Հայրապետական պատվիրակը Պրահայում. պատարագ, հոգեհանգստյան կարգ եւ հանդիպումներ

  • 15.01.2022
  • 0
  • 196 Views

Քառօրյա այցով Պրահայում էր գտնվում Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը/նստավայրը՝ Վիեննա/։  Թեմական այցելության շրջանակներում Սրբազան հայրը հանդիպեց  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկային եւ նրան փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհակալական նամակն ու  բարեմաղթանքները, կապված նաեւ վերջինիս հայ համայնքի աջակցության եւ նաեւ հոգեւոր առաջնորդի պաշտոնին հնարավոր հրաժեշտի կապակցությամբ։ Սրբազան հորը ընկերակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը /նստավայրը՝ Բուխարեստ/ եւ Չեխիայի հոգեւոր հովիվ  Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։  Սրբազան հայրերը  հանդիպումներ ունեցան նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի, ինչպես նաեւ Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու  ծխական խորհրդի անդամների հետ։

Նոյեմբերի 28-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը մատուցեց Սուրբ եւ անմահ պատարագ, որին մասնակից եղան նաեւ  Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայկ սարկավագ Ութիջյանը եւ դպիրները։ 

Ընթացս Սուրբ պատարագի հիշատակվեց նաեւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի քահանայական ձեռնադրության 25 -ամյակը։ 

Պատարագի ավարտին Սրբազանները կատարեցին նաեւ հոգեհանգստյան կարգ՝ Արցախյան պատերազմներում նահատակված հայ զինվորների հոգիների հանգստության համար։  

Վերջում Տիրան սրբազանը քարոզով դիմեց չեխահայ հավատացյալներին, խոսեց հանդուրժողականության ու սիրո մասին՝  բոլորին մաղթելով խաղաղ ու բարեբեր տարի։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում