Կյանքից հեռացել է Ռազմիկ Դավոյանը

  • 15.01.2022
  • 0
  • 12 Views

Հունվարի 11ին Երեւանում կյանքից հեռացել է հայտնի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Նա ծնվել էր 1940 թվականին Մեծ Պառնի գյուղում։ 

Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-64 թվականներին սովորել է Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի  պատմալեզվագրական ֆակուլտետում։

1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։  Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ ֆ)․օ թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975է1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։  1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից – «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-96 թվականներին`Հայաստանի գրողների միության  վարչության նախագահ, 1999- 2003 թվականներին` ՀՀ նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։

Նա արժանացել էր պետական ու գրական բազմաթիվ պարգեւների, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի։ 

 Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Իմ աշխարհը»  լույս է տեսել Երեւանում 1963 թվականին։ Այնուհետեւ անցած տարիներին հրատարակել է 30ից ավելի բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն եւ չեխերեն լեզուներով։ 1989  թվականին Պրահայում լույս է տեսել «Пергаментова Hоpа»   բանասետղծական ժողովածուն։ 

 ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունը խորապես ցավակցում է Ռազմիկ Դավոյանի տիկնոջը՝ Արմինե Թամրազյանին եւ հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։    Ռեքվիեմ պոեմի վերջաբանից Եվ ես քանդում եմ պատնեշներն ամեն,Բացում եմ բոլոր դարպասները փակ,Խոսքի բռնկվող ռումբեր եմ դնում,Թույնը ներփակող պարիսպների տակ։Բացու՛մ եմ անվերջ, բացու՛մ եմ, բացու՛մ,Փշրում եմ բոլոր փակերն աշխարհի,Ճեղքում եմ ցավի հունդերը բոլոր,Ձեռքով հատում եմ տառապանքն հողի,Բացո՛ւմ եմ անվերջ, ճեղքո՛ւմ եմ, հատու՛մ,Մերկացընում եմ դեմքն արարողի,Որ տեսնի ինչպես երկրի վրայովԳնում են, չքվում,Գետերը ցավի,թույնի ու ոխի։   

ԿԵՂԵՎԴ ԲԱՑ ԱՐԱ

Բա՛ց քո կեղևը, ծառ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և՛ սեր,
Ե՛վ տառապանք, և՛ սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ.-
Դե բաց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ`
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողմերը թե գան`
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա՛ռ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կըկրկընեմ.-

Կելնենք թաքու՜ն-թաքու՜ն,
Կերթանք կամա՜ց-կամա՜ց,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց,
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում:

ԴՐԱԽՏԻ ԵՐԿԻՐ

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Մեծ երազների փոքրիկ օրրան,
Քո մեջ ծնվեցին քաղցր հույսեր
Եվ քո վիհերում անդարձ կորան։
Դու նրանց տվիր կյանք ու ոգի,
Դու նրանց տվիր թևեր հզոր,
Շնչառությունը քո մեղք շոգի,
Քո կարոտների ցոլքը բոսոր,
Եվ նրանք ելան գոտեմարտի,
Սակայն չհասան մինչև կեսօր։

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Այս ի՞նչ թախիծ է իջել վրադ,
Քո հերոսներին – քո հույսերին
Մատնել ես նյութի դաժան սրին..
Եվ քո զոհերով բեռնավորված,
Բեռան տակ մինչև հողը կորված,
Գնում ես դեպի անհայտություն,
Տանելով քեզ հետ թախիծ ու թույն։

Ահա իջնում է թանձր գիշեր
Քո հովիտներին փոքրիկ ու խեղճ,
Սակայն վառվում են խենթ ու խելառ
Պայծառ աստղերդ երկնքիդ մեջ։
Վառվում են նրանք, վառվու՜մ, վառվու՜մ,
Նրանք՝ աչքերը խոր ցավերիդ,
Քո կորուստների հուշն են նրանք
Ով արմատները նոր ծառերիդ։

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Անհուն դրախտի հուշ ու պատկեր,
Դու կորուստներ ես տվել անհուն
Եվ կուտակել ես անհուն պարտկեր,
Շտապիր թվել գալիքներիդ,
Շտապիր թվել անուն-անուն՝
Որ պիտի սրբեն ճակատդ սեգ
Եվ պիտի մարեն պարտքերդ անհուն։

Դրախտի երկիր, անհու՜ն դրախտ,
Ես օրորվում եմ քո տաք մահճում,
Եվ ուղեղիս մեջ, հոգուս, սրտիս,
Խանձված խոհեր են լուռ կանաչում։
Ա՜խ, շնկշնկում են նրանք փափուկ
Եվ ազատվում են թախծի բեռից.-
Նրանց մրմունջն ինձ քուն կբերի
Եվ քեզ կհանի քո թմբիրից։

Դրախտի երկիր, անհու՜ն դրախտ,
Մեծ օրհնություն քեզ և… փոքրիկ բախտ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում