Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուղերձը

  • 15.01.2022
  • 0
  • 24 Views

Սիրելի՜ հայրենակիցներ,Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով: Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին: Կառավարությունը շարունակելու է ամենայն պատասխանատվությամբ իրագործել տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու առաքելությունը:Առողջապահական, կրթական, սոցիալական և մյուս ոլորտների շարունակաբար զարգացումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների և վստահելի միջավայրի կառուցումը մնացել է մեր առաջնահերթությունների թվում: Եվ ես մեծ հույս ունեմ, որ եկող 2022 թվականը լինելու է իրապես համախմբումի, նախաձեռնողականության, ինքնավերլուծության ու ինքնակրթության տարի:Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, ովքեր անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև:Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև…Առանձնահատուկ շնորհակալ եմ ու շնորհավորում եմ մեր պետության անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում:Եվ, իհարկե, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում մեր փոքրիկներին՝ հավատով, որ ամանորյա հրաշքը նրանց կարող է պարգևել մեզանից յուրաքանչյուրը՝ իր նվիրվածությամբ, հոգատարությամբ, անչափելի սիրով՝ մերձավորի և հայրենիքի նկատմամբ, որովհետև հենց այդ որակներով է հնարավոր կերտել մեր ապահով ու երջանիկ օջախը, մեր երազանքների երկիրը:Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի:Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում