ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թերեզինում բացվեց ցեղասպանության թանգարանըˋ նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությամբ

09 մարտի, 2018 | 14:55

ՊՐԱՀԱ.- Այսօրˋ մարտի 9-ին չեխական Թերեզին հայտնի հուշահամալիրից ոչ հեռու գտնվող շենքում պաշտոնապես բացվեց  Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանը։ Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2017-ի մայիսի 9-ին, որի մասին ՕՐԵՐ-ը գրել էր։ Թերեզինում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստական համակենտրոնացման ճամբարը։

Թանգարանում ցուցադրվում են ոչ միայն Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մանրակերտը, որ պատրաստել էին Պրահայի Սմիխովի առեւտրային դպրոցի ուսանողները, այլեւ ցեղասպանության թեմային նվիրված բազմաթիվ գրքեր ու լուսանկարներ, տեսաֆիլմեր, ինչպես նաեւ Երուսաղեմին, Առնոլդ Լուստիգին եւ ցեղասպանություններին նվիրված լուսանկարներ, այդ թվումˋ ,,Գնացք Լուստիգ,, 6-րդ փառատոնի  եւ Լուստիգի ,,Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար,,  ներկայացման մասին։

Կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպայի ողջույնի խոսքից հետո ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն,  ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, Չեխիայի խորհրդարանի անդամներ Վացլավ Կլաուսը, Յարոսլավ Ֆոլդինան, նախկին պատգամավոր, պատգամավորների պալատի Չեխ-հայկական բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշը, ում նախաձեռնությամբ անցյալ տարի ապրիլին խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունվեց ցեղասպանությունների ճանաչման բանաձեւը, որի մեջ էին ներառված նաեւ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը։ Վերջինս կարեւորեց կենտրոնի գործունեությունը եւ ապագա սերունդներին ճշմարտությունը հասցնելու կարեւորությունը։

Նրա ասելով, պատմության թանգարանների նշանակությունը շատ մեծ է, քանի որ այդ վկայությունները մեկտեղվում են եւ փոխանցվում են սերունդներին։ ,,Հայոց ցեղասպանության պարագայում շատ քիչ վերապրողներ են մնացել։ Մինչդեռ աշխարհում չկա մի հայ, որի ընտանիքը ցեղասպանության հետեւանքները կրած չլինի։ Հետեւաբար այսօրվա վկայությունները պահելով ու հանձնելով թանգարաններին, նաեւ կանխարգելում են չարիքի ընդլայնումը, որ առկա է համացանցում եւ սոցիալական ցանցերում,,-ասաց նա։

Ելույթներ ունեցան նաեւ Չեխիայում Սլովակիայի դեսպան Պետր Վեյսը եւ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Հայաստանի դեսպանը բարձր գնահատեց 2012 թվականից սկսած ,,9 դարպաս,, փառատոնի շրջանակներում Պավել Խալուպայի եւ Շիմոն Կրբեցի հետ սկսված համագործակցությունը, եւ շեշտեց այն հանգամանքը, որ կենտրոնը մեծ աշխատանք է տանում ուսանողության հետ, որոնց ներկայացուցիչները նաեւ մասնակցում էին թանգարանի բացմանը, որպեսզի կանխարգելի ցեղասպանությունների մերժման գործընթացը։ Նա նաեւ կարեւորեց Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Թերեզինի կենտրոնի միջեւ գործող համագործակցությունը։

Հիշեցնենք, որ թանգարանի բացման օրը պատահական չէր ընտրված։ 1944 թվականի մարտի 8-9ի գիշերը, Թերեզինի համակենտրոնացման ճամբարի 3000-ից ավելի բանտարկյալներին տեղափոխել են Օսվենցիմի ճամբար եւ այնտեղ վառել։ Ներկաները հանդիսավոր բացումից հետո քայլելեով գնացին Թերեզինի այն պատի մոտ, ուր հուշատախտակ է տեղադրված, քանի որ այդտեղից են գնացքները բանտարկված գերիներին տարել Օսվենցիմ։ Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը, ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշատախտակի մոտ։

Ավելացնենք նաեւ, որ մի քանի օր առաջˋ մարտի 3-ին Չեխական Մլադա Ֆրոնտա Դնես օրաթերթը տպագրել Շիմոն Կրբեցի ծավալուն հոդվածը, որում անդրադառնում էր ցեղասպանությունների ժխտմանը, այս անգամ խոսելով նաեւ Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի կոտորածների մասին։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: