Վախճանվել է անվանի գրող ու գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը

  • 03.09.2021
  • 0
  • 314 Views

Հայ գրականությունը, գրականագիտությունը, թարգմանչությունը մեծ կորուստ կրեցին։ 2021թ սեպտեմբերի 3-ին կյանքին հրաժեշտ տվեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ՝ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ…

Նա դարձավ Քովիդի հերթական զոհերից մեկը։ Երանի Հայաստան չգնար, մնար Փարիզում, մինչեւ անցներ այս մղձավանջը։ 10 օր առաջ դեռ հիվանդանոցում պատասխանում էր հեռախոսին, թոքաբորբ ուներ, տիկին Անահիտն էլ իր հետ միասին բուժվում էր։ Մեկ շաբաթ առաջ արդեն կտրուկ վատացավ վիճակը։ Չորս օր անց նա կդառնար 82 տարեկան։ Շատ ափսոս , աննկարագրելի կորուստ։ Որպեսզի հասկանաք թե ով էր Թոփչյանը, կարդացեք իմ սյունակը, որ գրել եմ երկու տարի առաջ նրա ութսունամյակին։ Մենք կորցրինք ՄԵԾ ԳՐՈՂԻՆ, ՄԵԾ ՄԱՐԴՈՒՆ,ՄԵԾ ՀԱՅԻՆ։ http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/6958-aleksandr-topchyan-80.html 

Խորին ցավակցություններս տիկնոջը՝ տիկին ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻՆ, դստերը՝ Աննային, եղբորորդիներին՝ Արամ եւ Էդուարդ Թոփչյաններին։Լույսերի մեջ մնա։ 


Հակոբ Ասատրյան

Պաշտոնական մահազդ  Սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հորեղբայրը)։ 

Նա ծնվել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երևանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երևանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962–1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963–1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966–1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975–1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982–1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991–1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 1960–1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից և ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի և այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական և հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաև մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երևան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սևակի մասին, Երևան, 2005) և «Բանկ Օտոման» (Երևան, 2008, ռուսերեն՝ Մոսկվա, 2012 թ., և ֆրանսերեն՝ Փարիզ, 2012 թ․) վեպերը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում և թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և այլոց, ինչպես նաև հայազգի օտարագիր հեղինակների՝ Վահե Քաչայի, Ժան-Բատիստ Բարոնյանի, Վահե Գոդելի, Վազգեն Շուշանյանի, Զահրատի, Զարեհ Խրախունու գրականությանը:Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկը՝ «Բանկ Օտոման» վեպը, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով: Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա գրականության հավատավորներին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում