ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը

09 մարտի, 2018 | 08:41

 

ՊՐԱՀԱ. Մարտի 5ից մինչեւ 14-ը Չեխիայում մայրաքաղաքում անցկացվում է մարդու իրավունքներին նվիրված փաստագրական ֆիլմերի եվրոպական ամենամեծ ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնը։ Այս տարի կինոփառատոնի թեման է ,,Համակարգի թարմացում,,ը։ Այն ենթադրում է ոչ միայն վիրտուալ աշխարհում համակարգչային համակարգերի թարմացումները, այլեւ մարդկային կյանքի ու հարաբերությունների, պետությունների ու հասարակությունների հարաբերությունների թարմացումները։ Փառատոնի միջազգային մրցույթում ներկայացված է 12, իսկ տարբեր ծրագրերում՝ 128 ֆիլմ։ Փառատոնին ներկա են 120 արտասահմանյան հյուրեր, այդ թվում բրիտանացի հայտնի կինոբեմադրիչ Կիմ Լոնգինոտոն։ Նրա ֆիլմերը լավագույն մրցանակների են արժանացել Կաննի, Սանդանսի եւ Ամստերդամի կինոփառատոններում։ Պրահայում կցուցադրվեն նրա երեք ֆիլմերը, այդ թվումˋ ,,Դատավոր քույրերը,, ֆիլմը, տեղի կունենա հանդիպում ռեժիսորի հետ։

Թեեւ այս տարի Հայաստանը ներկայացնող որեւէ ֆիլմ չկա, սակայն չեխական ֆիլմերի մրցույթում ցուցադրվելու է չեխահայ հայտնի կինովավերագրող, բեմադրիչ Անդրան Աբրահամյանի ,, Կայսրության կառուցողները,, ֆիլմը,  որը նվիրված է Չեխիայում գործող հակաիսլամական շարժմանը։ Այդ ֆիլմը կարող եք դիտել Պրահայի ,,Սվետազոր,, կինոթատրոնում մարտի 10-ին, եւ մարտի 13-ին եւ 14-ին ,,Էվալդ,, եւ ,,Ատլաս,, կինոթատրոններում։

Փառատոնի ծրագիրը հագեցած է նաեւ տարբեր բնագավառներին նվիրված ֆիլմերովˋ թե քաղաքական (Պուտինի, Թրամփի կամ Մակրոնի մասին), եւ թե կանանց ու երեխաների իրավունքների մասին։ ,,Ասեքսուալ,, չեխական ֆիլմն առաջին անգամ պատմում է սեռական կողմնորոշում չունեցող մարդկանց մասին, ովքեր անտարբեր են թե՛ կանանց, եւ թե՛ տղամարդկանաց նկատմամբ։

Սիրիական պատերազմին է նվիրված Ֆերազ Ֆայադի ,,Հալեպի վերջին բնակիչը,, ֆիլմը։ Ռուսական սպորտում գոյություն ունեցող անմարդկային վերաբերմունքի մասին է պատմում գերմանացի բեմադրիչ Մարտա Պրուսի ,,Հնարավորությունների սահմանից դուրս,, ֆիլմը, որը նվիրված է օլիմպիական չեմպիոն, մարմնամարզուհի Ռիտա Մամունի մարզական կյանքին եւ գլխավոր մարզիչի բարոյական կերպարին։

Փառատոնին ներկա կլինի նաեւ իրանցի այլախոհ երգիչ Շահին Նաջաֆին, ով ապրում է Գերմանիայում, համարվում է իրանական սփյուռքի կուռքերից մեկը, եւ ոչ միայն ելույթ կունենա Պրահայում, այլեւ կցուցադրվի նրան նվիրված ամերիկացի կինոբեմադրիչ Թիլ Շաուդերի ,,Երս Աստված քնած է,, ֆիլմը։  Փառատոնում հանդես կգա նաեւ վիետնամցի երգչուհի Մայ Կհոյը, ով նաեւ Վացլավ Հավելի անվան մրցույթի ժյուրիի անդամ է։

Ինչպես միշտ, այս անգամ էլ փառատոնում մեծ տեղ են գրավում միգրացիայի եւ փախստականների խնդիրներին նվիրված ֆիլմերը։ Իսկ կինոփառատոնը բացվեց Հանս Բլոկի եւ Մորից Ռեյսեվիկի գերմանա բրազիլական, իտալական, ամերիկյան համատեղ արտադրության ,,Մաքրողները,, ֆիլմով, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Ֆիլիպիններում 10 հազար մարդ աշխատում մի միջազգային կառույցում, որը զբաղված է համացանցումˋ հատկապես ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցերում  տեղադրված որեւէ տեսակի բռնություն քարոզող, պատերազմական կամ սեռական բնույթի դաժան նկարների կամ տեսահոլովակների ոչնչացմամբ։ Նաեւ հայտնի է դառնում, որ համացանցում հայտնված ցանկացած նկար արխիվացվում է անմիջապես։

Այնպես որ համացանցում որեւէ նկար դնելուց առաջ մտածեք, արժե արդյոք այն պահ տալ նաեւ մեկ ուրիշին, որը չգիտես թե երբ եւ  թե ինչ նպատակներով այն կօգտագործի։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: