Գեւորգ Ավետիսյան. Առաջին հայը, որը արժանացել է անկախ Չեխիայի բարձրագույն պարգեւի

  • 24.10.2021
  • 0
  • 87 Views

Հոկտեմբերի 28-ին Չեխիայի նախագահի հրամանագրով հանրապետության բարձրագույն պարգեւներ պետք է տրվեին գիտության, մշակույթի, բիզնեսի, սպորտի,   ռազմական ու առողջապահության ոլորտի տասնյակից ավելի հայտնի գործիչների։ Սակայն քանի որ նախագահ Միլոշ Զեմանը բուժվում է հիվանդանոցում, եւ անհայտ է, թե  նախագահն երբ կվերականգի իր ուժերը, որոշվել է պարգեւատրման արարողությունը հետաձգել անորոշ ժամանակով։  Քաղաքական ուժերը եւ վարչապետ Բաբիշը հայտարարել են, որ սխալ  կլինի, եթե նախագահի փոխարեն, պարգեւները  հանձնի այլ պետական պաշտոնյա։

Անցյալ տարի էլ պարգեւատրման արարողությունը տեղի չունեցավ համավարակի պատճառով, հետեւաբար այս տարի պետք է  իրենց պարգեւները ստանային նաեւ անցյալ տարվա 39 գործիչները։ Մինչ այդ մամուլին հայտնի է դարձել այս տարվա պարգեւատրվողների ցանկը, որոնց մեջ է նաեւ մեր հայրենակից, «Մարլենկա Ինթերնեշնլ»  ընկերության նախագահ, հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանը։  Այդ մասին ծավալուն հրապարակումով անդրադարձել է ոչ միայն «Մլադա Ֆրոնտա Դնես» օրաթերթը, այլեւ ՉՏ1 չեխական հանրային հեռուստատեսությունը, որն իր ռեպորտաժում հարցազրույց էր վարել  թեկնածուներից միայն Գեւորգ Ավետիսյանի հետ։

Վերջինս նշել է, որ մեկ ամիս առաջ են իրեն հայտնել նախագահական գրասենյակից եւ  շատ ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվելու է նախագահ Զեմանի կողմից։

Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի գործարար է, որը 18 տարի շարունակ արտադրում է «Մարլենկա» մեղրով տորթերը եւ առաքում աշխարհի 50-ից ավելի երկիր՝ այդպիսով նպաստելով նաեւ չեխական արտադրանքի տարածմանը։

Ըստ հրապարակման Գեւորգ Ավետիսյանը պարգեւատրվելու է Ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Պարգեւատրվողների ցանկում են նաեւ կինոյի եւ թատրոնի հռչակավոր դերասանուհի Յիրինա Բոհդալովան, որին նախագահ Զեմանը 2013-ին պարգեւատրել էր Ծառայությունների համար մեդալով, իսկ այս տարի կշնորհի Չեխիայի բարձրագույն պարգեւը՝ Սպիտակ Առյուծի 1-ին աստիճանի շքանշանը։

Բարձրագույն պարգեւների կարժանան նաեւ չեխ տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, Չեխոսլովակիայի հերոս,  Ռուսաստանում Չեխիայի նախկին դեսպան  եւ կոմունիստական կուսակցությունից Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Վլադիմիր Ռեմեկը, դրամատուրգ եւ Չեխական հեռուստատեսության խորհրդի անդամ Պավել Ֆոլտանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Լուկաշ Կրպալեկը, երաժիշտ Կարել Վագները, ռեժիսոր Պավել Ժակը, գինեգործ Միլոշ Միխլովսկին եւ այլք։

Կլինեն նաեւ հետմահու պարգեւատրումներ, ինչպես օրինակ շքանշանի կարժանան  վաղամեռիկ միլարդատեր եւ բարերար Պետր Կելլները, տնտեսագետ Միխալ Մեյստրիկը։ Անցյալ տարի հետմահու շքանշանի էր արժանացել նաեւ չեխական էստրադայի լեգենդ Կարել Գոտտը։ Ի դեպ, ի տարբերություն նախկին նախագահների, Միլոշ Զեմանը այլեւս չի պարգեւատրում առկա մեդալների եւ շքանշանների տարբեր աստիճաններով, այլ շնորհում է միայն բարձրագույն կարգերի պարգեւները, ինչը արժանացել է ընդդիմության քննադատությանը։

Հատկանշական է, որ Չեխիայի երրորդ հանրապետության անկախության 33 տարիների ընթացքում Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որը կարժանանա նման բարձր պետական պարգեւի՝ Ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալի։ Սա նշանակալի ձեռքբերում է նաեւ չեխահայության համար, քանի որ թեեւ թվաքանակով չեխահայերը քիչ են, սակայն վայելում են երկրի բարձրագույն ղեկավարության հարգանքն ու արժանանում են նման գնահատականի։ Գեւորգ Ավետիսյանն իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել նաեւ համայնքային կյանքում՝ աջակցելով բազմաթիվ հայանպաստ նախագծերի։ Հայ ձեռնարկատերը քանիցս ճանաչվել է ոչ միայն Մորավոսելեզյան երկրամասի, այլեւ Չեխիայի Տարվա Լավագույն գործարար կոչմանը։ 

Նշենք նաեւ, որ Գեւորգ Ավետիսյանն այն բացառիկ գործարարներից է, որին  հարգում են ոչ միայն չեխական իշխանությունները, այլեւ ընդդիմությունը, որը մի քանի շաբաթ անց կդառնա իշխանություն՝ հաշվի առնելով վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ արդեն ստորագրված կոալիցիոն կառավարություն կազմելու հուշագիրը։

Շնորհավորում ենք մեր հայրենակից, գործարար Գեւորգ Ավետիսյանին նման գնահատանքի արժանանալու առիթով եւ մաղթում   նորանոր ձեռքբերումներ։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում