ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի Սենատն ընդունել է բանաձեւ՝ ի նշանավորումն այդ երկրում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի

Լեհական Սեյմում ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը
21 հոկտեմբերի, 2017 | 14:54

Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձեւ: 

Բանաձեւում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:

Բանաձեւի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով:

«Մեծարգո՛ պարոն մարշալեկ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հարգարժան պարոն Կարչեւսկուն՝ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու հրավերի, ցուցաբերվող ջերմ ընդունելության եւ, իհարկե, հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս ցուցահանդեսը կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները, անշուշտ, իրենց կարեւոր տեղն ունեն երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում:

Պատմական աղբյուրները փաստում են, որ հայ եւ լեհ ժողովուրդներն իրար ճանաչել են սկսած 9-րդ դարից, երբ դժվար հանգամանքների ներքո հայ ժողովրդի որոշ հատված ստիպված էր լքել իր հայրենի բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Լեհաստանի հյուրընկալ հողում: Լեհ ժողովուրդը, ինչպես նաեւ լեհ թագավորներն ու իշխանավորները, սիրալիր եւ բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել տեղի հայ բնակչության նկատմամբ, վերջիններիս տվել մի շարք արտոնություններ:

Այսօրվա ցուցահանդեսին ներկայացվող արժեքավոր նյութերը մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության անխոս վկայություններն են:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:

Բազմադարյա ներկայության ընթացքում հայերն իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ տալով բազմաթիվ հայտնի անուններ: Մեծ է անվանի այն մարդկանց քանակը, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի հպարտությունն են:

Տիկնայք եւ պարոնայք,

հայ եւ լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունն այսօր մեր միջպետական սերտ հարաբերությունների հիմնաքարերից է: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անցած 25 տարվա ընթացքում հայ-լեհական միջպետական հարաբերությունները փոխադարձ վստահության եւ բարեկամության մթնոլորտում վերընթաց զարգացում են ապրել: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրների խորհրդարաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան այդ հաստատուն հենքի վրա հիմնված հայ-լեհական միջպետական համագործակցության հարստացման գործում: Պարոն Կարչեւսկու եւ պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները եւ ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերը:

Լեհաստանի եւ լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվեց նաեւ 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, ինչի համար մենք շնորհակալ ենք:

Հարգելի՛ ներկաներ,

եզրափակելով խոսքս` եւս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, եւ մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու եւ հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպում Լեհաստանի փոխվարչապետի հետ 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դարեր ի վեր ներգրավված են եղել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանը կարեւորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մշակութային եւ գիտակրթական ոլորտում հայ-լեհական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. հայ համայնքի համար հոբելյանական հանդիսացող այս տարվա ընթացքում թե՛ Լեհաստանում, թե՛ Հայաստանում նախագծվել եւ արդեն իրականացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք հայ-լեհական բարեկամության վառ վկայություններն են:

«Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ միմյանց մշակույթներին ծանոթանալու գործում»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ ծավալվում է համագործակցություն, պարբերաբար իրականացվում են փոխայցելություններ:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ պարոն Բաբլոյանը կարեւորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հայ եւ լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ:

Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ Պիոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը պայմանավորված է նաեւ այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար:

Պարոն Գլինսկին մանրամասն ներկայացրել է մշակույթի նախարարության գործունեության վերջին ձեռքբերումները, անդրադարձել իրականացվող տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ազգային հուշարձանների պահպանման հիմնադրամի ստեղծմանը:

 

Հանդիպում Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ-լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացումը: Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ հարթակներում:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսեւորել են լավագույն կողմերով: Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ: Պարոն Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը:

«Խոր ցավով տեղեկացա, որ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից երեկ սպանվել է 19-ամյա հայ երիտասարդ: Մենք՝ բժիշկներս, մեկ ժամ առաջ ծնված երեխային ժամերով վիրահատում ենք, լիարժեք ապաքինման համար ամիսներ շարունակ խնամում եւ մեզ համար անհասկանալի է, թե ինչպես մի քանի րոպեում կարելի է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել այն պատճառով, որ չեն ցանկանում խնդիրը լուծել խաղաղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկին, շնորհակալություն հայտնելով այցելության համար, վստահեցրել է, որ համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում լավագույնս կշարունակվի: Սեյմի մարշալեկը գոհունակությամբ է խոսել այն մեծ ավանդի մասին, որ ունեն հայերը Լեհաստանում: Նրա խոսքով՝ հայերը լեհերի բարեկամներն են, ինչի վառ ապացույցն է նաեւ երեկ Սենատում ընդունված պատմական բանաձեւը:

Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ուղղություններով զարգացնելու կոնկրետ ծրագրեր:

ՀՀ ԱԺ նախագահը Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկուն հրավիրել է Հայաստան:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
7. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: