւնից: Մինչ  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններ են ընթանում այսպէս կոչուած, կապի եւ հաղորդակցութեան միջոցների ապաշրջափակման հարցերով,  արգելափակւում է  Հայաստանի քաղաքացիներին առաջին անհրաժեշտութեան միջոցներից օգտուելու հնարաւորութիւնը,  ինչը մարդու իրաւունքների եւ միջազգային նորմերի կոպիտ խախտում է»:

Արման Թաթոյեանը Լոս Անջելեսում էր Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի յանձնախմբի հրաւէրով՝ մասնակցելու  կազմակերպութեան ամէնամեայ համաժողովին, որի ժամանակ Թաթոյեանն արժանացաւ «Մարդու իրաւունքների պաշտպանի» մրցանակին: Հայաստանի Օմբուդսմենը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել Սփիւռքի տարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգեւոր առաջնորդների, ինչպէս նաեւ ԱՄՆ ղեկավար պաշտօնեաների հետ:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Սիւնիքի մարզի որոշ աւտօճանապարհներին ադրբեջանական կողմի տեղադրած անցակէտերը դուք յայտարարեցիք հակասահմանադրական: Կը խնդրէի մանրամասնէք:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Նախ կը ցանկանայի նշել, որ բարձր եմ գնահատում համագործակցութիւնը «Ասպարէզ»ի հետ եւ շնորհակալ եմ Օմբուդսմենի գրասենեակի աշխատանքները հետեւողականօրէն լուսաբանելու եւ մեր հայրենակիցների հետ հաղորդակցուելու ինձ ընձեռուած այս հնարաւորութեան համար: Ինչպէս իրաւացիօրէն նշեցիք, վերջին շրջանում մեր երկրում տեղի են ունենում իրադարձութիւններ, որոնք լուրջ մտահոգութիւնների տեղիք են տալիս, եւ խախտում են Հայաստանի քաղաքացիական հասարակութեան իրաւունքները: Առաջին հերթին պէտք է գիտակցենք, որ Ադրբեջանի իշխանութիւնները, ապաշրջափակման քօղի ներքոյ, իրականացնում են թիրախաւորուած քաղաքականութիւն՝ մեկուսացնելու հայ քաղաքացիական հասարակութեանն ու առաջացնում են հումանիտար (մարդասիրական) խնդիրներ՝ խախտելով մարդկանց իրաւունքները: Ադրբեջանի կողմից տեղակայուած բոլոր անցակէտերն ու մաքսակէտերը ակնյայտօրէն անօրինական են, քրէական եւ նոյնիսկ ահաբեկչական բնոյթ են կրում: Պատերազմից յետոյ, ադրբեջանցիները Սիւնիքի համայնքներում իրենց  ներկայութեամբ խախտում են մեր քաղաքացիների կենսական իրաւունքները, եւ առաջին հերթին՝ տեղաշարժուելու, կեանքի, անվտանգութեան իրաւունքները: Ի դէպ, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի իրաւարար վճռից եզրակացւում է,  որ ադրբեջանական  ռազմական կամ որեւէ զինուած ուժի ներկայութիւնն ինքնին կեանքի իրաւունքի խախտում է: Այս պարագայում մենք պէտք է հաշուի առնենք Ադրբեջանի նման վարմունքի իրական դրդապատճառները՝ խօսքը նրանց ցեղասպանական քաղաքականութեան մասին է, որը չի փոխուել եւ Արցախում էլ պատերազմի ժամանակ պատճառ է դարձել էթնիկ զտումների: Եւ այժմ նրանք շարունակում են իրենց  այս քաղաքականութիւնը:

Մարդու իրաւունքների տեսանկիւնից հարցին մօտեցումը շատ կարեւոր է: Քանի դեռ չի իրականացուել սահամանգծում եւ սահմանազատում ոչ մէկ չի կարող պնդել, որ տուեալ տարածքը պատկանում է տուեալ երկրին, թէեւ դրանք պատմականօրէն հայերին պատկանող շրջաններ են, եւ  քանի դեռ այստեղ բնակւում են քաղաքացիական անձիք՝  նրանց իրաւունքից է, որ պէտք է բխի իւրաքանչիւր գործողութիւն: Սա պէտք է լինի հայկական կողմի գործողութիւնների մեկնակէտը, այն, որ Կապան-Ճակատեն ճանապարհի փակուելու պատճառով այսօր վեց գիւղ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշէն, Ծաւ, Ներքին Հանդ, Շիշկերտ մեկուսացուած են եւ այստեղ մարդասիրական աղէտ է: Ադրբեջանցիների կողմից աօրինական կերպով վերահսկողութեան արդիւնքում, այս գիւղերի լիարժէք մեկուսացումը Կապանից, որը միակ կապող ճանապարհն է, յանգեցնում է նրան, որ  այլ ճանապարհով պէտք է հասնեն Կապան, որը շատ երկար է, եւ ոչ բարւոք վիճակում,  ինչը ծայրայեղ ծանր վիճակ է ստեղծելու նշուած գիւղերի բնակիչների համար: Միաժամանակ, ադրբեջանցիների անցակէտերը շատ մօտ են դպրոցներին, եւ կենսական նշանակութեան այլ կառոյցների, եւ սա էլ բնակիչների անվտանգութեան համար է մեծ սպառնալիք:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.-  Օմբուդսմենի պաշտօնը քաղաքական չէ, եւ դուք ամէնօրեայ հիմունքներով քաղաքացիների իրաւունքների պաշտպանութիւնն էք իրականացնում: Յայտարարութիւնը, որ արեցիք օրեր առաջ, ի ցոյց դրեց այն ծանր  իրավիճակը, որում  յայտնուել են ադրբեջանական անցակէտերի պատճառով յարակից շրջանների բնակիչները՝ զրկուելով կենսագործունէութեան համար անհրաժեշտ տարրական իրաւունքներից: Ին՞չ է սպասւում այս նոր իրավիճակի պայմաններում:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Ինչպէս իրաւացիօրէն նշեցիք, Մարդու Իրաւունքների Պաշտպանի կառոյցը քաղաքական չէ, ես երբեւէ քաղաքական կուսակցութեան անդամ չեմ եղել, եւ քաղաքական  գործառոյթներ չեմ իրականացնում: Օմբուդսմենի ինստիտուտի (հաստատութեան) գործունէութիւնը, յայտարարութիւնները հիմնուած են օբյէկտիւ (առարկայական) փաստերի վրայ, եւ մեր նպատակն է պաշտապնել մեր քաղաքացիների իրաւունքն ու այս հարցում ուղղորդել կառավարութեանը:

Մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտը միջազգայնօրէն ճանաչուած է Եւրոպայում եւ ունի յստակ մանդատ հակամարտութեան մէջ գտնուող եւ յետ-կոնֆլիկտային (յետ-հակամարտութեան) գօտիներում: Հայաստանի Օմբուդմենի գրասենեակը մեծ հեղինակութիւն ունի ոլորտի միջազգային հարթակներում, եւ  ամենաբարձր՝ Ա (A)կարգ ճանաչուած ՄԱԿի կողմից, մինչդեռ Ադրբեջանն օրինակ ունի Բ (B) կարգ, ինչը նշանակում է, որ նրանք մուտք չունեն միջազգային մի շարք կառոյցներում: Հայկական կողմի ներկայացրած փաստերը շատ վստահելի են, եւ մենք չափազանց զգոյշ ենք մեր խօսքերում եւ գնահատականներում՝ պահպանելու մեր հանդէպ վստահութիւնը:

Նոյեմբերի 11ին, երբ յայտարարուեց, որ Ադրբեջանը պատրաստւում է անցակէտ եւ մաքսակէտ տեղադրել Գորիս-Կապան ճանապարհահատուածում, աւելի կոնկրետ (յստակ)՝ սա Որոտան գիւղի մօտ, ես յատուկ արագ արձագանգման խումբ ուղարկեցի այդ շրջան, եւ արդիւնաւէտ փաստահաւաք առաքելութիւն իրականացրեցինք բոլոր գիւղերում: Կան երեք գիւղեր՝ Որոտան, Շուռնուխ, եւ Բարձրաւան, որ ամենաշատն են տուժում մեկուսացումից: Այստեղ խախտւում է կրթութեան, անվտանգութեան, բժշկական առաջին օգնութիւն ստանալու, երեխաների իրաւունքները: Սա բացարձակ մարդասիրական խնդիր է: Սակայն ըստ մեր կառավարութեան կայ, այսպէս կոչուած այլընտրանքային ճանապարհ, որից պէտք է օգտուեն այս գիւղերի բնակիչները: Ես դէմ չեմ այլընտրանքային ճանապարհներին, եւ կարծում եմ պէտք է շատերը կառուցուեն, բայց մենք պէտք է գիտակցենք, որ տրուելով ադրբեջանի՝ մեր շրջանները մեկուսացնելու քաղաքականութեանը՝ ինքներս ենք նպաստում Ադրբեջանի անօրինական, եւ յաճախ քրէական գործունէութեանը: Այդ պատճառով, իմ հիմնական պնդումն այն է, որ մենք պէտք է հաշուի առնենք այս կարեւոր փաստերը՝ մարդասիրական ճգնաժամը, եւ այն ներկայացնենք միջազգային համապատասխան մարմիններին, կազմակերպութիւններին՝ պահանջելով հեռացնել ադրբեջանական ռազմական ուժերին, եւ կարեւոր չէ՝ նրանք ոստիկաններ են, կամ մաքսային ծառայութեան աշխատակիցներ, նրանք յատուկ ուժեր են մի երկրի, որի նախագահը որդեգրել եւ իրականացնում է ցեղասպանական, էթնիկ (ցեղային) զտումների քաղաքականութիւն հայերի դէմ:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.-  Դուք նաեւ նշել էիք, որ ադրբեջանական անցակատերում ծառայութիւն են իրականացնում մի երկրի քաղաքացիներ, ովքեր արցախեան պատերազմի օրերին եւ յետոյ էլ դաժան խոշտանգումների են ենթարկել հայերին:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Ադրբեջանական անցակէտերի ծառայողները չեն  ներկայացնում պաշտպանութեան նախարարութիւնը կամ այլ զինուած ուժեր,  սակայն, իմ համար, որպէս մարդու իրաւունքների պաշտպանի, կապ չունի, թէ ինչ կառոյցի ներկայացուցիչներ են այդ մարդիկ, այլ կարեւոր է այն, որ նրանք զինուած են, եւ իրաւունք ունեն ստուգելու, վախեցնելու հայ բնակիչներին, ինչը եւ նրանք  անում են: Մենք պէտք է միշտ յիշենք Ադրբեջանի քաղաքականութիւնը, այն, որ նրանց զօրքերի գլխաւոր հրամանատարը վարում է ցեղասպանական քաղաքականութիւն, եւ ամէնից կարեւորը՝ այդ երկրին ծառայողներն են, որ խոշտանգել են ու սպանել մեր հայրենակիցներին, եւ մնացել են անպատիժ, աւելին՝ նրանց կառավարութիւնը քաջալերել է նման գործողութիւնները: Մենք բազմապիսի ապացոյցներ ունենք՝ որոնք վկայում են, որ ադրբեջանցու կողմից հայի սպանութիւնը հպարտութիւն է նրանց համար: Մեր ձեռքի տակ եղած փաստերը վկայում են, որ հայերի դէմ յանցագործութիւններ իրականացրած մարդիկ հերոսացւում են իրենց հասարակութեան կողմից: Մեր ունեցած աւելի քան երեք հարիւր օրինակներում՝ խոշտանգումեր պատկերող լուսանկարներում, տեսանիւթերում ականատես ենք, նրանց ցինիկ կեցուածքի, երբ նրանք յանցանքը գործում են առանց դիմակների, որովհետեւ համոզուած են, որ չեն պատժուելու, աւելին՝ նրանք միտումնաւոր նկարահանում են եւ տարածում են սոցիալական (ընկերային) հարթակներում եւ յատկապէս՝ հայկական հարթակներում:

Կարեւոր է գիտակցել, որ յայտարարութիւնները, երբ անվտանգութեան հարցերին մօտենում ենք միայն մեխանիկական (մեքենական) տեսանկիւնից, այսինքն՝ օրինակ տարբեր ժամանակների քարտէզներ ներկայացնելով եւ դրանից բխող գործողութիւններն ընդունելով,  այս պարագայում իմ համար գլխաւոր գերակայութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութիւնն է: Այն փաստը, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհներ՝ չի վերացնում ադրբեջանական անցակէտերի ծառայողներից հնարաւոր սպառնալիքը մեր քաղաքացիական հասարակութեան համար: Պէտք է նշեմ, որ ռուս սահմանապահ զօրքերը կարեւոր դեր են կատարում՝ ապահովելով մարդկանց անվտանգութիւնը, բայց մեր բնակիչների շահերից ելնելով մեծ խնդիր կայ: Կարո՞ղ էք պատկերացնել, Շուռնուխ գիւղի ճանապարահին կան երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ռազմական ուժերի ներկայացուցիչներ, եւ երեխաները խաղում են զինուորների հետ: Ես դիմում եմ միջազգային կազմակերպութիւններին,  արդեօք կարո՞ղ են ինձ համոզել, որ սա երեխաների իրաւունքների շահերից է բխում, կարո՞ղ են այլ երկրներ ունենալ նման իրավիճակ եւ դա ընդունելի համարել:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Նոյեմբերի 9ից յետոյ Հայաստանում ստեղծուած վիճակն անընդունելի է եւ զարմացնող. Մայիսին ադրբեջանցիները ներխուժեցին Գեղարքունիք եւ Սիւնիք, եւ այնտեղ սկսել են ամրացնել դիրքերը՝ ճանապարհաշինութիւն են իրականացնում, իսկ ՀՀ կառավարութիւնից համարժէք արձագանգ չկայ:  Միաժամանակ, բանակցութիւններ են ընթանում՝ այսպէս կոչուած հաղորդակցութիւնների ապաշրջափակման ուղղութեամբ,  ՀՀ ԱԽ քարտուղարն էլ յայտարարում է, որ  Հայաստանում ադրբեջանցիների հաստատուած տարածքները նրանց են պատկանում: Միջազգային բանակցային ձեւաչափով ինչպէ՞ս է գործընթացը կարգաւորւում, բանակցային փուլում ինչպէ՞ս կարելի է տարածքներ տալ՝ նշելով, որ այդպէս է նպատակայարմար:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարութիւնը, եւ մենք անկախ կառոյց ենք, որ ներկայացնում ենք միայն փաստեր: Ես ինքս փաստահաւաք առաքելութեան շրջանակներում եղել եմ Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժած շրջաններում, եւ ամփոփել եմ մեր աշխատանքը զեկոյցներում: ՀՀ կառավարութիւնը պէտք է օգտագործի մեր անկախ ալիքը, որովհետեւ մեր գործունէութիւնը նպատակային է՝ ցոյց տալ Ադրբեջանի գործողութիւնների անօրինականութիւնները: Կառավարութիւնն այս տուեալները կարող է օգտագործել միջազգային հարթակներում ադրբեջանցիներին յետ մղելու, որովհետեւ նրանց ներկայութիւնը պատճառ է դառնում մեր բնակիչների իրաւունքների զանգուածային խախտումների: Մենք պէտք է այս հարցը  սահմանագծման եւ սահմանազատման բանակցային գործընթացից էլ առաջնային դարձնենք, որովհետեւ միջազգային փորձից դատելով, իւրաքանչիւր սահմանագծում եւ սահմանազատում կարող է տասնեակ տարիներ տեւել, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիների իրաւունքները կը շարունակեն խախտուել այդ ընթացքում, եւ նաեւ այդ պատճառով, մենք պէտք է առաջին հերթին հասնենք ադրբեջանցիների հեռացմանը: Այսօր, Հայաստանի բազմաթիւ բնակիչներ տեղահանուել են իրենց տներից, եւ չեն կարող գործածել իրենց տները, որովհետեւ ադրբեջանցիները կամ ֆիզիկապէս ներկայ են այնտեղ, կամ չեն կարող մօտենալ, որովհետեւ կրակում են:

Մեր պետութիւնն այս փաստերը կարող է կիրառել միջազգային հարթակներում բանակցութիւնների ժամանակ, որովհետեւ եթէ մենք հարցը ներկայացնենք մարդու իրաւունքի տեսանկիւնից՝ աւելի հեշտ է օգտագործել իրաւունքի պաշտպանութեան մեխանիզմը (գոծիքակազմը), օրինակ ՄԱԿի անվտանգութեան, մարդու իրաւունքի  խորհրդում, ԵԽում եւ առաւելութիւն ունենալ՝ զօրացնելու քաղաքական-ռազմական հարթութիւնը, որովհետեւ մարդու իրաւունքի հարթութիւնն ամբողջովին անտեսուած է: Այդ պատճառով է, որ յայտարարում եմ, որ կոպտօրէն խախտւում է ՀՀ Սահմանդրութիւնն ու միջազգային պայմանագրեր, որովհետեւ մեր Սահմանդրութիւնը ասում է, որ մարդու իրաւունքն  առաջինն է:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.–  Դուք առաջարկել էք ապառազմականացուած անվտանգութեան գօտի ստեղծել՝ ապահովելու ադրբեջանական սպառնալիքի տակ գտնուող ՀՀ շրջաններում բնակիչների անվտանգութիւնը: Միջազգային հանրութեան կողմից ինչպէ՞ս է ընդունուել այս առաջարկը:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.– Անվտանգութեան գօտի ստեղծելու գաղափարը առաջին հայեացքից գուցէ համարուէր պարզունակ, բայց երբ վերլուծում ես ստեղծուած իրավիճակը, սա միակ հնարաւորութիւնն է պաշտպանելու մարդկանց, ովքեր ապրում են սահմանային գօտիներում, ովքեր ամէն օր իրենց պատուհանից տեսնում են դիմացի սարի վրայ օրինակ ադրբեջանցի զինեալների, որոնք ակնդէտ  դիտարկում են իրենց: Սա մեր հայրենակիցների անվտանգութեանն ուղղուած իրական սպառնալիք է, եւ պէտք է ձեւ գտնել նրանց հեռացնելու, ու բնակիչներին հնարաւորութիւն տալու հանգիստ շարունակել իրենց կեանքը:

Անվտանգութեան գօտում ստեղծելու ուղղութեամբ աշխատանքների արդունքներից էր այն, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, այս տարի Սեպտեմբերի 27ին բանաձեւ ընդունեց, որտեղ ներառեց մեր առաջարկութիւնները՝ չնայած Ադրբեջանի կողմից դրա դէմ յամառ պայքարի: Այժմ կայ միջազգային բաւական ազդեցիկ փաստաթուղթ, որտեղ նշւում է, որ կողմերը պէտք է անյապաղ բանակցութիւններ սկսեն՝ ստեղծելու ապառազմականացուած գօտի:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.-  Օմբուդսմենի ինստիտուտը զբաղւում է նաեւ ռազմագերիների հարցերով:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Ռազմագերիների մասին բազմաթիւ զեկոյցներ ենք հրապարակել, որտեղ ներկայացնում ենք, որ մեր հայրենակիցները ենթարկուել են դաժան խոշտանգումների, եւ Ադրբեջանի բանտերում նրանց կեանքը սպառնալիքի ներքոյ է: Նշուած խոշտանգումները պարզօրէն ցոյց են տալիս, որ դրանք դրդուած են եւ ունեն էթնիկ եւ հոգեւոր հիմքեր: Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է մեր հայրենակիցներին պահել՝ անօրինական կերպով, առանց հիմքերի, որովհետեւ համաձայն միջազգային մարդասիրական օրէնքի, յատկապէս՝ 1949 թ.ի Ժնեւի երրորդ կոնվենցիայի (համաձայնագիրի), իւրաքանչիւր երկիր, ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ, պէտք է անմիջապէս ազատի եւ վերադարձնի բոլոր պատերազմի գերիներին: Մինչդեռ, Ադրբեջանի կառավարութիւնը որոշեց պահել նրանց՝ քաղաքական ու ռազմական օգուտներ շահելու համար, սակարկութեան դնելու նպատակով: Մեր ռազմագերիների նկատմամբ սկսեցին իրականացնել արհեստական, անօրինական քրէական հետախուզութիւն, դատական քննութիւն՝ աշխարհին ցոյց տալու, որ յանցագործների հետ գործ ունեն եւ արդարադատութիւն են իրականացնում, սակայն գործընթացն իրականում կապ չունի արդարադատութեան հետ: Մենք ունենք զեկոյցներ, որտեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանը փորձել է որոշ տարածքներ վերահսկողութեան տակ վերցնել՝ օգտագործելով ռազմագերիների հարցը եւ անօրինական ճնշում գործադրելով բանակցութիւնների ժամանակ: Բայց սա ինքնին պատերազմական ոճիր է միջազգային մարդասիրական օրէնքի համաձայն, եւ նրանք այդպիսով արհամարում են միջազգային համայնքի կարծիքը նաեւ:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.-  Դուք Միացեալ Նահանգներում էք Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի յանձնախմբի հրաւէրով, եւ նախատեսուած հանդիպումների շրջանակը բաւական մեծ է:  Ին՞չ ուղերձ ունէք մեր համայնքին: Ինչպէ՞ս կարող ենք մենք օգտակար լինել այս իրավիճակում:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԵԱՆ.- Երախտագիտութիւնս եմ յայտնում Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի յանձնախմբին՝ այս կարեւոր առաքելութիւնը կազմակերպելու համար, որ հնարաւորութիւն է մեր հայրենակիցներին ներկայացնելու իրական վիճակը, փաստեր: Ամերիկահայ համայնքը կարող է մեծապէս աջակցել՝ ազդելու ԱՄՆ կառավարական մարմինների վրայ, նրանց ուշադրութեանը ներկայացնել իրական վիճակը, որովհետեւ Ադրբեջանը մշտապէս կեղծում է փաստերն ու մեծ խոչընդոտներ ստեղծում մեզ համար: ԱՄՆում են  տեղակայուած նաեւ միջազգային  համաշխարհային կառոյցներ, եւ լաւագոյն հնարաւորութիւն է մեզ օգնել օգտագործել նաեւ այս հարթակները:

Ասպարեզ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում