ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարապետյան. Բացահայտ սուտն ու մեր անունից սարքովի հայտարարությունները զենք են դառնում լրատվական պատերազմում

«Մենք չենք ուզում փամփուշտ դառնալ ձեր անմաքուր կռվում»
20 հոկտեմբերի, 2015 | 16:12

Radio's logoՊՐԱՀԱ –  Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև ծավալված լրատվական պատերազմի պայմաններում, ռուսական լրատվամիջոցներն օգտագործում են նաև Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի աշխատանքային քաղաքականությունը և դրա դեմ Պրահայում իմ ու Սնեժանա Պելիվանի դատական գործերը, սակայն անշուշտ իրենց անհրաժեշտ տեսակետից ու մեկնաբանմամբ, ճիշտն ու սուտն իրար խառնելով, բայց ամենակարևորը՝ հիմնվելով մեր, իբրև թե իրենց տված հարցազրույցի վրա։

Հաճախ լսում էի Ռուսաստանի այս կամ այն հայտնի դերասանի, երգչի կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հայտարարություններ, որ տպագրվող հարցազրույցների մեծ մասն իրենք չեն տվել, ու ամեն անգամ մտածում էի՝ հավանաբար չափազանցնում են, ինչպես կարող է լրագրողը նյութ հրապարակել, անամոթաբար ստելով, որ հանդիպել է տվյալ անձի հետ ու այսինչ կամ այնինչ առիթով զրուցել նրա հետ։ Այս տեսակետից Սնեժանան ու ես համալրեցինք այդ մարդկանց շարքերը։

Ռուսական մի կայք ՝ Ռիդուս անունով, «հետաքննություն» բարձր խորագրով մի լայնածավալ նյութ է հրապարակել, որ իբրև թե մենք տվել ենք Բեսլանի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ՝ «բացահայտնելով ռադիոկայանի գաղտնիքները»։

Ես չգիտեմ, եթե նյութում հիշատակվող Անդրեյ Բաբիցկին նրանց հարցազրույց տվել է, թե՝ ոչ, բայց իրականությունն այն է, որ մեզ՝ իմ ու Սնեժանայի հետ ոչ մի լրագրող այդ կայքից չի կապվել՝ ոչ հեռախոսով, ոչ էլեկտրոնային փոստով, ոչ սոցիալական ցանցերի միջոցով, ոչ սկայփով, ոչ մի կերպ…

Ավելին, հրապարկումը ես նկատել եմ նյութի հրապարակումից գրեթե մեկ ամիս անց, լիովին պատահաբար, ինտերնետում այլ տեղեկություններ որոնելիս։ Փաստորեն, նյութի հեղինակը, ոմն Կիրիլ Կոպիտոկկ, լավ «հետաքննություն» է կատարել ինտերնետում, կարդացել Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի դեմ մեր գործերի մասին հրապարակումները, նախկինում մեր տված հարցազրույցները, լրաքաղ է արել, վերցնելով այն, ինչ տեղավորվում է իր լրատվամիջոցի քաղաքականության մեջ, իսկ այն, ինչ չկա՝ անամոթաբար ավելացրել իր փչցած երևակայությանը համապատասխան։ Մի շարք այլ կայքեր էլ վերցրել են այս յուղոտ պատառն ու հղում կատարելով այս սայթին, իրենց հերթին են նոր շեշտադրումներ կատարել։ Իսկ մեր նկարներն ամենայն հավանականությամբ վերցվել են BBG Watch կայքից, չունենալով դրա արտոնությունը ոչ մեզանից, ոչ՝ կայքից։

Ստացվել է մի մեծ սուտ, հրապարակված իմ ու Սնեժանայի անունից։ Ես նախ և առաջ, անշուշտ փորձեցի կապվել ստի սկզբնաղբյուրի և այդ սուտը բազմապատկող ու տարածող սայթերի հետ՝ պահանջելով հանել նյութերը դրանց կեղծ ու շինծու լինելու պատճառով։ Այստեղ պարզվեց այլ հետաքրքիր իրողություն։

Պարզվեց, որ նյութի սկզբնաղբյուրն ընդհանրապես իրենց հետ ընթերցողներին կապվելու հնարավորություն չի տալիս, չկա բոլոր նորմալ լրատվամիջոցների «կապ մեզ հետ» կոճակը։ Միամտաբար որոշեցի կապվել վերահրատարակողների հետ, մտածելով, որ եթե իմանան, որ իրենք մոլորության մեջ են, անմիջապես կարձագանքեն։ Սակայն, նույնն էր վերահրապարակում իրականացրած երկրորդ սայթի պարագայում, ոչ մի հետադարձ կապ։ Այն կայքերը, որոնք նման հնարավորություն ունեին, նամակներ ստացել են ինձանից, նյութն իրենց կայքից հեռացնելու պահանջով։ Նորմալ լրատվական կայքն անմիջապես կարձագանքեր, առնվազն որևէ պատասխան կգրեր, գոնե ներողություն կխնդրեր։ Փաստորեն մենք գործ ունենք ոչ թե լրատական կայքերի, այլ ինֆորմացիոն պատերազմի մեջ գործող զենքերի հետ, ասենք՝ հերթական կալաշնիկով ավտոմատների, որ բառային ու տեքստային կրակահերթեր են բաց թողնում իրենց նախանշած թիրախների վրա։ Բայց կներեք, մենք չենք ուզում փամփուշտ դառնալ ձեր անմաքուր կռվում։

Մեր իբրև թե տված հարցազրույցում մենք իբրև թե ասել ենք որ ռադիոկայանի բյուջեի առյուծի բաժինն օգտագործվում է «տրոլլների» վրա։ Փաստորեն, ռուսական Ռիդուս և դրա լրատվությունը բազմապատկող լրատվամիջոցներն իրենց փորձն են բացահայտում՝ մի կայքը նյութը սարքում է, մյուսը ծաղկացնում, մյուսը նաև թարգմանում, և այսպես շարունակ։ Ինչով «տրոլլ» չէ։

Այո, Սնեժանան ու ես խնդիրներ ունենք Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի հետ կապված աշխատանքային քաղաքականության հետ։ Այո, մենք ասել ու ասում ենք, որ ռադիոկայանի ղեկավարության սխալները մինչև օրս չուղղելը հանգեցնում են ռադիոկայանի վարկի անկմանը՝ տաբրբեր պետություններում քննադատական հոդվածների հրապարակումով։ Չէ՞ որ դրանցում իրավապաշտպան ռադիոկայանը մեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս՝ մարդու իրավունքների խախտման մեջ։ Մենք պայքարել ու պայքարելու ենք մի քանի ղեկավարների ապօրինությունների դեմ, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր այդ պայքարը ռուսական լրատվամիջոցները կիրառեն իրենց հարմար կոնտեքստում, իրենց հարմար բառերով ու եզրահանգումներով։

 

 

Աննա Կարապետյան

 


Առնչվող նյութեր
1. “ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԵՐ ամսագրի Չեխիայի հայ համայնքին նվիրված համարի ներկայացում եւ Իրանահայ համայնքին նվիրված զեկուցում
2. «Համացանցը պետք է օգտագործել համահայկական շահերին ծառայեցնելով». Աննա Կարապետյան
3. Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ գրողներին նվիրված երեկո Չեխիայում Հայաստանի դեսպանությունում
4. Երեք լրագրող կանայք իբրեւ ականատես Եվրախորհրդարանում խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին-լուսանկարային ռեպորտաժ
5. Աննա Շաբատովան` Չեխիայի մարդու իրավունքների պաշտպան
6. Յարոմիր Շտետինան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ
7. Կոպիտ գրաքննություն ,,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ,, ռադիոկայանում. ,,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ,, ամենևին ազատ խոսքի պատվար ՉԷ
8. Նշանակվել է Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի նոր նախագահը
9. «Ազատություն /Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը հեռացվել է աշխատանքից
10. “Ազատություն” (RFE/RL) ռադիոկայանի նախագահը պաշտոնաթող է լինում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: