ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը

05 մարտի, 2018 | 22:30

Մարտի 4-ին  Կոպենհագենում  60 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի ջութակահար Սերգեյ Ազիզյանը, ով  մոտ երկու տասնամյակ եղել է Կոպենհագենի ֆիլհարմոնիկ  նվագախմբի առաջին ջութակահարը՝ կոնցերտմայստերը։ 2011 թվականից նա  իբրեւ պրոֆեսոր դասավանդում էր  Դանիական թագավորական կոնսերվատորիայում։ 

Տաղանդավոր, բարի ու կյանքով լեցուն մեր հայրենակցին հանդիպեցինք 2016-ին՝ Կոպենհագենում , երբ պատրաստում էինք Դանիայի հայ համայնքին նվիրված հոդվածը։

Ըստ էության մեր ջերմ ու հետաքրքիր զրույցը, որի մի հատվածը ներկայացրեցինք մեր հոդվածում, նրա համար դարձավ վերջինը։ Մեր խորին ցավակցություններն ենք փոխանցում Ազիզյան ընտանիքի անդամներին ու հարազատներին։  Ծանր է նվիրյալ պրոֆեսիոնալի, ջերմ  ու կյանքով լի ամուսնու ու հոր, ընկերոջ կորուստը։

Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին  ՕՐԵՐ ամսագրում տպագրված այն հատվածը, որը վերաբերում է անվանի երաժշտին։

 

Ջութակահար Սերգեյ Ազիզյանը ծնվել է 1957 թ Երեւանում։ Մայրը բժիշկ էր, հայրը՝ ինժեներ, 11 տարի սովորել է Չայկովսկու անվան դպրոցում՝ Զուզե Սարգսյանի մոտ, հետո կոնսերվատորիայում, երկրորդ կուրսից տեղափոխվել է Լենինգրադի/Սանկտ Պետերբուրգի/ կոնսերվատորիա, ասպիրանտուրան ավարտել, ծառայել բանակում, նվագել է Եվգենի Մռավինսկու ֆիլհամաիիայի նվագախմբում, կոնսերվատորիայում ժամավճարով դասեր տվել։ 1993 թ. Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբում կոնցերտմայստերի թափուր տեղի մրցույթին է մասնակցել եւ հաղթելով՝ անցել աշխատանքի։

19 տարի աշխատել է այս նվագախմբում՝ մինչեւ 2011թ, արժանացել է Դանիայի թագավորական  կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչման։ Այժմ միայն դասավանդում է։

Նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Սկանդինավյան երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում, Ճապոնիայում, Չինաստանում եւ այլուր։ Նվագել է նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ։ 11 ձայներիզ է թողարկել։ Շատ է սիրում կատարել Բախ եւ Բաբաջանյան։
«Դանիան ինձ շատ լավ ընդունեց։ Շնորհակալ եմ եւ գոհ։ Ես իրենցից շատ եմ սովորել, մի քանի հոգով հարց են քննարկում, մեկը մինչեւ չի վերջացնում խոսքը, մյուսը չի սկսում, մեկը մյուսին լսում է»,– ասում է Սերգեյ Ազիզյանը։ «Նախկինում հայությունն ավելի քիչ էր, Կոպենհագենի հայերը հավաքվում էին տներում, խորոված էին անում։ Համայնքային կառույց էլ կար, շենք էլ կար, հավաքվում էինք, Ալեքսանդր Աղաբալյանն էր համայնքի նախագահը։ Տարբեր ձեւի մարդիկ ու շերտեր կային։ Այժմ դեսպանությունն է հավաքում մարդկանց»։
«Երեխաներս, որ այժմ 27 եւ 30 տարեկան են, ազատ գրում եւ խոսում են հայերեն։ Ժամանակին հաճախել են հայկական կիրակնօրյա դպրոց, նաեւ ռուսական դպրոց։ Տանը խոսում ենք հայերեն։ Կինս հայ է։ Տղաս համալսարանն է ավարտում էկոնոմիկայի գծով։ Աղջիկս ջութակահար է՝ Լուսինե Ազիզյան, Նորվեգիայում Կրիստիանսանդում է բնակվում եւ աշխատում,  տարբեր համերգների է մասնակցում, Բաբաջանյան սոնատն է ձայնագրել»,– ասում է նա։
Հայաստանի հետ կապը պահում են, աշխատում են հետեւել հայաստանյան իրադարձություններին։ «Սփյուռքը շատ մեծ դեր է խաղում Հայաստանի կյանքում։ Իբրեւ Երեւանում հասակ առած մարդ, ես այլ կերպ եմ կարոտում Հայաստանը։ Դա շատ կարեւոր կապ է»,– ասում է Սերգեյ Ազիզյանը։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հ.Ասատրյանի

 

Հ.Գ. Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին ժամը 11-ին Կոպենհագենի Brønshøj Church եկեղեցում։


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
2. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
3. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
4. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
5. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
6. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
7. Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր
8. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
9. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ
10. Դանիացի նախարարի ծաղկեպսակը՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: