ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը

27 մարտի, 2018 | 11:19

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Գյուրջիեւ համույթի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Լեւոն Էսկենյանը

Լեւոն Էսկենյան

Մարտի 27-ին ժամը 19.30ին Պրահայում  Սուրբ Շիմոնի եւ Սուրբ Հուդայի եկեղեցում /Kostel sv. Šimona a Judy, Dušní ul., Praha 1/  Կոմիտաս ծրագրով հանդես կգա Գյուրջիեւ համույթը, որը հայտնի է ազգային նվագարանների բացառիկ ներկայացումով։ Տոմսերը՝ /https://online.colosseum.eu/fok/

Համերգը նվիրված է  Սուրբ Շիմոնին եւ Սուրբ Հուդային՝  Սուրբ Թադեոսին եւ Սուրբ Բարդուղիմեոսին, ովքեր քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում։ Համերգը նվիրված է նաեւ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25 ամյակին եւ անցկացվում է  Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հովանու ներքո։

Նշենք նաեւ, որ դեռեւս 2012 թվականին Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը ներկայացվել էր աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝  հոլանդական “Edison Award”-ի «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում  և 2012-ի նոյեմբերի 5-ին ճանաչվել անվանակարգի հաղթող երաժշտական նախագիծ:

-Հարգելի պարոն Էսկենյան, դուք ծնվել եք Լիբանանում, երաժշտական կրթությունը ստացել եք Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Ի՞նչը դրդեց Ձեզ 1996 թվականին մշտապես տեղափոխվել Հայաստան։

-Այո, ես ծնվել եմ Լիբանանում, միշտ էլ երաժշտությունը շատ եմ սիրել։ 16-17 տարեկանում արդեն որոշել էի կյանքս նվիրել երաժշտությանը։ Իսկ միակ վայրը, որտեղ կարող էի հայկական կոմպոզիցիա սովորել, Երեւանն էր, ուստի 1996 թ. եկա Հայաստան, նախ սովորեցի երաժշտական ուսումնարանում,  իսկ հետո կոնսերվատորիայում մինչեւ 2007 թվական՝ ուսանելով կոմպոզիցիա, դաշնամուր, երգեհոն եւ կլավեսին։ Ուրախ եմ, որ Հայաստան գալու որոշումը կայացրի։ Այդ ժամանակ անընդհատ մտածում էի, որ եւս մի տարի կսովորեմ, եւ կվերադառնամ Լիբանան։ Իրականում  ուզում էի Գերմանիա մեկնել կամ եվրոպական այլ երկիր, որ ուսումս շարունակեմ, բայց ամեն տարի զգում էի, որ ես դեռ շատ բան ունեմ Հայաստանում սովորելու։ Եվ այդպես ես հասկացա, որ ես այլեւս չեմ կարող Հայաստանը թողնել եւ մեկնել։ Ինձ համար պարզ էր նաեւ, որ միջնորդի դեր պետք է կատարենք, խորանանք հայ մշակույթի մեջ եւ այն ներկայացնենք ամբողջ աշխարհում։ Այժմ ինձ Հայաստանից դուրս չեմ պատեկրացնում, թեեւ շատ ենք ճամփորդում, տարբեր երկրներ ենք մեկնում, բայց Հայաստան վերադառնալու պահանջը միշտ կա։ Հայերը  միշտ պետք է Հայաստանի հետ կապը պահպանեն։

Գյուրջիեւ համույթ

– Ինչո՞ւ հատկապես ընտրեցիք Գեորգի Գյուրջիեւին եւ 2008 թվականին նրա անունով կամերային եւ ժողգործիքների անսամբլ ստեղծեցիք։

– Ես առաջին անգամ Գյուրջիեւի մասին լսեցի 2005 թվականին իմ ընկեր  Զարեհ Ճգնավորյանից, ով ցանկանում էր ֆիլմ նկարահանել նրա մասին, եւ դա մեզ շատ հետաքրքեց։ Ես եւ կինս՝ դաշնակահար Լուսինե Գրիգորյանը, ով գյումրեցի է եւ նույնպես չէր լսել Գյուրջիեւի մասին,  հետաքրքրվեցինք Գյուրջիեւի կերպարով, երաժշտությամբ,  փիլիսոփայությամբ։ Լսեցինք Աննա Լեխների կատարմամբ նրա ստեղծագործություններից մեկը եւ մեզ իսկապես շատ հետաքրքեց այն, քանի  որ կրում էր Գյումրու հոգեբանությունը եւ  ամբողջությամբ արեւելյան ազդեցությամբ գրված երաժշտություն էր։ Մտածեցինք, թե որքան հետաքրքիր կլինի, եթե այդ արեւելյան երաժշտությունը դաշնամուրից  փոխադրվի արեւելյան նվագարանների վրա։ Գյուրջիեւն իր ճանապարհորդությունների ընթացքում, որ սկսել էր Հայաստանից, անցել Պարսկաստան, Միջին Արեւելք՝ հասնելով մինչեւ Տիբեթ եւ Հնդկաստան,  լսել էր տարբեր ժողովուրդների ծեսեր, երգեր ու պարեր, ժողովրդական երաժշտություն, բայց քանի որ ինքը երաժշտական կրթություն չուներ, մտքում պահել էր եւ դրանք  թելադրել  Թոմաս դե Հարթմանին, ով դաշնամուրի համար 200 ստեղծագործություն է գրել Գուրջիեւի փոխանցած այդ մեղեդիների հիման վրա։  Հարթմանն  առաջին անհատներից էր, ով Կոմիտասի հանրախումբ է ստեղծել դեռեւս 1919 թվականին եւ Կոմիտասի ստեղծագործություններն է հավաքել։  Մենք վերցնելով այդ դաշնամուրային ստեղծագործություններն ու գործերը, եւ արեւելյան տարբեր երաժշտություններն ու գործիքները / թուրքական, պարսկական, հունական եւ ասորական եւ այլ նվագարններ/, փոխադրեցինք այն նվագարանների վրա, որոնցով Գյուրջիեւը  կարող էր լսած լինել։ Նաեւ գիտեի, որ Գյուրջիեւը Փարիզում 40 հին  նվագարանների հավաքածու ուներ։ Նա ցանկացել է, որ այդ ստեղծագործություններն այդ նվագարաններով կատարվեն, սակայն այդ ծրագիրը այդպես էլ տարբեր պատճառներով չի կարողացել իրականացնել։

Այդպիսով, 2008 թվականին Հայաստանում լսեցի տարբեր խմբերի, եւ ընտրեցի հրաշալի երաժիշտների, ովքեր կկարողանային խորանալ այդ երաժշտության մեջ։ Այդ տարի էլ հիմնվեց Գուրջիեւի անվան անսամբլը։ Մեր առաջին համերգները տեղի ունեցան Հայաստանում՝ Գյումրիում Վանաձորում, Երեւանում։ Մեր ելույթները լսեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նա շատ հավանեց մեր գործը եւ այն ներկայացրեց  հեղինակավոր ,,Իյսեմ ռեկորդս,, ձայնագրման ընկերությանը, որի տնօրեն  Մոնֆրեդ Հայքերը հավանեց եւ առաջարկեց հրատարակել մեր ձայնագրությունները։ 2011-ին թողարկվեց մեր առաջին ձայնագրությունը՝ ,, Գյուրջիեւի երաժշտությունը,, անվանումով։ Ամբողջ աշխարհով տարածվեց այդ ձայնասկավառակը եւ մեծ արձագանքներ ստացանք տարբեր երկրներից։ Սկսեցին մեզ հրավիրել տարբեր փառատոնների՝ Եվրոպա, Ամերիկա, Ավստրիալիա, Միջին Արեւելք։

 

-Ինչքանով է Գյուրջիեւի փիլիսոփայական միտքն ազդել անսամբլի գործունեության վրա։ Ինչպե՞ս եք ընտրում անսամբլի երգացանկը։

– Գյուրջիեւի փիլիսոփայական գաղափարի հիմքում ընկած է այն, որ մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են մեխանիկական, այսինքն քնած վիճակի մեջ են մտնում։ Անընդհատ նույն բանը անելով՝ սկսում ենք լճանալ։ Մինչդեռ Գյուրջիեւը փորձում է մարդու մոտ զարգացնել կենտրոնացումը, ուշադրությունը, եւ մտքի զգացմունքների եւ մարմնի միջեւ հարմոնիան՝ ներդաշնակությունը։

Այսօր ինչ երաժշտություն էլ նվագում ենք,  հավատարիմ ենք մնում  այդ սկզբունքներին՝ խորանում ենք  ստեղծագործության մեջ առանց արտաքին փայլերի եւ ներկայացնում օբյեկտիվորեն։ Մեր նվագացանկը սկզբում ամբողջությամբ նվիրված էր Գյուրջիեւին, հետո ներառեցինք նաեւ Կոմիտասի մի քանի ստեղծագործություն, իսկ հիմա փորձում ենք այս գործիքները օգտագործել նաեւ աշուղական եւ ժամանակակից երաժշտության մեջ։

 

-Դուք հաճախ եք համերգներով հանդես գալիս արտասահմանում։ Ինչպե՞ս է Ձեզ ընդունում օտար հանդիսատեսը։

-Մենք արդեն համերգներով հանդես ենք եկել աշխարհի 20-ից ավելի երկրների տարբեր քաղաքներում, ելույթներ ենք ունեցել այդ երկրների երաժշտական հեղինակավոր փառատոններում կամ սրահներում։ Գյուրջիեւի երաժշտությունը թեեւ ծանոթ է շատերին, բայց մեր նվագարաններով կատարումը նորություն է, հաճախ գնահատվում է իբրեւ Գյուրջիեւի վերադարձը դեպի հայրենիք։

Կոմիտասին շատ ծանոթ չեն, եւ մենք՝ հայերս մեծ աշխատանք պետք է տանենք, որ տարածենք նաեւ Կոմիտասի երաժշտությունը։ Ովքեր լսում են, զարմանում են, որ մինչեւ հիմա ծանոթ չէին Կոմիտասին։ ԲԻ ԲԻ Սի-ն, երբ մի առիթով անդրադարձել էր  կնոջս կոմիտասյան կատարմանը,  գրել էր, որ Կոմիտասը Համաշխարհային երաժշտության պատմության գրքից պոկված մի էջ է, որ սպասում է  իր վերադարձին։ Յուրաքանչյուր համերգից հետո շատ երաժշտասերներ են մոտենում եւ հետաքրքիր հարցադրումներ տալիս։ Դրանք առիթներ են, որ այդ հարցերի շուրջ մտածենք։ Մեր բոլոր համերգներն անեցել են լեցուն դահլիճներում, եւ հանդիսատեսի 95 տոկոսը եղել են այդ երկրի երաժշտասերները։ Մեզ համար կարեւոր է, որ այդ երաժշտությունը միջազգային  փառատոններում լսում են եւ գնահատում։ Կոմիտասի պարագայում լսարանը չի կողմնորոշվում ժամանակի մեջ, քանի որ այն ե՛ւ ժամանակակից է հնչում, ե՛ւ շատ միջնադարյան, ե՛ւ արեւելյան, ե՛ւ եվրոպական։ Մենք հարուստ երաժշտություն եւ մշակույթ ունենք, որ երկար տարիներ հեռու է մնացել արեւմտյան լսարանից։ Մեր երաժշտությունը պետք է առանց աղավաղելու տարծել ամբողջ աշխարհում։

-Ձեր ելույթներում մեծ տեղ եք տալիս Կոմիտասին եւ նրա ստեղծագործություններին։ Ունե՞ք հատուկ մոտեցում նրա ժառանգությանը։

-Ճիշտ է, մենք ելույթներում մեծ տեղ ենք տալիս Կոմիտասի երաժշտությանը, բայց լիենլով մեծագույն կոմպոզիտոր, նրա ստեղծագործություններին Արեւմուտքում դեռեւս լավ ծանոթ չեն։ Թերեւս իր ամբողջ երգացանկը տպագրված եւ տարածված չէ Արեւմուտքում։ Մեր ելույթների ընթացքում ձգտում ենք Կոմիտասին ներկայացնել՝ հավատարիմ մնալով իր նշումներին, նրա երաժշտության սկզբունքներին։ Կատարում ենք Կոմիտասի  ,,7 բառ,, , Մշուշ,, , Օրոր,, դաշնամուրային ստեղծագործությունները։ Դրանք հիմնված են հայկական պարերի վրա, եւ յուրաքանչյուր ստեղծագործության նոտաների վրա Կոմիտասը նշել է այն նվագարանները, որոնցով պետք է կատարվեն։  Մենք ուսումնասիրել ենք, որպեսզի դրանք ճիշտ փոխադրվեն դաշնամուրի վրա։ Որպեսզի դաշնակահարների համար էլ հասկանալի լինի, ես փոխադրել եմ այս ստեղծագործությունները հայկական այն նվագարանների վրա, որոնք նշել է Կոմիտասը։

Մեր երկրորդ ձայնասկավառակի ձայնագրությունն ամբողջովին նվիրված է Կոմիտասի ստեղծագործություններին եւ դրանք ընդգրկված են մեր նվագացանկում։ Կոմիտասը ոչ միայն ինձ համար մեծ հոգեւոր ուսուցիչ է, այլեւ նրա հետ ազգակցական կապ կա, քանի որ մորս մեծ մայրը Քոթահյացից էր՝ խանըմ Սողոմոնյանը ազգական էր Կոմիտասին։

Լեւոն Էսկենյան

Ինչպե՞ս եք պատկերացնում հայ ժամանակակից եւ դասական երաժշտության համադրումը։

-Կարող ենք խոսել հայ ժողովրդական երաժշտության, ժամանակակից ու դասական երաժշտության համադրման մասին։ Ինչպես տասնամյակներ առաջ Կոմիտասը հիմքը դրեց հայ ժողովրդական երաժշտության, եւ հիանալի գործեր ստեղծեց դաշնամուրի եւ երգչախմբի համար, այժմ մենք փորձում ենք վերստեղծել այն հնչողությունը, որ Կոմիտասը պետք է որ լսած լիներ եւ այն փոխադրում ենք հայկական նվագարանների վրա։

Մեր հրաշալի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում անունը հայտնի է ողջ աշխարհում,  նոր ստեղծագործություն է գրել մեզ համար։ Հետաքրքիր է, որ հայ ժամանակակից կոմպոզիտորը գրում է մեր ազգային նվագարանների համար։ Սա նաեւ մեծ քայլ է դասական երաժշտության մեջ, քանի որ քիչ են մեծ անուն ունեցող կոմպոզիտորները, որ անդրադարձել են այս նվագարաններին։ Կարող եմ ասել, որ այսպիսով  նոր էջ է բացվում դասական երաժշտության մեջ։

 

-Ինչո՞ւ  Պրահայի համերգը որոշեցիք նվիրել Սուրբ Շիմոնին եւ Հուդային։

-Սուրբ Շիմոնն ու Հուդան Սուրբ Թադեոսն ու Բարդուղիմեոսն են, բնականաբար հայության համար պարզ է, թե ինչ կապ ունեն, քանի որ  նրանք  քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում։ Երբ Պրահայի Սիմֆոնիկ նվագախմբի դրամատուրգ Մարտին Ռուդովսկին դիմեց մեզ Պրահայի համերգի  համար, եւ  ասաց, որ Պրահայում Սուրբ Թադեոսին եւ Բարդուղիմեոսին նվիրված եկեղեցի կա, որտեղ  իրենք հաճախ են  համերգներ կազմակերպում եւ լավ կլիներ, որ այնտեղ նման համերգ կազմակերպենք։ Մեր ծրագրում ունեինք հոգեւոր գործեր, ես նաեւ նոր գործեր փոխադրեցի մեր պատարագից՝ հատվածներ արական կազմի երգչախմբի համար եւ դուդուկների համար, փորձելով այն կատարողականությունը ստանալ, որ շատ մոտ է հայ եկեղեցում հնչող երաժշտությանը։ Նաեւ վերցրեցինք մի կանոն՝ նվիրված Թադեոսին եւ Բարդուղեմեոսին, որն  առաջին անգամ կհնչի Պրահայում։

 

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը


Առնչվող նյութեր
1. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
2. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
3. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
4. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
5. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
6. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
7. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
8. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
9. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
10. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: