ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ալեքսանդր Մեծի կտակը հայերեն է», թե` ոչ

Պարզաբանում-հարցազրույց «Ալեքսանդր Մեծի կորսված կտակի որոնումների մեջ» աշխատության (In Search of the Lost Testament of Alexander the Great) հեղինակ Դեյվիդ Գրանտի հետ
25 օգոստոսի, 2017 | 13:31

«Ալեքսանդր Մեծի պատմությունը» հայերեն մատյանի մի էջը 

Ընդամենը 32 տարեկանում հսկայական կայսրություն ձևավորած  հաղթական Ալեքսանդր Մեծի իրական մեծությունն այն է, որ նրա պատմությունը երկու հազարամյակ անց էլ հուզում է մարդկությանը։ Պատահական չէ, որ Ալեքսանդր Մեծի վերջին կամքի ու կտակի մասին պատմագիտական հսկայածավալ աշխատության շուրջ բրիտանական հանրահայտ Դեյլի Մեյլ թերթի հոդվածը մեծ հետաքրքրությամբ ընթերցվեց, իսկ հայերիս համար այն պարզապես ապշեցուցիչ էր, քանի որ հոդվածին կցված պատկերի վրա հայերեն էր գրված։ Ավելին, իբրև դրա պարզաբանում նշված էր. «Ալեքսանդր Մեծի առասպելական կտակը, պատկերված վերևում, հավանաբար վերջապես գտնված է։ Լոնդոնում աշխատող պատմաբան Դեյվիդ Գրանտը պնդում է, որ մահվան մահճում Ալեքսանդր Մեծի վերջին կամքը հայտնաբերել է հնագույն մի տեքստում (լուսանկարված է), որ դարեր շարունակ թաքնված էր ուղիղ աչքի առաջ»։

Բնականաբար հայկական մամուլը բուռն արձագանքեց հայտնագործությանը` տասնյակ նյութեր հրապարակելով «Ալեքսանդր Մեծի կտակը հայերեն է» վերնագրով։  «Օրեր» համաեվրոպական ամսագիրը orer.eu կապվեց պատմաբան Դեյդիդ Գրանտի հետ որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Արդյունքում ստացվեց տեղեկություններով հարուստ հարցազրույց։  Հատկապես Հայաստանին վերաբերող մասում պատմաբանն ուղղակիորեն մեծ հատվածներ է ներկայացրել իր գրքից։

Դեյվիդ Գրանտ

Աննա Կարապետյան . – Փետրվարին The Daily Mail թերթը նյութ էր հրապարակել Ձեր «Ալեքսանդր Մեծի կորսված կտակի որոնումների մեջ» խորագրով գրքի մասին։  Հազարավոր ընթերցողներ տեղեկացան, որ Դուք ամենայն հավանականությամբ գտել եք մեծ զորավարի կտակը։ Ավելին, նրանք տեսան հոդվածին կցված լուսանկարը հայերեն տեքստով։ Այդ լուսանկարը «Ալեքսանդր Մեծի պատմությունը» անվամբ հայտնի Կեղծ-Կալիսթենեսի հայերենով պահպանված 80 ձեռագիր մատյաններից մեկի մի էջն է։ Խնդրեմ պարզաբանեք, արդյո՞ք հրապարակվածն ակնարկ է, որ Ալեքսանդր Մեծն իր կտակը սերունդներին է թողել հայերենով կամ այն մեզ է հասել հայերեն տարբերակով։

Դեյվիդ Գրանտ. – Ալեքսանդր Մեծի վերջին կամքի ու կտակի մասին առասպելածին պատմությունը գունեղ սկիզբ ունի, ու հանրահայտ է այսօր, քանի որ այն առկա է  «Հույն Ալեքսանդրի առասպելավեպը» անունով հայտնի (Greek Alexander Romance) ամենահին`«A» գրքի վերջին գլխում։

Այս գունեղ առասպելածին գիրքն ամենայն հավանականությամբ իր կյանքի սկիզբն է առել իբրև ավելի պատմական արմատներ ունեցող գիրք, որ անվանվել է «Ալեքսանդր Մեծի պատմությունը» (Historia Alexandri Magni). Այս վերնագիրն ունի պահպանված ամենահին ձեռագիրը։  Ալեքսանդր Մեծի վարքի մասին հռետորական ներբողը ժամանակին սխալմամբ վերագրվել է նրա պաշտոնական կենսագիր Կալիսթենեսին, ուստի հաճախ հիմա էլ անվանվում է «Կեղծ-Կալիսթենես»-ի աշխատություն։  Շուտով այն սկսեց կլանել Ալեքսանդրին կպչող «հրաշքները» (հունարեն`θαυματα thaumata), և ժամանակի ընթացքում վերափոխվելով դարձավ դյուցազներգություն, որն այսօր հայտնի է «Հույն Ալեքսանդրի առասպելավեպը» անունով։ Այն ավանդույթների  բազմամշակույթ մի գանձարան է, որ ծաղկել է թագավորի անվան շուրջ։

Վերագրել ավանդավեպը մեկ հեղինակի կամ տարեթվի անհնար է, սակայն վկայությունները ցույց են տալիս, որ ոչ-պատմական ու քվազի-պատմական տարրերը պետք է, որ շրջանառվեին Ալեքսանդրի մահվանը հաջորդած դարի ընթացքում։ Մեզ հայտնի ամենահին գրությունը` «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը»  վերնագրով «A» բնագիրը, պահպանվել է հունական Parisinus 1711 անունով հայտնի 11րդ դարի մի ձեռագրում և առավելաբար նմանվում է սովորական պատմագրության։

«A» բնագրի շարադրանքը թեև աղքատիկ է, թերի ու հայտնապես ընդմիջարկված, այդուհանդերձ գիտնականների համար մնում է լավագույն սկզբնաղբյուրը` փորձելու վերակերտել  բնօրինակը (որ սովորաբար նշվում ‘α’, իբրև ալֆա) ետ գնալով պահպանված «A» բնագրից  700-800 տարի (կամ ավելի)։  Մենք չենք կարող թերագնահատել նախաօրինակը, որ հավանաբար գրվել է ավելի վաղ, դեռևս  Պտղոմեոսյան շրջանում։ Եթե ժամանակին պատմությունները վերագրվել են Կալիսթենեսին, ապա գերակշռող կարծիքն էլ պետք է լիներ, որ դրանք գրվել են

«Ալեքսանդր Մեծի պատմությունը»  XIV դար, Վենետիկի Սուրբ Ղազար վանական համալիր

արշավանքերի ընթացքում կամ ուղղակի դրանցից անմիջապես հետո։

Դարերի ընթացքում առասպելավեպն ընդարձակվել ու վերածվել է դյուցազներգության ընտանիքին պատկանող ծառի, որի ճյուղերը սաղարթավորվել են տարբեր լեզուների, հավատալիքների ու մշակույթների տերևներով` ավելի, քան 80 տարբերակներ են ծնունդ առել  24 լեզուներով։ Ալեքսանդի պատմությունն առասպելավեպի միջոցով ի վերջո ավելի հաստատուն կերպով Արևելք ներթափանցեց, քան ժամանակին նրա ռազմական նվաճումները հաջողեցին։  Նա տեղ գտավ Ղուրանում, վերահայտնվելով իբրև երկեղջյուր Զոլ Ղառնեյն, որն աշխարհի վերջին ևս մեկ անգամ անճեղքելի դարպասներ բարձրացրեց ներփակելու Յաջուջի ու Մաջուջի (Գոգ ու Մագոգ) սատանայական թագավորությունները։ Վերամարմնավորումն արմատներ ունի ավանդապատումի արամեական տարբերակում և իր առավել վաղ արտահայտությունն էր ստացել Ալեքսանդրի հաջորդների հատած տետրադրախմաներում, որոնց վրա Ալեքսանդրը պատկերված էր եղջյուրներով։ Պարսկական տարբերակ Իսկանդեմամեն, ինչպես նաև հայկական ու եթովպական թարգմանությունները շրջանառվել են հարստացնելով առասպելավեպն իրենց սեփական մշակութային ինքնությամբ։

Կասկած չկա, որ հայկական ձեռագրերը դրա զարգացման կարևոր մասն են։ Առասպելավեպի հայկական տարբերակն, օրինակ,  հունական տարբերակի նման, հայտնում է դավադիրների ցուցակը, ովքեր, համարվում է, որ Ք.Ա. (Քրիստոսից առաջ) 323 թվականի հունիսին Բաբելոնում թունավորել են Ալեքսանդր Մեծին։ Այլ տարբերակներում սա չկա։ Հայկական տարբերակը նաև ժամանակի ընթացքում կորսված այլ եզակի մանրամասներ ունի.  օրինակ, հայկական տարբերակում որևէ այլ տեղ չնշված «Եվրոպիուսի» հիշատակումը կարող է Ալեքսանդր Մեծի թիկնապահ, Սելևկյան դինաստիայի սկիզբը դրած Սելևկուսի էթնիկ պատկանելության վկայությունը լինել, քանի որ նա ամենայն հավանականությամբ ծնվել էր Եվրոպուսում` Մակեդոնիայի Աքսիուս գետի մոտ։

Ինչ վերաբերում է Daily Mail-ում հրապարակված գունեղ էջին, ապա դա այդ թերթի նկարների արխիվից էր ու իմ գրքում տեղ չի գտել։ Այնպես որ ընթերցողները չպետք է եզրակացնեն, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը թաքնված էր հայկական մագաղաթներում։ Միայն այն, որ կտակը 2000 տարի աչքի առաջ էր։

Ա.Կ. – Ձեր հետազոտության աղբյուրը շատ լավ հայտնի է ու տարբեր բնագրեր ունի։ Ո՞ր բնագիրն է դարձել Ձեր ու Ձեր հայտնագործության հիմքը ։ Դուք կարողացե՞լ եք արդյոք համեմատել տարբերակները։

«Ալեքսանդր Մեծի պատմությունը» 

Դ.Գ. – Անցնող 10 տարիներին իմ հետազոտության աղբյուրը շատ ծավալուն է եղել, ու արդյունքում միայն մատենագրությունը 30 էջ է կազմել։ Առասպելավեպի տեքստերն իրականում հետազոտությանս միայն մի մասն են կազմում։  Քանի որ Ալեքսանդրի կտակն ու վերջին կամքը հայտնվում է նաև Ասիայում Ալեքսանդրի արշավանքների մասին ուշ հռոմեական Metz Epitome  սեղմագրի վերջում, թեև դրան չի պատկանում, ուստի գիտնականները վերջին տարիներին ենթադրում էին, որ Ալեքսանդրի կտակն ինչ-որ տեղ հունա-հռոմեական աշխարհում գոյություն ուներ իբրև առանձին փաստաթուղթ կամ գրքույկ, նախքան դրա հայտնվելը առասպելավեպի գրություններում։ Կարծիք կա, որ այն հրապարակվել էր Ալեքսանդրի մահից հետո մոլեգնող պատերազմների առաջին տասնամյակում, ու այս քաղաքական գրքույկը ոչ միայն Ալեքսանդրի կտակն էր, այլ նաև Բաբելոնում նրան թունավորելու դավադրության պատմությունը։ Այս վաղ փաստաթուղթը հստակորեն նպատակ ուներ անիծելու, դատապարտելու այն գեներալներին, ովքեր կռվում էին կայսրությունը վերահսկողության տակ առնելու համար,  միևնույն ժամանակ`կտակի մեխանիզմների միջոցով, նրանց դեմ արտոնյալ գեներալների հետ դաշինքներ էին կազմվում վերջիններիս ժառանգություններ շնորհելով` ներառյալ արքայադուստրներ ու մեծ հողատարածքներ։

Այսպիսով, Ալեքսանդրի վերջին կամքի ու կտակի պատմական լինելը չի բխում առասպելավեպից, իրականում` ճիշտ հակառակը։ Իբրև մեկ օրինակ նշենք, որ Ալեքսանդրի մահվան պատմությունն էլ անձեռնմխելի չէր սյուժետային ոտնձգություններից, և առասպելավեպի տեքստերը, որ այսօր կարդում ենք, ավարտվում են Ալեքսանդրի խոսքով, որ ուղղված է իր մարտական նժույգ Բուցեֆալին, որը հնազանդորեն կանգնած է վերջինիս մահճի մոտ։ Այնպես որ, երբ կտակը պարունակող քաղաքական պամֆլետը, որ միանշանակորեն գրվել է Ալեքսանդրի մահից հետո Մակեդոնական «քաղաքացիական պատերազմի» եռուն շրջանում, ամբողջությամբ  միակցվեց առասպելավեպին, Ալեքսանդրի կտակը հետագա քննության համար մի տեսակ մերժված ու անարժեք դարձավ։ Իբրև արդյունք, կենսագրությունները, մենագրությունները, համընդանուր պատմություններն ու ակադեմիական հետազոտությունները վերջին երկու հազարամյակների ընթացքում համաձայնել են մեկ արմատական խնդրի շուրջ. Ալեքսանդրը մահացել է առանց վերջին կամք հայտնելու և կտակ չի թողել։  Ողջ ծաղրը, որ դրական է իմ գրքի մրցունակության համար,  այն է, որ այդ բոլոր մտացածին առասպելները, որ այդքան ողջունվել են միջին դարերում ու թարգմանվել բազում լեզուների, էականորեն գերազանցեցին ողջ պատմագիտությանը։

Ա.Կ.- Ալեքսանդրի մասին մնացած պատմությունները հայտնի են իբրև առասպելաբանություն, որտեղ իրական պատմությունն ու միֆերը միահյուսված են։ Իրար չեն համընկնում նաև տարբեր լեզուներով պահպանված գրությունները։ Ինչպե՞ս եք տարբերակում,  որտեղ է պատմական ճշմարտությունն ավարտվում,  և որտեղ են սկսվում առասպելներն ու միտումնավոր խեղաթյուրումները։

Դ.Գ.- Ճիշտ եք, որ աղբյուրը հայտնի է իբրև առասպելավեպ, և որ պատմությունն ու միֆերն այստեղ միահյուսված են։  Այդ իսկ պատճառով, ես գրքիս մի գլուխը նվիրել եմ այդ առասպելներին ու դրանց գունեղ ծագումնաբանությանը։

Հելլենական դարաշրջանը, որի ընթացքում առասպելավեպը ծաղկում է ապրել, ականատես եղավ էկզոտիկ պատմությունների, որ ներթափանցեցին առասպելացած Եգիպտոսի հարավային Քուշանաց աշխարհից ու Հեռավոր Արևելքից`Մետաքսի ճանապարհի երկայնքով Ալեքսանդր Մեծի  կողմից իր արշավաքների տարիներին հիմնած կամ վերանվաճած բնակավայրերի միջոցով։  Պսղոմեոսյան Եգիպտոսն արաբների ու նաբաթեացիների օգնությամբ խթանեց առևտուրը դեպի արևելք մինչև Հնդկաստան, այս փոխգործակցության արդյունքում պտղաբերեց հելլենական գրականությունը։ Ստրաբոնի համաձայն,  Ֆերգանայի հովտի Ալեքանդրիա Էսքեյթ «ամենահեռավոր» քաղաքը (Ա.Կ.- Alexandria Eschate, խորհրդային տարիներին Տաջիկստանի Լինինաբադ, ներկայումս` Խուչանդ)  կապեր ստեղծեց հույն բնակիչների և հունա-բակտրիական թագավորության ու Մետաքսի ճանապարհին առևտուր անող Սերեսի չինական Հան դինաստիայի միջև։  Պետության կողմից վարձված փղերի որսորդներն ամիսներով անհետանում էին Աֆրիկայի խորքերում, երբ Սելևկյանները փակում էին Հնդկաստանից մարտական փղեր գնելու պտղոմեոսյանների ճանապարհը։   Նրանք վերադառնում էին այնպիսի կենդանիներով, որ նախկինում որևէ մեկը չէր տեսել, ու դրանք դառնում էին «զարմանքի առարկաներ»։ Այս բոլորը տարրեր էին, որ առասպելավեպը հյուսողներին նյութ էր տալիս, ներշնչելով` հավանաբար նույն կերպ, ինչպես Ալեքսանդրյան Եգիպտոսում։

Սակայն առասպելավեպը զարգանում էր ոչ միայն անտեղյակության, այլ նաև որոնումների արդյունքում։  Տարօրինակ է, բայց նախկին արևելյան Պարսկական կայսրության մի ժամանակահատվածի աշխարհագրական գիտելիքների մեծ մասը կորսվել է` սկսած Ալեքսանդրից հետո հաջորդ սերնդից Մեգաստենես Ականատեսի վկայություններից (մոտավորապես 290թ. Ք.Ա.) մինչև  Իսիդորոս Խարակենոսի Ք.Հ. (Քրիստոսից հետո) առաջին դարի աշխատության «Պարթևների պատմության հանգրվանները», ու սա հիմնականում պայմանավորված է Սելևկյան կայսրության փլուզման հետ (Ա.Կ.-.հույն աշխարհագետ Իսիդորոս Խարակենոսի այս միակ աշխատության մեջ է գրված նաև Տրդատ 2րդի ապստաբության մասին)։  Սակայն փաստական շրջագայությունների,  անսպասելի հանդիպումների ու իրական պատմությունների հիշողությունների տարրերը մնում են,  թեև դժվար է դրանք առանձնացնել առասպելականից։

Ալեքսանդրի կտակն ընդամենն օրինակ է, ինչպես կարող են պատմական փաստերի ու ճշմարտության մեջ արմատացած տարրերը ներթափանցել առասպելավեպ։ Այստեղ կտակի մասին պարզ ու հետևողական շարադրումն ու ընթերցումն ամեն կերպ հակասության մեջ են մտնում առասպելավեպի ողջ պատումի ընդհանուր ոճի հետ։  Նույնիսկ Ռոքսանան, որը ճշմարտացիորեն նշված է իբրև Ալեքսանդրի Բակտրիական ծագմամբ կին, առասպելի նախորդող տեքստում ներկայացված է իբրև Դարեհ Երրորդի  դուստր, ինչը սխալ է։ (Ա.Կ. Բակտրիան պատմական երկիր է, որն ընդգրկել է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարավային, Աֆղանստանի հյուսիսային շրջաններըԱնցնող դարի ընթացքում բավական գիտական աշխատանք է տարվել պատմականը մտացածինից զատելու համար, սակայն պարզ է, որ դեռևս շատ աշխատանք կա անելու։

Ա.Կ. – Հայտնի է, որ Հայաստանը երբևէ չի նվաճվել Ալեքսանդր Մեծի կողմից։ Ձեր տասամյա հետազոտության արդյունքում,  պատասխան ունե՞ք արդյոք, թե` ինչո՞ւ։

Դ.Գ.- Կարծում եմ, ճիշտ կարծիք է, որ Ալեքսանդրը չի նվաճել Հայաստանը, թեև մինչև  հիմա էլ անհայտ է մնում, թե պարսից Դարեհ Երրորդ Արքայից Արքայի ժամանակներում հայ սատրապ Երվանդ Երկրորդը, որը Գավգամելայի ճակատամարտում կռվում էր Արքայից Արքայի զորքերում, արդյոք պայմանավորվածությո՞ւն ուներ Ալեքսանդրի հետ, թե՞ պարզապես այդ նահանգն ուղղակի մնաց չսանձված։  (Ա.Կ.- սատրապը հին պարսկական շահրաբ բառից է, նշանակում է նահանգապետ, կուսակալ։ Արևելյան Իրանի Ավեստան կամ Զենդ  նահանգի բարբառով` ավեստերենով, Երվանդի անունը հնչում է Արուանդ, որ թարգմանաբար նշանակում է «Մեծ ռազմիկ» , անգլերեն` Orontes ։ Գավգամելայի բախտորոշ ճակատամարտը տեղի է ունեցել Ք.Ա. 331 թվականին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյան Արքայից Արքայի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում` ներկայիս Իրաքի Էրբիլ քաղաքի մոտ)։

Գավգամելայի ճակատամարտը – կտավը Լուվրի ցուցանմուշներից է

Սակայն չնվաճված էին մնացել նաև Պարսկական կայսրության այլ նահանգներ ևս, օրինակ` Կապադովկիայի և Պաֆլագոնիայի մի մասը։ Արևելյան այն սատրապությունները, որ հետագայում նվաճվեցին անգամ, երբևէ հաջողությամբ սանձված չեղան։ Ալեքսանդրը երբեք չնվաճեց Աքեմենյան թագավորների ճանաչած Pax Persika-ն  (Ա.Կ.- Պարսից աշխարհ)։

Հայաստանը շրջանցելու հիմնական պատճառն այն էր, որ Ալեքսանդր Մեծը կանգնած էր Դարեհ Երրորդի բանակի առջև և երեք  հիմնական ճակատամարտ է մղել։  Նույնիսկ վերջին` Գավգամելայի ճակատամարտից հետո, որ Աքեմենյան կայսրության ավարտն էր նախանշում, Դարեհը դեռևս ազատության մեջ էր ու ճանապարհ էր ընկել դեպի արևելյան սատրապություններ։ Ավելին, Բակտրիայում Դարեհի նախկին սատրապ Բեսսուսն իրեն հռչակել էր իբրև նոր Մեծ թագավոր Արտաքսերքսես Հինգերորդ, որի հետ հաշվի էր պետք նստել մինչև որևէ այլ նոր արշավանքի նախաձեռնում։

Բայց հավանաբար այլ պատճառներ էլ կան։ Հայաստանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և լեռնային տեղանքը չէր համապատասխանում ռազմարվեստի այն սովոր ոճին, որ հաջողություններ էր բերել նախ Փիլիպոս Երկրորդին ( Φίλιππος Β΄ Μακεδών ), ապա նաև նրա որդուն` Ալեքսանդր Մակեդոնացուն։ Ու քանի դեռ Արևելքում պարսկական հիմնական գանձերը չէին վերցվել, Ալեքսանդրը բավարար մատակարարում չէր կարող ունենալ իր առաջնային  նպատակներից դուրս ձգձգվող այլ արշավանքների համար։

Նույնիսկ Ալեքսանդրի մահից հետո Հայաստանն ամբողջությամբ երբևէ չնվաճվեց։ Հավանաբար Հայաստանը սանձելու առաջադրանք ունեցող Նեոպալեմոսի (Neoptolemus) և Ալեքսանդրի նախկին կայսերական քարտուղար Քարդիացի Հյումենեսի միջև պայքարն էր պատճառը, որ կրկին Հայաստանը շրջանցված էր մնում (եթե մի կողմ թողնենք այն խառնաշփոթը, որ տեղեկությունների համաձայն ստեղծեց  այնտեղ Նեոպալեմոսը)։ (Ա.Կ. – Նեոպալեմոսը Ալեքսանդր Մեծի թիկնապահն է եղել, որ վերջինիս մահից հետո Ք.Ա.  323-321 դարձել է Հայաստանի սատրապ, սակայն քաղաքական իշխանությունը մնացել է Միհրանի ձեռքին։ Հյումենեսը ծառայել է և´ Ալեքսանդր Մեծին, և´ վերջինիս հորը` Փիլիպոս Երկրորդին իբրև արքունական քարտուղար ու արխիվիստ։ Ասվում է, որ Հյումենեսն է դաշույնով սպանել Նեոպալեմոսին ձեռնամարտի ժամանակ)։  Ակներև է, որ Երվանդ Երկրորդ թագավորը դաշն էր կնքել  Պեսևսուսի հետ, որն Ալեքսանդրի սատրապն էր արևելյան գավառներում` Պերսեպոլիս կենտրոնով ու Երվանդին «ընկեր» որակումն էր տրվել։ Սա ևս կարող է հաստատում լինել, որ Երվանդը նաև Ալեքսանդրի հետ էր պայմանավորվածություն ձեռք բերել,  թեև Ալեքսանդրը փորձում էր Միհրանին իշխանադրել Հայաստանում Գավգամելայի ճակատամարտից հետո։ (Ա.Կ.- Միհրանը` Երվանդ Երկրորդի որդին, հունարեն Mιθρένης կամ Mιθρίνης,  պարսկական զորքերի Սարդիսում զորակայված ուժերի հայ հրամանատարն էր, որ կամովին հանձնվել էր Ալեքսանդր Մեծին ու վերջինիս կողմից մեծ հարգանքներով ընդունվել։ Ծաղրն այն է, որ Գավգամելայի ճակատամարտում Միհրանի զորքը Ալեքսանդր Մեծի կողմից  կռվել է Դարեհ Երրորդի բանակի դեմ, որի կազմում էր նաև իր հայրը` Երվանդ Երկրորդն իր զորքով)։

Ալեքսանդրի օրոք, կայսրության այլ հատվածներում, որտեղ նահանգը խռովություն չէր բարձրացնում և անվանապես իր «հավատարմությունն» էր առաջարկում (անկախ հարգանքի տուրք մատուցվում էր, թե` ոչ),   խուսափում էր մակեդոնական արշավանքի ցնցումներից։

Բարեղ Ա և նրա որդի Լևոն Զ, Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից

Ի վերջո, Հայաստանը մեծ քաղաքականության պահ ունեցավ տարածաշրջանի պատմությունում դրանից մեկ հազարամյակ անց։ Այսպես կոչված «մակեդոնական վերածնունդ» դինաստիան, որ սկզբնավորվեց Կ.Պոլսում և իշխանավարեց Բյուզանդական կայսրությունում Ք.Հ. 867-1056 թվականներին։  Փաստացիորեն թրակյան գեղջկական, ենթադրաբար հայկական ծագմամբ ընտանիքում ծնված Բարսեղ Առաջին «Մակեդոնացուն» վերագրվող այս ժամանակաշրջանն արվեստների վերածննդի ականատես դարձավ, երբ Ամորյան դինաստիային հատուկ իկոնոկլազմը (Ա.Կ. – սրբապատկերների մերժում)  ժամանակավորապես չեղյալ հայտարարվեց։

 Ա.Կ.Դուք անշուշտ Ալեքսանդր Մեծի մահվան առեղծվածի Ձեր բացատրությունն ունեք։  Ինչպե՞ս է ճիշտ բանաձևել հարցը` Ո՞Վ, թե՞  ԻՆՉԸ սպանեց 32-ամյա կայսրին։ Անշուշտ չեմ խնդրում բացահայտել Ձեր գրքի կարևոր դրվագները, պարզապես ակնարկներ, որ մարդկանց կստիպի ընթերցել մոտ 900 էջանոց Ձեր աշխատությունը։

Դ.Գ. – Ալեքսանդրի մահվան պատճառը մնում է առեղծվածային։ Իրականությունն այն է, որ պատմության մեջ միայն մի քանի անձիք են այնպիսի համընդհանուր սեր վայելել, որ բացառվեր նրանց սպանությունը։  ՈՒ նրանցից ավելի քչերն են այնքան վրդովվեցրել, վախեցրել ու ատելի եղել սեփական զորակայանից դուրս, որքան Ք.Ա. 323 թվականին Ալեքսանդր Մեծն էր։ Այնպես որ, շատ հավանական է, որ Ալեքսանդրը սպանվել է։ Նա և նրա հայր Փիլիպոսն անշուշտ կարելին արել են պաշտպանելու Մակեդոնիայի իրենց Արգիդյան ճյուղը։

Ես գրքումս անդրադառնում եմ, թե ԻՆՉԸ կարող էր սպանել Ալեքսանդրին, քննության եմ առնում գոյություն ունեցող տեսությունները, սակայն դա իմ հիմնական խնդիրը չէ։ Իմ խնդիրն էր հաստատել, որ անկախ այն հանգամանքից, թե ով կամ ինչը սպանեց նրան, Ալեքսանդրը թողել է ժառանգորդի մասին փաստաթուղթ, որ մենք անվանում ենք կտակ, և քաղաքական բրոշյուրը, որ վերահրապարակել է Ալեքսանդրի վերջին կամքը նրա մահվանը հաջորդող տասնամյակի ընթացքում,  հավանաբար հինգ տարի անց,  հենց դրա անդրադարձն է։  Ինչո՞ւ… Քանի որ նրա որևէ գեներալի համար լիակատար  անխոհեմություն կլիներ ցանկալի դաշինք ձևավորելու համար հիմնվել ժառանգության ամբողջությամբ շինծու փաստաթղթի վրա, քանզի պատերազմող  բոլոր մրցակից մեծ դինաստիաները ճշգրտորեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել Բաբելոնում։

Մյուս կողմից,  «հիմնական» պատմագրությունը նշում է, որ կամ Ալեքսանդրը մահացել է լուռ, կոմայի մեջ ու իր իրավահաջորդի մասին առանց կտակ թողնելու,  կամ սրա հակառակ տարբերակը, համաձայն որի, նա կայսրությունը թողել է իր մարդկանցից  «ուժեղագույնին»  կամ «լավագույնին»`այսպիսով իր կայսրությունը ստանալու համար նրանց հրավիրելով պայքարի։ Այս տարբերակներից որևէ մեկը վստահելի չէ Ալեքսանդրի պարագայում, որ մանիպուլիացիայի է ենթարկել անցյալը, ներկան ու փորձել է մանիպուլիացիայի ենթարկել ապագան`խառն վերնախավի միջոցով, որպեսզի իշխեն իր կես-ասիացի որդիները։

Սակայն հենց փառասիրությունը, որ կարող էր նրա գեներալներին ստիպել թունավորել նրան, պատճառ էր, որպեսզի Ալեքսանդրն իրավահաջորդ կամ իրավահաջորդներ նշանակեր։ Նրանք 11 տարի կորցրին մրցելով հսկայական կայսրության հարստությունը նվաճելու համար, ուստի նրանք կարիք ունեին իրավահաջորդության մասին  փաստաթղթի` օրինականացնելու իրենց բաժինները։ Այդուհանդերձ, դա հանուն Ալեքսանդրի կես-ասիացի որդիների չէր։  Այնպես որ, երբ կտակի համաձայն իրավահաջորդության օրինականությամբ նրանք ինքնահաստատվեցին ու երբ սկսեցին իրենք իրենց արքաներ հռչակել` սեփական իրավունքով, այնժամ Ալեքսանդրի իրական կամքի արտահայտությամբ կտակը պատռելը,  դրա հիշատակը վերացնելն ու ականատեսների հետագա պատմություններից  դրա անհետանալը, ինչպես նաև Ալեքսանդրի առասպելավեպի զարգացմամբ դրա մոռացության մատնվելը,  պատճառներից  մեկն է, որ  դրանից հետո Ալեքսանդրի վերջին կամքին ու կտակին այլևս ոչ մեկը որևէ հավատ չընծայի։

Ա.Կ. – Սովորաբար պատմաբանները բավական պահպանողական են ու հազվադեպ են ոգևորությամբ ընդունում որևէ բացահայտնում։ Սա կարող է նաև Ձեր պարագայում ճիշտ լինել։ Ասացեք խնդրեմ, գիտական շրջանակների արձագանքն ինչպիսի՞ն է Ձեր գրքի  հետազոտության նկատմամբ։

Դ.Գ. – Կարծում եմ, շատ կարևոր է այժմ մի քայլ ետ անել ու համեմատել լրատվամիջոցների բառապաշարն իմ հիմնական անհամաձայնությունների  ու համոզմունքի հետ։

Ես հայտարարել եմ, որ լիովին հավատում եմ Ալեքսանդրի վերջին կամքի ու կտակի պատմական վավերականությանն ու ճշմարտացիությանը։   Ու ես գրել եմ 900 էջանոց կուռ աշխատություն բացատրելու, թե «ինչու». աշխատություն, որը միակցում է պատմության բազում անբացատրելի սպիտակ էջեր և հարցականի տակ դնում Ալեքսանդրի մահվան, նրա կայսրության մասնատման 2000 տարի կենսունակ  «ստանդարտ մոդելը» ։  Իմ տեսությունը ներկայացնելու համար ես փորփրել եմ ականատես կողմնակալ պատմաբանների ու նրանց օրակարգի պատմությունները, ինչպես նաև,  թե ինչպես հետագայում առասպելավեպի, հռետորաբանության, կրոնի ու փիլիսոփայության կնիքներն ազդեցին այն ամենի վրա, ինչ պահպանվել էր ու ինչպես։ Հռոմեական դարաշրջանի Ալեքսանդրի մասին խորհրդածությունները մեծ դեր են խաղում, թե մենք ինչ ենք կարդում այսօր։

Գիտեք, լավ է գովազդն իբրև լրացուցիչ ուժ ունենալ սեփական զինանոցում, սակայն այն երկսայր սուր է։ Իմ պնդումը բանաձևել են իբրև «Դեյվիդ Գրանտը վստահ է, որ հայտնաբերել է Ալեքսանդր Մեծի առասպելական կտակը»։  Մինչդեռ , ինչպես ես ցույց եմ տվել մամուլին, այն  ողջ ժամանակ «թաքնված էր» աչքի առաջ, ու դա ամեն ինչի քողարկման լավագույն միջոցն է։

 

Հարցազրույցն ու մեկնաբանություններն

Աննա Կարապետյանի

Հեղինակային իրավունքը Դեյվիդ Գրանտի,  ՕՐԵՐ եվրոպական ամսագրին տրված հատուկ արտոնությամբ։

 

orer.eu

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: