ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

06 ապրիլի, 2018 | 19:03

Այսօր Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր, հայկական հարցերի պաշտպան եւ նվիրյալ  Յարոմիր Շտետինան նշում է իր 75 ամյա հոբելյանը։

Չեխիայի խորհրդարանի վերին պալատիˋ Սենատի նախկին անդամը, հայտնի հեռուստալրագրողն ու գրողը իր 75 ամյակի նախաշեմին ընթերցողների դատին հանձնեց իր  պատմվածքների գիրքըˋ ,,Հրաշքների դարը,, , որ տարբեր տարիներին հրատարակած 25 պատմվածքների ժողովածու է։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 16-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորի Պրահայի գրասենյակում, որին իբրեւ բանախոսներ հրավիրված էին նաեւ հայտնի լրագրող, գրքի առաջաբանի հեղինակ  Պետրա Պրոխազկովան եւ ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության նախագահ Շիմոն Պանեկը։ Գրքի մասին իր գնահատականը հայտնեց նաեւ Պորտալ հրատարակչատան խմբագիր Մարտին Բեդրիխը, նշելով, որ թեեւ գիրքն առաջին անգամ լույս է տեսել 20-րդ դարում, բայց այժմ էլ՝  18 տարի անցˋ  21-րդ դարում,  շատ բան չի փոխվել եւ այն մնում է այժմեական։

Պետրա Պրոխազկովան նշեց, որ Յարոմիր Շտետինան իր համար եղել է լրագրողական գործունեության ամենակարեւոր գործընկերներից մեկը, քանի որ նրա հետ միասին եղել են աշխարհի շատ թեժ կետերում, լուսաբանել տարբեր հակամարտություններ եւ ձեռք բերել մեծ փորձառություն։

Շիմոն Պանեկի ասելով, Շտետինան իր համար եղել է ուսուցիչ, ում դասերը մինչ օրս զգում են, ով դարձել է իրենց գործունեության կնքահայրը։ Հիշեցնենք, որ Յարոմիր Շտետիան ոչ միայն Հայաստանում եղել է 1988-ի երկրաշարժից հետո, այլեւ Ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից եղել է Արցախում, նույնիսկ այն ժամանակ սովետական եւ ադրբեջանական զինվորականների կողմից ձերբակալվել է եւ այնուհետեւ ազատ արձակվել։

Պատգամավոր Շտետինան մի հատված կարդաց գրքից, պատասխանեց ներկաների հարցերին, հատկապես խոսեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի այսօրվա ներքաղաքական կացությունից։ Նրա ասելով, իր գիրքը սիրո, պատերազմի եւ Ռուսաստանի մասին է։

Ի դեպ, այս գրքում երկու պատմվածք նվիրած է հայերին։ Առաջինըˋ ,,Հրաշքների դարը՚, որը ժամանակին նաեւ բեմականցրեց Պրահայի Վիոլա թատրոնը, նվիրված է Գյումրիի մի հայ ընտանիքի պատմությանըˋ 1988թ երկրաշարժի օրերին եւ այդ վերնագիրը տրվել է նաեւ գրքին։ Իսկ երկրորդ պատմվածքը, որը չեխերեն լույս է տեսել ,,Ապուշ Գրիշայի ժպիտը,, վերնագրով,  որը դեռեւս 2007-ին թարգմանաբար հայերեն է տպագրվել Երեւանի ,,Գրական թերթում,,՝ ,,Գրիշայի ապուշ ժպիտը,, վերնագրով։

Յարոմիր Շտետինան հայերին հայտնի է առավելաբար իր հայանպաստ գործունեությամբ. նրա հովանու ներքո 2006 թվականին Չեխիայի Սենատում մեծ գիտաժողով տեղի ունեցավˋ նվիրված Հայոց ցեղասպանության 90 ամյակին։ Նա բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, հանդես եկել ելույթներով, իսկ վերջին տարիներին նաեւ Արցախի խնդիրի շուրջ նրա մեկնաբանությունները, նրա այցերը ԼՂՀ առիթ դարձան, որպեսզի պատգամավորը հայտնվի Ադրբեջանի անցանկալի անձանց սեւ ցուցակում։ Նրա վերջին ելույթը 2018-ի փետրվարի վերջին  Եվրախորհրդարնում Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված գիտաժողովում էր, ուր նա ներկայացրեց, խնդրի ողջ էությունըˋ իբրեւ այդ հարցին մոտիկից հետեւած եւ անձնական փորձառությամբ զինված գիտակ քաղաքական գործիչ։ Նա հայտնի է նաեւ իր բազմաթիվ վավերագրական ֆիլմերով, ռեպորտաժներով ու հոդվածներով։

Ինչպես նշեց պարոն Շտետինան մեզ հետ զրույցում, Ադրբեջանը չի կարող վախեցնել իրեն այս կամ այն ցուցակի մեջ մտցնելով, նա միեւնույն է շարունակելու է աջակցել Արցախի ժողովրդի արդար պայքարին։ Ի դեպ, հայ ժողովրդի մեծ բարեկամի մուտքը արգելված է  Ռուսաստանում՝ ռուսական իշխանության քննադատության պատճառով։

Վերջում շամպայնով շնորհավորեցին նոր գրքի ծնունդը։

Այսօր, իր հոբելյանի առիթով,  ջերմորեն շնորհավորում ենք անվանի քաղաքական գործչին, մեր ավագ գործընկերոջը եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

Չեխ պատգամավորին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
6. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
10. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: