Հայագիտական կենտրոնները պետք է հզորացնել. գիտաժողով Գերմանիայում

  • 08.09.2021
  • 0
  • 42 Views

 08 սեպտեմբեր 2021թ – Երեք օր շարունակ աշխարհի 20 երկրից շուրջ 100 ներկայացուցիչ, այդ թվում՝ հեղինակավոր պրոֆեսորներ ու գիտնականներ, քննարկել են հայագիտության արդի խնդիրներն ու մարտահրավերները։ Հայագիտական 15-րդ համաժողովը հոբելյանական էր, ձևաչափն՝ անսովոր։ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության ընդհանուր համաժողովն առաջին անգամ անցկացվել է Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում՝ առցանց։«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Հալլեի համալսարանի հայագիտական «Մեսրոպ» կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը մանրամասնում է՝ Գերմանիայում հայագիտական այս կենտրոնն արդեն 11 տարի է գործում է անկախ։ Տարեկան համալսարանի տարբեր ֆակուլտետներից մոտ 20 ուսանող է գալիս համատեղությամբ ուսանելու, իսկ հայագիտությունը որպես հիմնական մասնագիտություն ընտրում է տարեկան 5-10 ուսանող, հիմնականում՝ տեղի գերմանացիներ կամ Հալլե ուսանելու եկած հայ ուսանողներ․«Հալլեի համալսարանի հայագիտական ամբիոնի առանձնահատկությունն այն է, որ այն, բարեբախտաբար, պետական ֆինանսավորում է ստանում գերմանական պետական միջոցներից։

Այսպես շատ հազվադեպ է լինում․ հիմնականում հայագիտական կենտրոնները մասնավոր ֆինանասավորում ունեն առանձին հայերի կողմից։ Հայագիտությունը փոքր ճյուղ է համարվում և հիմնականում ուսուամնասիրվում է որպես ընդհանուր գիտության՝ օրինակ բյուզանդագիտության, հնդեվրոպագիտության գիտաճյուղ»,-ասում է Արմենուհի Դրոստ-Աբգարյանը։

Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում մինչև 2010 թվականը հայագիտությունն ուսումնասիրվում էր քրիստոնյա արևելքի ժողովուրդների ամբիոնի դասացանկով։ Հիմա էլ վտանգ կա, որ եթե Գերմանիան այլևս չֆինանասավորի ամբիոնի գործունեությունը և այլ միջոցներ չստացվի գտնել, ամբիոնն ուղղակի կփակվի, այնինչ հայագիտության ամբիոնները Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, Սփյուռքի թիկունքն են՝ ասում է Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ, քաղաքագետ Ազատ Օրդուխանյանը։

Նրա խոսքով՝ հայագիտական կենտրոններ այսօր կան Եվրոպայի մի շարք քաղաքներում, բայց դրանց գործունեությունը և ֆինանսավորումը սահմանափակ են․«Եվրոպայում հայագիտությունը շատ է թուլացել, պիտի ուժեղացվի, ամրապնդվի։ Օրինակ՝ Եվրոպայում ամենաերկարը եւ առանց ընդհատումների տպագրված « Հանդէս Ամսօրեայ» և մյուս հայագիտական հանդեսների վիճակը չի համապատասխանում նախկին իրենց փառքին։ Շատ կենտրոններ կան, որոնց պետք է աջակցել, թե Սփյուռքը, թե ՀՀ-ն պիտի հնարավոր բոլոր ձևերով աջակցեն այս կենտրոններին»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Սեփական երկրի պատմությունն ու մշակույթը որպես գիտաճյուղ ներկայացնելն այսօր ակտիվորեն ֆինանսավորում է Ադրբեջանը․ մեկը մյուսի հետևից ստեղծվում են ադրբեջանագիտության կենտրոններ․ Հալլեի համալսարանի հայագիտական «Մեսրոպ» կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյան․«Ադրբեջանը ֆինանսավորում է ադրբեջանագիտության ամբիոնների բացումը և, բնականաբար, բարձր է վարձատրում ամբիոնի պրոֆեսորներին»,-ասում է Արմենուհի Դրոստ Աբգարյանը։Հայագիտության ամբիոնի ղեկավարի խոսքով՝ հայաստանյան կրթական գերատեսչությունը պարբերաբար աջակցում է իրենց, բայց մշտական, ամենամյա և ամբողջական աջակցություն ցուցաբերել չեն կարող։

Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ հայագիտության ամբիոնները պետք է ֆինանսավորվեն ոչ թե պետության կողմից, այլ այդ նպատակով ստեղծվեն հատուկ հիմնադրամններ։ Հայագետների պակաս էլ Սփյուռքում չկա՝ ասում է Օրդուխանյանը, միայն թե նրանց հատուկ քաղաքականությամբ համախմբել է պետք․«Մարդկային ռեսուրսների առումով պակաս անհանգիստ եմ, քան ինստիտուցիոնալ հարցերի առումով։ Եթե լինեն աշխատող ինստիտուտներ, հայագետները կհամախմբվեն։ Հայագիտության հիմնադրամներ պիտի ստեղծվեն Եվրոպայում, դրանք ավելի հեղինակավոր կլինեն, եթե այստեղ ստեղծվեն, ոչ թե Հայաստանում։ Եթե այդպես լինի՝ Ադրբեջանի պատկերը չենք ունենա։

Նրանց կենտրոնները քննադատվում են Գերմանիայում, որովհետև ոչինչ օբյեկտիվ չէ, և ֆինանսավորումն էլ տվյալ պետության կողմից է, իսկ եթե հայագիտության հիմնադրամներ ստեղծվեն, օրինակ, հենց Գերմանիայում, գերմանացիները չեն նայի մեզ կասկածով, ինչպես, օրինակ, հիմա նայում են ադրբեջանցիներին»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Առավելագույն պատասխանատու վերաբերմունք՝ ուղղված հայագիտության ամբիոնների ակտիվ աշխատանքն ապահովելուն՝ կարեւորում են զրուցակիցներս ու շեշտում՝ դրանք մեր հենարաններն են Սփյուռքում չձուլվելու և օտարներին հայկական պատմության եւ մշակույթի մասին ամուր փաստարկներով ներկայանալու հարցում։

 ՀՀ Հանրային ռադիո

Էլիզա Մխիթարյան

armradio.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում