ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

31 հուլիսի, 2018 | 10:05

 Վերջին տասնամյակներում հայկական մամուլում բազմաթիվ վերլուծական հոդվածներ են տպագրվել Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակության վերաբերյալ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Ջավախքը Հայաստանի եւ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է, որի հանդեպ հավակնություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։

Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Ջավախքը այդ պետությունները միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է։ Եւ այդ իսկ պատճառով մեծ է տվյալ պետությունների կողմից ուշադրությունը Ջավախքի նկատմամբ։  Կան մի շարք իրողույթուններ, որոնց հետ հարկավոր է հաշվի նստել. նախ, Հայաստանի Հանրապետության միակ ելքը դեպի քաղաքակիրթ աշխարհ ընկած է Վրաստանի Ջավախք շրջանով,  ՀՀ-ի արեւելյան ու արեւմտյան հարեւաններն արդեն երկար տարիներ շրջափակման մեջ են պահում Հայաստանը, Իրանի, Հայաստանի ու Արցախի հետ սահմանակից շրջանները եւս բնակեցված են տասնյակ միլիոնների հասնող թուրքական ցեղերով։ Չնայած այս ամենին ՀՀ-ի նախորդ իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում ընկալել այս իրականությունը։

Հուսով ենք, ՀՀ նոր իշխանությունները լավ են գիտակցում վերոնշյալ փաստերը, հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր վարչապետության մեկ ամիսը չլրացած այցելեց Ջավախք եւ մի շարք կարեւոր հայտարարություններ հնչեցրեց Ջավախքում։ Դրանից բացի, Հայաստանի նորընտիր վարչապետն այսօր շրջապատված է այնպիսի  մարդկանցով, ովքեր շատ լավ են գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Նրանք հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը չափազանց մեծ կարեւորություն են տալիս հասկանալով տարածաշրջանի իրական քաղաքականությունը։ Այս համատեքստում ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան ոչ միայն պատահական չեր, այլ նաեւ պլանավորված էր այս երկիրը լավ ճանաչող նոր կարգի քաղաքական գործիչների կողմից։

Հույս ունենք, որ այս իշխանությունների օրոք մենք ականատես ենք լինելու հայ-վրացական նոր որակի հարաբերությունների զարգացմանը, որի հիմնասյունը դառնալու է հենց Սամցխե-Ջավախքի շրջանը։ Այս գաղափարը չպետք է մնա լոկ կենացաճառերի մակարդակի վրա, այլ պետք է իրականություն դառնա շատ կոնկրետ գործերով, հաշվի առնելով Վրաստանի ու Հայաստանի պետական շահերը։

Այսօր միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի եւ Վրաստանի պետական շահն է, որ շրջանը չհայաթափվի, քանզի հայերի տեղը Ջավախքում արդեն այսօր պատրաստ են զբաղեցնել թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք ունեն իրենց պետությունների աջակցությունը, իսկ վրացիները չունեն նման մարդկային ռեսուրսներ շրջանը վրացական պահելու համար։ Եւ ուրեմն, Վրաստանի պետական շահերից է բխում, որ շրջանը չհայաթափվի, չնայած, որ ոչ բոլորն են դա գիտակցում։

Այս հարցում Հայաստանի պտեք է նպաստի Սամցխե-Ջավախքի հայապահպանությանը, որը միակ միջոցն է շրջանը զերծ պահել թուրքացումից, իսկ դրա համար պետք է Ջավախքում փոխհամաձայնեցված մի շարք գործողություններ իրականացնել։

Նախ եւ առաջ պետք է ներդրումներ խրախուսել Ջավախքում, եւ դա պետք է անեն երկու երկրները համատեղ ջանքերով։ Նման հրաշալի հնարավորություն կարող է ստեղծվել, եթե աշխատանք տարվի արտերկրում գտնվող ջավախքցի գործարարներին համախմբելու ուղղությամբ։ Դրանից բացի, շատ կարեւոր է ակտիվացնել հայկական հասարակական, կրթամշակութային, լրատվական եւ այլ տեսակի կազմակերպությունների աշխատանքը Սամցխե-Ջավախքի շրջանում, ու դա պետք է արվի պետական մակարդակով։ Սակայն ովքե՞ր են լինելու այն պետական գործիչները, որ կարողանալու են իրականություն դարձնել այդ աներեւակայելի մեծ ու դժվարին աշխատանքը։ Այն հին դեմքերը, որոնք իրենց տեղերում չլինելով հանդերձ այսօր «զբաղվում» են Ջավախքով։

Այլեւս պետք է վերանա այն կրավորական մոտեցումը, որը եղել է նախորդ իշխանությունների օրոք ,եւ հին դեմքերը, ովքեր իբր զբաղվել են Ջավախքի խնդիրներով, իսկ իրականում ոչինչ չեն արել, իրար դեմ մարդկանց լարելուց բացի, պետք է ընդմիշտ հեռացվեն իրենց զբաղեցված դիրքերից ու պաշտոններից ու նրանց տեղերը համալրեն նոր իշխանություններին վայել երիտասարդ ու եռանդուն մարդիկ։

Իրականում նախորդ իշխանությունները ներկայացնող մարդիկ լուրջ ազդեցություն երբեք չեն էլ ունեցել Ջավախքի վրա, սակայն մշտապես աչքի են ընկել իրենց բացասական ու քայքայիչ ազդեցությամբ եւ իրենց շուրջ փորձել են սարքել թայֆայաբազություն։ Հենց դա էր հանրապետական իշխանության ոճը, որին այդքան հավատարիմ ծառայում էին տվյալ անհատները, իսկ հիմա ամեն կերպ փորձում են հարմարվել նոր իրականությանը։

Իհարկե խոսքը չի վերաբերում այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են նվիրել ընդհանուր գործին եւ փորձել են օգտակար լինել իրենց հայրենիքին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր հանրապետական իշխանության օրոք ինչ-ինչ միջոցներով հայտնվել են ինչ-որ պաշտոնների եւ հիմա էլ այնտեղ մնում են տարբեր մարդկանց  կաշառող զանգերի ու խնդրանքների շնորհիվ։

Սակայն մի բան փաստ է, որ ինչ էլ լինի Սամցխե-Ջավախքի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը թավշյա հեղափոխությունից հետո փոխվում է եւ հին ու ոչ կոմպետենտ անհատներն այլեւս չեն կարող ներկայացնել նոր իշխանություններին ժողովրդի առջեւ, քանի որ դա անընդունելի է թե ժողովրդի, եւ թե նոր իշխանության համար։

 Ինչպես արդեն նշվեց, այս շրջանը շատ ավելի լուրջ ուշադրության կարիք ունի, քան այսօր կա Ջավախքի հանդեպ եւ այդ իսկ պատճառով ՀՀ իշխանության մեջ պետք են այնպիսի նոր գաղափարական մարդիկ, ովքեր իրական գործով կզբաղվեն՝ փորձելով կասեցնել շրջանի հայաթափումը եւ օգնել համայնքին ինքնակազմակերպվել։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: