ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա

21 օգոստոսի, 2018 | 19:10

Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Թեև թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է վճարում ամերիկյան լոբբիստական ​​և հասարակայնության հետ կապերի ընկերություններին, նրանցից ոչ մեկը չի կարող պաշտպանել Թուրքիայի հեղինակությունը Էրդողանի անխոհեմ վարքագծից: Ամեն անգամ, երբ Էրդողանը բացում է իր բերանը և անմիտ քայլ անում, նա ավելի է վնասում Թուրքիայի հարաբերություններին այլ երկրների հետ, հիշեցնելով աշխարհին և ամրապնդելով վաղուց հաստատված «բարբարոս թուրքի» կերպարը:

Ահա բացասական PR-ի մի օրինակ, որ Էրդողանն առաջացրել է ամերիկյան լրատվամիջոցներում իր սեփական երկրի դեմ: Լիզա «Քենեդի» Մոնտգոմերին Fox բիզնես հեռուստատեսությունում, որը նախագահ Թրամփի սիրած ալիքն է, 2018 թ. օգոստոսի 18-ին ջախջախիչ հարձակում է իրականացրել նախագահ Էրդողանի դեմ: Նրա մեկնաբանությունները դիտող միլիոնավոր ամերիկացիներից բացի, 662 հազար այլ մարդիկ ևս տեսան այն Ֆեյսբուքում և շատ ուրիշները՝ Թվիթերում: Քենեդին նույնիսկ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայից վրեժ լուծելու միջոց…

«Ինչպե՞ս եմ քեզ արհամարհում, Էրդողան: Թույլ տուր նշել ուղիները: Թուրքիայի նախագահը իր երկիրը դնում է դիվանագիտական ողբալի վիճակի մեջ, հրաժարվելով ազատ արձակել ամերիկացի պատվելիին «ահաբեկչության մեղադրանքներով»: Կեղծ հանցագործությունն անհիմն մի բան է հոտած թուրքական լոխումի նման, և չնայած Էրդողանն իր իշխանությունը կենտրոնացրել է կեղծ ընտրությունների, լրագրողների բանտարկության և մտավորականների մաքրագործման վրա, նա չէր սպասում, որ կարող է մի այլ ուժեղ մարդ իրեն տապալի: Մեր նախագահը զզվել է Թուրքիայի վիրավորական հայտարարություններից, և դատարկ խոսքերի փոխարեն, նախագահ Թրամփը հուժկու էլեկտրոնային ապտակ հասցրեց Էրդողանին՝ գրառում անելով Թվիթերում. «Ես հենց նոր կարգադրեցի կրկնապատկել պողպատի և ալյումինի սակագները Թուրքիայի նկատմամբ, քանի որ նրանց դրամը՝ թուրքական լիրան, սրընթաց անկում է ապրում մեր ուժեղ դոլարի դիմաց… Ալյումինն այժմ կդառնա 20 տոկոս, իսկ պողպատը՝ 50 տոկոս: Մեր հարաբերություններն այժմ լավ չեն Թուրքիայի հետ…»:

 

Քենեդին շարունակել է իր քննադատությունը, ասելով՝ «Ե՞րբ են դրանք [Թուրքիայի հետ հարաբերությունները] երբևէ լավ եղել: Թուրքական կառավարությունը խայտառակություն է, և նախորդ վարչակազմերը կամ գրկել են նրանց, կամ ձեռքերը ծալած նստել, երբ հյուրընկալ գորգ են փռել ու դռները բացել ԻԼԻՊ-ի առջև, անընդհատ մտերմանալով Ռուսաստանի հետ: Սա մեր ռազմավարական գործընկերը չէ: Սա կոռումպացված, մարդասպան վարչակարգ է, որին պետք է դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, չխոսելով ռուսների հետույքը համբուրելու մասին, որոնք իբր թե տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն են: Այժմ, իհարկե, եղել են փոխադարձ սպառնալիքներ: Այժմ Էրդողանն ասում է, որ iPhone-ը կհանի շուկայից, կարծես թե մարդիկ այնտեղ կարող են սարքն օգտագործել ուժերը համախմբելու, իրենց հարստացնելու և ազատություն փնտրելու համար մարդասպան ռեժիմից, որը ցանկանում է համընդհանուր վերահսկողություն, և ուզում է տապալել համաշխարհային տնտեսությունը՝  ապացուցելու երեխայական մի դիրքորոշում… Եվ մինչ մենք դրա մեջ ենք, և մինչ նախագահը [Թրամփը] զայրացած է, եթե նա իրոք ցանկանում իր նոր գործընկեր Քիմ Քարդաշյանին երջանկացնել, նա պետք է պաշտոնապես, կրկին և վերջնականապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը ոչ թե «հարց» է կամ «ցավալի իրադարձությունների շարք», այլ 1.5 միլիոն մարդկանց սառնասիրտ սպանդ, որոնց հիշողությունը չի ջնջվի նապոլեոնյան որևէ տխմարի կողմից: Բաց թող պատվելի Էնդրյու Բրանսոնին, նախագահ Էրդողան, և վախեցիր [նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնի] բեղերից, քանի որ Բոլթոնը ռազմատենչ է: Ուստի հանուն աշխարհի խաղաղության, համակերպվիր ու ձայնդ կտրիր, որպեսզի չկործանվես…»:

 

Թրամփը, իրավիճակն ավելի բարդացնելով Էրդողանի համար, 2018 թ. օգոստոսի 17-ին հայտարարել է ամերիկացի լրագրողներին՝ «Թուրքիան խնդիր է եղել երկար ժամանակ: Նրանք բարեկամի նման չեն վարվել: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Նրանք հիանալի քրիստոյա հովիվ ունեն: Պատվելի Բրանսոնը հրաշալի մարդ է: Նրանք առաջ քաշեցին այդ կեղծ մեղադրանքը, որ նա լրտես է, իսկ նա լրտես չէ: Հիմա նա դատվում է, եթե դա կանվանեք «դատավարություն»: Նրան պետք է վաղուց վերադարձրած լինեին: Եվ, իմ կարծիքով, Թուրքիան, շատ, շատ վատ է վարվել: Այնպես որ, այս հարցը դեռ չի ավարտվել: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Նրանք չեն կարող բռնել մեր մարդկանց: Ուստի, կտեսնեք, թե ինչ կլինի…»:

 

Մինչ հայերը չափազանց տպավորված են Թրամփի սպառնալից խոսքերից, նրանք պետք է հիշեն, որ չնայած Թուրքիայի հակաամերիկյան և հականատոյական տասնյակ տարիների քաղաքականությանը, Արևմուտքը շարունակում էր գովաբանել Թուրքիայի ղեկավարներին: Արևմուտքում ոչ ոք չկարողացավ իր տեղը դնել Թուրքիային: Եթե վաղը, անկանխատեսելի Էրդողանը ազատ արձակի պատվելի Բրանսոնին, ես վախենում եմ, որ Թրամփը կսկսի գովաբանել Էրդողանին, ինչպես արեց Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Յունի և Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի հետ…

 

Նախագահ Թրամփը չպետք է մոռանա, որ պատվելի Բրանսոնին պահելուց բացի, Թուրքիան 1974 թ. ներխուժել և գրավել է Հյուսիսային Կիպրոսը, իրաքյան պատերազմի ժամանակ արգելել է ամերիկյան զորքերի անցումը Թուրքիայից Հյուսիսային Իրաք, Հյուսիսային Սիրիայում հարձակվել է Միացյալ Նահանգների դաշնակից քրդերի վրա, պատրաստվում է գնել ռուսական S-400 հրթիռային համակարգը՝ հակառակ ՆԱՏՕ-ի դիտողությանը, օգնել է շրջանցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները և աջակցել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին՝ Թուրքիայից մուտք գործելու Սիրիա:

 

Նույնիսկ այն բանից հետո, երբ պատվելի Բրանսոնը ազատ արձակվի, չպետք է ներել Թուրքիային իր բազմաթիվ սխալների համար: Ինչպես վերջերս առաջարկել էին մի շարք վերլուծաբաններ՝ Թուրքիային պետք է անմիջապես դուրս շպրտել ՆԱՏՕ-ից…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
2. Միկոյանի արած զարմանալի դիտողությունը Նիքսոնին 1959 թվականին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին
3. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
4. Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում
5. «Էրտողան, փոխանակ Եւրոպային դաս տալու, հայ ժողովուրդին դէմ գործուած ոճիրը թող ընդունի». Արամ Ա
6. Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ
7. Չեխիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը. ցավակցել են նաեւ Հայաստանի եւ Չեխիայի նախագահները
8. Հալեպն անվտանգության գոտու դիմաց
9. Մինչ ցուցարարները նոր կառավարություն են պահանջում՝ Ռուսաստանն ու Թուրքիան մեկուսացնում են Հայաստանը
10. Էրդողանը Թուրքիան վերածում է մի հսկայական Գուլագի. նրա որոշ գործողություններ հիշեցնում են 1915 թվականը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: