ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի միջազգային ճանաչումը դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա.Կարեն Միրզոյան

29 դեկտեմբերի, 2016 | 20:54

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի ամփոփիչ մամուլի ասուլիսը

mirzoian

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։

Ներկայացնելով տարվա ընթացքում ԱԳՆ կողմից կատարված աշխատանքները՝ Կարեն Միրզոյանը ասել է, որ Արցախի միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնացել են ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ինչպես ողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ գերատեսչության առջև ծառացած լրջագույն մարտահրավեր հանդիսացան ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքների հաղթահարումը։ Այս կապակցությամբ ԱԳՆ կողմից հետևողական քայլեր են ձեռնարկվել ապրիլյան ագրեսիայի պատճառների ու հետևանքների մասին միջազգային հանրությանն իրազեկելու և նրա կողմից ադրբեջանական ագրեսիան և այդ ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները դատապարտելու ուղղություններով։ Մասնավորապես, ԼՂՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտագրեր է տարածել տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև օժանդակել ԼՂՀ այլ ատյանների և գերատեսչությունների տրամադրած տեղեկատվության տարածմանը։ Լրատվամիջոցների հետ տարված աշխատանքների շնորհիվ միջազգային լսարանին է ներկայացվել ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի դիրքորոշումը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ, առաջին հերթին, պետք է ջանքերը կենտրոնացնել շփման գծում կայունության ու կանխատեսելիության ապահովման և բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման վրա։ Այս ուղղությամբ լուրջ քայլ կհանդիսանա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի ձեռքբերումը հնարավոր է միայն բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և դրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական ու լիարժեք մասնակցության դեպքում։

Կարեն Միրզոյանը նշել է նաև, որ ապրիլյան ագրեսիայի ֆոնին հատկապես ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է որևէ առաջարկ, որը կարող է անգամ նվազագույն չափով սպառնալ հանրապետության անկախությանն ու անվտանգությանը։

Կարեն Միրզոյանը շեշտել է նաև, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հրամայական է՝ որպես ադրբեջանական նոր ագրեսիայի բացառման գործուն միջոց։ Արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ այն նաև դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ ապահովելով խաղաղ գործընթացի անշրջելիությունը, և թույլ կտա կենտրոնանալ երկու անկախ և ինքնիշխան պետությունների խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա։

Կարեն Միրզոյանը վստահեցրել է, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2017 թ. ևս կշարունակի հետևողականորեն աշխատանքները՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը և տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության ընդլայնմանը։

nkr.am

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. Մեր օրերի հերոսները․ հանդիպում ապրիլյան 4-օրյա պատերազմի տղաների հետ
3. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
4. Արցախում զոհվել է Տիգրան Արմենի Խաչատրյանը
5. ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
6. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
7. Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձ. Խաղաղութեան հեռանկարը կը մնայ մութ
8. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
9. Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանը ընտրեց հանրապետության նախագահ
10. Արցախում զոհվել է Վազգեն Ժիրայրի Պողոսյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: