ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համայնքի գրանցմանն անդրադարձել է չեխական մամուլը

29 ապրիլի, 2013 | 18:14

Պրահա- Մեկ ամիս առաջ ՕՐԵՐ-ն արդեն անդրադարձել էր Չեխիայի մշակույթի նախարարությունում Հայ Առաքելական եկեղեցու գրանցմանը, որն արձանագրվել է ,,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,, անվանումով։ Գրանցման որոշումը կայացվել է մարտի 6-ին, իսկ ուժի մեջ է մտել մարտի 27-ին։ Եկեղեցական կառույցի գրանցման իրավաբանական պատասխանատուն Տիգրան Աբրահամյանն է, իսկ եկեղեցու ղեկավարը՝ Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Այժմ աշխատանքներ են ընթանում ծխական  խորհրդի կազմավորման  ուղղությամբ։

Օրերս Հայ առաքելական եկեղեցու գրանցման թեմային էր անդրադարձել նաեւ չեխական ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը։ Հոդվածագիր Յան Յիրիչկան հոդվածը վերնագրել է ,, 4-րդ դարում ստեղծված Հայկական եկեղեցին Չեխիայում ստացել է գրանցում,,։ Նա նշել է, որ դա Չեխիայում գրանցված 34-րդ կրոնական կազմակերպությունն է։

,, Հայկական եկեղեցին ամենահին եկեղեցիներից մեկն է եւ կարեւոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քրիստոնեական ընտանիքում։ Այդ պատճառով ենք մենք դիմել, որպեսզի ունենանք պետության կողմից պաշտոնական ճանաչում,, ,- ՄՖ ԴՆԵՍ-ին տված հարցազրույցում ասել է եկեղեցու նախապատրաստկան խորհրդի անդամ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը։ Նրա ասելով, Չեխայի հայ համայնքը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, եւ ըստ հայր Բարսեղի  եկեղեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ցանկությամբ գրանցվել է ,,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,, անվանումով։

Գրանցման համար անհրաժեշտ է եղել առնվազն 300 հոգու ստորագրություն` Չեխիայի չափահաս քաղաքացիների կամ մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիների, որոնք  պատկանում են միայն այդ եկեղեցուն  եւ եկեղեցու գործունեության բնութագիրը։

Ոչ պաշտոնապես եկեղեցին Չեխիայում սկսել է գործել 2005 թվականից, երբ Հայաստանից Կենտրոնական Եվրոպա եկավ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Դեռ 7 տարի առաջ էր նա ձեռնարկել գրանցման գործը, սակայն դիմումատուների ստորագրություններում ու հասցեներում տեղ գտած անճշտությունների պատճառով գրանցումը չստացվեց։

,,Մենք շատ ուրախ ենք, որ այն հիմա ստացվեց։ Ցանկանում ենք պահպանել մեր հավատքը եւ գործել իբրեւ լիարժեք եկեղեցի,,- ասել է Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Վիճակագրական ծառայության տվյալներով Չեխիայում ապրում է մոտ 2000 Հայաստանի քաղաքացի, իսկ շատ հայեր էլ ունեն Չեխիայի կամ Ռուսաստանի քաղաքացիություն։

Տիգրան Աբրահամյանի ասելով հայկական եկեղեցուն են պատկանում բոլորը, բայց ոչ բոլորն են պարբերաբար մասնակցում ժամերգություններին։ Հավատացյալները հավաքվում են մի քանի քաղաքներում, իսկ Պրահայում նրանք այցելում են են Հուսովա փողոցում գտնվող Սուրբ Յեղիայի կաթոլիկ եկեղեցի։ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի ասելով, այժմ մտածում են, թե ինչպես սեփական եկեղեցի կառուցել, ինչն իհարկե կապված է ֆինանսական վիճակի հետ։

Այնուհետեւ հոդվածագիրը գրում է, որ Հայկական եկեղեցին պատկանում է արեւելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, եւ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։

Հոդվածագիրը գրել է նաեւ, որ եղել են դեպքեր, երբ դիմել են կրոնական համայնք գրանցելու համար եւ մերժում են ստացել։ Գրանցումը նաեւ ինչ-որ տեղ սիմվոլիկ բնույթ ունի։ 10 տարի անց, եթե գրանցված եկեղեցին ունենա 10 հազար անդամ, նա ստանում է այլ իրավունքներ։ Դրանց թվում են պետական դպրոցներում այդ կրոնի ուսուցումը, ինչպես նաեւ բանակում եւ բանտերում հոգեւոր սպասարկության իրականցումը։

Եկեղեցիներին պետական ֆինանսական աջակցության կամ եկեղեցապատկան շինությունների վերանորոգման մասին օրենքը նոր գրանցված եկեղեցիների վրա չի տարածվում։ Ֆինանսական աջակցությունը կշարունակեն ստանալ այն 17 եկեղեցիները, որոնք վճարվում էին մինչեւ օրենքի ընդունումը։ 17 տարվա ընթացքում եկեղեցիներին վճարվող գումարն աստիճանաբար կնվազի, եւ 2030 թվականին եկեղեցիները կանցնեն լրիվ ինքնաֆինանսավորման։ Այսպես է եզրափակում ՄՖ ԴՆԵՍ-ի հոդվածագիրը։

Լուսանկարներում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճար ,  Տիգրան Աբրահամյան, Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Լուսանկարները՝ Օրեր-ի

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

                                                                                                                              Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: