ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վատիկանում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը

05 ապրիլի, 2018 | 13:54

Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ապրիլի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը:


Հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի մասնակցությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը: 


2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերվել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում:

Վատիկանի պարտեզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:


Էկումենիկ արարողության ընթացքում հնչեցին Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցվեց հատված Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից, որի ժամանակ տիար Միքայել Մինասյանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետև Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից հետո հովվապետերը աղոթքով հայցեցին սրբի բարեխոսությունը:
Արարողությանը նաև ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, աշխարհասփյուռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ։
Օրվա ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

 

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանըպարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատոր Ալդո դի Բիաջոն պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները
3. Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը
4. Վատիկան. Սուրբ Աթոռում նշվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
5. Լատվիա.Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն
6. Չեխիայի նախագահը Հռոմի Պապին հրավիրել է Լիդիցե
7. ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻՑ` ՙՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ՚…
8. Ֆրանչիսկոս Սրբազան Պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հռչակագիրը
9. Ֆրանչիսկոս Պապ` Շնորհակալութիւն Հայ ազգին
10. Ֆրանցիսկոս պապը Ծիծեռնակաբերդում կհանդիպի մի քանի տասնյակ հայ որբերի ժառանգների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: