«Մարլենկա» ընկերության 20-ամյակը չեխական մամուլում. Հասարակ գազօջախից մինչեւ գերժամանակակից հոսքագիծ

  • 16.09.2023
  • 0
  • 115 Views

Այս տարի լրացավ Չեխիայում գործող «Մարլենկա» ընկերության գործունեության 20-ամյակը, ինչի կապակցությամբ չեխական երկու առաջատար պարբերականներ՝ «ՄՖ Դնես» եւ «Հոսպոդարսկի Նովինի» օրաթերթերը սեպտեմբերի 15-ին հարցազրույցներ են հրապարակել ընկերության հիմնադիր նախագահ Գեւորգ Ավետիսյանի հետ։ Երկու թերթերն էլ անդրադարձել են հայկական ավանդական բաղադրատոմսով թխվածքի ստեղծման պատմությանը, որը նախ պատրաստվել է տնային պայմաններում, ապա անցել զարգացման հեատքրքիր փուլերով եւ այսօր սպառողներին է հասնում իբրեւ գերժամանակակից հոսքագծերով հագեցած գործարանի արտադրանք։ Ինչպես նշում է Հոսպոդարսկի նովինի օրաթերթը, 2003 թվականին առաջին տորթերը սրճարաններին տված Գեւորգ Ավետիսյանի ընկերությունն այսօր տարեկան արտադրում է 13 միլիոն մոտ 40-45 տեսակի թխվածքներ, որը հասնում է աշխարհի 55 երկիր։ Գործարանն արդեն ունի 350 աշխատակից եւ տարեկան աճը կազմում է 15-20 տոկոս։ Հայ գործարարը հարցազրույցում նշում է, որ արտադրանքի միայն 25 տոկոսն է սպառվում Չեխիայում, մնացածը ուղարկվում է արտասահմանյան երկրներ։ Դրանց թվում առաջինը եղել է Սլովակինան՝ 18 տարի առաջ, ապա Հունգարիան եւ Ավստրիան։ Շատ շուտով Մարլենկա թխվաթքատեսակաների սպառումով Գերմանիան կհայտնվի առաջին հորիզոնականում։ Ընկերության նախագահի ասելով, այս տարի գնել են Ֆրիդեկ Միստեկի Լեմբերգերների հին ֆաբրիկայի լքված շենքը, եւ պատրաստվում են այնտեղ երեք տարվա վերանորոգումից հետո բացել թանգարան, սրճարան, խանութ եւ այլ ծառայություններ։ Բնականաբար կավելացնեն նաեւ թխվածքների արտադրությունը։

ՄՖ Դնեսին տված հարցազրույցում Գեւորգ Ավետիսյանը նշում է, որ ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 720 միլիոն կրոնի։ Մեծ հաջողություն է գրանցել գործարանում բացված Այցելուների կենտրոնը, որտեղ այս տարի սպասում են մինչեւ 25 հազար այցելու։ Հանգստի հաճելի միջավայր կապահովի նաեւ գործարանին կից անտառային այգին, որը կառուցվել է ընկերության շնորհիվ։

Ավետիսյանը նաեւ նշել է, որ այնպես է հարմարվել Ֆրիդեկ Միստեկին, որ երբեմն թվում է, թե այնտեղ է ծնվել։ Այս տարածքը իր հարուստ բնությամբ հիշեցնում է հարազատ Հայաստանը, որն իր սրտի մեջ է եւ ուր շարունակում է այցելել։ Նա փորձում է հնարավորինը անել հայ-չեխական հարաբերությունների զարգացման համար եւ ամենուր ներկայացնել երկու երկրները՝ Չեխիան եւ Հայաստանը, որոնց սիրում է։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում