ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չնայած հրապարակային շռայլ գովասանքներին՝ ԱՄՆ խորապես մտահոգված է Էրդողանով

02 հուլիսի, 2013 | 19:17

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Մի քանի ամիս առաջ ես հոդված էի գրել` «Օբաման շահագործում է թուրք ղեկավարների շողոքորթության մարմաջը» վերնագրով` բացատրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը կարողանում է համոզել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կատարի իր պահանջները՝ օգտվելով շռայլ գովասանքների հանդեպ նրա ունեցած թուլությունից:

Նրանք, ովքեր ծանոթ են Էրդողանի բնավորության բռնատիրական բնույթին, որն ամբողջովին դրսևորվեց վերջերս Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ցուցարարների դեմ դաժան հարձակումների ժամանակ, խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Էրդողանի բռնակալական վարչակարգի հաճախակի կեղծ ներկայացմամբ՝ որպես «իսլամական աշխարհի համար տիպար երկիր»:

Նման գնահատականների կեղծությունը բացահայտվեց, երբ «Վիկիլիքսի» կողմից հրապարակվեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան հազարավոր դիվանագիտական գաղտնի հեռագրերը, ցույց տալով, որ Էրդողանի մասին ամերիկացի պաշտոնատարների իսկական կարծիքը՝ ճիշտ հակառակն է նրանց հրապարակային արտահայտությունների:

 

Գերմանական «Դեր Շպիգել» ամսագրում հրապարակված դեսպանատան զեկույցներում Թուրքիայի վարչապետը բնութագրվում է որպես «իշխանատենչ իսլամիստ՝ շրջապատված կոռումպացված և անիրազեկ նախարարներով»: ԱՄՆ դեսպանատան 2005 թ. մայիսի հեռագրում կասկած է հայտնվում, որ Էրդողանը երբեք իրատեսական աշխարհայացք չի ունեցել և հավատացել է, որ նա ընտրվել է Աստծո կողմից՝ Թուրքիան ղեկավարելու համար: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են ամերիկացի պաշտոնատարներին, որ Թայիփը հավատում է Աստծուն … սակայն չի վստահում նրան»:

ԱՄՆ դիվանագետները հաղորդում են, որ Վարչապետն իր գրեթե բոլոր տեղեկությունները ստանում է իսլամիստական ուղղվածություն ունեցող թերթերից՝ անտեսելով իր նախարարների առաջարկները: Թուրքական ռազմական և հետախուզական ծառայություններն իրենց որոշ զեկույցներն այլևս նրան չեն ուղարկում: Նա ոչ մեկին լիովին չի վստահում՝ շրջապատելով իրեն «քծնող (բայց անբարտավան) խորհրդականների երկաթյա օղակով»: Չնայած Էրդողանի գոռոզ պահվածքին՝ նա սարսափում է իր իշխանությունը կորցնելուց:

Թեև, թուրք առաջնորդն իր պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս, պատերազմ էր հայտարարել կոռուպցիայի դեմ, սակայն իրազեկիչները ԱՄՆ դեսպանատան պաշտոնատարներին հայտնել են, որ կոռուպցիան առկա է երկրի բոլոր մակարդակներում, նույնիսկ Էրդողանի ընտանիքի ներսում: Մի բարձրաստիճան պետական խորհրդական գաղտնաբար հայտնել է լրագրողին, որ Վարչապետը հարստացել է պետական նավթային զտարանի սեփականաշնորհման միջոցով: Էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա պնդել է, որ Էրդողանը խնդրել է իրանցիներին գազամուղի վերաբերյալ գործարք կնքել թուրքական մի ընկերության հետ, որը պատկանում է իր վաղեմի դասընկերոջը: Բացի այդ, ամերիկյան երկու աղբյուրներ պնդում են, որ Վարչապետն ունեցել է շվեյցարական ութ բանկային հաշիվներ: Էրդողանը հերքում է նման բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարստությունը, հիմնականում, գոյացել է իր որդու հարսանեկան նվերներից և հաստատել, որ մի անանուն թուրք գործարար վճարել է իր չորս զավակների կրթության ծախսերը Միացյալ Նահանգներում: Ամերիկայի դեսպանատան կողմից նման բացատրությունները դիտվել են որպես «անհամոզիչ»:

Դեսպանատան հեռագրերում պարունակվում են նաև շատ այլ ցնցող մեղադրանքներ Էրդողանի դեմ: Իրազեկիչները Միացյալ Նահանգների պաշտոնատարներին ասել են, որ երբ նրա կուսակցության թեկնածուն պարտվել է Տրապիզոնի քաղաքապետի ընտրություններում, իբր թե Վարչապետը պետական գաղտնի հաշվից միլիոնավոր դոլարներ է փոխանցել իր մտերիմ ընկերոջը՝ Ֆարուկ Նաֆիզ Օզակին, ում նշանակել էր «Տրաբզոնսփոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար: Դրամը նախատեսված էր լավագույն խաղացողներ ձեռք բերելու համար, որպեսզի ֆուտբոլային թիմի հաղթանակներն ստվերեին ընտրված քաղաքապետի ձեռքբերումները:

 

Ըստ ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի ուղարկած հեռագրի՝ Էրդողանի կողմից նշանակված պաշտոնյաները չունեին «մասնագիտական խորություն»: Մինչ ոմանք «կարծես թե, ի վիճակի են սովորելու աշխատանքի ընթացքում, մյուսները անճարակ են կամ, թվում է, հետապնդում են անձնական… շահեր»: Բարձրաստիճան թուրք պաշտոնատարները Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ նրանք ցնցված են Վարչապետի աշխատակազմից: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն իր տեղակալի պաշտոնում նշանակել է «անիրազեկություն, նախապաշարմունք և տգիտություն» ցուցաբերած մի անձնավորության: Պարզվում է, որ կանանց հարցերով նախարար Նիմեթ Չուբուկչուն՝ ամուսնական անհավատարմության քրեականացման ջատագովը, իր պաշտոնը ձեռք է բերել, որովհետև եղել է Վարչապետի կնոջ ընկերուհին: Մեկ այլ նախարար մեղադրվում է «հովանավորչության, հերոինի մաքսանենգության և անչափահաս աղջիկների նկատմամբ ունեցած հակումների համար»:

 

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հրապարակավ բարձր գնահատվող արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս գտնվում է թաքուն քննադատության թիրախում: Ըստ ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագրերի՝ Դավութօղլուն «շատ քիչ է հասկանում քաղաքականությունից՝ Անկարայից դուրս»: Ըստ էության, Միացյալ Նահանգների դիվանագետները անհանգստացած են «նրա իմպերիալիստական տոնով … և նեոօսմանյան տեսլականով»: 2010 թ. հունվարի զեկուցագրում, Ամերիկայի դեսպանը հայտնել է, որ Թուրքիան ունի «Ռոլս Ռոյսի հավակնություններ, բայց Ռովերի ռեսուրսներ»: Պաշտպանության նախկին նախարար Մեհմեդ Գյոնուլը նույնպես քննադատաբար է մոտեցել արտաքին գործերի նախարարին՝ ամերիկյան իշխանություններին նախազգուշացնելով նրա՝ «Էրդողանի վրա ունեցած իսլամիստական ազդեցության» մասին և նրան անվանելով «բացառիկ վտանգավոր»:

 

Հրապարակային շռայլ գովասանքներով շփացնելով Էրդողանին, չնայած ներքուստ գիտակցելով նրա բնավորության թերությունները, Միացյալ Նահանգների իշխանություններն այժմ պետք է լիովին պատասխանատվություն կրեն՝ երկրի ներսում և արտերկրում Վարչապետի կործանարար վարքագծի համար:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
8. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: