ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին Նյու-Յորքում կշնորհվի «Հայերի բարեկամ 2014» կոչումը

30 ապրիլի, 2014 | 12:04

Gilan dprots 2Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ երգիչ, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը Նյու-Յորքում կարժանանա «Հայերի բարեկամ 2014» կոչմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ կոչումը երգչին կշնորհի Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմը:

Իէն Գիլանի պարգեւատրման արարողությունը կկայանա մայիսի 2-ին Նյու-Յորքում` Արեւելյան թեմի 112-րդ ամենամյա հավաքի շրջանակներում:

Deep Purple-ի վոկալիստը պատվավոր կոչմանը կարժանանա Գյումրիի նորակառույց թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության ծրագրին մասնակցելու համար: Դպրոցը կառուցվել է Մեդիամաքսի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալական Do Something կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում:

Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2013թ. սեպտեմբերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Իէն Գիլանի, Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Մարդիգյան ընտանիքի անդամների մասնակցությամբ, ովքեր ամենախոշոր գումարն էին նվիրաբերել դպրոցի շինարարության համար:

2009թ. ՀՀ նախագահը Պատվո շքանշանով էր պարգեւատրել Իէն Գիլանին, Թոնի Այոմիին (Black Sabbath), Ջոն Դիին (Rock Aid Armenia ծրագրի հիմնադիր), Ջեֆ Դաունսին (Asia, Yes), Բրայան Մեյին (Queen) եւ Դեւիդ Գիլմորին (Pink Floyd)` 1989թ. Rock Aid Armenia ծրագրին մասնակցության համար: 2009թ. հոկտեմբերին Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Դին եւ Ջեֆ Դաունսը այցելել էին Գյումրիի թիվ 6 դպրոց, որն ավելի քան 20 տարի գործում էր ժամանակավոր տնակային պայմաններում, եւ խոստացել էին օգնել նոր շենքի կառուցման հարցում:

Այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը հանդիսացան Մեդիամաքսի կողմից կազմակերպված` Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2010թ. մարտին: Հետագայում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպերխումբը, որը թողարկեց երգ եւ ալբոմ` Գյումրիի երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Մեդիամաքսը նախատեսում է պատմել մայիսի 2-ին Նյու-Յորքում կայանալիք արարողության մասին:


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: