ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական մամուլ – Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չեղյալ չի հայտարարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

31 հունվարի, 2014 | 18:10

Sargsyan and Zeman. 30.01.14.-1Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

Հարց-Ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս վիճակը:

Սերժ Սարգսյան – Հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Չնայած նրան, որ Չեխիայի հայ համայնքը համեմատաբար վերջերս է ձևավորվել, իսկ միջպետական համագործակցությունն ընդամենը 22 տարվա պատմություն ունի, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում մենք փոխգործակցության որակապես նոր մակարդակի ենք հասել: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ համագործակցությանը ինչպես ԵՄ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, առաջին հերթին՝ Արևելյան գործընկերության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, Եվրոպայի խորհուրդը:

Սա ամենաբարձր մակարդակի առաջին այցն է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Պետական այցի կարգավիճակը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության մակարդակի, այլ նաև հեռանկարային փոխշահավետ գործընկերությունը զարգացնելու մեր տրամադրվածության մասին:

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա: Այդ պատճառով էլ ես Պրահա եմ այցելել գործարարների պատվիրակության ուղեկցությամբ: Իմ այցի շրջանակներում ավելի քան տասը համաձայնագրերի ստորագրումը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում գործընկերության զարգացման և կապերի ընդլայնման վրա:

Եթե որոշ ոլորտներում հայ-չեխական համագործակցությունը գտնվում է ձևավորման փուլում, ապա գիտության և կրթության, մշակույթի ոլորտում մենք փոխգործակցության հարուստ փորձ ունենք: Մեր հասարակությունները և ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները, ունեն մշակութային հարուստ ժառանգություն: Մշակույթի նախարարությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երևանում չեխական մշակույթի օրեր, իսկ մյուս տարի Պրահայում հայկական մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ:

Հարց – Պարոն Նախագահ, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը Ռուսաստանի հետ: Դա նշանակո՞ւմ է Եվրոպական միությանը ինտեգրացիայի ավարտ:

Սերժ Սարգսյան – Դա ոչ մի կերպ, չի համարվում, ինչպես Դուք եք ասում, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ավարտ: Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում ենք շատ ոլորտներում և հաստատակամորեն մտադրված ենք շարունակել մեր հարաբերությունները: Ես նկատի ունեմ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն:

Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցությանը: Վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ (Հայաստանի Հանրապետություն և ԵՄ) մենք վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը հետագայում ևս զարգացնել և ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հենց այնտեղ՝ Վիլնյուսում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնցում նշված է Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության օրակարգը:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չեղյալ չի հայտարարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքներին, մարդու իրավունքները հարգելուն, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական ազատություններին նվիրվածության հիմքի վրա: ԵՄ-ի հետ մեր երկխոսության այն մասը, որը վերաբերում է Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում:

Եվրոպական միության հետ համագործակցության գործում մենք զգալի աշխատանք ենք կատարել, մենք էական առաջընթացի ենք հասել մեր օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման ու ամրապնդման գործում: Ուժի մեջ են մտել հետընդունման և վիզաների դյուրացման, շարժունակության ոլորտում գործընկերության համաձայնագրերը, բանակցություններ են ընթանում մի շարք հատվածներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ստորագրված է արձանագրություն, որը Հայաստանի համար ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն է բացում:

Հարց – Հայաստանը ցանկանո՞ւմ է ապագայում Եվրոպական միության անդամ դառնալ:

Սերժ Սարգսյան – Նման հարց մեր օրակարգում չի եղել և այսօր էլ չկա: Շատերը նույնիսկ շփոթում էին համաձայնագրեր «ասոցացման մասին» և «ասոցացված անդամակցության մասին» հասկացությունները: Մեկը չի ենթադրում մյուսը: Հակառակը, Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկի հենց առաջին պահից՝ հինգ տարի առաջ, այստեղ՝ Պրահայում, բոլորն ասում էին, որ այդ հասկացությունները չի կարելի շփոթել, և Արևելյան գործընկերությունը Եվրոպական միություն տանող ճանապարհ չի հանդիսանում:

Հարց – Դուք ի՞նչ եք ակնկալում Արևելյան գործընկերությունից:

Սերժ Սարգսյան – «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակն ի սկզբանե եղել է ընդհանուր արժեքների տեսլականը՝ այնպիսիք, ինչպիսիք են իրավական պետության հիմքերի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները հարգելը, համատեղ ապագայի տեսլականը: Արևելյան գործընկերությունը մեզ համար մեր եվրոպական գործընկերների հետ շփման մեխանիզմ է, մեր մշակույթների փոխներթափանցման, տնտեսական կապերի ընդլայնման, քաղաքական երկխոսության խորացման համատեքստում ընդհանուր նպատակներին և խնդիրներին հասնելն է:

Մենք կձգտենք իրականացնել Վիլնյուսյան հայտարարությամբ դրված նպատակները, որի հիման վրա մոտ հեռանկարում կձևավորվի Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությունը:

Հարց – Վրաստանը՝ ձեր հարևանը, ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Դուք սատարո՞ւմ եք:

Սերժ Սարգսյան – Վրաստանի սուվերեն իրավունքն է, ինչպես ցանկացած պետության, ընտրել անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կապահովի իր ազգային շահերը: Կցանկանայի հուսալ, որ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը և հարևան պետությունների հետ հարաբերությունները, այդ թվում՝ այն երկրների, որոնք վճռորոշ դերակատարություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության հարցում:

Այսօրվա դրությամբ մեր հարևան երկրներից միայն մեկը՝ Թուրքիան է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ: Մեր անվտանգության համակարգին դա ոչինչ չի ավելացնում: Ավելին, չնայած նրան, որ Հայաստանը բավականին արդյունավետորեն զարգացնում է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. մենք իրականացնում ենք համագործակցության անհատական ծրագիր, մասնակցում ենք Կոսովոյում և Աֆղանստանում գործողություններին, մենք ոչ մի անգամ չենք նկատել, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, այդ կազմակերպության ձևաչափում, Թուրքիային մատնացույց անեն, որ նա իր գործողություններով գործընկեր երկրին էական վնաս է հասցնում: Պարադոքսային է, որ մենք մեր ներդրումն ենք ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում, և այդ պարագայում մեր անվտանգության համակարգին ուղղակի վնաս է հասցնում ՆԱՏՕ-ի մասնակից երկրի քաղաքականությունը:

Հարց – Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի խնդիրներին:

Սերժ Սարգսյան – Գիտեք, ես կարծում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծեն իրենց հասարակությունները՝ խաղաղ և կառուցողական երկխոսության միջոցով: Հայաստանը միշտ շահագրգռված է եղել տարածաշրջանի պետությունների կայունության և համագործակցության հարցում: 2008թ. օգոստոսյան իրադարձությունների օրերին Հայաստանը շատ ծանր իրադրության մեջ էր: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաները ընդհատվել էին, Ռուսաստանի հետ կային դաշնակցային հարաբերություններ և պարտավորություններ, ընդ որում` կային բարիդրացիական գործընկերային հարաբերություններ Վրաստանի հետ: Ե՛վ Վրաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Աբխազիայում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք հանկարծ հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում: Մեզ համար դա շատ ծանր փորձություն էր:

Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ նման խնդիրները չի կարելի փորձել լուծել ուժի միջոցով: Դա միշտ բերում է մեծ ցնցումների և ողբերգությունների:

Հարց – Դուք ծնվել և մեծացել եք Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղը հանդիսանո՞ւմ է անկախ պետություն:

Սերժ Սարգսյան – Առաջին հերթին ես առաջարկում են Ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ և բացահայտել աշխարհի հնագույն անկյուններից մեկը, ծանոթանալ հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությանը, զգալ Արցախի ժողովրդի ջերմ հյուրընկալությունը և հասկանալ նրա արժեքային կողմնորոշիչների համակարգը, անձնական փորձի հիման վրա ծանոթանալ արցախյան իրականությանը:

Ես վստահ եմ, որ Արցախ այցելությունից հետո, Դուք կհամալրեք աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր լրագրողների, հասարակական և քաղաքական գործիչների շարքը, ովքեր հիացմունքով են հիշատակում այնտեղ ապրող ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցության բարձր մակարդակի, նրա ժողովրդավարական արժեքների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների անցկացման բարձր մակարդակի, պետական ինստիտուտների արդյունավետության մասին: Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն և պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա:

Նման այցերի արդյունքում լրագրողները տեսածը փոխանցում են ընթերցողներին՝ ներկայացնելով Արցախի մասին ողջ ճշմարտությունը: Չէ՞որ, ինչպես ասել է ականավոր չեխ գրող, դրամատուրգ, իրավապաշտպան և պետական գործիչ Վացլավ Հավելը. «Երբ ճշմարտությանը լիակատար ազատություն տրված չէ, ապա ազատությունը լիակատար չէ»: Կարծում եմ՝ հենց դրա համար է, որ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Արցախ շատ մարդիկ այցելեն: Նրանց, ովքեր այցելում են Ղարաբաղ, նրանք ինչ-որ սև ցուցակներում են ներառում և հետո արգելում են Ադրբեջան այցելել: Բայց, վստահեցնում եմ Ձեզ, նույնիսկ այդ դեպքում Դուք կհայտնվեք աշխարհի նշանավոր մարդկանց շատ պատվավոր ցուցակում, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը բարձր են դասել սպառնալիքներից ու ահաբեկումներից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առարկա է: Համանախագահների ներկայացրած առաջարկությունների տրամաբանության համաձայն, վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Հարց – Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Ղարաբաղի հսկողության տակ: Ինչո՞ւ:

Սերժ Սարգսյան – Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ անցավ հարակից շրջանների մի մասը: Այդ հողերը բուֆերային գոտու դեր են կատարում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվտանգությունը հնարավոր հրետակոծություններից և ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերը նոր ագրեսիայի դեպքում: Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակը շփման գծում: Հատկապես բանակցությունների հերթական փուլի նախօրեին կամ անմիջապես դրանց ավարտից հետո և այլ պետություններից բարձրաստիճան պետական այրերի այցերի օրերին: Բառացիորեն օրերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի մարտիկները հետ մղեցին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ևս մեկ դիվերսիոն հարձակում: Ադրբեջանական հետախույզների խումբը չկարողացավ իրականացնել ամիսներով ծրագրած դիվերսիան և ստիպված եղավ փախուստի դիմել՝ իր հետ տանելով մի քանի դիակ և պայթելով ականադաշտում:

Գոյություն ունեցող շփման գիծն իրենից ներկայացնում է ամրացված ինժեներական շինություններ և ամենակարճ սահմանն է, որը թույլ է տալիս ղարաբաղցիներին պաշտպանվել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ, ծայրահեղ ազգայնամոլ, երբեմն՝ ֆաշիստական հռետորաբանության ֆոնին: Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, Հռոմի հասակակիցը, համարվում են ադրբեջանական պատմական հողեր, և այդ ամենը երբևէ կբռնակցվեն Ադրբեջանի կողմից: Նա այդ մասին խոսում է հրապարակայնորեն, և Ղարաբաղի իշխանություններին քիչ բան է մնում, բացի վառոդը չոր պահելուց:

Հարց – Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազա կա: Ձեզ ինչի՞ց է պաշտպանում: Թուրքիայից և Ադրբեջանի՞ց:

Սերժ Սարգսյան – Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Այդ բազան խորը պատմական արմատներ ունի, անցել է լուրջ մարտական ուղի: Բազայի մասին համաձայնագրով այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում կարևոր բաղադրիչ է հանդիսանում՝ բոլոր ուղղություններով հնարավոր սպառնալիքների դեպքում: Վերջերս մենք Նախագահ Պուտինի հետ միասին Գյումրի քաղաքում այցելեցինք այդ բազան:

Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկը: Ռուսաստանի հետ մեզ կապում է նաև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն արտացոլված է մի ամբողջ շարք պայմանագրերում ու համաձայնագրերում: Հայաստանը հավատարիմ է անվտանգության համակարգերի համատեղման սկզբունքին և դեմ է հանդես գալիս բաժանարար գծերին՝ հին և նոր:

Հարց – Ադրբեջանը ուժգնորեն ամրապդնում է իր ռազմական ուժերը: Պատրաստվելով պատերազմի՞ն:

Սերժ Սարգսյան – Ցավոք, պատմության դասերը ոչ միշտ են պատշաճ կերպով հաշվի առնվում: Այսօր էլ Ադրբեջանը չի դադարում բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի հասցեին՝ արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

90-ականների սկզբներին Ադրբեջանը բանակի և ռազմական տեխնիկայի թվաքանակով շատ ավելի էր գերազանցում Հայաստանն ու Արցախը միասին վերցրած, քան այսօր: Սակայն, ռազմական գործողությունների ելքի վրա ազդեց ոչ թե այդ հանգամանքը, այլ արցախցիների բարձր բարոյական ոգին և իրենց Հայրենիքը պաշտպանելու վճռականությունը: Արդյունքում, ագրեսիա սանձազերծած Ադրբեջանն ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով զինադադար խնդրել:

Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը լիովին կիսում են խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները: Մենք վստահ ենք, որ ուժի նոր կիրառումը կարող է նոր զոհերի և ավերածությունների պատճառ դառնալ, բայց երբեք չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Հուսով եմ, որ վաղ թե ուշ ողջախոհությունը կհաղթի, այդ ընկալումը կդառնա գերիշխող, և մեզ վերջապես կհաջողվի հաստատել երկարաժամկետ կայունություն և խաղաղություն մեր տարածաշրջանում:

Հարց – Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին:

Սերժ Սարգսյան – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ թուրքական կողմը չի ցանկանում պահպանել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և առանց որևէ նախապայմանի Թուրքիայի խորհրդարանում վավերացնել 2009թ. Ցյուրիխում ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ արձանագրությունները:

Միջազգային հանրությունը համերաշխ է Հայաստանի մոտեցման հետ՝ առանց նախապայմանների կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները և համարում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կողմում:

Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը վերականգնել, եթե թուրքական կողմը քաղաքական կամք դրսևորի և հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելու անարդյունավետ ճանապարհից: Ստորագրված արձանագրությունների իրագործումը նաև կդառնա ամբողջ տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևոր բաղադրիչ:

Հարց – Հայերը մեծ սփյուռք ունեն: Ի՞նչ է այն տալիս Հայաստանին:

Սերժ Սարգսյան – Երբ մենք խոսում ենք մեծաքանակ հայկական Սփյուռքի առկայության մասին, չպետք է մոռանանք, որ այն Ցեղասպանության արդյունք է, որը Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ: Հաջորդ տարի կլրանա աշխարհի շատ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտված այդ հանցագործության 100-րդ տարելիցը: Աշխարհի բոլոր հայերը միասնական են այդ հանցագործության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու ջանքերում: Մենք շնորհակալ ենք այն երկրների կառավարություններին, որոնք առաջին համաշխարհային պատերազմից հետո աջակցություն և օգնություն են ցուցաբերել հայերին: Այդ կառավարությունների թվում էր նաև Մասարիկի չեխոսլովակյան կառավարությունը, որը հնարավորություն տվեց հարկադրված վտարանդի դարձածներին ոչ միայն կրթություն ստանալ, այլ նաև հատուկ կրթաթոշակ տրամադրեց այդ նպատակի համար, որի շնորհիվ, օրինակ, 50 երիտասարդ հայ վտարանդիներ կարողացան կրթություն ստանալ Պրահայի և Բռնոյի համալսարաններում:

Անկախության առաջին տարիներից սկսած և մինչև այժմ մեծաթիվ մեր հայրենակիցներ անգնահատելի ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանի զարգացման և Հայաստանի ու այն երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, որտեղ իրենք ապրում են: Սփյուռքահայերը նաև նշանակալի ներդրում ունեն իրենց բնակության վայրի երկրների զարգացման գործում, և մենք չենք կարող դրանով չհպարտանալ:

Թարգմանությունըˋ president.am


Առնչվող նյութեր
1. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
2. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
3. Ինչպե՞ս արդյունավետ և մատչելի կազմակերպել հանգիստը Հայաստանում
4. Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը
5. Միլոշ Զեմանը կրկին ընտրվեց Չեխիայի նախագահ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Յիրժի Դրահոշին
6. Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ
7. Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են
8. Չեխիայի նախագահ Զեմանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը եւ դեմ է արտահայտվել գրաքննության վերականգնմանը
9. Նախագահ Զեմանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի նախագահին եւ խորհուրդ տվել քննարկելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը
10. Երևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: