ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում

Նունե Զաստուխովան ներկայացնում է ցուցահանդեսի մանրամասները
08 հոկտեմբերի, 2018 | 11:26

Հոկտեմբերի 9-ից մինչեւ նոյեմբերի 6-ը Պրահայի հանրահայտ Ստրահովի վանական համալիրի  գրադարանի Աստվածաբանական վեհաշուք դահլիճում, որը վերջին 60 տարիներին առաջին անգամ է բացվում հանրության առջեւ, կգործի ՙ«Հնագույն քրիստոնյա ժողովրդի գանձերը. հոգեկանությունը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության եւ Չեխոսլովակիայի 100-ամյակներին։ Ցուցահանդեսի կայացմանը աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Պրահայի Ստրահովի վանական համալիրը։

Թանկարժեք հնատիպ ձեռագրեր եւ գրքեր են ներկայացվելու Երեւանի Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության, Կիպրոսի, Չեխիայի եւ Ֆրանսիայի անհատների հավաքածուներից։ Ցուցահանդեսի համակարգողն է եւ հայտուկ այդ առիթով հրատարակված պատկերագրքի հեղինակը դիրիժոր, երաժշտագետ, սարկավագ դոկտոր Հայկ Ութիջյանը, ով նաեւ հատուկ դասախոսությամբ հանդես կգա հոկտեմբերի 29-ին Ստրահովի գրադարանի Աստվածաբանական սրահում։

Իսկ հոկտեմբերի 12-ին մեկ այլ դասախոսությամբ հանդես կգա Օքսֆորդի համալսարանի հայագետ պրոֆ. Թեո վան Լինտը։

Ցուցահանդեսում  ներկայացված են 24 բացառիկ նմուշներ , որոնց թվում են Նարեկացու ՙՄատյան ողբերգությունը՚,Բարձրբերդի Ավետարանը,Վիեննայի Շնորհալու նկարներով օժտված փոքրադիր  ժամագիրքը,Վիեննայի աշխարհի միակ Շարակնոցը՝ 56 ամբողջական էջերով  նկարներով,Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Ճաշոցը, Ընտրյալ Տաղի խազագրություն կրող մեզ ծանոթ հնագույն ձեռագիր Տաղարանը, Դիոնեսիոս  Արիսպագացու Մատենագրությունը, որը  Ստեփանոս Լեհացիի թարգմանության ինքնագիրն է, Փարիզի Պասմաճեան հավաքածուից  երկու հմայիլներ,Վահան Բեդելյանի Լիմոնջյան ձայնագրությամբ արձանագրված կոթողային շարակնոցը,  եւ այլ իրեր ու ձեռագրեր։  Ցուցանմուշներից շատերը առաջին անգամ են հանրությանը ցուցադրվում։

Այս ցուցանմուշների մասին ավելի մանրամասն կներկայացնենք ցուցահանդեսի բացումից հետո։

Ցուցահանդեսի մուտքն արժե 120 կրոն, մինչեւ 27 տարեկան ուսանողների համար՝ 60 կրոն, դպրոցականների խմբերի համար՝ 10 կրոն։

Ցուցահանդեսի մանրամասները ներկայացնում է մեզ հետ հարցազրույցում  Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։

ՕՐԵՐ.- Երբ առաջացավ Ստրահովյան գրադարանում ցուցահանդես բացելու գաղափարը եւ ինչո՞ւ հատկապես այնտեղ։

Նունե Զաստուխովա. -Պրահայի և ընդհանրապես աշխարհի ամենագեղեցիկ գրադարաններից մեկում, որ գտնվում է Ստրահովի վանահամալիրում ցուցահանդես կազմակերպելու գաղափարն առաջացավ առաջին իսկ այցելությունից հետո՝ 2014 թվականին։ Ընդհանրապես գրադարանի երկու գեղատեսիլ սրահները՝ փիլիսոփայական և աստվածաբանական, բացվում են հազվադեպ՝ պետական մակարդակով հատուկ հյուրերի այցելությունների ժամանակ։ Այցելուներն ու զբոսաշրջիկները կարող են այդ սրահները տեսնել միայն մուտքի դռան մոտից, որտեղից թեև գաղափար կարող են կազմել, բայց ամբողջ գեղեցկությունը չի բացվում աչքի առջև։ Յուրաքանչյուր անգամ, բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում գրադարանում հայտնվելիս, մեզ ուղեկցում էր գրադարանի վարիչ՝ վանահայր Գեյզա Շիդլովսկին, որի հետ շուտով բարեկամացանք և սկսեցինք քննարկել վանահամալիրում հին հայկական ձեռագրերի ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները։ Առաջին կոնկրետ քայլերն արվեցին, երբ 2014թ-ի նոյեմբերին նախկին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր այցի շրջանակներում եղավ գրադարանի սրահներում և պարոն Շիդլովսկուն հրավիրեց այցելելու Հայաստան։ Վերջինս ընդունեց հրավերը և հաջորդ տարի մեկնեց Երևան, ուր այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Պատմության թանգարան և Ազգային գրադարան ու շատ տպավորված վերադարձավ Պրահա՝ արդեն իսկ մեծ ցանկությամբ իրականություն դարձնելու այս ցուցահանդեսը։ 2015-2017թթ. ընթացքում եղան տարբեր առիթներով Չեխիա այցելեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանն, իրենց մասնակցությամբ քննարկումներ ենք անցկացրել ցուցահանդեսը կազմակերպելու հնարավորության վերաբերյալ։

Ստրահովի վանահամալիրում նախկինում բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել, բայց դրանք եղել են հատուկ այդ նպատակին ծառայող ցուցասրահում և միջանցքներում։ Սակայն մենք խնդրեցինք Հայր Շիդլովսկուն, որպեսզի մեր ցուցահանդեսն անցկացվի գրադարանի սրահներից մեկում, քանզի հայկական հին ձեռագրերի ինքնատիպությանը համահունչ են միայն այդ սրահները։ Սկզբում այդ գաղափարը իրական չէր թվում, չէ որ վերջին 60 տարիների ընթացքում սրահներն այցելուների համար փակ են եղել այնտեղ գտնվող ձեռագրերի և գրքերի միկրոկլիմայական և անվտանգության պայմաններից ելնելով, բայց Ստրահովի վանահամալիրի ղեկավարությունը պարոն Շիդլովսկու առաջարկով ընդունեց գրադարանի Աստվածաբանական սրահի տրամադրման առաջարկը և համաձայնեց հատուկ մեր ցուցահանդեսի համար բացել դռներն այցելուների առջև։ Բնականաբար, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները։

ՕՐԵՐ.- Որքան ինձ հայտնի է բավականին խոչընդոտներ եք հաղթահարել ինչպե՞ս հաջողվեց ի վերջո իրականացնել նման ցուցահանդեսի բացումը։

Նունե Զաստուխովա.-  Այո, սակայն հետադարձ հայացք գցելիս կարելի է ասել, որ խոչընդոտների ամենամեծ պատճառը ժամանակն էր՝ մենք որոշել էինք ցուցահանդեսն անպայման իրականացնել 2018թ-ի աշնանը և կարելի է ասել գործնականում պատշաճ կերպով պատրաստվելու համար ունեինք միայն մի քանի ամիս։ Այս ցուցահանդեսի համակազմակերպիչներն ու մասնակիցները մի քանիսն են և յուրաքանչյուրն ունի իր աշխատելաոճը, իր սկզբունքներն ու նպատակները, և բնականաբար բազմաթիվ գործընկերների աշխատանքի համակարգումը դյուրին չէր։ Հարկ է նշել, որ Ստրահովի համաձայնությունից հետո ամենակարևոր հանգամանքներից էր նաև, որ հայագետ, երաժշտագետ, Պրահայի Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար, Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ, դոկտոր Հայկ Ութիջյանն ընդունեց մեր առաջարկը ոչ միայն հանդիսանալու Ստրահովի վանահամալիրում կայանալիք հին հայկական ձեռագրերի ցուցահանդեսի համակարգող և համապատասխան պատկերագրքի կուրատորն ու հեղինակը, այլև իր ջանքերով ցուցահանդեսի համար հայթայթեց հին և արժեքավոր ձեռագրեր մասնավոր անձանցից։ Կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին և Վիեննայի Մխիթարյան միաբանությանն իրենց մասնակցության և աջակցության համար։ Ինչպես հայտնի է Մատենադարանն ունի նոր տնօրինություն և բանակցությունները, որոնք սկիզբ էին առել հին տնօրինության օրոք ժամանակավորապես դադարեցվել էին, մինչև նոր ղեկավարության ընտրությունները և չնայած, որ Մատենադարանը նույն օրերին մեծ մասնակցություն ուներ աշխարհի մի շարք երկրների ցուցահանդեսներում, չմերժեց մեր առաջարկը և հնարավորինս արեց՝  կարճ ժամկետներում ապահովելու Պրահայի ցուցահանդեսին իր մասնակցությունը։

Խոչընդոտները եղել են բազմաթիվ և բազմատեսակ, սակայն այսօր այդ մասին արդեն մոռացել ենք, որովհետև երջանիկ ենք ու հպարտ, որ այն այլևս իրականություն է և մեկ ամիս հայկական միջնադարյան գանձերը ցուցադրված կլինեն եվրոպական ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկի բացառիկ և հիասքանչ սրահում։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
2. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
3. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
6. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
7. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
8. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: