ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

05 նոյեմբերի, 2014 | 18:03

Harut SassounianՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

 

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և  Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Թեև նման արտերկրյա այցերը սովորական բնույթ են կրում, սակայն շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

 

Ընդամենը մի քանի տարի առաջ բազմաթիվ արաբներ և մահմեդականներ ողջունում էին Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպես նորօրյա սուլթանի, որը պաշտպանում էր իրենց ազգային և կրոնական ձգտումները: 2010 թվականին Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Թուրքիան որոշել էին ստեղծել ազատ առևտրի գոտի՝ իրենց տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Սակայն շատ չանցած, նեցուկ կանգնելով «Մահմեդական եղբայրների»  և ջիհադականների արյունարբու սպանդներին ընդդեմ քրդերի, եզդիների, շիաների, ալավիների և քրիստոնյա փոքրամասնությունների, Էրդողանի մենատիրական և անխոհեմ վարքագիծը վանեց Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետություններին: Սիրիայի հետ սիրո բերկրանքն արագորեն վերածվեց բացահայտ թշնամանքի, իսկ Եգիպտոսի, Իրանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, և հատկապես Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունները դարձան հակոտնյա:

 

Հավանաբար, Թուրքիայի հետ այս տարածաշրջանային լարվածությունը կարևոր դեր խաղաց չորս հայ անձնավորությունների ոգևորիչ ընդունելության մեջ Իրանի և Հորդանանի ամենաբարձրաստիճան պաշտոնատարների կողմից, որտեղ նրանք ջերմ և արդյունավետ քննարկումներ ունեցան իրենց փոխադարձ շահերի ու մտահոգությունների վերաբերյալ: Ահա նրանց այցելությունների գլխավոր պահերը.

 

– Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի, վարչապետ Աբդալլահ Անսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավափդեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Տարաունայի հետ: Այցելության ընթացքում Երևանի և Ամմանի քաղաքապետերը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Երկու պետությունների ղեկավարները որոշեցին ստեղծել միջխորհրդարանական բարեկամության խմբեր և ընդլայնել իրենց համագործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հորդանանի ղեկավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին ապաստան տալու և ներկայումս Հորդանանի հայ համայնքի կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու համար: Հայաստանի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի՝ 1917 թվականի ուղերձի համար, որում նա հորդորել էր հավատացյալ մահմեդականներին աջակցել Ցեղասպանության հայ գաղթականներին. «պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր ունեցվածքը  և ձեր երեխաներին»: Նախագահ Սարգսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Հուսեյն թագավորի հիշատակին, ով 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան: Այնուհետև Նախագահը ներկա գտնվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Սուրբ Կարապետ եկեղեցու օծման պատմական արարողությանը՝ Հորդանան գետի ափին, որտեղ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Սրբազան վայրում եկեղեցու հողը մեծահոգաբար նվիրաբերել էր Հորդանանի կառավարությունը: Հետաքրքիր է, որ մինչ Թուրքիան օգնում և դրդում է ջիհադական ահաբեկիչներին ոչնչացնելու Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը Դեր Զորում, Հորդանանի կառավարությունը օժանդակում է Հորդանան գետի ափին Հայոց եկեղեցու կառուցմանը…

 

– Իրան կատարած իր կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահ Հասան Ռոհանիի հետ և մի շարք պայմանագրեր ստորագրեց էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի վերաբերյալ: Պարոն Աբրահամյանը նախագահ Ռոհանիին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Վարչապետը, կաբինետի յոթ նախարարների ուղեկցությամբ, նաև հանդիպումներ ունեցավ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրիի հետ. վերջինս բարձր գնահատեց հայ համայնքի դերը Սպահանի զարգացման գործում:

 

– Արամ կաթողիկոսը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ով բարձր գնահատեց իրանահայ համայնքի դերը. «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև հարաբերությունները միշտ դրական զարգացում են ունեցել»: Նրանք նաև քննարկեցին տարածաշրջանում թուրքական կառավարության բացասական դերը: Արամ կաթողիկոսը նաև հանդիպեց Սպահանի նահանգապետի և Միջմշակութային և միջկրոնական երկխոսության իսլամական կազմակերպության առաջնորդների հետ: Իրանի նախագահի Էթնիկ և կրոնական հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին, Նախագահ Ռոհանիի անունից ընթրիք տվեց՝ ի պատիվ Արամ կաթողիկոսի: Ելույթ ունենալով Նոր Ջուղայի համաժողովում՝ Թուրքիայից Հայոց ցեղասպանության պահանջատիրության վերաբերյալ, Կաթողիկոսը հայտարարեց. «անկախ հանգամանքներից և անցած տարիներից, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել մեր նահատակների համար»:

 

Չորս հայ ղեկավարների զուգադիպած այցերը Իրան և Հորդանան ամրապնդում են խիստ դրական կապերը երկու մահմեդական երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի միջև, և ընդգծում Թուրքիայի հավելյալ մեկուսացումը Մերձավոր Արևելքում:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
7. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
8. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
9. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
10. Վարչապետն Արցախում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: