Նարեկ Հախնազարյանը կրկին հանդես կգա «Պրահայի գարուն» միջազգային փառատոնում՝ այս անգամ Z.E.N եռյակով

  • 20.03.2024
  • 0
  • 221 Views

79-րդ փառատոնում ջութակի ժյուրին կգլխավորի հանրահայտ Իդա Կավաֆյանը Նյու Յորքից

2024 թվականի մայիսի 12ից հունիսի 3-ը Չեխիայի մայրաքաղաքը կրկին կհյուրընկալի «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական  79-րդ  փառատոնի անվանի հյուրերին աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես միշտ փառատոնը կբացվի Սմետանայի «Իմ հայրենիքը» սիմֆոնիկ պոեմով։ Այս տարի այն կկատարի Բեռլինի ֆիլհարմոնիկը՝ Կիրիլ Պետրենկոյի գլխավորությամբ։ Մայիսի 15-ին տոնական համերգով կնշվի «Պրահայի գարուն» երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթների 75 ամյակը, որին կմասնակցեն տարբեր տարիների հաղթողները։

Ինչպես լրագրողներին հայտնեց «Պրահայի գարուն» միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Պավել Տրոյանը, այս տարի ծրագրում ընդգրկել են նոր SpringTEEN նախագիծը, որը նվիրված է երիտասարդ երաժշտասերներին եւ երեխաներով ընտանիքներին։ Նրանց համար մայիսի 19-ին հատուկ ելույթներ կլինեն եւ աշխատաժողովներ կանցկացվեն Սուրբ Աննայի միաբանությունում։

Այս տարի առաջին անգամ կանցկացվի նաեւ Արտ Սալոն աճուրդը ՝ ԿՈԴԼ գալերիայի մասնակցությամբ։ Այս աճուրդի համար ընտրվել է վեց չեխ արվեստագետ՝ Պետր Նիկլը, Իվան Պինկավան, Միլան Գրիգարը, Դանիել Վլչեկը, Յակուբ Ռոստոչիլը եւ Իրա Սվոբոդովան։ Նրանք աշխատանքներ են պատրաստել հատուկ այս աճուրդի համար։ Դրանք կցուցադրվեն ողջ փառատոնի ընթացքում՝ Ռուդոլֆինում եւ Օբեցնի դում համերգասրահներում։ Ստացված ողջ հասույթը կտրամադրվի փառատոնին՝ հաջորդ տարի  փառատոնի 80-ամյակը հանդիսավորապես նշելու համար։

Փառատոնի կարեւոր  երկու մրցույթները այս տարի կանցկացվեն ջութակի եւ ֆրանսիական շչակի անվանակարգերում։

Ի դեպ, արդեն երկրորդ անգամ ջութակի մրցույթի ժյուրին կգլխավորի հայազգի հանրահայտ ջութակահար, Նյու Յորքի Ջուլիարդ հռչակավոր երաժշտական դպրոցի պրոֆեսոր Իդա Կավաֆյանը։ Մայիսի 10-ին նա իր երբեմնի աշակերտ, չեխ ջութակահար Յոզեֆ Շպաչեկի  հետ կկատարի Դվորժակի եւ Վորիշեկի ստեղծագործություններից՝ Պրահայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։

Երաժշտասերների համար նոր ստեղծագործական խմբով՝ Z.E.N եռյակով հանդես կգա հայ աշխարհահռչակ թավութակահար Նարեկ Հախնազարյանը։ Եռյակի անվանումը կազմված է դաշնակահար Ժանգ Զուոյի, ջութակահար Էսթեր Լուիի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունների առաջին տառերով։ Նրանք կկատարեն Բրամսի եւ Դվորժակի դաշնամուրային տրիոները։

Հիշեցնենք, որ 2015 թվականից նրանք BBC-իի «Նոր Սերունդ»  ծրագրի անդամ են, համարվում են աշխարհի լավագույն կատարողներ, եւ այդ տարվանից  բազմիցս հանդես են եկել ԱՄՆի, Եվրոպայի եւ Ասիայի տարբեր երկրներում Z.E.N եռյակով ։

Փառատոնն այլ անակնկալներ է պատրաստել երաժշտասեր հասարակության համար, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Մինչ այդ նշենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների համար ելույթ ունեցավ երիտասարդ շնորհալի թմբկահար Լադիսլավ Բիլանը։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում