ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան

06 դեկտեմբերի, 2018 | 09:09

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան հիմնադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում: Այսօր այն արդեն 18 մասնաճյուղ ունի Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Մեր զրուցակիցը ակադեմիայի հիմնադիր նախագահ Իշխան Գասպարյանն է:

-Պարոն Գասպարյան  այսօր դուք ղեկավարում եք հաստատություն, որը եւ մասնակիցների թվով, եւ աշխարհագրությամբ  աշխարհում ամենամեծ պարային կառույցներից է համարվում:  Ինչպե՞ս ստեղծվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան: Հետհայացք նետելով՝ գո՞հ եք մնում արդյունքից:

– Նման համույթ ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով:

Այսօր, երբ տոնում ենք ակադեմիայի հիմնադրման 13  տարին, չափազանց հուզիչ է հիշել առաջին օրը, երբ միայն մեկ աշակերտ ունեինք, ի դեպ, խորհրդանշական է, որ նա էլ մի քանի ամիս անց, առաջին անգամ  ներկայացրեց  մեր ակադեմիան մեծ բեմում: Այդ համերգի օրը՝ դեկտեմբերի տասնչորսին էլ հենց նշում ենք ակադեմիայի տարեդարձը:

Հետագայում բացվեցին մեր Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների մասնաճյուղերը, որտեղ  երեխաներին սովորեցնում ենք պարի լեզուն: Գիտեք՝ չափազանց կարեւոր է, որ հայ երեխան  դրսում հնարավորություն ունենա շփվել հայկական արվեստի հետ:Շատ հուզիչ է, երբ Մոսկվայում բնակվող փոքրիկը, որ հայերեն խոսել չգիտի, հայկական պար է պարում…Բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր անելիքը  դրանով ավարտված համարել չենք կարող: Մեր կուտակած ներուժն ու փորձը պետք է օգտագործենք նաեւ հայրենիքում եւ բացվեցին մեր հայաստանյան մասնաճյուղերը: Սկզբում մայրաքաղաքում, հետո՝ Արտաշատում, Ավշարում, Աբովյանում, Էջմիածնում: Հուսանք շուտով նոր մասնաճյուղեր կունենանք նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

-Մեծ կառույցը ենթադրում է նաեւ մեծ ջանքեր եւ մեծ խնդիրներ: Ո՞րն է Ձեր հաջողության  բանալին:

Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում՝ սերը ու նվիրումը կատարած աշխատանքին: Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ներուժը  հաջողության հասնելու համար: Սա կառույց է,  որտեղ ողջունվում է միայն իրական նվիրյալ մասնագետների մուտքը: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք  մեծանալ ու ծավալվել:

Պարը ինձ համար հոգու եւ մարմնի նուրբ երկխոսություն է, որը պետք է ունենա  հոգեւոր նշանակություն: Ես փորձում եմ ամեն կերպ դա ներարկել մանկավարժների մեջ, որն էլ կներարկվի սաների մեջ: Ամեն կերպ փորձում ենք կենցաղը դուրս հանել մեր հաստատության սահմաններից եւ երեխաների համար ապահովել կախարդական մթնոլորտ:

Հաջող գործունեության հիմքում պետք է ընկած լինի ամուր գաղափարախոսություն: Մենք մի շարք կարգախոսներ ունենք, որոնք ժամանակին մշակել ենք հորս հետ: Այդ կարգախոսներից մեկն է՝ բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր ապագան: Նոր անուններն, ի դեպ, միայն աշակերտներին չի վերաբերվում: Մեր պարային կառույցը նաեւ շատ լավ մանկավարժներ է բացահայտում, որոնք  հետագայում էտալոն պետք է դառնան սաների համար: Սաների , որոնք հազարավոր մարդկանց առաջ պետք է ներկայացնեն մեր ակադեմիան:

-Պարի ակադեմիայում ընդունելությունը երեք տարեկանից սկսվում: Ունեք պարողներ, որոնք արդեն քսան տարեկան են: Ի՞նչ սկզբունքով եք կազմավորում խմբերը եւ յուրաքանչյուր երեխա կարո՞ղ է  լավ պարող դառնալ:

Աշխատասիրություն եւ ցանկություն, այս երկու հատկանիշները ունեցող մարդը անպայման կարող է պարել: Մեր ակադեմիայում պարի լեզուն սովորելու հնարավորություն ստանում է յուրաքանչյուրը, ով նման ցանկություն ունի: Նոր ընդունված երեխաները սովորաբար նախապատրաստական խումբ են հաճախում, սովորում անել առաջին քայլերը, հետո նոր միայն միանում ընդհանուր խմբին: Մեզ մոտ, ի դեպ, ընդունված է, որ մեկ խմբում միաժամանակ աշխատում են երկու եւ ավելի պարուսույցներ: Դա հնարավորություն է տալիս անհատական վերաբերմունք ապահովել յուրաքանչյուր երեխայի հանդեպ եւ բացահայտել նրանց ներուժը, բնածին տաղանդը:

Տարին մենք ամփոփում ենք մեծ մենահամերգով: Երեւան են գալիս նաեւ Մոսկվայի մասնաճյուղերի սաները: Հուլիսին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում  հանդիպում են բոլոր տասնութ մասնաճյուղերի աշակերտները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
2. Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով
3. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: