ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Մկրտչյան. ”Մշակույթը ազգերի հաղորդակցության լավագույն միջոցն է”

05 հոկտեմբերի, 2016 | 21:08

tigran-mkrtchyan-57f4e47c1c5ebԼիտվական 15min.lt լրատվական կայքը ընդարձակ հարցազրույց է հրապարակել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ՝ ՀՀ Անկախոիթյան 25 ամյակին նվիրված կազմակերպվելիք մեծ համերգին ընդառաջ։ Ստորև ներկայացնում ենք այս հարցազրույցի հայերեն թարգմանությունը։

  1. Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, Հայաստանն այս տարի տոնում է անկախության, ինչպես նաև Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձը: Կմանրամասնե՞ք, թե այս հոբելյաններն ինչ նշանակություն ունեն Ձեր և Ձեր երկրի համար:

-Անկախության 25-րդ տարեդարձը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Իհարկե, շատ ազգեր են տոնում 25-րդ տարեդարձ, սակայն յուրաքանչյուրն այդ 25 տարիները ներկայացնելու իր տեսլականն ունի: Մեր պարագայում այն միանգամայն ՛՛հասուն ազգի՛՛՝ հայերի, երիտասարդ պետականությունն է խորհրդանշում:

Չնայած 1915թ. Իմ ժողովրդի հետ պատահած մեծագույն ողբերգությանը, Առաջին Հանրապետության կարճատև անկախության կորստին հետևած բոլոր տառապանքներին և 2-րդհամաշխարհային պատերազմին, ի հեճուկս մեր անկախության վաղ փուլերն ուղեկցող դժվար իրավիճակների՝ մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք հաղթահարել դրանք. մենք ոչ միայն կարող ենք դիմակայել, այլև վերստին արարել և առաջ շարժվել՝ յուրահատուկ ներդրում ունենալով մարդկության զարգացման ճանապարհին:

Այս 25 տարիները առանձնահատուկ նշանակություն են ունեցել նաև Հայաստան-Լիտվա հարաբերությունների համար. Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և հենց Լիտվայի հետ է Հայաստանը կնքել իր առաջին միջազգային պայմանագիրը: Հայերն ու բալթյան ազգությունները անկախության շարժումները նախաձեռնողներն էին: Հայաստանի անկախության շարժումը ծնվել է Ղարաբաղյան շարժումից՝ 1988թ-ին. ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման գաղափարի շուրջ են համախմբվել Հայաստանում և սփյուռքում գտնվող միլիոնավոր հայեր՝ վերանայելու Ստալինի կողմից Սովետական Ադրբեջանին բռնակցելու 1921 թ․ որոշումը։ Մեկ տարի անց՝ 1989թ. օգոստոսի 23-ին  բալթյան երեք երկրներում միլիոնավոր մարդիկ անկախության վերականգնման հիմնական պահանջով խաղաղ ցույցի դուրս եկան, որը ՛՛Բալթյան ուղի՛՛ խորագրով է նշանավորվել: Ուղիղ մեկ տարի անց՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանն իր անկախության հռչակագիրն ընդունեց, իսկ 1991թ. հունվարին ՛՛Հայոց համամազգային շարժման՛՛ պատվիրակությունը ժամանեց Վիլնյուս՝ արյունահեղությունը կանխելու նպատակով ՛՛Սայուդիս՛՛ շարժման և սովետական միության ուժերի միջև որպես միջնորդ հանդես գալու առաքելությամբ:

Վերոնշյալի համատեքստում անկախ Հայաստանի 25-րդ տարեդարձի տոնակատարությունն անկախ Լիտվայում յուրահատուկ նշանակություն ունի:

  1. gevorg-hakobyan-57f4e47f2c5d5-Այս նշանակալի առիթով Վիլնյուսի ՛՛Կոնգրես՛՛ համերգասրահում նշանավոր հայ երաժիշտների մասնակցությամբ և հայ-լիտվական յուրատեսակ ծրագրով ՛՛Հայաստան և Լիտվա-25՛՛ խորագիրը կրող սիմֆոնիկ համերգ է տեղի ունենալու: Արդյոք դյուրի՞ն էր Ձեզ համար Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Գինտարաս Ռինկեվիչյուսի հետ համագործակցությունը:

Մաեստրո Գինտարաս Ռինկեվիչյուսը ականավոր լիտվացի մտավորական է, որի հետ շփումն ինքնին ուղղակի մեծ պատիվ և հաճույք է: Նրա հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց մեկ այլ նշանավոր անհատականության՝ լիտվահայ տաղանդավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի շնորհիվ,. թեպետ պետք է ասեմ, որ մաեստրոն և նվագախումբը նախկինում արդեն մեկ անգամ կատարել են հայկական միջոցառման շրջանակներում: Այսպիսով, մենք արդեն ավանդական կապեր ենք ձևավորել այս տաղանդաշատ նվագախմբի հետ:

Ես մաեստրոյին առաջարկեցի հայ և լիտվացի երաժիշտների կատարմամբ ներկայացնել հայ և լիտվացի երգահանների ստեղծագործությունները՝ հաշվի առնելով, որ սա հենց մեր երկու ժողովուրդներին նվիրված իրադարձություն է: Արդյունքում, որոշվեց, որ համերգի մի մասը կղեկավարի մաեստրոն, մյուս մասը՝ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, որն ի դեպ Կաունասի նվագախմբի դիրիժորն է և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հայ մենակատարների հետ միասին: Մեր նշանավոր դաշնակահարներից Արմեն Բաբախանյանը  կատարելու է Առնո Բաբաջանյանի  ՛՛Հերոսական բալլադը՛՛, հրաշալի ստեղծագործություն, որի շնորհիվ ճանաչում է ձեռք բերել 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտորներից մեկը: Համերգացանկում ներառված Խաչատրյանի ՛՛Սպարտակը՛՛ ճնշումների, ստրկության դեմ և հանուն ազատության պայքարող անհատի մասին է:

Նշանավոր հայ բարիտոն և իմ ընկեր Գևորգ Հակոբյանը կատարելու է հայկական և այլ ստեղծագործություններ: Ես իսկապես երախտապարտ եմ Գևորգին այս իրադարձությանն լիակատար աջակցելու համար:

Երգացանկում ներառված է նաև շատ սիմվոլիկ նշանակություն ունեցող մի ստեղծագործություն. այն ՛՛Կովկասյան էսքիզներից՛՛ Իպոլիտով-Իվանովի սյուիտն է, որը հանրաճանաչ հայկական ՛՛Զեյթունցիների պարը՛՛  ստեղծագործության փոխակերպումն ու գործիքավորումն է։ Պատմական Հայաստանի մաս կազմող Զեյթունը հայտնի է իր պանծալի ժողովրդով, որն անպարտելի էր ոչ միայն ի շնորհիվ լեռնային աշխարհագրական պայմանների, այլև ի շնորհիվ ազատության տենչող ոգու: Նրանց երգն իր հնչողությամբ հիանալի արտացոլում է ողջ էությունը, ասես անկրկնելի և հերոսական արշավանքի վառ նկարագիր լինի:

  1. Լիտվան և Հայաստանը երկարամյա հարաբերություններ ունեն 13-րդ դարից ի վեր: Ինչպե՞ս է զարգանում երկու երկրների համագործակցությունը: Ինչպե՞ս է իրեն դրսևորում Լիտվայի հայ համայնքը:

– Դուք ճիշտ եք, որ մենք հարյուրամյակների հարաբերություններ ունենք: Ես տպավորված եմ լիտվացիների՝ Հայաստանի պատմության վերաբերյալ ունեցած գիտելիքներով. նրանք գիտեն Հայոց հնագույն պատմությունը, նրանք մեր միջնադարյան գրականության, մշակույթի, մեր ընդհանուր կրոնի վերաբերյալ գիտելիքներ ունեն: Հայերին ճանաչող լիտվացիներն էլ կարող են հաստատել լիտվացիների նկատմամբ հայերի ունեցած սերն ու համակրանքը: Այս կապն իսկապես ամուր և անսասան է:

armen-babakhanian-57f4e48262373Հայերը Լիտվայում բնակվում են դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից: Այսօրվա հայկական համայնքը 1970-80-ականներից ի վեր տեղաբաշխված է տարբեր քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Կլայպեդայում, Շյաուլյայում և այլն: Հայերը շուրջ 2000 են. կան նշանավոր արվեստագետներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ: Շատերը ճանաչված են Լիտվայի հասարակության կողմից: Նրանք իհարկե դյուրացնում են իմ աշխատանքը՝ իմ և ընտանիքիս ժամանման առաջին իսկ օրվանից լինելով մեր կողքին՝ բոլոր առումներով աջակցելու պատրաստակամությամբ. այսօր հայերն աջակցում են այս համերգի կազմակերպմանը, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:

Սփյուռքի յուրաքանչյուր արհեստավարժ հայ յուրովի դեսպան է հայության համար, որովհետև անկախ բնակավայրից կենսական զարգացման հարցում ունեցած ներդրումով և լավ օրինակ ծառայելով՝ այդիպսով բարձրացնում են հայի կերպարն ու Հայաստանի համբավը: Այս գաղափարը ես կարող եմ առանց վարանելու վերագրել լիտվահայերին, որոնցով կարող եմ միայն հպարտանալ:

Հանուն անկախության բազմիցս պայքարած մեր փոքր և քրիստոնյա ազգերի միջև ընդհանրությունները շատ են: Համագործակցությունն այսօր լավ է ընթանում, թեպետ բարելավելու և ընդարձակելու համար բավական շատ նախադրյալներ կան: Հայաստանը Լիտվայի հետ հաջողությամբ համագործակցում է թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում: Բազմակողմ ճակատում մենք շատ մոտ ենք ՛՛Շրջանակային համաձայնագրի՛՛ ստորագրմանը ԵՄ-ի հետ, որի կապակցությամբ Լիտվան մշտապես աջակցել է մեզ: Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու իր պատրաստակամությունը վերջինիս համար ընդունելի սահմաններում: Երկկողմ ձևաչափում առևտրաշրջանառությունը հետևողականորեն աճել է մեր երկրների միջև, որը ես՝ որպես Լիտվայում Հայաստանի դեսպան, միայն ողջունում ու խրախուսում եմ, ինչպես նաև լիովին աջակցում եմ: Մենք նաև զարգացնում ենք մշակութային դիվանագիտությունը, որի ակնառու օրինակ է հոկտեմբերի 11-ին նախատեսված համերգը:

Մշակույթը ազգերի հաղորդակցության լավագույն միջոցն է: Լինելով արվեստագետների ընտանիքից՝ աներկբայորեն հավատում եմ այդ գաղափարին: Մնացյալը, այդ թվում՝ առևտրաշրջանառությունը, առավել կայուն է դառնում, քանի որ դրա հիմքում ժողովուրդների միջև հարգանքն ու վստահությունն է, մի բան, որին կարող է առաջին հերթին նպաստել մշակույթը:

 

litva-afisha

 


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
3. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
4. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
5. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
8. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
9. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
10. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: