ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

09 ապրիլի, 2018 | 10:04

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Inauguration ceremony of the newly elected President of the Republic of Armenia Armen Sarkissian took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex of Yerevan, Armenia, 09 March 2018

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին:

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Արմեն Սարգսյան,

Մեծարգո վաստակյալ Նախագահ տիար Սերժ Սարգսյան,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Հարգարժան Նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տիար Արա Բաբլոյան,

Բարձրապատիվ հոգևոր հայրեր, պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

Սիրելի ներկաներ,

Ուրախությամբ ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով: Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ողորմությամբ և երկնառաք շնորհներով մեր ժողովուրդը հայրենի պետության հովանու ներքո շարունակում է ապրել իր առաջընթաց կյանքը կերտելու անխախտ հույսով ու հավատով:

Մեր ժողովուրդը հայրենի պետականությունը վերականգնելու համար մաքառումների երկար ճանապարհ է անցել՝ դիմագրավելով բազմաթիվ փորձությունների: Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու և հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի և մաքառումների պսակն ու դափնին, մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի և հայրենակերտումի նախանձախնդրության: Զորեղ ու ամուր պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարև, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել, որոնք կերտվել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի պայծառության տեսլականով, արդարության հաղթանակի հավատով՝ ազգիս զավակներին միավորելով հայրենիքը զորացնելու ձգտումով և հայրենիքով զորեղ լինելու գիտակցությամբ:

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան, Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ՝ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին և մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման և լուսավոր ապագայի համար:  Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը Նախագահի բարձր պատասխանատվության մեջ:

Երդմնակալության արարողությունը առիթ է նաև անդրադառնալու յուրաքանչյուրիս հանձնառությանն ու պատասխանատվությանը՝ նախանձախդրությամբ շարունակելու միասնական մեր ջանքերը՝ հանուն ազգային նպատակների իրագործման: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախության վերականգնման մեր ժողովրդի իղձը, օրհնել ու քաջալերել մեր արդար պայքարները, այսօր էլ զորակից է հայրենի պետությանը և Ձեզ, մեծարգո նորընտիր Նախագահ, Ձեր ազգանվեր ու հայրենասեր ծառայության ճանապարհին: Սրբազան է մեր հայրենիքը իր բազմադարյա պատմությամբ ու նվիրական արժեքներով, իր հերոսներով ու նահատակներով, հայրենասեր երախտարժան իր զավակներով: Այս նվիրական զգացումներով Մեր հորդորն ենք հղում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ հավատով ու միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրները և դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ տիար Սերժ Սարգսյանին՝ անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը՝ դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ` առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով՝ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատ կյանք և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ:

Աղոթում ենք աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի համար: Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը Ձեզ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Աղոթք ենք բարձրացնում հայոց պետական ավագանու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի: Թող Տերը օրհնի Հայաստան մեր երկիրը, Արցախն ու սփյուռքը՝ միշտ պահպանելով Իր Սուրբ Աջի խնամքի ու հովանու ներքո շինության, խաղաղության և անսասանության մեջ այսօր և միշտ: Ամեն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Վեհափառ Տեր,
Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան,
Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ,
Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Թանկագին հայրենակիցներ և հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև:

Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչև պարզ քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ և ուշադիր հետևում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ,
հավատը Հայաստանի քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, և անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի:
Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:
Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք` փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

Հենց դրա շնորհիվ մեզ՝ մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլև կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:
Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր և հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:

Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար.

Երեկ, այսօր և վաղը:

Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին:

Փա՛ռք Հայոց հաղթական բանակին:

Թանկագին բարեկամներ,

Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու և հավատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, և այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:

Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում՝ սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչև մեր օրերը:
Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։

Ժամանակային և տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:

Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:
Ահա թե ինչու, Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները և քաղաքական խնդիրները խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը:
Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:
Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան:

Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:
Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին:

Բարեկամներ,

Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:

Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։
Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:

Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը ու կենսագործմանը:

Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը:
Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:
Սակայն, ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք և ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Սա’ է ապագան։ Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրև երկրի Նախագահ, այլև այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր և գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը:

Հայրենիք՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՜ռք Արցախին:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Աստված պահապա՛ն բոլորիս:

 

 

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:

«Պարո՛ն Նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Եվ կարծում եմ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Արմեն Սարգսյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

Կրթությունը

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:

1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպերանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Աշխատանքային փորձը

1976-1990թվականներին դասախոսել է  Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է  ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ  համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու եւ այլն:

2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Պարգևներ

2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

2008թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

1997թ. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։

 

 


Առնչվող նյութեր
1. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
2. PicsArt հավելվածի հնարավորությունները ներկայացվել են նախագահ Սարգսյանին
3. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
4. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
9. Մինասի 90-ամյա հոբելյանը. նախագահը այցելել է մեծանուն նկարչի տուն
10. Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: