ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լևոն Աթոյանց. «Կինոն գեղանկար է, էկրանը` կտավն է, իսկ օպերատորը` նկարիչը»

07 ապրիլի, 2018 | 21:00

Վարպետաց դաս մանկավարժականում

Ճանաչված կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ով բոլորել է իր կյանքի 88 տարին, սիրով էր եկել հանդիպման Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ, այստեղ  պարբերաբար անցկացվող «Վարպետաց դասի» շրջանակներում:

Այս անգամ այն վարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Մասնակիցները ֆակուլտետի ուսանողներն էին, ապագա լրագրողները, ռեժիսորները, օպերատորները: Այս անգամվա հյուրը, ավելի քան 30-ից ավելի ֆիլմերի հեղինակ է։

«Հեղնար աղբյուր», «Քաոս», «Խոշոր Շահում», «Մորգանի խնամին», «Զինվորն ու փիղը» և գեղարվեստական այլ ֆիլմեր նկարահանած օպերատորը երանությամբ է հիշում այն մարդկանց, որոնց հետ աշխատել է իր ստեղծագործական գործունեության ավելի քան կես դարի ընթացքում, երբ երբեք չէին մտածում վարձատրության մասին, այլ ստեղծագործության և ֆիլմի ասելիքը ներկայացնելու, որքան էլ դժվար էր նաև այդ տարիներին` գրաքննությունից սկսած և ավարտած փոխհարաբերությունների բարդություններով:

«Հրաշալի  ռեժիսորների և դերասանների հետ էինք աշխատում,-ասում է Լևոն Աթոյանցը,- պարզապես նրանք սովոր էին հաղթահարել ցանկացած խոչընդոտ, եթե կարիք լիներ ուրեմն պետք էր նավթագործարան ստեղծել Երևանի արվարձանում և «Քաոս» ֆիլմը նկարահանել: Այդպիսի ստեղծագործական խմբերում անհնարինը հնարվոր էր դառնում»:

Այդ ստեղծագործական խմբերում շատ կարևոր է նպատակի գիտակցումը և այդ դեպքում շահում էր արվեստը: Միշտ նրանց մեծ պրոֆեսիոնալիզմին  գումարվում էր հնարամտությունը և հաստատակամությունը:

Հետո վարողը` Սերգո Երիցյանը, առաջարկում է դիտել հատվածներ Լևոն Աթոյանցի նկարահանած ֆիլմերից` ներկայացնելով դրանցից յուրաքանչյուրը: Կրկին մեր աչքերի առջև են հառնում հայ կինոյի լավագույն գործերից հատվածներ: Իսկ դիտումից հետո ուսանողները Լևոն Աթոյանցին իրենց հարցերն են ուղղում:

– Հնարավոր կլինի՞ փրկել հայկական կինոն,-հնչում է հարցը:

-Իհարկե, -լինում է պատասխանը,- դա պարզապես անհրաժեշտություն է:

-Ինչպե՞ս,- երկրորդում է մյուս ուսանողը:

-Մեծ անսահման նվիրումով, կինոարտադրության հնարավորությունների վերականգնումով:  Այսօր մեր կինոստեղծողները անընդհատ  փողի փնտրտուքների մեջ են: Այլ բանի մասին չեն մտածում։

«Լավ ասելիք ունեցող կինոն ինքը փող կբերի»,-շարունակում է վարպետը: Այնուհետև ակամայից անցում է կատարվում օպերատոր՝ Լևոն Աթոյանցի վավերագրական կինոնկարներին, որոնց  թիվը մեկ տասնյակից ավելի է և նվիրված է արվեստի գործիչներին: Վավերագրությունը մեր շրջապատն է, առավել ևս եթե այն նվիրված է  քո ժամանակակիցներին: Մեծ հաճույք է կերտել այդ մարդկանց կերպարները:

«Ես տարբերություն չեմ դրել, գեղարվեստական, թե վավերագրական կինոնկարներ եմ նկարահանել,- ասում է Լևոն Աթոյանցը,- իր արժանիքներով Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված ֆիլմերը երբեք չեն զիջում գեղարվեստականին, որովհետև խոր ասելիք ունեն: Ե՛վ դերասանական խաղ, և՛ անկեղծություն, և՛ խոր բովանդակություն: Ուրախ եմ, որ Ֆրունզիկի կյանքի և ստեղծագործության ինչ-ինչ կտորներ կարողացել ենք այսպես փրկել»:

Այնուհետև հարթակը կրկին տրամադրվում է ուսանողներին:

«Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական օպերատորը»,-հարցրեց ուսանողներից մեկը:

«Մինչև վերջ նվիրված, նկարահանման հրապարակում ժամուպատարագ չհարցնող, մտքի մեծ թռիչքով, նպատակին հասնելու անսահման ձգտումով,-եղավ պատասխանը,- սկսելով ֆիլմի նկարահանումը օպերատորը չպետք է այդ աշխարհից դուրս գա, որովհետև պետք է նվիրվի  այն ասելիքին, որ ուզում ես  հասցնել հանդիսատեսին»:

Հետաքրքիր էր, որ հանդիպմանը ներկա էին Լևոն Աթոյանցի նախկին գործընկերները, որոնք օգնականի կարգավիճակում աշխատել էին նրա հետ տարբեր կինոհրապարակներում: «Տղաները արագ մեծացան, իրենք էին սովորում այն ժամանակ, հիմա իրենք են սովորեցնում»,-ասաց նա: Իսկ տղաները ջերմությամբ հետևում են իրենց վարպետին:

Ներկաները կրկին հատվածներ դիտեցին, հարցուպատասխանն էլ շարունակվեց, վարողը ավելացրեց, որ Լևոն Աթոյանցը երկու գիրք է գրում իր գործընկեր-արվեստագետների` ռեժիսորների և օպերատորների և թռչող ափսեների մասին:

«Ես լավ ռեժիսորների հետ աշխատել եմ, որոնց երբեք չպետք է մոռանալ, քանի որ նրանք ուսանելի դասեր են  թողել,- ասում է վարպետը,- օրինակ Յուրի Երզնկյանի կամ Դմիտրի Կեսայանցի օրինակները: Կերպարների շարք եմ ստեղծել, որոնց կուզենայի, որ հաղորդակից լինեին ջահելները:

Վարողը հարցրեց` հավատո՞ւմ է թռչող ափսեներին: Նա պատասխանեց, որ  ոչ միայն հավատում է, այլ իր աչքերով մի քանի անգամ տեսել, նկարահանել է, այդ թվում և Լոռու մարզի Գոգարան գյուղում, ուր իր մանկությունն է անցել։ Իսկ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժին նախորդող օրերին այնտեղ կինոնկար էր նկարահանում: Դեկտեմբերի 6-ին մեկ օրով Երևան եկավ, իսկ 7-ին երկրաշարժը  եղավ և երկու օր չէր կարողանում գյուղ հասնել, լիովին ավերվել էր…

Կարողացավ մի կերպ գնալ այնտեղ, հասնել: Ուրիշ բան չէր կարող անել, քան նկարահնել: Այսօր եզակի կադրեր ունի, որը նաև մի փոքր ֆիլմ է ավերված գյուղի մասին: Ժամանակին այդ կադրերը ողջ աշխարհը ցնցեցին…

«Գիտեմ, որ մեր գյուղը` Գոգարանը, վերածնվել է, կուզենայի անընդհատ այնտեղ գնալ,- ասում է Լևոն Աթոյանցը,- իմ համագյուղացիների հետ լինել»:

Վարպետաց դասից հետո ուսանողները մոտեցան նրան, լուսանկարվելու, իրենց չտրված հարցերն ուղղելու: Երբ նրան մոտեցավ խցիկը ձեռքին օպերատորը, Լևոն Աթոյանցն ասաց, որ ամենից շատը այդ երիտասարդին է նախանձում: Կուզենար, որ հիմա իր ձեռքին էլ խցիկ լիներ, իսկ այստեղ՝ կինոնկարահանման հրապարակ… Մեկ այլ ուսանող էլ հարցրեց իր ծննդավայր Թիֆլիսի, նրա ազդեցության մասին: «Սերը կինոյի նկատմամբ ինձ մոտ սկսվել է իմ ծննդավայր Թիֆլիսում,- ասում է Լևոն Աթոյանցը,- բայց գիտեի, որ  լավ օպերատոր կդառնամ միայն Երևանում, որովհետև այն տարիներին հայկական կինոն շատ առաջ էր՝ այդ թվում և երկու հարևան հանրապետություններից:

 

Վարպետը հանդիպման ավարտին ասաց, որ կուզենար մի օր «Վարպետաց դասը» շարունակվեր իր որևէ կինոնկարի ամբողջական ցուցադրմամբ և քննարկումով, որ բոլորը իսկապես ևս մեկ անգամ համոզվեին, որ կինոն գեղանկար է. էկրանը` կտավն է, իսկ օպերատորը` նկարիչը:

 


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: