ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան

Աննա Կարապետյան
02 նոյեմբերի, 2017 | 14:36

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Արցախին հարակից տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, որ դրան համաձայն են եղել Հայաստանի բոլոր երեք նախագահներն ու Հայաստանի այսօրվա բոլոր ղեկավարները, պարզապես  տարածքները հանձնելու ու Արցախյան թնջուկի  «ցավոտ»   լուծման համար իրենք սպասում են առավել հարմար ու շահեկան պահի։

Մինչ ՀՀ նախագահն ու ողջ ղեկավարությունը սպասում են հանձնման համար շահեկան պահին, ՄԱԿում Ադրբեջանի ներկայացուցիչը հերթական նամակն է ուղղում ՄԱԿի գլխավոր ասամբլեային ու Անվտանգության խորհրդին, որի բովանդակությունը խնդրին հետևող ցանկացած անձ կարող է արդեն անգիր շարադրել։ ՈՒշագրավն այս ամենում երկու կողմում առկա մի նմանությունն է.  Ադրբեջանը բոլոր մակարդակներում Ղարաբաղի մասին խոսելիս շեշտում է`«Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա Ղարաբաղյան հակամարտություն»։  ՀՀ նախագահն էլ խոսում է Հայաստանի բոլոր նախագահների ու ղեկավարների անունից։ Ո՞ւր է  Լեռնային Ղարաբաղը` իր նախագահներով, իր ղեկավարներով։  Չեմ կարծում, որ Ալիև-Սարգսյան հանդիպումներում համաձայնություն է ձեռք բերվել ճանաչել Արցախն իբրև Հայաստանի հանրապետության մաս։

Արցախի խնդրի շուրջ սեպտեմբերին հարցազրույց ենք ունեցել այն ժամանակ Արցախի հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։ Զարգացումների այս համապատկերում որոշեցինք չսպասել ՕՐԵՐ  ամսագրի հերթական համարին ու հրապարակել զրույցն առցանց։

***

-Պարոն Միրզոյան, անկախ նրանից, թե ինչ է դրված բանակցային սեղանին, տարիներ ի վեր Ադրբեջանը հստակորեն հայտարարում է, որ պատրատ է Արցախին տալ ինքնորոշման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի սահմաններում։ Դա հստակորեն արտահայտվում է նաև իրենց մամուլում, տարբեր պաշտոնյաների տարբեր ատյաններում ունեցած ելույթներում։ Թե ինչի համար է պայքարում Հայաստանը, ինչի համար է պայքարում Արցախը, հստակորեն բանաձևված չէ` անկախությո՞ւն է ուզում, Հայաստանին միանա՞լ է ուզում, ինքորոշվել է ուզում, ու դեռ հարց է, թե ինչպես կինքնորոշվի նոր հանրաքվեով, տարածքներ է հանձնում անորոշ կարգավիճակի դիմաց… Մեր թիրախն անորոշ չէ՞։

-Մեր նպատակը պարզ է` վերջնականապես հասնել նրան, որ իր պատմական հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի կամքը, Արցախի ժողովրդի տեսլականը ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն իր այդ որոշման մեջ անսասան է։ Դա է մեր տեսլականը։ Արցախի ցանկացած կարգավիճակ որոշվել է և որոշվելու է նրա ժողովրդի, նրա բնակիչների կողմից։

-Այս պահին բանակցային սեղանին այնպիսի փաստաթուղթ է, որ հատկապես Լեռնային Ղարաբաղում ընդունելի չի կարող լինել։ Հանձնման «ենթակա» տարածքները սահմանադրորեն Արցախի հանրապետության մաս են։

-Այս պահին մեր առջև դրված հիմնական խնդիրը խաթարված բանակցային գործընթացի վերականգնումն է։ Բանակցային գործընթացը խաթարվել է Ադրբեջանի ապրիլյան ավանտյուրայի արդյունքում։ Մենք այս պահին խոսում ենք մինիմումի մասին` իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Երբ դա հնարավոր կլինի, մենք կկարողանանք խոսել բանակցությունների բնականոն ընթացքի մասին։

-Բայց բանակցություններն ընթանում են այնպիսի դրույթների շուրջ, որ հուսամ, ընդունելի չէ նաև ձեր համար իբրև Արցախի արտագործնախարարի ու Արցախի բնակչի։

-Մենք բազմիցս նշել ենք մեր այն կարծիքը, որ ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել։

-1994 թվականին զինադադարի բիշքեկյան համաձայնագրի ստորագրման ժամանակ մենք որոշակի հոգեբանական վերելքի մեջ էինք` թվում էր, որ արդեն պատերազմն ավարտվեց, ավարտվեց հաղթանակով, և Արցախի կարգավիճակի խնդիրը իրավական ու միազգայնորեն ճանաչված նորմերով կհանգուցալուծվի։ Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն բանակցությունների կողմ էր, Լեռնային Ղարաբաղը ստորագրում էր փաստաթղթեր, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությանը նամակներ էր ուղղում։ Ե՞րբ Արցախը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։

-Չեմ կարող գուշակություն անել։ Մեկ բան կարող եմ շատ հստակ ասել` առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հնարապետության ներկայացուցիչների լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել խնդրի վերջնական և կայուն հանգուցալուծմանը։ Դա հասկանում են բոլորը և համոզված եմ՝ դա հասկանում է նաև Ադրբեջանը, որն ուղղակի շահագրգռված չլինելով այս հարցին լուծում գտնել, խոչընդոտում է Արցախի վերադարձը բանակցային սեղան։ Երբ հասնենք այդ նպատակին, կարծում եմ, հնարավոր կլինի հասնել կարգավորման այնպիսի մոդելի, որը թույլ կտա ոչ միայն բավարարել Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջը, այլև խաղաղություն ու կայունություն ապահովել տարածաշրջանում։

-Եկեք տեսակնորեն պատկերացնենք, որ մի առավոտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ տրամադրությամբ արթնացել է ու ասում է` համաձայն եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, տալիս եմ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանին վերադարձրեք բոլոր «գրավյալ» տարածքները, բոլոր բռնի տեղահանված  ադրբեջանցիներն իրենց սերունդներով թող վերադառնան իրենց բնակության վայրերը,  հետո` այնպես, ինչպես նախախատեսված է ԵԱՀԿ քննարկվող փաստաթղթում։ Մենք ի՞նչ ենք անում, ստորագրու՞մ ենք։

-Ես կրկին ասում եմ` ղարաբաղյան հարցի կարգավորման ցանկացած մոդել, որին արցախյան կողմը չի մասնակցել, չի մշակել, իր լուման չի ունեցել, չեմ կարծում, որ կարող է կենսունակ լինել։

 -Այսինքն բանակցությունները սկսվելու են զրոյից։

-Ես կարծում եմ, որ շատ պարզ ասացի։

-ԵԱՀԿ միջնորդական առաքելության հիմնական առաջարկներից մեկը, որը չի ընդունում Ադրբեջանը, վերահսկող մեխանիզմների կիրառումն է։ Վերջերս էլ տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարեց, որ ինքը չի կարող հաստատել, թե որտեղից եղան առաջին կրակոցները։ Հնարավոր չէ՞ այդ մեխանիզմն ապահովող անհրաժեշտ տարրերը տեղադրել առնվազն հայկական կողմում, հայկական ուժերի վերահսկման տակ եղած հատվածում։

 –Տեսականորեն և տեխնիկապես դա հնարավոր է, ու մենք պատրաստ ենք այդ քայլին։ Ուղղակի հիշեցման կարգով ասեմ. սկսած 2001 թվականից մենք հանդես ենք գալիս նման առաջարկներով` ստեղծել որոշակի մեխանիզմներ, ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա հստակեցնել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հիմնական պատասխանատուներին։ Արցախյան կողմի առաջարկները միայն դրանով չեն սահմանափակվում։ Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներով ենք հանդես եկել, այդ թվում նաև այնպիսի առաջարկներով, որոնք ուղղված են շփման գծում լարվածության մակարդակի կտրուկ նվազեցմանը։ Սրանք հայկական կողմերի առաջարկներ են, որոնք հավանության են արժանացել համանախագահների կողմից, ու որոշ էլեմենտներ հնչեցվել են նրանց կողմից, սակայն կրկին չեն իրականացվում Ադրբեջանի զբաղեցրած ապակառուցական դիրքորոշման ու քաղաքականության պատճառով։ Այսօր, ինչպես ասում են` դիմակները պատռված են, և բոլորն են գիտակցում, որ բանակցական գործընթացի բնականոն հուն ապահովելու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ներկայիս ռեժիմի զբաղեցրած դիրքորոշումն է։

-Դուք առաջարկե՞լ եք վերահսկման մեխանիզմները միակողմանիորեն հայկական կողմում ստեղծել։

-Նույնիսկ` պաշտոնապես։ Մեր դիրքորոշումը մենք միշտ էլ արտահայտում ենք, թե՛ արտգործնախարարության հայտարարությունների, մեկնաբանությունների, թե՛ համապատասխան փաստթղթերի շրջանառման ճանապարհով։

Իսկ ինչ վերաբերում է Կասպշիկին… Գիտեք, հատկապես միջազգային կառույցների պարագայում, որքան էլ դրանց առանձին ներկայացուցիչներ հանրային ուշադրության կենտրոնում լինեն, այնուամենայնիվ, նրանք չեն որոշում միջազգային կազմակերպության քաղաքականությունը, այլ հանդիսանում են այդ քաղաքականության իրականացնողները տվյալ տարածաշրջանում կամ տվյալ հարցի շուրջ։ Որևէ ներկայացուիչ չի կարող անձնավորված քաղաքականություն վարել, այլապես կնշանակի, որ նա իր պարտականությունները չի կատարում։

-Առաջիկայում սպասվող բանակցություններից որևէ ակնկալիք ունե՞ք, հատկապես որ վերջին շրջանում հրապարակվեցին Եվրոպայի քաղաքական գործիչներին կաշառելու, գնելու մինչ այս էլ բոլորին հայնտի փաստերը։

-Բոլորը հասկանում են, որ գործ ունեն կոռումպացված մի ռեժիմի հետ, որն իր երկրի մեջ այդ բարքերը հաստատելով, անցել է մի այլ փուլի ու փորձում է այդ նույն բարքերը տարածել նաև միջազգային հանրության ու միջազգային հանրության հետ իր հարաբերությունների վրա։

-Այս բացահատումները կհանգեցնեն Ալիևի դիրքորոշման ավելի կարծրացմա՞ն, թե՞ հակառակը` նա կսկի տեղի տալ ճնշումներին։

-Ի՞նչ ի նկատի ունեք կարծրացում ասելով։

-Շատ պարզ, շարունակի պնդել, որ Ղարաբաղը պետք է վերադարձնել նախկին կարգավիճակին, ավելին` հայտարարի, որ Երևանն էլ է «հին ադրբեջանական տարածք», զուգորդելով այս ամենը պատերազմական գործողություններով։

-Մի բան ակնհայտ է, որ Ալիևի քաղաքականությունը տապալվել է։ Այն արդյունքը, որ իրենք ակնկալում էին, չեն ստացել։ Կարելի է վարել նման կարճաժամկետ քաղաքականություն, գնել քաղաքական գործիչների, փորձել գնել մամուլ, բայց դա տալիս է միայն կարճաժամկետ էֆեկտ։ Երկարաժամկետ կտրվածքով նման կեցվածքն աշխատում է նման քաղաքականություն վարող պետությունների դեմ։ Եթե նայենք նորագույն պատմությանը, կտենենք, եղել ու անցել են բազմաթիվ բռնակալներ, որոնք նույնպես փորձել են նման քաղաքականություն վարել և շատ տխուր վախճան են ունեցել։ Ես համոզված եմ, որ նման տխուր վախճան է ունենալու նաև Ալիևի վարչակազմը։

-Նախագահների հանդիպումից սպասելիքներ ունե՞ք։

-Բոլորն էլ շահագրգիռ են բանակցությունների վերսկսմամբ։ Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։ Սա հայկական կողմի միանշանակ դիրքորոշումն է, դա միջազգային հանրության ցանկությունն է, որն արտահայտվել է բազմիցս ու բազմաթիվ մակարդակներում։ Բազմիցս հայտարարվել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու խաղաղ կարգավորումը։ Մենք կիսում ենք այդ տեսակետը և աշխատում ենք այդ ուղղությամբ։

-Ողջ Ստեփանակերտը դեռ զարդարված է անկախության տոնակատարության ցուցապաստառներով, որոնք հայտարարում են, որ «Անկախությանն այլընտրանք չկա»։

-Սա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը մեկ անգամ արված ընտրության մեջ որևէ կասկած չունի և մտադիր է շարունակել այդ ճանապարհը։ Արցախի ժողովուրդը բազմիցս քվեարկել է հանուն անկախության` անկախության հանրաքվեի ժամանակ, սահմանադրության հանրաքվեի ժամանակ, վերջին անգամ կրկին իր ձայնը տվեց հանուն անկախության այս տարվա սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

-Դուք իբրև պաշտոնյա, և իբրև Արցախի բնակիչ, ավելի կողմնակից եք երկու հայկական անկախ պետությունների գոյությա՞նը, թե՞ միացյալ Հայաստանի։

-Ես համարում եմ, որ դա արհեստական հարցադրում է։ Արցախը եղել է, կա և կլինի հայկական հող՝ Հայաստան։ Դրանում թող որևէ մեկը երբևէ կասկած չունենա։ Այն, որ այսօր մենք Արցախի Հանրապետություն ենք, դրանից բոլորին հայտնի պարզ ճշմարտությունը չի փոխվում։

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,

12 սեպտեմբերի, 2017.

orer.eu


Առնչվող նյութեր
1. Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում
2. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
3. Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով <<ՍՊԱՅԿ>> տիպի հրթիռ
4. Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու իրականացվող պեղումները
5. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
6. Բրյուսել. Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
7. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
8. Արցախում զոհվել է Տիգրան Արմենի Խաչատրյանը
9. ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
10. Հակառակորդի կրակոցից զոհվել է Սեյրան Մանվելի Սարգսյանը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: