ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախյան շարժման 30-ամյակը Պրահայում՝ Գուսան Հայկազունի եւ Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ

04 մարտի, 2018 | 19:26

 

Պրահա. Մարտի 3-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճը երկու ժամ շարունակ լցված էր Արցախյան պատերազմի մասին հիշողություններով ու հայրենասիրական երգերով։ Չեխիայի Ապրիլ 24 կոմիտեի կազմակերպությամբ անցկացվեց Արցախյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրված երեկո՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի եւ օպերատոր Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ։ Երեկոն բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր խոսքում ասաց. ,,Այսօր հավաքվել ենք նշելու Արցախի վերածննդի օրը եւ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ Սումգայիթում, դրանից հետո նաեւ Բաքվում, Մարաղայում, Գանձակում, Շահումյանում եւ այլուր ադրբեջանցիների դաժան կոտորածների զոհ դարձած հայերին, հիշելու Արցախյան ազատամարտում կյանքը զոհաբերած զինվորներին եւ քաղաքացիական ազգաբնակչությանը»։

Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման պատմական ընթացքին՝ սկզբնավորումից մինչեւ մեր օրերը, նաեւ Ադրբեջանի կողմից իրականացրած ոճրագործություններին, դեսպանն այն համոզմունքը հայտնեց, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը Արցախյան հարցը միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կողմնակից են։

Դեսպանի հրավերով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած զինվորների, խաղաղ քաղաքացիների, եւ ոչ միայն հայերի, այլեւ հայերի հետ կողք-կողքի մարտնչած այլազգիների վառ հիշատակը։

Իր ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ձեռնարկի բոլոր աջակիցներին ու հովանավորներին։

Երեկոյի ողջ ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Սամվել Թադեւոսյանի ֆիլմերից, որոնք ընդմիջվում էին Գուսան Հայկազունի եւ նրա տիկնոջ՝ երգչուհի Արմինե Խաչատրյանի ոգեւորիչ կատարումներով։ Վերջինս ներկայացել էր դիզայներ Վերգինե Ալավերդյանի արցախյան տարազներով։

Այնուհետեւ հրապարակախոս Շուշան Ղազարյանը ներկայացրեց լրագրող-օպերատոր, ֆիլմերի սցենարի հեղինակ եւ բեմադրիչ Սամվել Թադեւոսյանին։

,, Ես պատիվ ունեմ ներկայացնելու այս դահլիճում նստած մի լրագրող հերոսի, ով մի ձեռքին կինոխցիկը, մյուսին ավտոմատը, գնդակների սաստիկ սուլոցի, պայթող ու ցրիվ եկող արկերի, կյանքի ու մահվան դաժան խրախճանքում, պատմության ժապավենին է հանձնել մեր ժողովրդի ծանր հաղթանակի իրական էջերը՝ պարզ զինվորից մինչեւ հզոր հրամանատարների նահատակության եղերական լեգենդը, վիրավորների հառաչանքներն ու մեռնողի վերջնական խոսքը, դաշտերում թափված անգերեզման մեռելների լռությունը,,- ասաց բանախոսը, մինչ այդ նշելով, որ Արցախյան պատերազմի հաղթանակով մեր հերոսները մեզ վերադարձրին դարերով կորցրած մեր ապրելու հպարտությունը՝ մեր սրտից հեռացնելով պարտվածի անիրավունք տագնապը։

,,Փառք Ձեզ, սիրելի հերոսներ, բանտում նստած Պավլիկ Մանուկյան, Արայիկ Խանդոյան, Ժիրայր Սեֆելյան,,,- ասաց Շ. Ղազարյանը։ Ներկայացնելով Սամվել Թադեւոսյանի անցած ուղին, բանախոսը հատկապես կարեւորեց որ 1989-94թթ ընթացքում վերջինս եղել է Արցախի գրեթե բոլոր մարտական շրջաններում, ստեղծել է ,,Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որ նվիրված է Արցախյան պատերազմի 30 հերոսի, նկարհանել է բազմաթիվ ֆիլմեր ու հաղորդումներ, այդ թվում՝ ,,Հավերժական կտակ,, լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Ձեռնարկի ողջ ընթացքում Սամվել Թադեւոսյանը ներկայացրեց իր ֆիլմերի հերոսներից մի քանիսին՝ Աշոտ Ղուլյանին, Դուշման Վարդանին, Հրազդանի Աբոյին, Շուշիի ազատագրման հերոսներին՝ Կոմանդոսի գլխավորությամբ, Մոնթե Մելքոնյանին եւ Շահեն Մեղրյանին։ Կոմանդոսի մասին խոսելիս նա մեծ բացթողում համարեց այն փաստը, որ Շուշիի ազատագրումից տասնամյակներ անց, մեր ազգային հերոսի արձանը այդ քաղաքում չի կանգնեցվել։

Սամվել Թադեւոսյանը կարեւորեց, որ Սփյուռքում էլ վառ են պահում մեր հաղթանակների մասին հիշողությունը, միաժամանակ ընդգծելով, որ սփյուռքահայության նվիրվածության շնորհիվ է նաեւ, որ հայ ժողովուրդը Արցախում ունեցավ նման հաղթանակներ։

ՕՐԵՐ ամսագրի orer.eu կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանն իր ակնածանքը հայտնելով ֆիլմերում ներկայացված հերոսներին, շեշտեց որ Արցախի ազատագրման եւ հաղթանակի զոհասեղանին դրվել է ազգի սերուցքի կյանքը,  եւ որ պատերազմն ավաղ,  ավարտված չէ։ Եվ միայն ընդհանուր նպատակի շուրջ միասնությունն ու համախմբվածությունը կարող են հարատեւ խաղաղության հիմքեր ապահովել։ ,,1993ին  խրամատներում տեսածս պատանի զինվորներն այսօր դեռեւս խրամատներում են՝ արդեն իրենց զավակների հետ։ Սա երկարաձգվող եւ արնահոսող պատերազմ է, մինչդեռ շատերը ոչ Արցախի հաղթանակի ողջ մասշտաբային նշանակությունն են ընկալում, ոչ էլ  երկարաձգվող պատերազմի մաշող ու մասնատող, ջլատող իրողությունը»,- ասաց նա։

,,1988ին միասնական բռունցք դարձած մեր ժողովրդին ոգի ու լիցք տվեց ,,Հայեր միացեք» երգը, որ շատերի ու նաեւ իմ կարծիքով ֆիդայական- ազատագրական պայքարից մնացած երգ էր, որը հարմարեցվել էր նորագույն պայքարին։ Ու որքան եղավ զարմանքս, երբ ինձ ցույց տվեցին դրա հեղինակ, փոքրամարմին, չափազանց համեստ մի մարդու՝ Գուսան Հայկազունին։ Նրա երգերն այնքան կարեւոր էին դարձել զինվորների համար, որ հրամանատարները խրամատներից հետ էին ուղարկում նրան։ Այդպես եղավ նաեւ Գետաշենի պարագայում, երբ նրան ուղղաթիռից իջեցրին, եւ արդյունքում ծնվեց ,,Գետաշեն» երգը։ Մարտի ու պայքարի յուրաքանչյուր երգ նունյպես զինվոր է։ Զինվոր ու նաեւ հրամանատար, որ դեպի հաղթանակ է ուղղորդում, ինչպես մենք տեսանք Սամվել Թադեւոսյանի ֆիլմերում»,- ասաց Աննա Կարապետյանը։

Գուսան Հայկազունը /Գառնիկ Նազարյան/  նախ շնորհակալություն հայտնեց նման երեկո կազմակերպելու համար, եւ նշեց, որ ինքը արմատներով Խոյից է, ծնվել ու 50 տարի ապրել է Արտաշատում, իսկ վերջին 15 տարիները՝ Երեւանում։ Լինելով մասնագիտությամբ ինժեներ-շինարար, չունենալով երաժշտական կրթություն, նա դարձել է 100-ից ավելի երգերի հեղինակ, որոնցից շատերն այնքան են սիրվել ու կատարվել ժողովրդի կողմից, որ շատերին թվացել է, թե դրանք ժողովրդական երգեր են։

Նա ամեն մի երգի կատարումից առաջ հակիրճ ներկայացնում էր, թե ում է նվիրված եւ ինչ նախապատմություն է ունեցել։

Դահլիճը ջերմ ծափողջյուններով ընդունեց  ,,Լավագույն տղերքը մենք ենք», ,,Շուշի», ,,Պարիր Արցախցի», ,,Հայոց վրեժը», ,,Երեւան» երգերի կատարումները։ Իսկ ,,Գետաշեն» եւ ,,Հայեր միացեք» երգերի կատարման ժամանակ դահիճից ձայնակցում էին լեգենդ դարձած երգերի կատարողներին։ Մոտ 100 երգերի հեղինակ Գուսան Հայկազունը 1988 թվականից գրել ու հանրության դատին է հանձնել բազմաթիվ սիրված երգեր, որոնցից շատերը երկար տարիներ համարվել են ժողովրդական։

Վերջում չեխահայության անունից իր շնորհակալանքի խոսքը հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, կարեւորելով այն դրական լիցքն ու միասնականության ոգին, որ ներկաները ստացան ելույթներից։

Ձեռնարկին ներկա չեխահայերը համակարծիք էին, որ նման երեկոները բարձրացնում են նոր սերնդի հայրենասիրական ոգին, հնարավորություն են տալիս մոտիկից լսելու մեր ոչ հեռու անցյալի հերոսներին, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդի ոգու հզորացման  եւ պայքարի տարեգրությունը արձանագրելու մեջ։
Վերջում Չեխիայի Հայ կանանց միության ջանքերով տրվեց հյուրասիրություն։

Հ.Ասատրյան

Օրեր

Պրահա


Առնչվող նյութեր
1. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
2. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
4. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
5. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
6. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
7. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
8. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
9. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը
10. Ցուցարարներու Եւ Նախագահին Միջեւ Հանդիպումէն Ետք Իսկ՝ Արցախի Մէջ Բողոքը Կը Շարունակուի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
2.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
3.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
4.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
6.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
7.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
8.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
9.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
10.Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: