ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ

05 մարտի, 2018 | 09:40

Այս տարի լրացավ Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը: 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Տարբեր ազգությունների կողքին այնտեղ ապրում էին նաև շուրջ 18000 հայեր, որոնց համար 1988 թվականի փետրվարյան օրերը դարձան ճակատագրական՝ նույն ծրագրված ցեղասպանությունը, նույն դահիճների ձեռքով: Պատմությունը կրկնվում էր:

Այս առիթով մարտի 4-ին Բուխարեստում և Ռումինիայի Հայոց Թեմի մյուս հայաշատ քաղաքներում, հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագի տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինահայոց Միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. ,,Այն, ինչ հայ ազգաբնակչության հետ Սումգայիթում կատարվել է 1988թ. և դրանից հետո, ցեղասպանություն է: Կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը: Հայերը կոտորվեցին մի պարզ պատճառով, որ հայ էին և քրիստոնյա: Սակայն ոճրագործները չկարողացան կոտրել հայի ոգին, կամքի ուժը, ազատության ձգտումը: Ինչպես բազում անգամներ պատահեցին պատմության ընթացքում, այս անգամ էլ հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձավ, վեր հառնեց մոխիրներից, վերածնվեց և Արցախի ազատագրումով ապտակ հասցրեց ոսոխին: Արցախը եղել է, կա ու պիտի մնա հայկական հող, որևէ ազգ չի կարող նկրտումներ ունենալ Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և մեր աղոթքի ձայնն ենք միացնում միլիոնավոր հայերի ձայներին, որոնք այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում են Սումգայիթյան իրադարձությունները,,:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ նաեւ Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
2. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
3. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
4. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
5. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
6. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
7. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
8. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
9. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ
10. Ռումինիա. Գեռլան եւ Իջևանը կդառնան քույր քաղաքներ, Կլուժ նահանգն ու Արմավիրի մարզը կհամագործակցեն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: